fbpx

«Հավաքականում չկար մի մարդ, ով չսիրեր կամ չգնահատեր նրան». Ռոբերտ Արզումանյանի ամենաուշագրավ մտքերը

Ռոբերտ Արզումանյանը հայազգի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն է: Ոչ վաղ անցյալում անհնար էր առանց նրա պատկերացնել Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում անցկացրել է 74 հանդիպում և համարվել հենասյուներից մեկը:

Ցավոք, Արզումանյանին կարիերայի ընթացքում հաճախ են հետապնդել վնասվածքները, որոնցից վերջինի պատճառով էլ այժմ շատ ոնորոշ է՝ արդյոք 32-ամյա ֆուտբոլիստը կշարունակի կարիերան, թե ոչ: Նա հակառակ դեպքում կարող էր ակումբային կարիերայում ավելի մեծ առաջընթաց գրանցել: Վերջին պաշտոնական խաղն անցկացրել է անցյալ տարվա մայիսին՝ Կարագանդայի «Շախտյորի» կազմում:

Կենտրոնական պաշտպանը կարիերան սկսել է «Փյունիկում», իսկ արտերկրում հանդես եկել «Ռանդերսում» (Դանիա), «Յագելոնիայում» (Լեհաստան), «ԲՄԱ-Էներգիայում» և «Ամկարում» (Ռուսաստան), «Ակտոբեում» ու Կարագանդայի «Շախտյորում» (Ղազախստան):

Լինելով պաշտպան՝ Արզումանյանը հավաքականում հաճախակի էր նաև գոլեր խփում (5 անգամ): Ամենահիշարժանները կարելի է համարել առավել հզոր մրցակիցների՝ Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականների հետ մրցավեճերում խփած գնդակները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արզումանյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365», «Պրոֆֆուտբոլ», «Տոտալ Ֆուտբոլ» պարբերականներին և մեր կայքին տված հարցազրույցներից:

«Յոթ տարեկանում կարատեի եմ գնացել: Երեք ամիս գնացել եմ: Քանի դեռ ես էի ծեծում, գնում էի, հետո, երբ ինձ ծեծեցին, էլ չգնացի»:

«Ֆուտբոլի հաճախելու սկզբում՝ մոտ երկու տարի, տարիքով ավելի մեծերի խմբի հետ էի մարզվում, որտեղ եղբայրս էր խաղում: Մեր օրերում պայմանները լավն են, իսկ այն ժամանակ խաղում էինք հողի, կարմիր ավազի վրա»:

«Շատ տղաներ, ովքեր այն ժամանակ լավ տվյալներ ունեին,  այդ վատ պայմանների պատճառով դադարեցին ֆուտբոլ խաղալ»:

«Փոքր տարիքում կիսապաշտպան էի: Հետագայում ավելի լավ խաղացող ֆուտբոլիստներին տեղափոխում էին պաշտպանություն, որտեղ էլ մնացի: Հարձակման գծում խաղում եմ միայն, երբ ֆուտբոլիստ ընկերներով հավաքվում ենք և ընկերական խաղ անցկացնում»:

«Լուրջ սկսեցի ֆուտբոլով զբաղվել 16 տարեկանից: Մինչ այդ էլ էի խաղում, բայց միայն հաճույքի համար, որովհետև երբ դասերիս խանգարում էր, ֆուտբոլի չէի գնում»:

«Վերջին՝ 10-րդ դասարանում շատ դժվար էր ինձ համար, քանի որ 3 առարկա էի պարապում և ֆուտբոլով զբաղվում: Հիշում եմ՝ ֆուտբոլից հետո մեծ պայուսակով գնում էի հայերենի, անգլերենի և մաթեմատիկայի պարապմունքների»:

«Պարապեցի և ընդունվեցի տնտեսագիտական համալսարան: 2-րդ կուրսից սկսած՝ շատ ժամանակ չէի գնում դասերի, քանի որ անընդհատ հավաքների էի»:

«Համալսարանում մեծ մասամբ ընդառաջում էին, որ քննություններս ստանայի: Բայց կային դասախոսներ, ովքեր ստիպում էին պարապել: Դպրոցում և 1-ին կուրսում լավ եմ սովորել»:

«Օսկար Լոպեսն այն ժամանակ հայտնվեց, երբ 16 տարեկան էի: Դա այն ժամանակ էր, երբ մի պահ ուզում էի ֆուտբոլով չզբաղվել, ինստիտուտ էի ուզում ընդունվել: Նա եկավ ու ինձ սկսեց վստահել, խաղացնել»:

«19 տարեկանից սկսեցի խաղալ ազգային հավաքականում: Երևի ամենակարևորն առաջին հանդիպումն էր, որը տեղի ունեցավ Քուվեյթում տեղի հավաքականի հետ: Մարզիչը փորձարկեց մի քանի երիտասարդների, և ես ինձ լավ դրսևորեցի»:

«Դեպք, երբ զարմանամ իմ մասին ինչ-որ բան կարդալո՞ւց. երբ գոլ խփեցի Պորտուգալիայի հավաքականին, խոսակցություններ էին պտտվում, թե ինձ ջիպ են նվիրել այդ գոլի համար»:

«Դանիայում Հայաստանի համեմատ մշակութային տարբերություն կար: Հայաստանում սովոր ենք, որ գիշերը՝ ժամը 11-12-ին, կարող ես զանգահարել ծանոթիդ, ընկերոջդ, իսկ այնտեղ բոլորը շարժվում են գրաֆիկով, շուտ քնում էին, շուտ արթնանում»:

«Ազգային պատկանելությամբ մարզիչ ընտրելը սխալ է: Օրինակ՝ անգլիացի մի մարզիչ կարող է տեխնիկական, փոխանցումներով ֆուտբոլ դավանել, իսկ մյուս անգլիացին՝ բոլորովին այլ կերպով աշխատել»:

«Ֆուտբոլիստի համար ամենակարևորն այն է, որ լավ համակերպվի իր թիմի կոլեկտիվում: Եթե դա հաջող է ընթանում, մնացածն ինքնըստինքյան ստացվում է»:

«Խաղացածս ամենաառանձնահատուկ երկիրը Դանիան է: Այնտեղ թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզիչները տակտիկապես շատ ուժեղ են»:

«Վնասվածքներն ինձ շատ են խանգարել»:

«Ֆուտբոլիստն առաջինն ինքը գիտի՝ լավ է խաղացել, թե ոչ: Առաջինը ես եմ իմ քննադատը, հետո եղբայրս ու ընտանիքս»:

«Ֆուտբոլիստը պետք է մտածի միայն լավ խաղալու մասին, իսկ մնացած մտահոգությունները թողնի մի կողմ»:

«Չունեմ բնավորության այնպիսի գիծ, որն ինձ խանգարում է»:

(Ֆեյսբուք) «Ռոբենն ու Վան Պերսին երկուսով Իսպանիայի պաշտպանությանն այն օրը գցեցին, ինչ Գերմանիան մեզ՝ իր ամբողջ կազմով ու 6 փոխարինողներով: Հայ վայ մասնագետներ, նայե՛ք ու տեսեք` որն է վատ պաշտպանությունը» (ԱԱ-2014-ի Հոլանդիա 5-1 Իսպանիա խաղից հետո):

(Ֆեյսբուք) «Մրցավարներն էլ են մարդ, նրանք էլ կարող են մեկ խաղում 6-7 անգամ սխալվել «Ռեալի» օգտին» (ՉԼ նախորդ խաղարկության «Ռեալ» – «Բավարիա» պատասխան խաղից հետո):

«Մարդու մեջ ամենակարևոր գիծը հավատարմությունն է»:

«Պետք է ինչ-որ բանի հասնես՝ մյուսներին չվնասելով կամ վատություն չանելով: Ամեն ինչ պետք է իր հունով գնա: Պիտի հետո խղճի խայթով չապրես»:

«Ինչի որ հասել եմ, իմ աշխատասիրության շնորհիվ եմ հասել»:

«Տարբեր երաժշտություն եմ լսում: Երբ երկրից գնում եմ, երևի՝ կարոտից է, հայկական եմ շատ լսում: Միայն ռոք և օպերա չեմ լսում: Ռաբիզ էլ չեմ լսում: Լավ երաժշտություն եմ սիրում»:

«Հայ երիտասարդ ֆուտբոլիստը չպետք է «երկինք բարձրանա», երբ արդեն 18 տարեկանում խաղում է, օրինակ, «Փյունիկի» հիմնական կազմում»:

«Երբ «Ամկարի» հետ պահպանեցինք տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, դա չեմպիոնությանը հավասարազոր բան էր»:

«Երևի «Ամկարն» է ամենաուժեղ թիմը, որտեղ երբևէ խաղացել եմ»:

«Չեմ կարող ասել՝ Ռուսաստանում դուրս չէր գալիս, բայց Եվրոպայում ամեն ինչ ավելի կազմակերպված է»:

«Դանիա մեկնելուց առաջ փորձաշրջան անցա անգլիական «Շեֆիլդ Յունայթեդում», որն այն ժամանակ Պրեմիեր լիգայում էր խաղում: Սակայն փորձաշրջանը հաջող չստացվեց, քանի որ թիմի գլխավոր մարզիչն այնտեղ չէր»:

«Եթե եվրոպական երկրից առաջարկ ես ստանում, իմ կարծիքով՝ ավելի լավ է քիչ գումարով գնալ Եվրոպա, քան տեղափոխվել իրանական ակումբ»:

«Դանիա մեկնելուց առաջ գիտեի՝ ամեն ինչ գիտեմ ֆուտբոլի մասին, բայց տեղում պարզեցի, թե որքան բան կա սովորելու»:

«Դանիայի լեզուն այդպես էլ չսովորեցի: Այնտեղ բոլորը գիտեն անգլերեն: Նույնիսկ 80 տարեկան տատիկները հնարավոր է՝ մի քանի բառ իմանան»:

«Լեհերեն առաջին բառը, որ սովորեցի, Kurwa-ն էր: Այն հայհոյանքի նման մի բան էր: Ով գնում է Լեհաստան, առաջինը դա է սովորում: Երբեմն ինձ հարցնում են, թե հայերենում որն է համարժեք բառը, ես ասում եմ, որ չկա»:

«Սիրածս եվրոպական ակումբը «Բարսելոնան» է, ֆուտբոլիստը՝ Լիոնել Մեսին: Դերասաններից նախապատվությունը կտամ Մհեր Մկրտչյանին և Ջիմ Քերրիին, դերասանուհիներից՝ Շարլիզ Սթերոնին»:

««Բարսելոնա» ակումբն ինձ համար կատարելության մոդել է»:

«Ֆուտբոլում անփոխարինելի մարդիկ չկան, նույնիսկ Լիոնել Մեսին անփոխարինելի չէ»:

«Ռոնալդուն շատ գոլեր է խփում, բայց ֆուտբոլը միայն գոլով չէ: Եթե նայենք արդյունքներին, ապա Մեսին ավելի թիմային ֆուտբոլ է խաղում: Տարբերությունը դա է: Բացի այդ, նա էլ Ռոնալդուի պես շատ գոլեր է խփում»:

«Եթե Կրիշտիանու Ռոնալդուին կես հնարավորություն տաս, նա այն գոլի կվերածի»:

«Հավաքականում պատահական եղավ 5 համարի ընտրությունը: Սկզբում չէի ուզում այն վերցնել, քանի որ մի անգամ այդ համարով խաղացել էի, հաջող չէր եղել: Փաստորեն, ազատ էին 5-ն ու 13-ը: Ես էլ ընտրեցի 5-ը»:

«Խաղից հետո կարողանում ես էմոցիաներիդ ազատություն տալ, ասենք, մի բան խփես ու ջարդես: Բայց խաղի ժամանակ պաշտպանին անթույլատրելի է ազատություն տալ էմոցիաներին»:

«Հայաստանի առաջնությունը 6 թիմով անցկացնելն անհետաքրքիր է: Եթե մարզային թիմերն ավելանան, մի մարզը երբ գնա մյուս մարզին հյուր, երկրպագուներն արդեն ավելի շատ կլինեն և իրենց ներկայությամբ կստիպեն, որ խաղի որակը բարձր լինի»:

«Գևորգ Կասպարովը Ռոման Բերեզովսկիին հավասարազոր դարպասապահ է»:

«Յուրա Մովսիսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հզոր հարձակվող ունեցավ: Նրա գալը շատ բան փոխեց հավաքականում»:

«Հաղթելու համար ամենակարևոր պայմանը հավատն է»:

«Ծիծաղում եմ, երբ դիտում եմ Իսպանիայի հավաքականին խփածս գոլը: Ուրախությունից օդ թռա, հետևիցս Քարամյան եղբայրներից մեկն օդում բռնեց վերնաշապիկիցս և ինձ գցեց գետնին: Իրենք ընկան ինձ վրա: Ե՛վ ուրախ էի, և՛ մեջքիս ցավից չէի կարողանում վեր կենալ»:

«Ինձ համար ամենատպավորիչ խաղը եղել է Հոլանդիայի հավաքականի դեմ: Առաջին անգամ էի խաղում նման մարզադաշտում, նման աստղերի դեմ: Ռուդ վան Նիստելռոյին միայն հեռուստացույցով էի տեսել, բայց նրա դեմ շատ լավ խաղացի»:

«Վարազդատ Հարոյանը 2016թ. Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն էր»:

«Մարզիչներից կառանձնացնեմ Յան Պորտերֆիլդին: Ես միշտ ասում եմ՝ «Հանրապետական» մարզադաշտի կողքին ապրող հայը չէր գա այդ օրերին Հայաստանի հավաքականին մարզչություն անելու, իսկ նա Շոտլանդիայից եկել-հասել էր՝ իմանալով, որ մահանալու վտանգ կա»:

«Պորտերֆիլդն ինձ համար առաջին հերթին մեծ մարդ էր: Միշտ ասում եմ՝ նա շատ հայերից շատ ավելի հայ էր: Շատ լավ կարողանում էր մոտիվացնել թիմին»:

«Չկար հավաքականում մի մարդ, ով չսիրեր կամ չգնահատեր Պորտերֆիլդին: Այդպես հազվադեպ է լինում, որ թիմի բոլոր անդամները մեկին սիրեն»:

«ՖԻՖԱ-ի վարկանիշը նշանակություն չունի: Կան հավաքականներ, որոնք իրենց խաղամակարդակով ցածր են, բայց դասակարգման ցուցակում միշտ բարձր տեղեր են գրավում»:

«Ամենամեծ հաճույքը ազգային հավաքականում խաղալն է: Այնտեղ ամեն ինչ ուրիշ է»:

«Հաշվի առնելով հայկական մենթալիտետը՝ կարծում եմ, հավաքականում պետք է այնպիսի մարզիչ լինի, ով չի սահմանափակի մեր հարձակման գծի ֆուտբոլիստներին: Պետք է թողնի՝ նրանք «իմպրովիզացիա» անեն, որը կա մեզ մոտ»:

«Ամեն անգամ միանալով Հայաստանի հավաքականին՝ մի նոր բան էինք սովորում Վարդան Մինասյանից»:

«Բացի լավ մարզիչ լինելուց՝ Վարդան Մինասյանը նաև հիանալի մարդ է»:

«Հավաքականում պաշտպանները միշտ ավելի շատ են քննադատվում, քան հարձակվողները»:

«Ալբանիայի դեմ վերջին խաղն ամենավատն էր, որ ես հավաքականում տեսել եմ»:

«Որպես պաշտպան՝ շատ բարդ է եղել դիմակայել Բելգիայի հավաքականի և «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեին: Նա թե՛ ֆիզիկապես էր ուժեղ, թե՛ գնդակի հետ վարվեցողությամբ»:

«Հավաքականում կարիերաս ավարտեցի դրանից առաջ եղած հայտարարությունների պատճառով: Արդեն իմաստ չկար: Ճիշտ չէի համարում հավաքականում ելույթները շարունակելը կատարվածից հետո: Ինձ համար դա ընդունելի չէր»:

«Բոլորն էլ գիտեն՝ ինչպես եմ խաղացել հավաքականում, միշտ էլ նվիրվել եմ՝ ամեն տեսակի վնասվածքներն անտեսելով»:

«Ինձ դեռ չեմ պատկերացնում ֆուտբոլից դուրս»:

«Եթե լավ վիճակում լինեմ, կարողանամ խաղալ այն մակարդակով, որով ուզում եմ, ապա կշարունակեմ կարիերաս: Եթե զգամ, որ չեմ կարողանում և պետք է տանջվելով խաղամ, ապա չեմ էլ ուզի: Տանջվելով շատ եմ խաղացել»:

«Ֆուտբոլիստը պետք է վայելի խաղը: Եթե նա հաճույք է ստանում, ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում: Enjoy՝ ինչպես ասում էր Յան Պորտերֆիլդը»:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բարսելոնան» հստակեցրել է Ալբայի ապագայի շուրջ իր դիրքորոշումը

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալյադոլիդի» դեմ խաղի համար

Ռոնալդուի փայլուն «թվաբանությունն» Իտալիայում

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

«Հեղափոխական» տղան 18 տարի առաջ այս օրն է ժամանել Բարսելոնա (ծաղրանկար)

Ռիբերի․ «Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու չստացա «Ոսկե գնդակը»

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

«Տոտենհեմը» կերկարաձգի իր լավագույւն ֆուտբոլիստներից մեկի պայմանագիրը

Չեմպիոնների լիգայի գիտակների համար. VNews-ի Quiz-ը

Պաշտոնական. «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Վալվերդեի հետ

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Ռոնալդուի ֆանտաստիկ վիճակագրությունը «Յուվենտուսի» կազմում

Բարտոմեու. «Եթե նույնիսկ մենք ոչ մի մրցանակ չնվաճենք, նա կշարունակի մնալ «Բարսելոնայում»

Ւբրահիմովիչը նշել է Չեմպիոնների լիգայում իր ֆավորիտներին

Բենզեման հավասարվել է Մեսիին

Պոչետինո. «Եթե էլի այդպես եղավ, կեռանամ ու խաղի ավարտը կդիմավորեմ լոգասենյակում»