-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»
20 խաղ, +10=4-6, 32-25
3 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ
1-ին շրջան. 12.08.2017 «Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-0 (1-0)
Միհրան Մանասյան (36, 63), Արթուր Եդիգարյան (75):
2-րդ շրջան. 27.09.2017 «Արարատ» – «Ալաշկերտ»՝ 1-3 (1-0)
Ալեքսանդր Պետրոսյան (18) – Արտակ Եդիգարյան (75՝ 11մ), Ուրոշ Նենադովիչ (78, 90):
Առաջնության 2-րդ շրջանում տոնած 4 անընդմեջ հաղթանակների շնորհիվ «Ալաշկերտին» հաջողվել էր շրջանցել «Շիրակին» ու գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ շրջանի ավարտական տուրում գանձասարցիներից կրած խոշոր հաշվով պարտությունը չսասանեց չեմպիոնի առաջատարի դիրքը:
Իսկ ահա նախորդ տուրում Գյումրիում «Շիրակի» հետ կայացած սկզբունքային մրցավեճում տոնած հաղթանակի շնորհիվ ալաշկերտցիներն ավելի ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքերը՝ 5 միավորով առաջ անցնելով շիրակցիներից ու գանձասարցիներից:
Ճիշտ է, Գյումրիում տոնած հաղթանակը թանկ նստեց «Ալաշկերտի» վրա: Խաղից հետո տեղի ունեցած տհաճ միջադեպի պատճառով ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով, «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 200 հազար դրամով:
Այնպես որ առաջիկա խաղում Արկադի Անդրեասյանի հետ միասին Աբրահամ Խաշմանյանն էլ իր սաների գործողությունները պետք է ղեկավարի տրիբունայից: Նշենք, որ այս որակազրկումն ընթացիկ առաջնությունում արդեն 2-րդն է Աբրահամ Խաշմանյանի համար: Մինչ այդ նա պատժվել էր 3 խաղով:
Թեև «Արարատը» նախորդ մրցաշրջանի համեմատ զգալիորեն բարելավել է խաղամակարդակը, սակայն սպասված արդյունքը դեռ չկա: Մեկնարկային տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակն առայժմ միակն է արարատցիների համար անցկացրած 10 հանդիպումներում:
Ճիշտ է, ընդհանուր առմամբ արարատցիներն իրենց վատ չեն դրսևորում առաջնության հանդիպումներում, սակայն պաշտպանությունում թույլ տված կոպիտ սխալների պատճառով ցավալի պարտություններ են կրում:
Առջևի գծում էլ արարատցիները միշտ չէ, որ արդյունավետ են գործում՝ հաճախ չկարողանալով իրացնել գոլային իրական պահերը: Ի դեպ, վերջին երկու խաղերում արարատցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Այս ամենի արդյունքում «Արարատը» կրկին հանգրվանել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ինչպես նախորդ մրցաշրջանում էր:
Հետաքրքիր է, որ մրցակիցների առաջին շրջանի հանդիպումից առաջ մրցաշարային աղյուսակում լրիվ այլ պատկեր էր: «Արարատը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ չեմպիոնը գտնվում էր 5-րդ տեղում: Նախորդ առաջնության բացահայտ հետնապահ «Արարատը» երկրի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում շատերի համար անսպասելի հաճելի անակնկալ էր մատուցել իր երկրպագուներին՝ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով ու 722 օրվա ընդմիջումից հետո կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը:
Իսկ ահա «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ առաջնությունը սկսել էր պարտությամբ՝ Գյումրիում 1-2 հաշվով զիջելով «Շիրակին», որին նախորդ մրցաշրջանում այդպես էլ չէր հաջողվել հաղթել չեմպիոնին: Ընդ որում այդ խաղում «Ալաշկերտն» առաջինն էր բացել հաշիվը, իսկ գյումրեցիները հաղթական գնդակը խփել էին Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի հետևանքով:
Առաջին շրջանի խաղում արարատցիներին չհաջողվեց զարգացնել հաջողությունն ու լրջորեն դիմադրել չեմպիոնին՝ 0-3 հաշվով պարտություն կրելով: 2-րդ շրջանի խաղում չեմպիոնը կրկին 3 անգամ գրավեց «Արարատի» դարպասը, որին այս անգամ հաջողվեց խփել հեղինակության գոլը:
Դա «Արարատի» նկատմամբ ալաշկերտցիների տոնած 7-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 3-1:
Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով 14 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Այդ գոլերից 9-ը նա խփել է անցած մրցաշրջանում: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում Միհրանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:
Արարատցիներից ամենաարդյունավետը թիմի նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչն է` դառնալով 6 գոլի հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո