-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Էդգար Մալաքյանը Հայաստանի հավաքականի հնաբնակներից մեկն է: Ֆուտբոլիստ, ով հաճախ չէ հնարավորություն ստանում հանդես գալու մեկնարկային կազմում, սակայն խաղադաշտ դուրս գալու դեպքում նվիրվում է 150%-ով: 27-ամյա Էդգարը հասցրել է 18 հանդիպում անցկացնել ազգային հավաքականում: Այդ քանակն ավելի մեծ կլիներ, եթե նա մոտ 3 տարի տարբեր պատճառներով չբացակայեր ընտրանուց:
Մալաքյան-ավագն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Փյունիկում» և նրա կազմում նվաճել Հայաստանի մասշտաբով ամենակարևոր տիտղոսները: «Փյունիկից» զատ, Հայաստանում պաշտպանել է նաև «Բանանցի», «Ալաշկերտի» և «Շիրակի» մարզական պատիվը:
Էդգար Մալաքյանի կարիերայի բարձրակետն առայժմ Չեխիայի հեղինակավոր Պլզենի «Վիկտորիայում» հանդես գալն է, որտեղ նա այդպես էլ չի կարողացել ամրապնդվել՝ մասնակցելով ընդամենը 6 հանդիպման, մեկ անգամ էլ գոլի հեղինակ դառնալով գավաթային խաղում: Կիսապաշտպանը հասցրել է նաև վարձավճարով ելույթ ունենալ չեխական «Չեսկե Բուդեյովիցե» թիմում: Սկսած 2016թ.-ից՝ Էդգարը, եղբոր՝ Գոռ Մալաքյանի հետ միասին, հանդես է գալիս ուկրաինական «Ստալում», որտեղ հանդիսանում է թիմի ավագը:
27-ամյա ֆուտբոլիստը միշտ էլ տարբերվել է իր տեխնիկայով, գնդակի հետ վարվեցողությամբ: Էդգարը հաճախ է կարողանում ոչ ստանդարտ գործողությունների հաշվին սրել իր թիմի խաղը, սիրում է վերահսկել գնդակը և ինքնուրույն փորձել ճեղքել մրցակիցների պաշտպանությունը: Վերջին ժամանակաշրջանում բարելավել է նաև խաղը պաշտպանությունում, հասցնում է ժամանակին փոխօգնության հասնել թիմակիցներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մալաքյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Ֆուտբոլ 365», «Ֆուտբոլ Պլյուս» պարբերականներին, «Ստալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցներից, լրագրողների հետ շփումներից:
«Սկզբում բակում էի ֆուտբոլ խաղում, և շատ լավ էր ստացվում ինձ մոտ: Հետո պապիկս ինձ տարավ «Բանանց», որտեղ կատարեցի ֆուտբոլային առաջին քայլերս: Հետո տեղափոխվեցի «Փյունիկ», որտեղ էլ սկսեցի կարիերաս»:
«Նորամուտիս խաղում սկզբում պահեստայինների նստարանին էի, «Բանանցին» պարտվում էինք 0-1 հաշվով: Մտա փոխարինման և գոլ խփեցի: Դա շատ կարևոր էր ինձ համար, քանի որ ընկերոջս՝ Կարեն Խաչատրյանի սխալի պատճառով էինք գոլ բաց թողել, և ես պետք է ուղղեի նրա սխալը»:
«Գոռն էլ մանկուց խաղացել է ֆուտբոլ և որոշել ֆուտբոլիստ դառնալ: Իմ դերակատարությունն այդքան էլ չի եղել»:
««Փյունիկի» կազմում գոլ խփեցի «Վիկտորիային», և դրա հետ կապված հետաքրքիր պատմություն կա: Երբ գնացինք Պլզեն, այդ քաղաքը, նրանց խաղադաշտն ինձ շատ դուր եկավ: Երբ դեռ խաղը չէր սկսվել, մարզման գալիս ավտոբուսի մեջ նայում էի քաղաքին ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ ես այստեղ խաղայի: Ոչ մեկի չեմ ասել, որ կուզեի խաղալ այնտեղ: Մտքումս խոսեցի, ու ստացվեց»:
«Երբ նոր էի տեղափոխվել Չեխիա, այնտեղ չեխերենի ուսուցիչ էի վարձել: Մի քանի ամիս պարապելուց հետո կարողանում էի առօրյայում հեշտ շփվել, հասկանալ ֆուտբոլային տերմինները»:
««Փյունիկում» հիմա երեխաներ են խաղում, ովքեր հենց մի խաղ հաղթում են, այնպես են ուրախանում, կարծես Մադրիդի «Ռեալին» են հաղթել: (2012թ.)
«Լեզուների իմացությունը ցանկացած տեղ էլ կարող է պետք գալ, դրա համար բոլորը պետք է ձգտեն լեզուներ սովորել»:
«Չեխիայում ունեի ընկերներ, ովքեր իմ թիմի խաղերին մարզադաշտ էին գալիս պաստառներով՝ վրան գրված «Հայաստան»»:
««Վիկտորիայում» շատ մեծ մրցակցություն կար: Իսկ եթե դու լեգեոներ ես, ապա մի քանի անգամ ավելի լավը պետք է լինես մյուսներից: Իմ դիրքում կար 3-4 ֆուտբոլիստ: Անկեղծ ասած, այդ ֆուտբոլիստներից ես ոչնչով ուժեղ չէի»:
«Ի տարբերություն «Վիկտորիայի»՝ «Չեսկե Բուդեյովիցեում» չհարմարվեցի ոչ ֆուտբոլային պատճառներով: Այն մարզիչը, ով ցանկանում էր ինձ հետ աշխատել, հեռացվեց հենց հաջորդ խաղից հետո: Թիմի ղեկը ստանձնեց 2-րդ մարզիչը, ով ոչ ֆուտբոլային մարդ էր, այլ մտածելակերպ ուներ թիմի այլազգիների կապակցությամբ»:
«Ինձ ամենալավը զգում եմ եզրային կիսապաշտպանի դիրքում»:
«Ես համառ եմ: Եթե ինչ-որ նպատակ եմ դնում իմ առջև, աշխատում եմ հասնել»:
«Բոլոր ֆուտբոլիստներին էլ հաճելի է, որ երկրպագուն մոտենում է ինքնագիր վերցնելու, լուսանկարվելու, բայց պետք է չափը պահել: Երկրպագուն չպետք է մոռանա, որ ինքը երկրպագու է, ֆուտբոլիստն էլ՝ որ ֆուտբոլիստ է»:
«Ցանկացած ֆուտբոլիստի համար էլ ավելի հաճելի է խաղի մասնակցելը, քան մարզվելը»:
«Յուրաքանչյուր պարտություն մեծ հաղթանակների սկիզբն է»:
«Առաջին անգամ չէի 11-մետրանոցն իրացնում Պանենկա ոճով: Պարզապես այդպես որոշեցի, վստահ էի, որ գոլ կխփեմ»: (2017թ.-ի օգոստոսի 5-ին «Կարպատների» դարպասը խփած գոլից հետո)
«Չեխիայի առաջնությունն իր մակարդակով գերազանցում է Ուկրաինայի Պրեմիեր լիգային: Բայց եթե, օրինակ, համեմատում ենք «Վիկտորիան» Դոնեցկի «Շախտյորի» հետ, ապա չեխական ակումբը զգալիորեն զիջում է»:
«Գոռն Ուկրաինայի առաջնությունում լավ է հանդես գալիս, բայց դա նրա բարձրակետը չէ: Նա կարող է ավելի հեռուն գնալ»:
«Հայ ուժեղ ֆուտբոլիստը, եթե չգնա արտերկիր, այլ մնա Հայաստանի Բարձրագույն խմբում, առաջնությունը դրանից հաստատ չի ուժեղանա, որովհետև մի մակարդակ կա, որին երբ ֆուտբոլիստը հասնում է, տեղի առաջնությունում այլևս չի կարող առաջ գնալ»:
«Հայաստանում շատ խելացի, որակյալ ֆուտբոլիստներ կան: Պետք է պարզապես նվիրվել ֆուտբոլին: Հայ երիտասարդ ֆուտբոլիստների մոտ կարող է մի պահ լավ լինել, ու հանկարծ, չգիտես ինչու, էլ աճ չնկատվել»:
«Հայկական ֆուտբոլի մակարդակը կբարձրանա, եթե ստեղծվի մրցունակ առաջնություն: 6 թիմով դու երբեք չես կարող ստեղծել նման առաջնություն: Նվազագույնը պետք է լինեն 10-12 թիմ»:
«Ինձ համար աշխարհի լավագույն ակումբը «Բարսելոնան» է», լավագույն ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսին»:
«Կարծում եմ՝ Մեսին միշտ պետք է նվաճի «Ոսկե գնդակը»: Ինձ թվում է, որ նա լավագույնն է աշխարհում, որովհետև նրա նմանը չի եղել, ու կարծում եմ, որ եթե լինի էլ, մենք չենք տեսնի: Կարող է մեկ էլ ծնվի այլ դարաշրջանում»:
«Մենք խաղադաշտ ենք դուրս գալու ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե կռիվ անելու համար»: (2013թ., Հայաստան – Բուլղարիա խաղից առաջ)
«Չեռնոգորիայի հավաքականի հետ տնային հանդիպումից առաջ մեր ընտրանու ճամբարում այնպիսի մթնոլորտ էր, որ այդ խաղում նվազագույնը չէինք պարտվելու»:
«Հավատում էի, որ Չեռնոգորիային 0-2 հաշվով պարտվելու պարագայում Հայաստանի հավաքականը հաղթելու է: Ձայնս խաղից հետո մի քանի օր դեռ չէր կարգավորվել, քանի որ ամբողջ հանդիպման ընթացքում գոռացել եմ»:
«Արթուր Պետրոսյանը թեթև ու հանգիստ բնավորություն ունի, որն էլ փոխանցում է թիմին: Շատ կարևոր է, երբ տեսնում ես, որ մարզիչը հանգիստ ու վստահ է պատրաստվում խաղին՝ ոչ մի լարվածություն չմտցնելով թիմի մեջ»:
«Իմ կարիերայի ամենաանհաջող և ամենավատ խաղը եղել է Իռլանդիա – Հայաստան հանդիպումը: Ո՞վ է առաջինը գալիս մտքիս, երբ լսում եմ այդ խաղի մասի՞ն. մրցավարը» (ծիծաղում է): Եթե կարողանայի ժամանակը հետ տալ, այդ մրցավեճում հաշիվը կդարձնեի 3-2՝ հօգուտ մեզ»:
«Հայաստանի հավաքականի համար այժմ բարդ շրջան է: Պետք է ազգովի իրար կողքի լինենք, այդպես ավելի հեշտ կլինի այս իրավիճակից դուրս գալ»:
«Ինչին հասնում ես կյանքում, պետք է գոհ լինես, դրականը մտածես: Չպետք է բողոքես»:
«Ես զգացել եմ՝ եթե աշխատում ես, քեզ նվիրում ես ֆուտբոլին, լուրջ ես վերաբերվում նրան, այն անպայման քեզ փոխհատուցում է»:
«Լինում են բաներ, որոնց չես սպասում, և կյանքը քեզ ենթարկում է փորձության, կարծես ուզում է ստուգել, թե դու որքանով ես պատրաստ այդ փորձություններից դուրս գալուն: Ամենակարևորը հոգեբանորեն պատրաստ լինելն է, քեզ տրամադրելը, որ կարող ես հաղթահարել ամեն ինչ»:
Արման Աբելյան
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո