-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնության 8-րդ տուրում ուշադրության կենտրոնում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Կուրսովայի և նրան հետապնդող Աննա Սարգսյանի մրցախաղն էր: Նախորդ տուրում Աննան մրցաշարում առաջին պարտությունն էր կրել Մարիա Գևորգյանից և մեկ միավորով հետ էր մնացել Կուրսովայից:
Մարիա Կուրսովան վստահ անցկացրեց նաև չեմպիոնի տիտղոսի համար պայքարում իր համար անչափ կարևոր մրցախաղը և 53-րդ քայլին հաղթանակ տոնեց: Մարիան վաստակեց 7 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը:
32-ամյա Մարիան, ով գրոսմայստեր Արման Փաշիկյանի կինն է, 2-րդ անգամ հաղթող ճանաչվեց Հայաստանի առաջնությունում, որի առթիվ շնորհավորում ենք կանանց Հայաստանի հավաքականի անդամին: Առաջին անգամ նա ուժեղագույնն էր ճանաչվել 2012թ.:
Իսկ ահա մրցանակային մյուս տեղերի համար պայքարն ավելի սրվեց: Աննա Սարգսյանի երկրորդ անընդմեջ պարտությունից հետո նրան միավորներով հավասարվեց Սիրանուշ Ղուկասյանը, ով հաղթելով Մարիամ Մկրտչյանին, ևս վաստակեց 5 միավոր:
Մրցանակային տեղերի համար պայքարում կարևոր նշանակություն ուներ նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Մարիա Գևորգյանի և Լիլիթ Գալոյանի մրցախաղը: Հաջողությունն ուղեկցեց Մարիային, ով վաստակեց 4,5 միավոր և հավասարվեց Լիլիթին:
3,5-ական միավորով հաջորդ տեղերում են Սուսաննա Գաբոյանն ու Նարե Առաքելյանը: Նրանց մրցախաղում հաղթանակ տոնեց սևերով խաղացող Գաբոյանը: Տուրում միակ ոչ-ոքին գրանցվեց առաջնության հետնապահներ Աննա Խաչատրյանի և Սոնա Ասատրյանի մրցավեճում: Նրանք 2-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Վաղը կայանալիք 9-րդ տուրի հանդիպումներով կեզրափակվի շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 73-րդ առաջնությունը: Արծաթե և բրոնզե մեդալների համար պայքարում վճռորոշ կլինեն Սիրանուշ Ղուկասյան-Աննա Խաչատրյան, Լիլիթ Գալոյան-Մարիա Կուրսովա, Աննա Սարգսյան-Նարե Առաքելյան, Սոնա Ասատրյան-Մարիա Գևորգյան պարտիաները:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո