fbpx

Անհավանական. Գևորգ Կասպարովը կարող է պարծենալ նոր՝ բացառիկ ցուցանիշով

«Փյունիկի» հետ առաջնության 12-րդ տուրի խաղում «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը հայկական ֆուտբոլում նոր ինքնատիպ նվաճման հասավ: Առաջնության 4-րդ անընդմեջ խաղում գոլ բաց չթողնելով, Կասպարովը պաշտոնական մրցումներում անցկացրած 416 հանդիպումներում 150-րդ անգամ դարպասը պահեց անառիկ: Այդ ցուցանիշով ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը գլխավորում է Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբը:

Հիշեցնենք, որ ակումբի անդամ կարող են դառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոգավաթների (Ե) և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև Հայաստանի ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում ընդհանուր առմամբ 100 և ավելի խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահները:

Միանգամից նշենք, որ ՀՀ առաջնությունների բարձր արդյունավետության պայմաններում չափազանց դժվար է նման ցուցանիշի հասնելը: Դա է պատճառը, որ անցած 26 տարիների ընթացքում միայն 4 դարպասապահի է հաջողվել պաշտոնական մրցումներում 100 և ավելի խաղերում դարպասն անառիկ պահել ու ընդգրկվել Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբում:

Առաջինն այդ ակումբում ընդգրկվել է «Արարատի» և ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը՝ հոբելյանական՝ 100-րդ «չոր» խաղն անցկացնելով 1999թ. հուլիսի 30-ին «Կիլիկիայի» հետ «Հրազդանում» կայացած առաջնության խաղում: Հետագայում ակումբի շարքերը համալրեցին «Շիրակի»  նախկին դարպասապահներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռայմոնդ Զադուրյանը:

2012թ. սեպտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ Երևանում կայացած առաջնության հանդիպումը հիշարժան էր այն ժամանակ «Միկայի» դարպասը պաշտպանող Գևորգ Կասպարովի համար, ով պաշտոնական մրցումներում 100-րդ անգամ «չոր» դուրս գալով, դարձավ Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբի 4-րդ անդամը:

Իսկ պաշտոնական մրցումներում Կասպարովն առաջին անգամ դարպասն անառիկ է պահել 1996թ. նոյեմբերի 14-ին «Արարատի»  հետ կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Դրանում մեծ էր Արտաշատի «Դվինի» դարպասը պաշտպանած 16-ամյա Գևորգ Կասպարովի ներդրումը: Ի դեպ, «Դվինն» այդ ժամանակ հանդես էր գալիս առաջին խմբում:

ՀՀ առաջնություններում Կասպարովն առաջին անգամ դարպասն անառիկ է պահել բարձրագույն խմբում հանդես գալու իր առաջին մրցաշրջանում: 1997թ. օգոստոսի 20-ին Արտաշատի «Դվինի» կազմում մասնակցելով «Ղարաբաղի»  հետ առաջնության 3–րդ տուրի հանդիպմանը, 17-ամյա պատանի դարպասապահը նպաստեց գոլազուրկ ոչ-ոքիի գրանցմանը:

Նշենք Կասպարովի ֆուտբոլային կարիերայի ևս մի քանի հիշարժան հանդիպումներ, որոնք փորձառու դարպասապահն անցկացրել է արդեն «Ալաշկերտի» կազմում: 2015թ. նոյեմբերի 7-ին իր նախկին թիմի՝ «Միկայի» հետ կայացած առաջնության 13-րդ տուրի խաղում Կասպարովը պաշտոնական մրցումներում 130-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, գերազանցեց Հարություն Աբրահամյանի ռեկորդային ցուցանիշը և գլխավորեց Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբը:

2016թ. ապրիլի 6-ին «Արարատի» հետ մրցավեճում Գևորգ Կասպարովը բարձրագույն խմբում 100-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Իսկ նույն տարվա օգոստոսի 21-ին «Բանանցի» հետ խաղում Գևորգ Կասպարովն ինքնատիպ նվաճման հասավ: ՀՀ առաջնություններում 104-րդ անգամ դարպասը պահելով անառիկ, նա անխոցելիության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Հարություն Աբրահամյանի ցուցանիշը, ով բարձրագույն խմբում 103 խաղում գոլ բաց չէր թողել:

Մեկ մրցաշրջանում դարպասն անառիկ պահած խաղերի քանակով Կասպարովի համար առայժմ ռեկորդային են 2006 և 2015/16թթ. առաջնությունները:  2006թ. նա «Փյունիկում»  անցկացրած 25 հանդիպումներից 12-ում (խաղերի 48 տոկոսը) դարպասն անառիկ է պահել: Բազմափորձ դարպասապահը 2015/16թթ. առաջնությունում «Ալաշկերտի» կազմում կրկնեց իր լավագույն արդյունքը՝ 26 հանդիպումներից 12-ում դարպասը պահելով անառիկ (46,1 տոկոսը):

Գևորգ Կասպարովը Ալաշկերտի մարզմանը

Ընթացիկ առաջնության վերջին 4 հանդիպումներում Կասպարովն անառիկ է պահում «Գանձասար-Կապանի»  դարպասը՝ գոլ բաց չթողնելով արդեն 370 րոպե շարունակ: Նա գերազանցեց իր նախկին թիմակից Արսեն Բեգլարյանի ցուցանիշը, ով մինչ այդ ընթացիկ առաջնությունում դարպասը «չոր» էր պահել 306 րոպե շարունակ:

Դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով Կասպարովի լավագույն ցուցանիշը գրանցվել է «Ուլիսում» հանդես գալիս: 2008թ. առաջնության ավարտական 4 խաղերում դարպասն անառիկ պահելուց հետո Կասպարովը մեկնեց Իրան, իսկ կրկին «Ուլիսի» դարպասը սկսեց պաշտպանել արդեն հաջորդ առաջնության երկրորդ կեսից՝ առաջին իսկ խաղում կրկին գոլ բաց չթողնելով: Ընդհանուր առմամբ Կասպարովը 507 րոպե շարունակ ամուր փակի տակ պահեց դարպասը: Չի բացառվում, որ Կասպարովին ընթացիկ առաջնությունում հաջողվի գերազանցելու անխոցելիության անձնական ռեկորդը:

Կասպարովը նաև տարիքային ռեկորդի հեղինակ է: Նա 2014/15թթ. առաջնության գարնանային («Միկայում») ու 2015/16թթ. առաջնության աշնանային («Ալաշկերտում») հատվածներում ընդհանուր առմամբ 13 անգամ դարպասն անառիկ պահեց և գերազանցեց 1997թ. Արմեն Ավագյանին («Փյունիկ», «Էրեբունի-ՀՄՄ»,) և «Երևանի» ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոյին պատկանող տարիքային ռեկորդը, որոնք 35 տարեկանում հանդես եկած դարպասապահներից բոլորից շատ՝ 10-ական խաղում գոլ բաց չէին թողել:

Իսկ այժմ անդրադառնանք Սերգեյ Զատիկյանի անվան ակումբի թեկնածուներին: Լավագույն ցուցանիշն ունի «Բանանցի»  32-ամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ով պաշտոնական մրցումներում 75 անգամ դարպասն անառիկ է պահել: Սակայն հաշվի առնելով նրա տարիքը և այն, որ նա թիմի դարպասը պաշտպանող միակ դարպասապահը չէ, դժվար թե Ղազարյանին հաջողվի համալրել ակումբի շարքերը: Նույնը վերաբերում է նաև «Գանձասար-Կապանի» 31-ամյա դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, ով առայժմ 60 խաղում է դարպասն անառիկ պահել:

Իսկ ահա «Ալաշկերտի» և ՀՀ ազգային հավաքականի 24-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանն ակումբը համալրելու թիվ մեկ թեկնածուն է: Չնայած դարպասապահի համար երիտասարդ տարիքին, Բեգլարյանն արդեն իր հաշվին 69 «չոր» խաղ ունի: Առաջիկա 2-3 մրցաշրջաններում էլ հուսալի գործելու դեպքում «Ալաշկերտի» դարպասապահը կընդգրկվի Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում:

Ակումբի անդամ դառնալու լավ հնարավորություններ ունի նաև «Շիրակի» 21-ամյա դարպասապահ Անատոլի Այվազովը, եթե իհարկե հետագա տարիներին էլ շարունակի ելույթները ՀՀ առաջնություններում:

VivaroNews.am-ը ներկայացնում է Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբի անդամների և թեկնածուների ցուցանիշները:

Ակումբի անդամները Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Գևորգ Կասպարով 110 20 2 8 9 1 150
2.Հարություն Աբրահամյան 103 14 5 6 1 129
3.Ռայմոնդ Զադուրյան 89 27 1 117
4.Արթուր Հովհաննիսյան 85 14 1 2 102
Թեկնածուները Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԸՆԴ
1.Ստեփան Ղազարյան 63 10 1 1 75
2.Արսեն Բեգլարյան 52 6 3 4 4 69
3.Գրիգոր Մելիքսեթյան 49 9 1 1 60
4.Անատոլի Այվազով 32 3 1 2 38
5.Գոռ Մանուկյան 27 7 1 1 36

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից

Գևորգ Նռանյան․ «Շատ անսովոր էր դարպասապահի դիրքում, բայց ամեն ինչ անում էի թիմին փրկելու համար» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Փշաքաղվում եմ իմ ֆուտբոլիստների մասին խոսելիս․ ուրախ եմ, որ նման թիմի մարզիչ եմ» (տեսանյութ)

Ալեքսանդր Թարխանովը՝ դրամատիկ խաղի, իր պայմանագրի ժամկետի և Ռոբերտ Արզումանյանի՝ թարգմանչի աշխատանքի մասին (տեսանյութ)

Կարմիր քարտ և գոլ վերջին վայրկյաններին․ «Փյունիկը» հաղթանակ կորզեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Արարատ-Արմենիան» շանս չթողեց «Լոռիին», «Շիրակի» 13-րդ ոչ-ոքին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Լոռի», «Շիրակ» – «Բանանց»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Խաշմանյանն ընդդեմ «Արարատի», նաև հերթական «ոսկե» խաղը․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 28-րդ տուրին ընդառաջ

Տարխանով. «Հայաստանը ֆուտբոլային երկիր է, այնտեղի պայմանները հրաշալի են»

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 27-րդ տուրը