Logo

«Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
sadf1sdf12sdf - «Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:21

-

-

Ինչպես մեծ անկումից հետո միջակ ակումբից դառնալ գործոն՝ փոխելով «կարևորը մասնակցությունն է, և ոչ թե հաղթանակը» օլիմպիական կանոնը։ Այն էլ այն պարագայում, երբ չկան մեծ ներդրումներ, իսկ ակումբի սեփականատերը շեյխ չէ։ Բորուսիայի ինքնախոստովանությունը սկիզբ դրեց մի ամբողջ էպոխայի՝ ներդնելով ակադեմիական հիմքեր ու համակարգ, որը դանդաղ, բայց հաստատուն ու երկարաժամկետ կերտում է ուժեղ ակումբ՝ չեմպիոնական հեռանկարով։ VNews.am-ը հետազոտել, գտել ու ներկայացնում է Բորուսիայի ճարահատյալ որոշումները, ցավոտ ինքնախոստովանություններն ու, ի վերջո,
«տաղանդների արտադրամաս» դառնալու անհավանական պատմությունը։

Չեմպիոնների լիգայի 1997 թվականի չեմպիոնը, Բունդեսլիգայի 2002 թվականի չեմպիոնն ու նույն թվականին ՈւԵՖԱ-ի փոխչեմպիոնը ծանր դրության մեջ էր հայտնվել 2005 թվականին: Դորտմունդյան թիմի արդյունքները վատն էին, ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ՝ ծախսում էր գումարներ, որ չէր համապատասխանում բյուջեին ու փոխարենը չէր նվաճում ՉԼ-ի ուղեգիր՝ կրելով մեծ վնասներ. «Մարդիկ մեզ համարում էին Չեմպիոնների լիգայում մշտապես մասնակցող թիմ, մենք նույնպես այդպիսին էինք համարում, բայց պետք է անկեղծ լինեինք ինքներս մեզ հետ: Սկզբում 6-րդն էինք Բունդեսլիգայում, հետո՝ 7-րդը, 9-րդը, 13-րդը… մենք որակյալ ֆուտբոլ չէինք ցուցադրում», – խոստովանում է Միխայել Ցորկը՝ «Բորուսիայի» մարզական տնօրենը:  «Մենք հարցրինք ինքներս մեզ. ո՞ւր ենք գնում հիմա: Ինչպե՞ս կարող ենք որևէ հաջողության հասնել՝ առանց ֆինանսական ռեսուրսների», – ասում է Ցորկը:

Ճարահատյալ որոշում, որ դառնալու էր ֆանտաստիկ նախագիծ

«Բորուսիան» 2008-ին փոխում է տրանսֆերային քաղաքականությունն ու ստեղծում նոր նախագիծ: Դորտմունդցիները դադարում են միջակ ֆուտբոլիստներ ձեռք բերելուց, որոնք ժամանակավոր լուծումներ կտային թիմին. Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվելով հարց չէր լուծվի, պետք էր գումար գեներացնել, բայց ինչպե՞ս, եթե չունես հարուստ հովանավորներ, իսկ ակումբի սեփականատերը շեյխ չէ: Դորտմունդցիները որոշում են կայացնում իրենց բոլոր ջանքերն ու միջոցները ներդնել երիտասարդ տաղանդներ փնտրելու, այլ կերպ ասած՝ որակյալ սկաուտային համակարգ ստեղծելու վրա: Սկաուտները պետք է փնտրեն ու գտնեն աշխարհում սփռված ամենատաղանդավոր պատանիներին՝ 15-16 տարեկան ֆուտբոլիստներին, հրավիրեն Դորտմունդ, որտեղ կմշակվի նրանց խաղը, նրանք կզարգանան, կդառնան աստղ, նրանց տրանսֆերային արժեքը կտրուկ կբարձրանա և ակումբը նրանց վաճառքից միլիոնավոր գումարներ կստանա: Իսկ հետո նույն գործընթացը կսկսի ու այդպես շարունակ:

Մեր ընտրանին

2008-ին ակումբը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակում է Յուրգեն Կլոպին, որը տակտիկական հայտնագործություններից զատ հրաշալի կերպով աշխատում է երիտասարդ ֆուտբոլիստների հետ: 2-3 տարի անց այս քաղաքականության արդյունքներն արդեն շոշափելի էին՝ «Բորուսիան» դառնում է Բունդեսլիգայի կրկնակի չեմպիոն ու հասնում մինչև ՉԼ եզրափակիչ: 2007/08 մրցաշրջանում թիմի միջին տարիքը 27 էր, իսկ արդեն 2009-ին՝ 23.5: Վերջին տասնամյակում թիմի միջին տարիքը 23 է: Քաղաքականության ու փիլիսոփայության կտրուկ փոփոխության շնորհիվ «Բորուսիան» ոչ միայն մարում է պարտքերն ու շտկում ֆինանսական իրավիճակը, այլ մեծ առաջընթաց գրանցում նաև մարզական առումով: Ճարահատյալ կայացրած որոշումը տալիս է հրաշալի արդյունք:

Ինչպե՞ս է գործում սկաուտիզմը

«Բորուսիայի» սկաուտների թիմը, որի ղեկավարն է Մարկուս Պիլավան, ներկա է գտնվում բոլոր երիտասարդական միջազգային մրցաշարերին, ֆիքսում են լավագույն կադրերին ու բերում Դորտմունդ:

«Սկաուտների գործը հեշտ չէ: Մենք նայում ենք ֆուտբոլիստների  ներկա իրավիճակին, բայց նրանցում տեսնում ենք ապագա, ուշադրություն ենք դարձնում նրանց բացառիկ կարողություններին: Հիշում եմ՝ Աշրաֆ Հաքիմիին երկար ուսումնասիրելուց հետո բերեցինք «Բորուսիա», նա մի քանի խաղում անընդմեջ կոպիտ սխալներ թույլ տվեց, որոնք մեզ համար կարևոր միավորներ արժեցան, բայց ես սպասում էի նման բան: Երիտասարդները խաղային բոլոր գործոններում չէ, որ իրենց լավագույն որակներն են դրսևորում, կարևորը նրանց ունակություններն են: Մեր սկաուտներից ոմանք ընդգծում էին Հաքիմիի՝ վատ պաշտպանվելը, բայց ես հիացած էի՝ տեսնելով, թե ինչպես է նա վազում գնդակով, ինչ համարձակ է գործում: Այս գործընթացը մեծ ռիսկ է պարունակում, բայց հետո պարգևատրում է», – ասում է Պիլավան:

Heroic Hakimi 1024x652 1 960x611 - «Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել

Դորտմունդցիների սկաուտները տաղանդներ են փնտրում ոչ միայն եվրոպական զարգացած երկրներում, այլ նաև՝ ԱՄՆ-ում, Աֆրիկայում ու Ասիայում, ինչը մեծացնում է ընտրության մասշտաբներն ու հնարավորությունները: Օրինակ՝ 2010-ին Եվրոպայում ոչ ոք չէր ճանաչում Շինջի Կագավային՝ ճապոնացի ֆուտբոլիստին, որին «դեղինների» սկաուտները հարկ համարեցին հրավիրել ակումբ: Քրիստիան Պուլիշիչն էլ երիտասարդ էր ԱՄՆ-ից, որի տրանսֆերը նույնպես արդարացվեց:

Մինչև հիմնական թիմ «բարձրանալը», երիտասարդներն անցնում են փուլերով. պայմանագիր ստորագրելիս նրանք նայում են փաստաթղթին ու իմանում՝ որ դեպքում նրանք կկարողանան մարզվել առաջին թիմի ֆուտբոլիստների հետ, ինչ են պահանջելու իրենցից մարզիչները, որ դիրքում նրանք պետք է խաղան և նույնիսկ ով է լինելու իրենց մրցակիցը հիմնական կազմում տեղ գտնելու համար:

«Բորուսիայում» կա նաև հատուկ հաստիք՝ տաղանդների մարզիչ, որը զբաղեցնում է թիմի նախկին կիսապաշտպան Օտո Ադոն: Ադոն աշխատում է Մ19 տարեկանների հետ, նրանց խորհուրդներ տալիս, տեսանյութերի միջոցով վերլուծում իրենց գործողությունները, լրացուցիչ վարժություններ հանձնարարում՝ կոնկրետ խաղային գործոնների հետ կապված և նույնիսկ խորհուրդ տալիս՝ ինչպես ծրագրել կարիերան: Ինչպես Պիլավան է ասում՝ Ադոն ընկեր է, հայր, իսկ հետո նոր մարզիչ:

Ինչո՞ւ են ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներն ընտրում հենց «Բորուսիան»

«Բորուսիա» – տաղանդավոր ֆուտբոլիստներ համագործակցությունից չեն շահում միայն դորտմունդցիները: Երիտասարդ ֆուտբոլիստների համար այստեղ խաղալն ունի անգնահատելի արժեք:

  1. «Բորուսիայում» տաղանդով օժտված ֆուտբոլիստներին տրվում է անհրաժեշտ խաղաժամանակ: Նրանց տրվում է իրենց կարողությունները ցույց տալու շանս, մինչդեռ շատ հեռանկարային խաղացողներ չունեն դա իրենց ակումբներում՝ մեծ մրցակցության պատճառով. «Շատ ֆուտբոլիստներ խաղաժամանակ չեն ստանում, քանի որ իրենց թիմերի կազմը շատ մեծ է: Նրանք հասկանում են, որ մենք իրենց կտանք խաղալու շանս, որ մեր մարզիչներն ունեն երիտասարդներին վստահելու համարձակություն, ու ոչ միայն Գերմանիայի գավաթի նախնական փուլերում, այլ նաև՝ մեծ խաղերում: Օրինակ՝ Անգլիայում երիտասարդներին քիչ են շանս տալիս, և այդ առումով Պրեմիեր լիգան լավ վայր է՝ որսի գնալու համար». Ցորկ
  2. «Բորուսիան» ոչ միայն թիմ է, որտեղ կարելի է խաղալ, այլ թիմ է, որտեղ հնարավորություն կա մշտապես մասնակցել Չեմպիոնների լիգային ու խաղալ հզոր գրանդների դեմ՝ հավաքելով մեծ փորձ, և առա:
  3. «Բորուսիան» ունի մարզադաշտ ու երկրպագուներ, հանուն որի միայն կարելի է կրել դեղին մարզաշապիկը: «Սիգնալ Իդունա» ու մի ամբողջ դեղին պատ, որ սատարում է քեզ այնպես, ինչպես ոչ ոք:
  4. Բացի այս բոլոր գործոնները, «Բորուսիայում» երիտասարդներին ցույց են տալիս ջերմ վերաբերմունք, ինչի համար էլ բոլոր խելացի ծնողներն ու գործակալները ցանկանում են իրենց որդուն/հաճախորդին Դորտմունդում տեսնել: Ակումբի աշխատակիցները մշտական կապի մեջ են ֆուտբոլիստների ծնողների հետ ու երբեք անտարբեր չեն լինում իրենց ֆուտբոլիստի կարիերայի հանդեպ:

«Բորուսիայի» թոփ գործարքները

Հիմա խոսենք արդեն փաստերով ու հիշենք դորտմունդցիների իրականացրած անհավանական գործարքները:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Այս ցանկը երկար կարելի է շարունակել: Միայն վերջին 3 տարիների ընթացքում դորտմունդցիները վաճառքներից ստացել են 427 միլիոն ֆունտ ստեռլինգ: Financial Times-ը հաշվել է, որ «Բորուսիան» 2008-ից հետո ֆինանսական ամենադրական բալանսն ունեցող ակումբներից մեկն է:

«Ցավոք, մենք դեռ երկար ժամանակով չենք կարողանում պահել մեր աստղերին: Այո, այստեղ նրանց համար լավ է, բայց դեռ ունակ չենք վճարել նրանց այն աշխատավարձները, որ նրանք կստանան այլ ակումբներում: Միամտություն կլինի կարծել, որ փողն այսօր ազդեցություն չունի խաղադաշտում կատարվելիքի հետ: Տեսեք՝ ում հետ ենք մրցակցում. «Բավարիա», ՊՍԺ, անգլիական ու իսպանական գրանդներ. այս թիմերը մրցաշրջանը սկսում են մեզանից անհամեմատ ավելի մեծ բյուջեով: Այդ պատճառով է, որ մեր մոտեցումը մի փոքր տարբեր է», – նշում է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը:

«Բորուսիան» եվրոպական գրանդների շարքում կարծես Ֆորդ Մուսթանգ լինի՝ Ֆերարիների կողքին». Գերմանացի լրագրող Ուլի Հեսսե

Պետք է հիշել նաև Ռոբերտ Լևանդովսկու անունը: Լեհ հարձակվողը եկավ «Լեգիայից», թրծվեց Դորտմունդում, ու անվճար տեղափոխվեց «Բավարիա» միայն այն պատճառով, որ ավարտվում էր նրա պայմանագիրը: «Բորուսիան» Լևայի վաճառքից չստացավ ոչ մի կոպեկ, բայց համաշխարհային ֆուտբոլին տվեց մեծագույն հարձակվող:

01 fergusonclosesin afpgt 960x720 - «Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել

Բիզնես մոդել, որ փոխեց շուկայի կանոնները

«Բորուսիայի» այս սուպերհաջողակ բիզնես մոդելը փոխեց նաև տրանսֆերային շուկայի կանոնները, մասնավորապես՝ 15-16 տարեկանների արժեքների հարցում:

«Շատ մեծ է պայքարը 16 տարեկան ֆուտբոլիստների համար: «Ջենոայի» 16-ամյա ֆուտբոլիստ Պիետրո Պելեգրին 25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մոնակոն»: Ընդամենը 16 տարեկան հասակում…

Այս ամենը փոխվեց «Բորուսիայի» քաղաքականությունից հետո: Բոլորն արդեն մտածում են 16 տարեկան ֆուտբոլիստներին գնելու մասին, քանի որ 20-ում նրանց արժեքը բազմապատկվում է: Միջակ ակումբների համար այս մոդելը գերշահավետ է, իսկ գրանդ ակումբների համար ամեն ինչ ավելի է բարդանում: 20-ամյա դե Լիխտն ու դե Յոնգը 70-80 միլիոն եվրո արժեցան իրենց նոր ակումբների համար, 19-ամյա Ֆելիշի համար «Ատլետիկոն» վճարեց 125 միլիոն, 20-ամյա Հավերցին «Չելսին» գնեց 100 միլիոնով…», – նշում է «Բորուսիայի» սկաուտների ղեկավար Մարկուս Պիլավան:

Սկաուտիզմը, սակայն, ազդեց ակադեմիայի վրա

«Դրսից բերված» կադրեր հրավիրելու քաղաքականությունն էապես ազդեց «Բորուսիայի» ակադեմիայի կադրերի զարգացման վրա: 2010-ականների սկզբնամասում «Բորուսիայում» մենք տեսնում էինք ակումբի սաների՝ Նուրի Շահինին կամ, օրինակ՝ Մարսել Շմելցերին, բայց նման անուններ այժմ դորտմունդյան թիմում չես տեսնի:

Մարկուս Պիլավան կարծում է, որ խնդիրը ոչ թե «Բորուսիայի» քաղաքականության մեջ է, այլ այն շատ ավելի գլոբալ է. «Գերմանիայում այսօր տաղանդների պակաս կա, մինչդեռ Ֆրանսիայում ու Անգլիայում այդպես չէ. Լոնդոնի հարավում ու Փարիզի արվարձաններում տարբեր ծագում ունեցող պատանիները շատ են, և դա մեծացնում է տաղանդավոր ֆուտբոլիստների նրանց քանակը», – ընդծում է Պիլավան:

Այդպես՝ գերմանացի, բայց ոչ գերմանական ծագում ունեցող ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը հենց «Բորուսիայում» է: Խոսքը 16-ամյա Յուսուֆա Մուկոկոյի մասին է, որն ակումբի երիտասարդական թիմում անհավանական արդյունավետություն է ցույց տալիս, ու ոչ ոք չի կասկածում, որ նա մոտ ապագայում դառնալու է թիմի նոր աստղը:

youssoufa moukoko von borussia dortmund u19 1571848933 26844 960x538 - «Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել

«Մեզ համար անչափ կարևոր են մեր սեփական կադրերը, մեր ակադեմիան: Խոստանում եմ՝ ամեն ինչ անելու ենք ակումբի սաների առաջխաղացման համար. մենք չպետք է կորցնենք մեր ինքնությունը», – ասում է Ցորկը:

Իսկ ովքե՞ր են ներկա աստղերը

Մեսիի ու Ռոնալդուի հետնորդներից մեկը խաղում է «Բորուսիայում»: Էրլինգ Հալանդը՝ ներկայի ու ապագայի աստղը 2020-ի հունվարին ընտրեց Դորտմունդը և չսխալվեց: «Մեղուների» կազմում անցկացրած 42 խաղում նա դարձել է 41 գոլի հեղինակ, 20-ամյա մեքենան առաջ է տանում թիմին նաև Չեմպիոնների լիգայում: «Բորուսիան» Հալանդի համար դարձավ այն կամուրջը, որի միջոցով նա ցատկելու է ամենահզոր գրանդ ակումբ, ինչի արդյունքում «Բորուսիան» հերթական խոշոր գումարն է վաստակելու:

Մեկ այլ ֆանտաստիկ ֆուտբոլիստ՝ Ջեյդոն Սանչոն նույնպես «Բորուսիայում» է խաղում: 20-ամյա անգլիացին 2017-ի օգոստոսին ժամանեց «Բորուսիա» ու 12 ամիս անց դարձավ իր երկրի ազգային հավաքականի հիմնական ֆուտբոլիստ: Արդեն հիմա «Բորուսիան» պատրաստ չէ անգամ 110 միլիոն եվրոյի դիմաց բաժանվել Սանչոյից:

GettyImages 1228603830 960x567 - «Տաղանդների արտադրամասը». Ինչպես «Բորուսիան» դադարեց ծախսել ու սկսեց փնտրել

Դորտմունդցիներն իրենց կազմում ունեն նաև Ջիո Ռեյնային՝ ԱՄՆ-ի մեկ այլ խոստումնալից ֆուտբոլիստի, որը նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Ռեյնայի որդին է: «Բորուսիայի» կազմում աչքի է ընկնում նաև Ջուդ Բելինգեմը. այսպես ակումբն աստիճանաբար պատրաստում է «նոր Սանչո»՝ Սանչոյի հեռանալուց հետո նրան փոխարինող չփնտրելու համար:

Լուսավոր ապագայի սպասումով

Եթե «Բորուսիան» շարունակի առաջ շարժվել այս ճանապարհով, կկարողանա նաև պահել իր թոփ ֆուտբոլիստներին ու ստիպված չլինել վաճառել նրանց՝ բարձրացնելով իր նպատակների նշաձողը, արժանի պայքար մղել «Բավարիայի» հետ Բունդեսլիգայում ու, ինչու ոչ, պայքարել նաև Չեմպիոնների լիգան հաղթելու համար:

Այսպիսին է «Բորուսիան»՝ Եվրոպայի «տաղանդների արտադրամասը». ֆուտբոլայն ադամանդներին մշակելն ու գեղեցիկ, կրակոտ, ինչպես Կլոպն է ասում՝ «ծանր ռոք» խաղաոճն այս թիմի ԴՆԹ-ի մեջ է:

«Ֆուտբոլի Հոգվարթսը». Ինչու է «Այաքսի» ակադեմիան լավագույնն աշխարհում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: