Logo
/ ՍՊՈՐՏ
Հեղինակ

Ռոբերտ Գասպարյան

00:00 / 28.08.2021ՍՊՈՐՏ

«Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին

NINTCHDBPICT000517160998 e1567104699570 - «Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին

Տպավորություն է, որ Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի դիմակայությունն արդեն ավելի հին է, քան Գոձիլայինն ու Կինգ Կոնգինը։ Թվում է՝ այն երբեք չի ավարտվի։ Ամառային այս տրանսֆերային պատուհանը հավերժ մտավ պատմության մեջ. «Բարսելոնայում» ավարտվեց Մեսիի դարաշրջանն ու սկսվեց նորը, բայց արդեն Փարիզում», – այս տողերը զարդարում էին մարզական ԶԼՄ-ների առաջին էջերը, մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ի երկրորդ կեսը, երբ Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժորժե Մենդեշը խաղարկեցին գերազանց կոմբինացիա ու մղեցին Մեսիի տրանսֆերը ՊՍԺ՝ երկրորդ պլան։

Այս տարվա օգոստոսի 26-ի ընթացքում բոլորը գրում էին, որ Ռոնալդուն պատրաստվում է վերադառնալ ԱՊԼ ու խաղալ Գվարդիոլայի թիմում։ Լուրը լսելուց հետո ֆուտբոլային բոլոր գիկերը՝ Գարի Լինեկերից սկսած և  «բակի Լևոն պապով» վերջացրած, քննարկում էին՝ Ռոնալդուն որքան փող է ստանալու և ինչ դիրքում է խաղալու ճաղատ հանճարի «կատարյալ» թիմում։ Բայց, հանկարծ, օրվա վերջում հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդը» ու ընդամենը մի քանի ժամում գերազանցեց «Սիթիի» առաջարկն ու «տուն բերեց» իր պատմության ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկին։ Ոչ մեկի մոտ մի տեսակ կասկած չհարուցե՞ց «Յունայթեդի» հանկարծակի հայտնվելը, «Սիթիի» պասիվությունն ու Ռոնալդուի ֆանտաստիկ արագ ընտրությունը։

3205631 65667888 2560 1440 960x540 - «Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին

Քանի որ Ռոնալդուի էգոն իր չափերով հասավարը չունի ոչ միայն ֆուտբոլային, այլև մյուս սովորական մարդկանց աշխարհում, այն չէր կարող շոյված լինել հանգամանքով, որ Լեոն բոլոր ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում է, բոլորը նրան են նայելու լսելու, իսկ ինքը՝ Կրիշը պետք է խաղա անհետաքրքիր Ա սերիայում, հանդերձարան կիսի «հանիր նրան տրանսֆերի ու ամեն ինչ կարգին կլինի» միտք արտահայտած մարզչի հետ։ Այս միտքը, գուցե սպանում էր Ռոնալդուին։ Պորտուգալացին դեմ չէր հեռանալ «անշուք ու դժգույն» Թուրինից, բայց կար տրամաբանական հարց՝ ո՞ւր։ Ոչ մի թիմ պատրաստ չէր բավարարել ԿրիՌոյի ֆինանսական ախորժակը, բացի նաֆթադոլարների մեջ «լողող» «Սիթիից» ու ՊՍԺ-ից։ «Յունայթեդի» մասին խոսում էին միայն «բա երանի չէ՞ր» երանգներով։

Մեր ընտրանին
«Թշնամին տնից է լինում». ինչպե՞ս են հարազատ-գործակալները «քար գցում» ֆուտբոլիստների բախտի վրա
Հզոր, սարսափելի, բայց նաև խոցելի. Որոնք են ՊՍԺ-ի թույլ կողմերը
«Մեսի Սեն Ժերմեն». 3 խնդիր, որոնց կբախվեն ՊՍԺ-ն ու Լեոն

«Ռոնալդուն չի սիրում կրկնվել։ Նույնսիկ երբ մենք մի թիմում էինք խաղում, նրան զայրացնում էր այն, որ նրա գոլը կարող էր նույնությամբ կրկնել օրինակ Ռունիի կամ Բերբատովի գոլը։ Կրիշտիանուն ցանկանում էր ավելի լավ, ավելի հիշվող գոլ խփել, ավելի տպավորիչ անցում անել, որպեսզի բոլորը խոսեն նրա, և ոչ թե թիմակցի անցման մասին։ Երբեմն հենց դրա շնորհից նա ցույց էր տալիս տիեզերական մակարդակ», – թիմակցի մասին Sky Sports-ի հետ զրույցում տարիներ առաջ ասել է «մանկունյանցիների» պաշտպան Գարի Նևիլը։

skysports gary neville cristiano ronaldo 4955711 960x540 - «Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին

Այս համատեքստում,  հենց այնպես փոխել թիմը կնշանակեր կրկնել Մեսիի քայլերը։ Բայց ո՛չ, Կրիշը դա չէր ցանկանում։ Այստեղ գործի անցավ խորամանկ Ժորժե Մենդեշն իր անհավանական սցենարով, որը La casa de papel-ի հեղինակ Ալեքս Պինան հաստատ կցանկանար էկրանավորել։ Լուրերի հաջորդականությունը մեկը մեկից աղմկոտ էին.

  • Ռոնալդուն հոգնել է Թուրինում ու ցանկանում էր նոր մարտահրավեր ընդունել
  • Նա պատրաստ է նույնիսկ ընդունել «Սիթիի» առաջարկը
  • Տրանսֆերի չհանելուց հետո Ռոնալդուն բունտ է անում ու չի ցանկանում այլևս կրել «Յուվեի» շապիկը
  • Առավոտյան հավաքում է իրերը, նստում նախ մեքենան, հետո՝ ինքնաթիռ

Ամբողջ աշխարհը զարմացած էր, երբ «Սիթիի» անունը հայտնվեց նրանով հետաքրքրվողների ցանկում, բոլորն ապշած էին։ «Ինչո՞վ է մտածում 36 տարեկան, նույնիսկ ռոբոտի կառուցվածք ունեցող մարդը ԱՊԼ վերադառնալուց առաջ», – գրում էին թվիթերում։ «Յունայթեդի» ֆաները տարակուսում էին, նրանք հրաժարվում էին հավատալ, որ Ռոնալդուն կարող է երբևէ կրել թշնամի ակումբի մարզաշապիկը։ Նույնիսկ Ֆաբրիցիո Ռոմանոն էր աջ ու ձախ «թվիթում», որ Ռոնալդուն ու Մենդեշը ուղիղ կապի մեջ են «Սիթիի» հետ։

https://twitter.com/FabrizioRomano/status/1431096946509418496

Բայց «Մանչեսթեր Յունայթեդի» հայտնվելը ֆանտաստիկ էր։ Անգլիական գրանդը իրականացրեց տրանսֆեր, որից գոհ են  բոլորը։

  • Պեպը չի մարզի ֆուտբոլիստի, որը չի համապատասխանում իր ֆուտբոլային փիլիսոփայությանը
  • «Սիթին» ստիպված չի լինի հանդուրժել հավիտյան մրցակցի նախկին ֆուտբոլիստին
  • Ռոնալդուն ստիպված չի լինի կրել ևս մեկ թիմի մարզաշապիկ, որի տակ իր սիրտը չի թպրտում
  • «Յունայթեդի» երկրպագուներն էլ 7 օր 7 գիշեր սուգ չէին կապելու համայն Մանչեսթերօյ
  • Սուլշերը ստացավ ևս մեկ թոփ ֆուտբոլիստ, որով կարելի է հաղթել ԱՊԼ-ում
  • Ժորժե Մենդեշը մի քանի կոպեկ էլ դրեց գրպանը

Եվ այս պահին, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մեսիի տրանսֆերը դիտարկում են լրիվ այլ տեսանկյունից։ Նրանց ընկալմամբ, «Ռոնալդուն հրաժարվեց մրցակից թիմի հսկայական հոնորարից հանուն սիրելի ակումբ վերադառնալու, իսկ Լեոն ընտրեց փողերի պարկը, թեպետ կարող էր և «Բարսելոնայում» խաղալ անվճար»։ Իհարկե ոչ մի պարագայում Լեոն կատալոնյան ակումբում անվճար խաղալ չէր կարող (հարկեր, ֆինանսական այլ բարդ թղթաբանություն, որը թույլ չէր տալիս դա անել)։

ap spain soccer messi 08aug21 960x640 - «Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին

Այստեղ ամենաէականը «Մանչեսթեր Սիթիի» գործոնն է։ Պեպը ասուլիսների ժամանակ նեյտրալ պնդումներ էր անում՝ «Ռոնալդուն ինքն է որոշում որտեղ շարունակել կարիերան» կամ «յուրաքանչյուր թիմի համար պատիվ կլինի իր կազմում ունենալ այդպիսի խաղացողի, բայց հիմա նա այլ թիմի ֆուտբոլիստ է, ես կխոսեմ նրանց մասին, որոնք իմ թիմում են»: Մոտավորապես նմանատիպ  մտքերը ողողել էին համացանցը։ Բայց որքանով է այս տրանսֆերային սագայում ներգրավված եղել «Սիթին», ոչ ոք ասել չի կարող։

Մանչեսթերի կապույտ հատվածում, գուցե, մտածում էին Ռոնալդուին ձեռք բերելու մասին: Հենց այնպես Ֆաբրիցիո Ռոմանոն ոչինչ իր թվիթերի պատին չի դնում։ Բայց մենք գիտենք ու այս ամսվա ընթացքում համոզվել ենք՝ ինչ է անում «Սիթին» իր ուզած ֆուտբոլիստին գնելու համար (Գրիշի գործարքը եղավ, Քեյնինը՝ ոչ)։ Մի՞ թե Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, որով կարելի է հետաքրքրվել (լուրջ) ու հետո լրիվ պատահական դուրս գալ մրցավազքից՝  նրան զիջելով ուղիղ մրցակցին։ Այստեղ կարող է լինել 2 տարբերակ։

  1. «Մանչեսթեր Սիթին» երբեք էլ չի ցանկացել ձեռք բերել Ռոնալդուին։ Ամբողջ աղմուկը հանել է Մենդեշը
  2. «Սիթին» ցանկացել է գնել պորտուգալացուն, բայց Գվարդիոլան արգելափակել է գործարքը

Ամեն դեպքում, Ռոնալդուի տրանսֆերից, ինչպես վերևում նշեցինք, շահում են բոլորը։ Նույնիսկ Մեսիի մեծագույն երկրպագու Գարի Լինեկերն է արտահայտվել թվիթերում՝ թեպետ առանց իրեն բնորոշ դիֆերամբների, որոնք նա անում է Մեսիի հասցեին։

Որքան էլ ամպագոռգոռ հնչի, բայց փաստն անհերքելի է. Մեսին ու Ռոնալդուն մեր ժամանակների ֆուտբոլային աստվածներն են։ Արդեն տևական ժամանակ է՝ նրանք չեն առերեսվում Կլասիկոյում, բայց դրանից ոչինչ չի փոխվել։ Ֆուտբոլային կարիերայի մայրամուտի կողմը նայող գիգանտներն իրենց «սառը պատերազմը» շարունակում են նույնիսկ տարբեր առաջնություններից ու տրանսֆերների տեսքով՝ ստիպելով մոռանալ երիտասարդ Մբապեների ու Հալանդների մասին։ Աշխարհը նորից խոսում է Մեսիի ու Ռոնալդուի մասին։ Արձանագրում ենք. այս երկուսը գիտեն՝ ինչպես անել, որ բոլորի շուրթերից հնչեն միայն ու միայն իրենց անունները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս