fbpx

Սուսերամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունը կանցկացվի Երևանում

Ապրիլի 15-19-ը Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, այդ մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է  Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

«Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի  առաջնային խնդիրներից է:  Մեր ամբողջ ուժը եւ ուշադրությունը դրան է ուղղված:  Կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Պետությունն անհրաժեշտ գումարը հատկացրեց, ներգրավեցինք նաեւ հովանավորների: Անհրաժեշտ է տեղավորվել ժամկետների մեջ:

Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան  հանդես գա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի գավաթի  երկու փուլերում: Բացի Էմմայից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադալիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասել է Արտաշես Մադոյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: