fbpx

Ինչո՞ւ է անտեսվում Հայաստանի ուժեղագույն դարպասապահը

Դավիդ Յուրչենկոյի մասին այս օրերին բոլորն են խոսում: «Տոսնոյի» դարպասապահի հետ հանդիպման է մեկնելու ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը և քննարկելու Հայաստանի հավաքականում խաղալու վերաբերյալ հարցերը:

Հարց է առաջանում՝ իրո՞ք այդքան ծանր կացության մեջ ենք, որ պետք է Յուրչենկոյին կրկին համոզենք խաղալու Հայաստանի հավաքականում: Այո՛, նա հուսալի դարպասապահ է, կայուն ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն նա երբեք էլ չի թաքցրել, որ Հայաստանը չի ընդունում որպես հայրենիք: Յուրչենկոն ժամանակին խոստովանել է, որ մեր ընտրանու կազմում չխաղալու ցանկությունն ամենևին կապված չէ Ռուսաստանում լեգեոներ համարվել-չհամարվելու հետ:

Ռուսաստանն իմ հայրենիքն է, այստեղ եմ ապրում 8 տարեկանից: Ցանկանում եմ ապացուցել, որ պատրաստ եմ պաշտպանելու նման երկրի հավաքականի դարպասը:

Առջևում Ազգերի լիգայի խմբային փուլն է, պատմական պահ մեր հավաքականի համար: Բնական է՝ այնտեղ ինչ-որ հույսեր փայփայելու համար մեզ ամուր «թիկունք» է պետք՝ «թիմի կես» համարվող դարպասապահ: Արսեն Բեգլարյանի մոտ ինչ-որ տեղ լճացում է նկատվում, նա ունի ֆուտբոլային լավ տվյալներ, բայց գլխավոր խնդիրը հոգեբանությունն է: Նա վստահ չէ իր ուժերին, իսկ եթե դարպասապահը «վախվորած» է գործում, դա ուղիղ ճանապարհով փոխանցվում է պաշտպաններին:

Ունենք Անատոլի Այվազով, բայց նրա մոտ կարծես «խառը» վիճակ է: Նա ձմռանը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա «Շիրակից», չի վերադառնա հարազատ Ռուսաստան, բայց հավաքական կրկին հրավիրվելու համար էլ իրեն առանձնապես «չի կոտորում»: Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Պետրոսյանն Այվազովին մի քանի հանդիպումներում ցանկացել է ընդգրկել մեկնարկային կազմում, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը չի ցանկացել: Ուզում է գնալ Ռուսաստան՝ չհամարվելով լեգեոներ: Բայց դեռ «Շիրակում» է: Այվազովն այստեղ մնալով առաջընթացի փոխարեն հետընթաց կապրի:

Մոռացե՞լ ենք Գևորգ Կասպարովի մասին

«Հայկական Բուֆոն» կեղծանունով հայտնի 37-ամյա Կասպարովն ինչ-որ տեղ թերագնահատված է մնացել, քանի որ Ռոման Բերեզովսկին տարիներ շարունակ անփոխարինելի էր հավաքականի համար:

Երբ նախորդ տարվա հունիսին Արթուր Պետրոսյանին հարց է ուղղվել Կասպարովի մասին, նա պատասխանել է. «Գևորգ Կասպարովը չկա հավաքականում, քանի որ ընտրանու հիմնական դարպասապահն Արսեն Բեգլարյանն է: Նա իր թիմում ավելի շատ ժամանակ է ստանում, քան Գևորգը: Ես Գևորգի հետ մարդկային առումով ոչ մի խնդիր չունեմ, բայց նա արդեն 37 տարեկան է, և ժամանակն է վստահելու ավելի երիտասարդ դարպասապահի»:

Փաստորեն, երիտասարդները չարդարացրին սպասելիքները, իսկ Յուրչենկոն շուտով կնշի իր 32-ամյակը: Ինչ վերաբերում է Գևորգ Կասպարովին, ապա նա այլևս չունի խաղաժամանակի խնդիր, «Գանձասար-Կապանի» հիմնական դարպասապահն է:

Բայց այդ նույն 37 տարեկան դարպասապահն ունի մի շարք ուժեղ կողմեր, որոնք պետք է ստիպեն մարզիչներին չանտեսել նրա թեկնածությունը.

1. Լավ մարզավիճակ

Կասպարովն առաջնության մեկնարկում հիմնական կազմից դուրս է թողել Գրիգոր Մելիքսեթյանին և դարձել մեկնարկայինի ֆուտբոլիստ: Գևորգն ընթացիկ առաջնությունում դարպասն անառիկ է պահել 438 րոպե շարունակ, ինչը լավագույն արդյունքն է: Մրցակիցներից միջինը 100 րոպե է պահանջվում Կասպարովի դարպասը գրավելու համար: Ամեն խաղում բազմաթիվ սեյվեր և հիանալի խաղ, որի հետևանքով հավաքականի ևս մեկ թեկնածու՝ Մելիքսեթյանը, պահեստային է դարձել:

Ազգերի լիգայի մեկնարկը մոտ է: Կասպարովի պրոֆեսիոնալիզմն ու աշխատասիրությունն էլ գալիս է հաստատելու, որ նա կպահպանի մարզավիճակը մինչ մրցաշարի մեկնարկը: Կարծիք կա, որ նա լավ գինու օրինակով տարեցտարի ավելի լավն է դառնում:

2. Անգնահատելի փորձ

Կասպարովը երկար տարիներ եղել է հավաքականի անդամ: Ազգային ընտրանու կամում մասնակցել է 29 խաղի: Այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե չլիներ մրցակցությունից դուրս Ռոման Բերեզովսկին:

Կասպարովը մեծ հեղինակություն է հայկական ֆուտբոլում: Այն, որ նախորդ տարի նա «Ալաշկերտում» երկրորդ դարպասապահն էր, ոչ մի կերպ չի կարող գնահատական հանդիսանալ նրա խաղային որակներին կամ մարզավիճակին: Աշնանը նա հատեց 150 չոր խաղերի սահմանը Բարձրագույն խմբում, իսկ այդպիսի ցուցանիշն իր հետևում մեծ պատմություն է ամփոփում, որը կարող էր կերտվել միայն բացառիկ որակների հաշվին: Եթե հաշվի առնենք, որ դարպասապահը Հայաստանի հավաքականում պետք է որոշակիորեն նաև ստանձնի ամբողջ հետևի գծի հոգեբանական առաջնորդի դերը, ապա Կասպարովը դառնում է թիվ 1 հավակնորդը:

Flashback. Գևորգ Կասպարով (տեսանյութ)

3. Հայրենասիրություն և պատվախնդրություն

Յուրչենկոյի մասին հայտարարության մեջ խոսք էր գնացել «պայմանների» մասին: Եթե ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ հավաքականում, ապա պետք է շահագրգռող այլ գործոններ լինեն: Բացառված չէ, որ դարպասապահը նաև գումարային պահանջներ է ներկայացրել: Իսկ ոչ վաղ անցյալում մեր մարզիչները միշտ կրկնում էին, որ հավաքականում խաղալու ամենակարևոր գործոնը հայրենասիրությունն է:

Գևորգ Կասպարովը Ալաշկերտի մարզմանը

Կասպարովի դեպքում այդ գործոնի մասին խոսելն ավելորդ է: Նա դա ապացուցել է իր կարիերայի ընթացքում: Որպես դարպասապահ անթերի չէ, սակայն միայն իր ներկայությամբ նոր շունչ կհաղորդի մեր պաշտպանությանը: Եթե Գևորգը նաև զգա հավաքական վերադառնալու հնարավորությունը, շատ հավանական է, որ կկրկնապատի ուժերն ու ավելի կբարելավի մարզավիճակը:

Հ. Գ. Սպասե՛նք: Ցավալին այն է, որ մեր միակ «դարդ ու ցավը» դարպասապահի դիրքը չէ: Ինչպես մի առիթով նշել էր Հենրիխ Մխիթարյանը՝ «չկա մի դիրք, որտեղ մենք խնդիրներ չունենանք»: Հավաքականում պետք է խաղան լավագույնները, և նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ բան է մի ամբողջ ազգ ներկայացնելը:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ֆինլանդիայի հավաքականը դեռ երբեք այսքան համախմբված չի եղել»․ Ֆինն լրագրողների կարծիքները Հայաստանի հետ դիմակայության մասին

Վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ, լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի մարզումը՝ երկրպագուների աջակցության ներքո (տեսանյութ)

Պետք է բավարարել հաղթանակի քաղցը․ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ առաջիկա խաղի, առանձին ֆուտբոլիստների, երիտասարդներին շանս տալու և այլ թեմաների մասին (տեսանյութ)

Հայաստան – Ֆինլանդիա. Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը (ուղիղ)

Ֆինլանդիայի հավաքականի վերջին մարզումը Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ․ VNews-ի ֆոտոշարքը

«Հայաստանի հավաքականը ցույց է տվել իր ուժը՝ 4-0 հաշվով հաղթելով մակեդոնացիներին»․ Մարկու Կաներվա

«Վիզ դրեցինք» և պարտվեցինք, իսկ նրանց կարգն էլ բավական էր հաղթելու համար․ Հայաստանի հավաքականի խաղի հետքերով

Ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը ֆիններին զրկեցին ուղեգրից. Դիմակայության պատմությունը Ֆինլանդիայի հավաքականի հետ

Մխիթարյանը գերազանցեց Արզումանյանի ցուցանիշը, Ղազարյանն էլ՝ Հովսեփյանի և Վարդանյանի

Սարաևո, օր 3․ #MatchDay. Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան․ VNews-ի օրագիրը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Բոսնիայի դեմ խաղում՝ ըստ SofaScore-ի

Պյանիչ․ «Մենք մի փոքր ավելի ուժեղ գտնվեցինք Հայաստանից»

Պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը, բայց 3 միավորը մրցակցինն է․ VNews-ի ֆոտոշարքը Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան խաղից

Վարազդատ Հարոյան․ «Հավատն էր մի քիչ պակասում, բայց արդեն տեսանք, որ մենք էլ կարող ենք հաղթել» (տեսանյութ)