fbpx

«Նրա օրոք նույնիսկ Բրազիլիայի դեմ խաղալիս կմտածեինք հաղթանակի մասին». Գևորգ Ղազարյանի ամենաուշագրավ մտքերը

Գևորգ Ղազարյանի՝ խաղադաշտ վերադառնալուն բոլորս անհամբերությամբ ենք սպասում: Հայ կիսապաշտպանը շարունակում է տքնաջան աշխատել, որպեսզի Ղազախստանի հավաքականի հետ խաղում ստացած չարաբաստիկ վնավածքից հետո կրկին անի այն, ինչն ամենից շատն է սիրում՝ խաղա ֆուտբոլ:

Ղազարյանը «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի կազմում Հայաստանում մի շարք տիտղոսներ է նվաճել: Պաշտպանել է նաև «Բանանցի» մարզական պատիվը: Արտասահմանում հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ Դոնեցկում», ղազախական «Շախտյոր Կարագանդայում», հունական «Օլիմպիակոսում» և «Կերկերիայում», իսկ այժմ համարվում է պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ:

Հայ երկրպագուների շրջանում Ղազարյանը սիրված է հատկապես նրա շնորհիվ, որ, անկախ մարզավիճակից, միշտ անսահման նվիրվածությամբ է խաղում ազգային հավաքականում: Նա երբեք ուժ չի խնայում, խաղադաշտում կորցնում է քրտինքի վերջին կաթիլը: Գևորգը հասցրել է 10 գոլի հեղինակ դառնալ հավաքականի մարզաշապիկով:

Հետաքրքիր յուրահատկություն ունի այս ֆուտբոլիստը. 2 անգամ մրցակցի դարպասը գրավել է խաղերի տառացիորեն վերջին վայրկյաններին: Նա ամբողջ հայ ազգին «երջանկության մոլորակ» է ճանապարհել Չեխիայի հետ արտագնա խաղի (2-1) և Չեռնոգորիայի հետ տնային հանդիպման վերջնամասերում (3-2):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ղազարյանի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենահետաքրքիր և ամենաուշագրավ մտքերը: Օգտագործվել են հատվածներ Vmag ամսագրին, «Տոտալ Ֆուտբոլ», «Ֆուտբոլ Պլյուս», «Ֆուտբոլ 365» և News.am պարբերականներին տված հարցազրույցներից:

«Շատ բարդ մանկություն եմ ունեցել: Դա ինձ օգնել է՝ իմ առջև դնելու մեծ նպատակներ»:

«Երբ երեխա էի, Ամանորին նախապատրաստվելու խնդիր ունեինք: Մայրս, տեսնելով մեր ապրումները, հավաքեց իր բոլոր ոսկիները և, առանց հայրիկին տեղյակ պահելու, գնացինք դրանք վաճառելու: Կարծում եմ՝ հայրս, երբ հետո իմացավ, չբարկացավ: Այդ տարի ուրախ Նոր տարի նշեցինք»:

«Մայրս մեզ այնպես է դաստիարակել, որ խանութներում երբեք չենք բարձրաձայնել՝ այս կամ այն բանն ենք ուզում: Ես էլ այժմ պետք է փորձեմ «երես չտալ»: Երեխան պետք է իրեն ավելի զուսպ պահի»:

«Արմեն Գյուլբուդաղյանցն է ինձ մոտ դրել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու հիմքը: Նա ինձ ծանոթացրել է մեծ ֆուտբոլում գոյություն ունեցող բոլոր մանրուքներին»:

«Ամենաբարդը եղել է Ուկրաինայի առաջնությունում խաղալը: Այն շատ խորթ էր ու բարդ, քանի որ առաջին անգամ էի հանդես գալիս Հայաստանից դուրս»:

««Օլիմպիակոսը» լրիվ այլ աշխարհ էր ինձ համար: Աթենքում բոլորը ճանաչում էին թիմի ֆուտբոլիստներին, մարդիկ ապրում էին ֆուտբոլով»:

««Օլիմպիակոսում» խաղալու ժամանակ մեկ ամիս նույն հյուրանոցում եմ ապրել Էրիկ Աբիդալի և Իբրահիմ Աֆելայի հետ: Միասին էինք գնում մարզման և գալիս: Երկուսն էլ շատ լավ և անմիջական տղաներ էին»:

«Բախտը նույնպես պետք է վաստակել»:

«Կարիերան ավելի լավ է մեկ տարի շուտ ավարտել, բայց հեռանալ լավ մարզավիճակում, քան ուշացնել պահը»:

«Մոգական ուժերին չեմ հավատում»:

«Ցանկանում էի՝ 2014թ.-ին աշխարհի չեմպիոն դառնար Արգենտինայի հավաքականը, քանի որ այնտեղ էր Մեսին: Նրան համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Եթե խոսքն ամբողջ պատմության մասին է, ապա Զիդանին մի փոքր ավելի շատ եմ սիրում»:

«Կրիշտիանու Ռոնալդուն միգուցե ավելի շատ գոլեր է խփում, քան Մեսին, սակայն ինձ համար Լիոնելը շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստ է»:

«Աստված կարող է օգնել հասնելու նպատակին, բայց մարդն ինքն է կերտում իր անցյալը, ներկան և ապագան»:

«Ընտանիքում կարող են լինել խնդիրներ, բայց ամենակարևորն այն է, որ տղամարդն ու կինը դրանք լուծեն երկուսով՝ առանց արտաքին միջամտության»:

«Արտերկրում հայերից ամենամեծ աջակցությունը ստացել եմ Հունաստանում: Ինքնաթիռում ծանոթացել էի Հայաստանի թեմի առաջնորդի հետ, և նրա միջոցով հանդիպումներ էի ունեցել հայ համայնքի հետ»:

«Կրիշտիանու Ռոնալդուին աստվածացնում և շատ են սիրում Պորտուգալիայում: Նա շատ բարեգործություն է անում իր երկրի համար, բայց դրա մասին քչերը գիտեն»:

«Չեմպիոն դառնալուց երբեք հնարավոր չէ «կշտանալ»»:

«Եվրոպայում ինձ համար ամենաօրինակելի երկիրը Գերմանիան է»:

«Կցանկանայի երբևէ հանդես գալ Իսպանիայի առաջնությունում: Դա մեծ մարտահրավեր կլիներ ինձ համար»:

«Սիրում եմ ժամանակ անցկացնել սոցցանցերում: Աշխատում եմ պատասխանել բոլոր երկրպագուներին»:

«Շատ մեծ ուշադրություն եմ դարձնում իմ խաղակոշիկներին: Ինքս եմ զբաղվում դրանց արտաքին տեսքով: Դրանք միշտ պետք է փայլեն, արտաքին տեսքն ազդում է խաղիս և տրամադրությանս վրա»:

«Համակարգչային խաղերն անցյալում իմ հոբբին էին: Հավաքականի թիմակիցներով էլ շատ էինք FIFA խաղում: Հիմնական մրցակիցներս Էդգար Մանուչարյանն ու Մալաքյան եղբայրներն էին»:

«Մեր ֆուտբոլասերների մեծամասնության մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն է. ֆուտբոլիստը կամ շատ լավն է, կամ շատ վատը»:

«Երկրպագուն ֆուտբոլիստին կարող է քննադատել վատ խաղալու կամ որևէ սխալի համար, բայց ֆուտբոլիստների վրա ազդում է այն, երբ բանը հասնում է անձնական վիրավորանքներին»:

Գևորգ Ղազարյան

«Մարզչի գործոնը կարևոր է, բայց հավաքականի ֆուտբոլիստները պետք է լավ մարզավիճակում լինեն, յուրաքանչյուրն իր ակումբից վստահ գա հավաքական»:

«Յան Պորտերֆիլդի օրոք յուրաքանչյուր խաղից առաջ հավաքականը մտածում էր հաղթանակի մասին, այդպես կլիներ, եթե մրցակիցը նույնիսկ Բրազիլիան լիներ»:

«Ղազախստանի հավաքականի դեմ խաղում վնասվածք ստանալու պահին չէի գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց զգում էի, որ շատ լուրջ վնասվածք է»:

Գևորգ Ղազարյանի վնասվածքը Հայաստան - Ղազախստան խաղում

«Այդ մրցավեճում փոխարինվելուց հետո խաղի ընթացքին հետևում էի հիվանդանոցում՝ հեռուստացույցով»:

«Գոլից հետո միշտ, առանց շունչ քաշելու, բղավում ես «գոլ»: Չես կարող հետագայում հիշել քո բոլոր գործողություններն ու պատմել այդ մասին: Դա մի ակնթարթ է թվում»:

«Արթուր Պետրոսյանի՝ հավաքականը գլխավորելուց հետո թիմում տրամադրությունը բարձրացել է»:

«Ինձ համար շատ հեշտ է եղել աշխատել Վարդան Մինասյանի և նրա օգնականների հետ: Դա այն հավաքականն էր, որ մի ընտանիքի պես էր»:

«Հենրիխ Մխիթարյանը հանդիպումներին միշտ տրվում է 100 կամ 200%-ով, և բնական է, որ նույնն էլ պահանջում է թիմակիցներից»:

«Շատ դժվար է կողքից հետևել հավաքականի հանդիպումներին, երբ խաղադաշտում չես»:

«Հավաքականի խաղը կողքից դիտելիս հույզերի տակ երբեմն սկսում եմ խոսել, հետո էլ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչու եմ զարմանում, երբ երկրպագուները սկսում են խաղերի ժամանակ լավ կամ վատ արտահայտություններ անել: Ես էլ այդ պահերին դառնում եմ սովորական երկրպագու»:

«Շատ եմ ուզում, որ Հայաստանի հավաքականը հանդես գա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում»:

«Վարդան Մինասյանի ժամանակների Հայաստանի հավաքականը հավերժ կմնա իմ հուշերում՝ որպես բոլոր ժամանակների լավագույն հավաքական»:

«Հիմա հավաքականը հայտնվել է դժվար իրավիճակի մեջ, բայց մենք պետք է միասնական լինենք և հաղթահարենք այս պահը»:

Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք նաև Էդգար Մանուչարյանի, Յուրա Մովսիսյանի, Մարկոս Պիզելիի և Արաս Օզբիլիսի ամենաուշագրավ մտքերը:

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

Վնասվածքի «հետևանքը»․ Մեսին ժամանակավորապես վերադարձավ «իր մոլորակ» (ծաղրանկար)

Հենրիխ Մխիթարյանը և թիմակիցները նախապատրաստվում են «Լեսթերի» դեմ խաղին (լուսանկարներ)

«Փյունիկը» չի կարողանում հաղթանակ տոնել առաջնության 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

Հայաստան 4։0 մրցակից․ մեր հավաքականի 4 տպավորիչ հաղթանակները 4։0 հաշվով (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Երևանի 2800-րդ տարեդարձը

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կարագերը Մխիթարյան-Սանչես փոփոխությունը մեծ սխալ է համարում

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական պատմական նվաճումը գրանցեց

Պաշտոնական․ Հայտնի են Լիոնել Մեսիի ապաքինման ժամկետները (տեսանյութ)

Պավել Մանուկյան․ «Ուզում եմ տեսնել Գևորգ Ղազարյանին և ճակատը համբուրել» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

2007 թվականից հետո մոտակա Էլ Կլասիկոն կարող է լինել առաջինը, որին չեն մասնակցի ո՛չ Մեսին, ո՛չ Ռոնալդուն

«Յուվենտուս» – «Ջենոա». Ռոնալդուի գոլը չօգնեց թուրինցիներին պահպանել 100%-անոց արդյունքը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Բուֆոն. «Երախտապարտ եմ Ռոնալդուին, որ դեռ խաղում եմ»