Լեսթերի «Քինգ Փաուեր» ստադիոնից օդ բարձրացած ուղղաթիռը, որը պատկանում է համանուն ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադանապրաբահային, վթարի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
«Լեսթերը» Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր ավարտել «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ հանդիպումը։ Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել մրցավեճի ավարտից ընդամենը կես ժամ անց։
Ուղղաթիռը եզրափակիչ սուլոցից հետո օդ է բարձրացել, սակայն շուտով կորցրել վերահսկողությունը և վթարի ենթարկվել ավտոկայանատեղիում։ Ուղղաթիռը կործանվել է, դեպքի վայր են մեկնել բժիշկներ ու հրշեջներ։
BeIN Sports-ն էլ հաղորդում է, որ «Լեսթերի» սեփականատերը գտնվել է ուղղաթիռում և մահացել է։ Պաշտոնական հայտարարություն առայժմ չկա։
«Լեսթերը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 10 տուրից հետո վաստակած 13 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է թայլանդցի գործարարին, ապա նա ակումբը ձեռք է բերել 2010 թվականին։ «Լեսթերը» 2015/16թթ․ մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ սենսացիոն կերպով դարձել է Անգլիայի չեմպիոն։