fbpx

«Էրեբունի» ակումբի ներկան և ապագայի ծրագրերը. պարզաբանում է Սևադա Արզումանյանը

«Էրեբունին» Հայաստանի Առաջին խմբի առաջնության այն 4 մասնակիցներից մեկն է, որ չի հանդիսանում Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբի դուստր թիմ:

Հարկ է նշել, որ հանրահայտ մասնագետ Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը 2017/18թթ. մրցաշրջանի առաջին հատվածում հանդես է եկել փոխնիփոխ հաջողություններով: «Էրեբունին» 10 թիմի պայքարում այս պահին 6-7-րդ հորիզոնականներն է բաժանում «Ալաշկերտ-2»-ի հետ: Առաջին խմբի առաջնության առաջատարները «Լոռին» (32 միավոր) և «Արցախն» են (31 միավոր):

Սևադա Արզումանյանը VivaroNews.am-ին տված հարցազրույցում խոսել է լեգեոներների հեռանալու պատճառների, զինծառայությունից վերադարձած ֆուտբոլիստներին թիմ ընդունելու, ակումբի առաջիկա ծրագրերի և այլ թեմաների շուրջ:

-Թիմը հունվարի 10-ից վերադարձել է արձակուրդից և վերսկսել մարզումները,- նշում է Սևադա Արզումանյանը: -Հօգուտ մեզ՝ եղանակային պայմանները թույլ են տալիս բնական խոտածածկով խաղադաշտում անցկացնել մարզումները: Այժմ անցկացնում ենք ամենօրյա մարզումներ, որոշ ժամանակ անց մեկ օրվա ընթացքում կունենանք 2 մարզում:

«Էրեբունիի» այսօրվա մարզումը՝

Անցած տարի թիմի կազմում կային լեգեոներներ, նրանք այսօր թիմում չեն: Բոլորի պայմանագրերի ժամկետը լրացել է: Անցած տարվա կազմի հիմնական մասն այժմ մարզումների մեջ է: Կան տղաներ, ովքեր մեկնել են զինծառայության: Այժմ մեզ են միացել մեր ակումբի՝ 2002թ. ծնված որոշ ֆուտբոլիստներ և մարզվում են մեզ հետ: Այս պահին մեր տրամադրության տակ են նաև պատանի ու երիտասարդ այլ ֆուտբոլիստներ, ովքեր փորձաշրջան են անցնում թիմում: Համալրումների հետ կապված որոշումները կկայացվեն ժամանակի ընթացքում:

Մինչ առաջնության վերսկսումը կունենանք նաև ընկերական խաղեր: Արդեն պայմանավորվել ենք, որ փետրվարի 3-ին խաղալու ենք «Փյունիկ-2»-ի հետ: Մինչ այդ կանցկացնենք երկկողմանի խաղեր:

Երբ լեգեոներները թիմում էին, առաջնության որոշ ժամանակահատվածում թիմը բավական լավ արդյունքներ էր գրանցում: Ի՞նչն էր պատճառը, որ նրանք հեռացան «Էրեբունիից»:

-Լեգեոներների հետ նախնական պայմանավորվածություն կար, և նրանց պայմանագրերը նախատեսված էին մինչև դեկտեմբեր: Կարծում եմ՝ նրանց հետ խաղալն ու մարզվելն օգտակար էր մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Դա տեսանելի էր նաև թիմի արդյունքների տեսքով:

Կային տեղեկություններ, որ «Էրեբունին» չի վճարել այդ լեգեոներների աշխատավարձերը: Դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը:

-Ոչ, դա ճիշտ չէ:

«Ակումբի նախագահը մարզվող բոլոր երեխաներին գիտե անուն-ազգանունով և արտաքին տեսքով»

«Էրեբունի» ակումբն ապագայի համար ինչպիսի՞ հեռանկարներ ունի: Ո՞վ կամ ովքե՞ր են հովանավորում թիմը, և ապագայի հետ կապված պատկերացումները 1-2 տարվա համա՞ր են, թե՞ ավելի երկարաժամկետ:

-«Էրեբունի» ակումբը տարբեր տարիքային խմբերում մասնակցում է Հայաստանի առաջնություններին: Դպրոցն արդեն երկար ժամանակ է, ինչ գործում է: Միգուցե այդքան էլ տեսանելի չէ, բայց այս ակումբը շատ կարևոր գործ է անում այս տարածաշրջանի երեխաների համար: Նրանց բոլորի համար բաց են դռները, նրանք կարող են կտրվել փողոցի կյանքից և գալ մարզումների, դաստիարակվել որպես ֆուտբոլիստ: Ես՝ որպես Երևանի քաղաքացի, շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր նման հնարավորություն են ստեղծում երեխաների համար:

Ակումբի նախագահը Տիգրան Այվազյանն է, ֆինանսավորումը կատարվում է նրա սեփական ուժերով: Բացի այդ ներդրումներից՝ այս ակումբում մեծ հոգևոր սնունդ կա: Մեր ակումբում մարզվում են շուրջ 200-300 երեխա, և ակումբի նախագահը յուրաքանչյուրին անուն-ազգանունով և արտաքին տեսքով գիտե: Այստեղ բոլորը շատ ուշադիր և հոգատար են: Մարզիչները նույնպես ամեն ինչ անում են, որ պատանիները կատարելագործվեն:

Իսկ ակումբի հիմնական նպատակն այն է, որ 6 տարեկան երեխան իմանա՝ գալով մեր ակումբ և առաջադիմություն գրանցելով, կարող է բացահայտել իրեն որպես ֆուտբոլիստ: Այսինքն, մենք մտածում ենք տեղի ֆուտբոլային կադրերի մասին: Իհարկե, լավ կլինի, որ հայտնվեն մարդիկ, և խոսք գնա ավելի լուրջ ներդրումների, ընդհուպ մինչև ակադեմիա ունենալու ծրագրերի մասին, բայց ներկայիս ղեկավարությունն այսօր անում է իր հնարավորություններից նույնիսկ ավելին, որպեսզի հոգա այս ծրագրերի մասին:

Խոսեցիք զինծառայության հետ կապված խնդրի մասին: Փաստորեն, ամեն զորակոչից հետո ստիպված եք լինում մեծ փոփոխություններ կատարել թիմում: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը. չէ՞ որ զինծառայությունից հետո քչերն են վերադառնում ֆուտբոլ:

-Դա պետական խնդիր է: Շատ լավ կլիներ, որ մենք ապրեինք խաղաղ երկրում, և զինվորի կարիք չլիներ, բայց այսօր զինվոր նույնպես պետք է պետությանը: Մեր թիմում ներկա պահին մարզվում են թե՛ նախազորակոչային տարիքում գտնվող ֆուտբոլիստներ, թե՛ այնպիսիք, ովքեր վերադարձել են և կրկին ֆուտբոլում են: Մեր թիմը, կարելի է ասել, կամուրջ է դառնում այդ առումով:

«Էրեբունին» հնարավորություն է տալիս այն տղաներին, ովքեր վերադարձել են և նպատակներ ունեն: Կստացվի, թե չի ստացվի՝ դա արդեն կախված է աշխատանքից:

Առաջին խմբի այս առաջնության հետագա հատվածի համար ի՞նչ խնդիրներ են դրված «Էրեբունիի» առջև:

-Պատանի ֆուտբոլիստներին ներգրավելու հետ կապված՝ դժվարություններ լինելու են: Դա լինելու է արդյունքի տեսքով, ունենալու ենք հոգեբանական խնդիրներ: Բայց նրանք էլ պետք է այնպես տրամադրվեն, որ ամեն հանդիպմանը խաղան հաղթանակի համար, պայքարեն մինչև վերջ: Մենք պետք է մոտիվացնենք ֆուտբոլիստներին: Ֆուտբոլիստը կարող է առաջադիմել միայն այն դեպքում, եթե ամեն խաղում փորձի առավելագույն ուժերով հանդես գալ:

Նաև պետք է նշեմ, որ թիմի վրա հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ մեր 18-ամյա ավագ Հայկ Մելքոնյանի մահվան փաստը: Նա շատ կարևոր անձնավորություն էր «Էրեբունիի» համար:

«Էրեբունիի» ֆուտբոլիստները խաղից առաջ լուսանկարվել են Հայկ Մելքոնյանի հիշատակին նվիրված շապիկներով

«Ցանկանում ենք հավաքականների մարզիչներին տեղեկություններ հայտնել մեր թիմից»

ՀՖՖ-ն խնդիր է դրել Բարձրագույն խմբի ակումբների քանակն առաջիկայում հասցնել 10-ի: «Էրեբունին» կարո՞ղ է դառնալ այդ ակումբներից մեկը:

-Իհարկե, շատ լավ նպատակ է, բայց դրանք առայժմ ծրագրեր են: «Էրեբունին» այժմ հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է իր սաների հետ աշխատանքի վրա: Թե՛ ես, թե՛ Դուք, թե՛ ակումբի սեփականատերը և նախագահը գիտենք, որ Բարձրագույն խմբում թիմ պահելը բավականին լուրջ գումարներ է պահանջում: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր այսօր գործող թիմեր ունեն այնտեղ. դա շատ գովելի է:

Ֆուտբոլում ներդրում անելն այսօր մեծ բեռ է: Որոշում կայացնողներն ակումբի ղեկավարներն են, մենք կատարողներն ենք: Գիտեմ, որ շատ մեծ ցանկություն ունեն, բայց իրականացնելու հետ կապված ամեն ինչ իրենցից է կախված:

Ենթակառուցվածքների վերաբերյալ ի՞նչ անելիքներ ունի ակումբը: Մասնավորապես, նախատեսվո՞ւմ է փոխել «Էրեբունի» մարզադաշտի խոտածածկը:

-Բավականին մեծ աշխատանք է կատարվում, որ մարզադաշտի ներկայիս խոտածածկը լավ վիճակում լինի: Երբ մենք խաղում ենք տարբեր թիմերի հետ, տեսնում ենք, որ այս խոտածածկի որակն ավելի բարձր է, քան մյուս խաղադաշտերինը, որտեղ կայանում են առաջնության հանդիպումներ: Տարվա այս ժամանակահատվածում քիչ թիմեր են մարզվում բնական խոտածածկի վրա: Մարդիկ մեծ աշխատանք են տանում և շատ հոգատար են այս խոտածածկի վրա աշխատելիս:

Եղանակային վատ պայմանների ժամանակ աշխատում ենք մարզվել այլ խաղադաշտերում, որպեսզի կարողանանք պահպանել «Էրեբունի» մարզադաշտի խոտածածկի որակը, իսկ հնարավորության դեպքում մարզվում ենք հենց այնտեղ: Ակումբի ղեկավարները ջանում են, որ առաջիկայում մեր տնային խաղերն անցկացնենք արդեն «Էրեբունի» մարզադաշտում:

Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին կադրերով են ապահովում հիմնականում «Փյունիկը» և «Բանանցը»: Ըստ Ձեզ՝ «Էրեբունիում» այսօր կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են լինելու ընտրանիների անդամ: Դա էլ իր հերթին կնպաստի, որ լուծվի նրանց զինծառայության հարցը:

-Մեզ համար գերխնդիր է նման ֆուտբոլիստներ պատրաստելը: Մենք ցանկանում ենք և կփորձենք հավաքականների մարզիչներին ժամանակ առ ժամանակ տեղեկություններ հայտնել մեր թիմից՝ որոշակի անուն-ազգանունների ինֆորմացիայով:

Առաջին խմբում մեկ խաղային օրը միանգամից 5 հանդիպում է կայանում: Դա էլ դժվարություն է ստեղծում մարզիչների համար ժամանակային առումով: Նախապատրաստական այս շրջանում թիմում այդ թեմայով խոսակցություն եղել է, պետք է լինեն գոնե մի քանի խաղացողներ, որ հայտնվեն տեսադաշտում: Այդուհանդերձ, ինչքան էլ մենք՝ մարզիչներս շատ ցանկանանք, հավաքականներում ընդգրկվելու համար շատ բան է կախված հենց ֆուտբոլիստից:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Սևադա Արզումանյանը հեռացել է «Արցախի» գլխավոր մարզչի պաշտոնից

Սևադա Արզումանյան․ «Տղաներն անվստահ էին գործում խաղային պարզունակ իրավիճակներում»

Սևադա Արզումանյան․ «Բոլոր թիմերի համար էլ դժվար է խաղացանկի տեսանկյունից, բայց պետք է հարմարվել» (տեսանյութ)

«Փյունիկն» իր առաջիկա մրցակցին արդեն 2 անգամ պարտվել է առաջնությունում․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 34-րդ տուրին ընդառաջ

Սևադա Արզումանյան․ «Երբ մնացինք 10 հոգով, տղաների մոտ գերբնական ուժ արթնացավ, և պահպանեցինք հաղթանակը» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Հիմնական դեր խաղաց այն հանգամանքը, որ «Փյունիկը» լավ է գործում ստանդարտների ժամանակ» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Այս պարտությունը կօգնի հասկանալ, որ եթե ինչ-որ մեկը մտածի՝ բավարարված է ինքն իրենով, նման խաղերը կպատժեն այդպիսի մտածելակերպը» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ես հավատում էի այս ֆուտբոլիստներին, և եկավ օրը, որ նրանք իմ հավատն արդարացրին» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Կուզեինք գցել մրցակցի տոնական տրամադրությունը, բայց չստացվեց․ երևի բեկումնային էր Հայրապետյանի սեյվը 2-0 հաշվի ժամանակ» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Մենք ցանկանում ենք հարգանք ձեռք բերել առաջնության մյուս թիմերի կողմից» (տեսանյութ)

Սևադա Արզումանյանը՝ «Արցախի» հաղթանակի, ինչպես նաև Նորայր և Նարեկ Գյոզալյանների հեռանալու պատճառների մասին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Ֆուտբոլիստների վարպետությունը պետք է բարձրացնենք, իսկ հոգեբանական խնդիրը կլուծվի 1-2 հաջող խաղից հետո» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Արցախն» ու «Արարատը» մյուս ակումբներից առանձնանում են նրանով, որ թիմ կառուցելու ճանապարհին են» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան․ «Պատժվեցինք թույլ տված տարրական սխալների պատճառով»

Սևադա Արզումանյան․ «Պետք է հիմքեր ստեղծենք, որպեսզի հաջորդ մրցաշրջանի համար նպատակները լրջացնենք» (տեսանյութ)

Արարատյան դերբի, Պետրոսյանը վերադառնում է Գյումրի․ Ինչո՞ւ է պետք ԲԽ-ի 20-րդ տուրին սպասել սրտի թրթիռով