Logo

«Ինտերը» հաղթեց «Միլանին» և դարձավ Իտալիայի 20-ակի չեմպիոն

00:43 / 23.04.2024Ֆուտբոլ
null

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ-5 լիգաների (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) չեմպիոն։

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 33-րդ տուրի կենտրոնական խաղում 2-1 հաշվով առավելության հասավ երկրորդ տեղում գտնվող «Միլանի» նկատմամբ: «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին և ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, «Միլանի» գոլը վերջնամասում խփեց անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին:

«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, 35-ամյա կիսապաշտպանն առաջին խաղակեսում ուներ գոլ խփելու երկու լավ հնարավորություն:

Հանդիպման ավելացված ժամանակում մրցավարը երեք կարմիր քարտ ցույց տվեց, երկուսը «Միլանի» ֆուտբոլիստներին, մեկը՝ «Ինտերի»:

«Ինտերը» պատմության մեջ առաջին անգամ 6 անընդմեջ հաղթանակ տարավ միլանյան դերբիում ու 20-րդ անգամ նվաճեց Սկուդետոն, «Ներաձուրին» նախորդ անգամ Ա սերիայի չեմպիոնական տիտղոսին տիրացել էր 2020/2021 մրցաշրջանում: Բացի այդ, առաջին անգամ Իտալիայի չեմպիոնը որոշվեց միլանյան դերբիում։

Մխիթարյանի համար սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Եվրոպայի թոփ-5 առաջնություններում: Նա 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հաղթեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից որևէ մեկում:

20-րդ դարում նման հաջողության էր հասել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, այժմ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը, որը 1982/1983 մրցաշրջանում «Նանտի» հետ նվաճել էր Ֆրանսիայի Լիգա 1-ի տիտղոսը:

Մխիթարյանը նախկինում հաղթել էր միայն Հայաստանի և Ուկրաինայի առաջնություններում: Երևանի «Փյունիկի» կազմում 5 անգամ դարձել էր Հայաստանի չեմպիոն, Դոնեցկի «Շախտյորի» կազմում էլ երեք անգամ տիրացել էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսին:

Մխիթարյանն «Ինտերի» հետ չորրորդ տիտղոսը նվաճեց, 2022/2023 մրցաշրջանում դարձել էր Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ այս մրցաշրջանում երկրորդ անգամ էր տիրացել Սուպերգավաթին:

Ընդհանուր առմամբ՝ հայ ֆուտբոլիստը 24-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում:

Իտալիայի Ա սերիա, 33-րդ տուր

«Միլան» - «Ինտեր»՝ 1-2

Ֆիկայո Տոմորի, 80 - Ֆրանչեսկո Աչերբի, 18, Մարկուս Թյուրամ, 49

Հեռացում՝ Տեո Էրնանդես, 90+3 («Միլան»), Դենզել Դյումֆրիս, 90+3 («Ինտեր»), Դավիդե Կալաբրիա, 90+7 («Միլան»)

Image

Image

Image