«Յուրա Մովսիսյանի հետ շփվում ենք անգլերենի, ռուսերենի և հայերենի խառնուրդով». Արաս Օզբիլիսի ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Յուրա Մովսիսյանի հետ շփվում ենք անգլերենի, ռուսերենի և հայերենի խառնուրդով». Արաս Օզբիլիսի ամենաուշագրավ մտքերը

Արաս Օզբիլիսը հայ երկրպագուների շրջանում ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն է: Ճիշտ է, տաղանդաշատ խաղացողը վերջին շրջանում ունի խաղային պրակտիկայի խնդիր իր ակումբում, ինչի պատճառով չի մասնակցել Հայաստանի հավաքականի հոկտեմբերյան հավաքին:

Օզբիլիսը համարվում էր հոլանդական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը: Նա, ելույթ ունենալով Ամստերդամի «Այաքսի» կազմում, 2011թ.-ին ստիպված էր ընտրություն կատարել Հոլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Ի վերջո, ընտրությունը կանգ է առել իր պատմական հայրենիքի ընտրանու վրա: Օզբիլիսը Հայաստանի հավաքականի մարզաշապիկով մինչ օրս խաղադաշտ է դուրս եկել 32 անգամ և դարձել 5 գոլի հեղինակ:

27-ամյա ֆուտբոլիստի ակումբային կարիերան շատ խոստումնալից էր սկսվել: «Այաքսում» լավ տպավորություն էր թողնում, նույնիսկ Եվրոպա լիգայում «Օլդ Թրաֆորդում» գրավել էր «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը: Այնուհետև որոշել էր կարիերան շարունակել Ռուսաստանում՝ պաշտպանելով նախ «Կուբանի», ապա՝ Մոսկվայի «Սպարտակի» գույները՝ Յուրա Մովսիսյանի հետ միասին: Օզբիլիսը «Բեշիքտաշում» ելույթները սկսել է «Ռայո Վալյեկանոյում» կես մրցաշրջան վարձավճարով անցկացնելուց հետո:

Օզբիլիսը միշտ աչքի է ընկել իր նրբագեղ խաղով, գեղեցիկ գոլերով և բարձրակարգ տեխնիկայով: Հենց այդպիսին է նա տպավորված երկրպագուների հիշողություններում: Մնում է, որ Արասը վերադառնա իր նախկին խաղամակարդակին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Օզբիլիսի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենաուշագրավ և հետաքրքիր մտքերը: Օգտագործվել են հատվածներ մամուլի ասուլիսներից, VMag ամսագրին, Championat.com, Gazeta.ru, «Советский спорт», «ИТАР ТАСС», «СПОРТ-ЭКСПРЕСС», News.am պարբերականներին տված հարցազրույցներից:

 

«Իմ նախնիները ծնվել ու ապրել են Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում: Հետո տեղափոխվեցինք Ստամբուլ, որտեղ էլ ես ծնվեցի»:

«Իմ նախապապը Օսմանյան Կայսրությունում վերապրել է հայոց ցեղասպանությունը, բայց որպեսզի չմոռանա մայրենի լեզուն, խոսել է ինքն իր հետ: Այս մասին հայրս պատմել է ընտանեկան մեծ տոնի ժամանակ, երբ ես ժամանել էի Հայաստան»:

«Հայրս սկսել է աշխատել 10 տարեկանից: Նա նույնիսկ դպրոցը չի ավարտել, հնարավորություն չի եղել: Մարդիկ հենց այնպես չեն հեռանում այլ երկիր: Պետք է ծանրակշիռ պատճառ լինի: Մենք հեռացանք Ստամբուլից, երբ ընտանիքում երկու փոքր երեխա կար»:

«Ես մեծացել եմ փողոցային ֆուտբոլով: Այն ժամանակ տղաները չունեին այփադեր, այֆոններ և ինտերնետ, փոխարենը փողոցում առավոտից երեկո ֆուտբոլ էինք խաղում»:

«Ես վարժ խոսում եմ թուրքերեն: Հայրս էլ է խոսում: Մայրս հայերեն գիտե, նա ավարտել է Ստամբուլի հայկական դպրոցը»:

«Ֆուտբոլ պարապել եմ 4-5 տարեկանից: Մարզվում էի Հոլանդիայի սիրողական ակումբներից մեկում: Երկու տարի հետո հայրս ինձ ներգրավեց «Տաղանդների օր» միջոցառմանը: 800 երեխաներից ընտրվեցին 18-ը: Ես այդ շարքում էի և 8 տարեկանից «Այաքսում» եմ»:

«Ես աճել եմ «Այաքսում», հետևաբար միշտ երազել եմ կրել այդ ակումբի կարմիր-սպիտակ մարզաշապիկը»:

«Երբ փոքր էի, ծնողներիս հետ կիրակի օրերին գնում էինք Ամստերդամի հայկական եկեղեցի, ուր նաև հայերեն դասեր էին անցկացնում: Սակայն մենք Ամստերդամից հեռու էինք ապրում, և ես չէի կարող հաճախել այդ դասերին»:

«Մանկության տարիներին ինձ դուր էր գալիս Զիդանի, Ֆիգուի և Ռոնալդոյի ժամանակների «Ռեալը»: Նրանք իմ սերնդակիցների կուռքերն էին»:

«Իմ մանկության կուռքը եղել է Դիեգո Մարադոնան: Հայրս ինձ ցույց էր տալիս նրա մասնակցությամբ հանդիպումները: Պարզապես ապշեցուցիչ էր»:

««Այաքսում» ամենալավ խաղն այն էր, երբ «Օլդ Թրաֆորդում» հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին»: Տրիբունաներում 75 հազար հանդիսական կար: Այդ ժամանակ դարձա գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ»:

«Էդգար Մանուչարյանը մեծագույն տաղանդ է, ես դա տեսել եմ դեռ «Այաքսում»: Տեխնիկապես հագեցած, խելացի: Երբ Էդգարը վազում է՝ կարծես ջրի վրայով սահի: Նրան խանգարեցին վնասվածքները»:

««Այաքս»«Ֆեյենորդ» հանդիպումը կլասիկա է, ինչպես «Սպարտակ»ԲԿՄԱ դիմակայությունը»:

«Ես սիրահարված եմ «Այաքսին»»:

Արաս Օզբիլիս - Այաքս

«Ես համեստ մարդ եմ, բայց խաղադաշտում այդ համեստությունը կորչում է»:

«Ինչից կարող եմ բորբոքվե՞լ. եթե մրցավարն իմ հանդեպ խախտում թույլ տալու համար չսուլի»:

«Իմ հարվածն Աստվածային շնորհ է»:

«Պատանեկան տարիքում ես շատ երկար ժամանակ հղկում էի տուգանայինից իմ հարվածները, չնայած այն ժամանակ գնդակը հաճախ դիպչում էր պատին: Ժամանակի ընթացքում այդ գործոնում բարելավեցի»:

«Պետք է կենտրոնանալ միայն առաջիկա խաղում հաղթելու վրա, այլ ոչ թե վերջնական նպատակի. միայն այդպես կարելի է հասնել վերջնական նպատակին»:

«Ես կարող եմ հանդես գալ թե՛ ձախ, թե՛ աջ եզրում, բայց խաղադաշտում ինձ ամենաշատը դուր է գալիս «ազատ նկարչի» դերը»:

«Յուրա Մովսիսյանն իմ ավագ եղբայրն է: Մարկոս Պիզելին էլ ինձ շատ օգնեց, երբ նոր էի տեղափոխվել «Կուբան»»:

«Յուրա Մովսիսյանի հետ շփվում ենք անգլերենի, ռուսերենի և հայերենի խառնուրդով»:

«Երբ Յուրայի հետ մեքենայով գնում էինք մարզման, ղեկին նա էր նստում: Ինչո՞ւ. Յուրան գիտեր՝ ինչպես շրջանցել խցանումները»:

«Սիրածս ֆիլմը «Գլադիադորն» է, դերասանը՝ Մարկ Ուոլբերգը, դերասանուհին՝ Ջենիֆեր Լոպեսը»:

«Սիրածս գիրքն «Աստավածաշունչն» է, թեև պետք է նշեմ, որ, առհասարակ, այդքան էլ չեմ սիրում կարդալ»:

«Սիրում եմ բոլոր այն ուտեստները, որոնք պատրաստում է մայրս»:

«Մյուս մարզաձևերից նախընտրում եմ թենիս դիտել»:

«Եվրոպական լիգաներից ինձ ամենից շատ դուր են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգան և Իսպանիայի Լա Լիգան»:

«Ես նրանցից եմ, ովքեր չեն հոգնում «Բարսելոնայի» կատարմամբ ֆուտբոլ նայելուց և դրանից հաճույք ստանալուց: Ինձ համար ձանձրալի չէ նայել մի թիմի խաղը, որն անընդհատ հաղթում է»:

«Երբ ինձ զանգահարեցին և հայտնեցին «Կուբանի» առաջարկի մասին, առաջին քայլս համացանց մտնելն էր և որոնելը, թե որտեղ է Կրասնոդար քաղաքը»:

«Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության լավագույն թիմն է»:

«Ֆուտբոլիստի համար նույնիսկ մինուս 5 աստիճանի պայմաններում խաղալը չպետք է խնդիր լինի»:

«Ես գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գործակալները եկել էին իմ խաղը դիտելու, բայց, կարծում եմ, այս հանդիպումից հետո ես այլևս չեմ հետաքրքրի նրանց: Սա իմ՝ վերջին տարիների ամենավատ խաղն էր («Սպարտակ» – «Կռիլյա Սովետով» խաղից հետո, 2014թ.):

«Ինչու խաղաժամանակ չէի ստանում «Սպարտակո՞ւմ». գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի օրոք թիմում տարօրինակ բաներ էին կատարվում: Նա ինձ չէր հավատում և խաղադաշտ չէր մտցնում: Գուցե խնդիրն այն էր, որ ես հայ եմ, իսկ նա՝ թուրք»:

«Տեղափոխվեցի «Բեշիքտաշ», քանի որ այլևս չէի խաղում «Սպարտակում», իսկ ֆուտբոլիստները ցանկանում են ֆուտբոլ խաղալ»:

«Ճիշտ է, ես հայ եմ, բայց չեմ կարծում՝ «Բեշիքտաշ» տեղափոխությունը խնդիր է: Ֆուտբոլը քաղաքականություն չէ, իսկ ես պրոֆեսիոնալ եմ և իմ գործն եմ անում»:

«Դմիտրի Սելյուկը հիմար է, եթե այդպիսի բան է ասել (գործակալը նշել էր, թե Օզբիլիսը ժամանակին Հայաստանի հավաքականն է ընտրել, քանի որ ՀՖՖ-ն նրան բնակարան է նվիրել և գումար տրամադրել):

«Եթե ինձ համար գումարն առաջնահերթ լիներ, ես կընտրեի Հոլանդիայի ազգային հավաքականը, քանի որ բոլոր գիտեն՝ ֆուտբոլիստի արժեքն այնտեղ շատ բարձր է՝ համեմատած Հայաստանի հետ»:

«Ինձ Հայաստանի հավաքականում հանդես գալ առաջին անգամ առաջարկվել է 2010թ.-ին՝ «Այաքս»«Սպարտակ» հանդիպումից հետո: Առաջարկություն արել է իմ գործակալը՝ Վալերի Հովհաննիսյանը: Դրանից հետո նա ևս 6 անգամ ժամանել է Ամստերդամ՝ այդ մասին բանակցելու համար»:

«Ես չէի կողմնորոշվում, անհրաժեշտ էր ամեն ինչ ծանրութեթև անել՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Իմ մարզիչ Ռոնալդ դե Բուրը միշտ ասում էր, որ պետք է սպասեմ և շանս կստանամ խաղալու Հոլանդիայի հավաքականում»:

Արաս Օզբիլիս

«Ինձ հրավիրել էին Հոլանդիայի Մ-21 հավաքական: Բայց նույն ժամանակահատվածում մենք «Այաքսի» հետ մարզական հավաքի էինք մեկնում ԱՄՆ: Եվ ես որոշեցի հավաքական չգնալ: Սրտիս լսելով՝ հասկացա, որ ուզում եմ Հայաստանի համար խաղալ: Չեմ ափսոսում իմ ընտրության համար»:

«Հայաստանի հավաքականում ամենահիշարժան խաղը Կոպենհագենում Դանիայի ընտրանու նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակն էր»:

«Իմ կի­նն Ար­տա­շա­տից է: Ն­րա ըն­տա­նի­քը ­Հա­յաս­տա­նից է ե­ղել, հի­մա այս­տեղ են ապ­րում նրա տա­տը և ­հո­րա­քույ­րը: Ես նրան ­Հո­լան­դիա­յում եմ հան­դի­պել ու հի­մա նրա շնոր­հիվ բա­վա­կա­նին լավ հա­յե­րեն գի­տեմ, շատ լավ հաս­կա­նում եմ»:

«Ակումբն աշխատանք է, հավաքականը՝ պարտք»:

«Երբ ծնողներս եկան Հայաստան, շատ սիրեցին երկիրը: Չէին ցանկանում վերադառնալ (ծիծաղում է)»:

«Իմ երազանքն իրականացել է, քանի որ խաղացել եմ Հայաստանի ազգային հավաքականում»:

«Ես սիրում եմ հայ երկրպագուներին և շատ ուրախ եմ, որ միշտ աջակցում են ինձ»:

Արման Աբելյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռամոսը՝ վիկինգի կերպարում (ֆոտո)

Չիչարիտոն քննադատել է «Յունայթեդի» ղեկավարությանը Ֆերգյուսոնին փոխարինող Մոյեսին նշանակելու համար

Ֆիգու․ «Նախկինում «Ոսկե գնդակի» ավելի շատ հավակնորդներ կային, ոչ թե միայն Մեսին ու Ռոնալդուն»

«Բարսելոնայում» համոզում են Արտուրին «Յուվենտուս» տեղափոխվել

Սետյեն. «5 փոփոխությունն ավելի շատ կվնասի «Բարսելոնային»

Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում