Տոկիոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Ծանրամարտի կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը (59 կգ) երկամարտի 205 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Պոկում վարժությունը մեր մարզուհին ավարտեց 95 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ իր կամքին ենթարկելով 110 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն դարձավ Չինական Թայբեյը ներկայացնող Հսինգ Չոնգ Կուն, որը գրանցեց երկամարտի 236 կգ արդյունքը: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 133 կգ ու սահմանեց Օլիմպիական խաղերի ռեկորդ:
Նշենք, որ 14:00-ից իր ելույթները կսկսի լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա կմրցի 100 մ ազատ ոճում: