Logo

Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.04.2021ՍՊՈՐՏ
36asds - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

Ո՞րն է տրանսֆերի գնահատման ճիշտ չափանիշը: Գոլե՞րը, տիտղոսնե՞րը, եկամուտնե՞րը, իսկ միգուցե այդ բոլորը միասի՞ն: VNews.am-ը սկսում է նոր շարք, որում ներկայացնելու է 21-րդ դարում տարբեր ակումբների լավագույն տրանսֆերները: Նշելու ենք միայն ձեռք բերված ֆուտբոլիստներին, քանի որ վաճառքների հաջողությունը գրեթե անհնար է չափել:

10. Կարիմ Բենզեմա՝«Լիոնից». 35 մլն եվրո (2009թ)

Ֆրանսիացին դժվարությամբ, բայց «խցկվեց» թոփ-10-ում: Նա մեր ցանկում ամենա ոչ միանշանակ ընդունվող կերպարն է, հատկապես «Ռեալի» երկրպագուների շրջանում: Ոմանք նրան չգնահատված հանճար են համարում, իսկ ուրիշները՝ գերագնահատված ֆուտբոլիստ։ Նա Մադրիդում 12 տարի է անցկացրել՝ բացառությամբ Ֆլորենտինո Պերեսի և Զինեդին Զիդանի հետ մտերմության շնորհիվ: Հնարավոր է՝ ճշմարտությունն այդ կարծիքների մեջտեղում է: Չի կարելի չգնահատել Բենզեմայի ունակությունը՝ հարմարվել իրավիճակին, հանուն թիմի ազատել կենտրոնական հարձակվողի դիրքը և խաղադաշտի տարբեր հատվածներում թվային առավելություն ստեղծել: Մյուս կողմից էլ դա այլ թոփ ակումբներում բավարար չէր համարվի 12 տարի մեկնարկային կազմի խաղացող համարվելու համար: Անկախ հանգամանքներից՝ Բենզեման արդեն «Ռեալի» պատմության մեջ է մտել անցկացրած 552 խաղի, նվաճած 19 տիտղոսների, խփած 276 գոլերի և կատարած ռեկորդային՝ 142 գոլային փոխանցման շնորհիվ:

karim benzema 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

9. Ռաֆայել Վարան  ՝«Լանսից». 10 մլն եվրո (2011թ)

Շատ ֆուտբոլիստներ չեն հասցնում երկար խաղալ աշխարհի մեծագույն ակումբներում, որովհետև իրենց կարգը հաստատելու և թոփերի ուշադրությունը գրավելու համար երկար ճանապարհ են անցնում: Վարանն այն յուրահատուկներից մեկն է, որը բախտ է ունեցել 18 տարեկանում հայտնվել «Ռեալում»: Կասկած չկա, որ ֆրանսիացու տաղանդը վաղ թե ուշ նկատելու էին գրանդ ակումբները, բայց այստեղ նաև նշանակալի դեր ունեցավ Զինեդին Զիդանի գործոնը: Զիզուն միշտ ուշադիր հետևում է ֆրանսիացի պատանի ֆուտբոլիստների ելույթներին և լավագույններին առաջարկում «Արքայական ակումբին»: Մի քանի տարուց Վարանը դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և սկսեց մեկը մյուսի հետևից տիտղոսներ նվաճել: Հիմա նա 28 տարեկան է, բայց արդեն ավելի շատ ու նշանակալի մրցանակ է նվաճել, քան շատերը 20-ամյա կարիերաներում:

arane 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

8. Պեպե՝ «Պորտուից». 30 մլն եվրո (2008թ.)

Վարանը հենց Պեպեին փոխարինեց «Ռեալի» մեկնարկային կազմում, սակայն նրանք բացարձակապես տարբեր ֆուտբոլիստներ են: Պորտուգալացու՝ Մադրիդում անցկացրած 10 տարիների մեծ մասը համընկավ Պեպի «Բարսելոնայի» և MSN-ի ժամանակների հետ, այդ պատճառով նա ֆրանսիացուց ավելի քիչ տիտղոսներ ունի: Սակայն նա շատ գործոններով աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն էր: Պեպեն գրեթե անանցանելի էր դրիբլինգի ժամանակ, «կպչուն էր» մրցակցին (պատահական չէ, որ նրան հանձնարարում էին անհատական հսկել Մեսիին), էմոցիոնալ էր, ինչի շնորհիվ ոգևորում էր թիմին ու լիցք տալիս: Իր ագրեսիվ խաղի պատճառով նա արժանացավ շատ այլ ակումբների երկրպագուների ատելությանը, սակայն «Ռեալում» սիրում էին Պեպեին, որովհետև նա հուսալիության և ոչ մեկին չզիջելու խորհրդանիշ էր դարձել: Հետագայում հենց Պեպեն դարձավ Պորտուգալիայի՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու հիմնական պատճառներից մեկը, բայց դա արդեն այլ պատմություն է:

pepe 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

7. Մարսելո՝ «Ֆլումինենսեից». 6,5 մլն եվրո (2007թ.)

Եվս մեկ ֆուտբոլիստ, որը բախտ ունեցավ 19 տարեկանում հայտնվել «Ռեալում» և ֆանտաստիկ կարիերա կերտել: 2007 թվականին «Արքայական ակումբից» հեռացավ բոլորի սիրելին, համաշխարհային պատմության լավագույն ձախ պաշտպաններից մեկը՝ Ռոբերտո Կառլոսը: Թվում էր անհնար է նրան արժանի փոխարինող գտնել, բայց «Ռեալի» սկաուտներն արել էին դա: Մարսելոն անմիջապես դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և առաջին իսկ մրցաշրջանում 32 խաղ անցկացրեց: Հետագայում նա ամրապնդեց իր դիրքերը և դարձավ «Ռեալի» ամենասիրված, ճանաչելի և մեծ ներդրում ունեցած ֆուտբոլիստներից մեկը: Մարսելոն 524 խաղ է անցկացրել բլանկոսի մարզաշապիկով և ակումբի փոխավագն է: Ինձ միշտ հիացրել է Մարսելոյի անհավանական տեխնիկան: Նա հանգիստ կարող էր վինգերի դիրքում գործել և նրա խաղը հաստատ չէր տուժի, բայց երբ Մարսելոն ձախ պաշտպանի դիրքում  է, «Ռեալն» ասես երկու ձախ վինգերով խաղա: Մրցակիցները չգիտեն՝ ինչ անել: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկային… մի պահ մտածեք, ո՞վ է «Ռեալի» ներկայիս կազմում ամենալավ տեխնիկա ունեցող ֆուտբոլիստը: Մի՞թե դա Մարսելոն չէ:

marcelo 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

6. Տոնի Կրոս՝ «Բավարիայից». 25 մլն եվրո (2014թ.)

Աշխարհում միայն մեկ ակումբ կա, որը կարողանում է դիմանալ ճնշմանը և իր առաջատարներին չվաճառել «Բարսելոնա» կամ «Ռեալ»: Այդ ակումբը «Բավարիան» է: Նրանք նույնիսկ պատրաստ են մինչև պայմանագրի ժամկետի վերջին օրը իրենց ֆուտբոլիստին թիմում թողնել, միայն թե նա չհեռանա: Միակ բացառությունը Տոնի Կրոսն է, որը դժգոհ էր «Բավարիայի» առաջարկած պայմանագրից և ամեն ինչ արեց հեռանալու համար: Կիսապաշտպանն Իսպանիա ժամանեց աշխարհի նորընծա չեմպիոնի կարգավիճակով և անմիջապես դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստը: Բունդեսլիգայում Կրոսն ավելի շատ էր միանում գրոհներին և եզրափակում դրանք, իսկ Մադրիդում դարձավ լիակատար խաղարկող: Պատահական չէ, որ «Ռեալում» գրեթե երկու անգամ շատ խաղ անցկացնելու պարագայում, Կրոսը ավելի քիչ գոլ է խփել, քան «Բավարիայում»: Հենց գերմանացին է «Ռեալում» պատասխանատու թիմի խաղային ռիթմի համար, նա է որոշում, երբ գնդակ պահեն և երբ արագացնեն: Երբ հարկավոր է, նա կարող է իր ոսկերչական հեռահար փոխանցմանը դիմել, իսկ այլ դեպքերում՝ ցածրից փոխանցմամբ կտրել մրցակցի ամբողջ պաշտպանությունը:

Մեր ընտրանին

Մի քանի տարի առաջ Կրոսը հաճախ թերանում էր պաշտպանողական խաղում, սակայն վերջին 2 մրցաշրջաններում դա էլ շտկեց: «Ռեալում» չկա այլ ֆուտբոլիստ, որը կարող է այդքան լավ կատարել Կրոսի ֆունկցիաները, այդ պատճառով մարզիչը կարևոր խաղերում նրան ասպարեզ է դուրս բերում, նույնիսկ երբ լիարժեք պատրաստ չէ: Չէ՞ որ նա ցանկացած պահի կարող է մեկ փոխանցմամբ լուծել խաղի ելքը:

toni kroos 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

5. Կազեմիրո՝ «Սան-Պաուլուից». 6 մլն եվրո (2013թ)

«Ռեալը» հաճախ չէ իր ֆուտբոլիստներին հաջող վարձակալության ուղարկում (հիշենք Մորյենտեսից ստացած դասը), բայց 8-10 տարի առաջ եղան առաջին դրական տեղաշարժերը: Կարվախալը հաջողությամբ մեկնեց «Բայեր» (փաստացի դա տրանսֆեր էր, բայց հետ գնելու իրավունքով), իսկ 2014-ին Կազեմիրոն՝ «Պորտու»: Բրազիլացին Պորտուգալիա մեկնեց որպես անփորձ երիտասարդ, իսկ վերադարձավ իսկական մարտիկ դարձած: 2015-16 մրցաշրջանի կեսերից «Ռեալը» գլխավորեց Զիդանը և Կազեմիրոյին դարձրեց մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Դրանից հետո, նա այլևս անփոխարինելի է «սերուցքայինների» համար: Մինչև այդ «Ռեալին» էին միացել Մոդրիչն ու Կրոսը, իսկ Կազեմիրոյի հետ մեկտեղ փազլը վերջնական տեսք ստացավ: Կազեմիրոն անսովոր հենակետային է, եթե «Բարսելոնայում» Բուսկետսը խաղը կառուցող ֆունկցիա ունի, ապա Կազեմիրոն ուժեղ է գրեթե ամեն ինչով: Նա մոբիլ է, լավ փոխանցումների է տիրապետում, հիանալի է միանում գրոհներին և կարող է 24 ժամ շարունակ գնդակը խլել:

casemiro 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

4. Լուկա Մոդրիչ՝ «Տոտենհեմից». 35 մլն եվրո (2012թ)

Ֆուտբոլային գլխավոր հարցերից է, թե ով է կերտում հաղթանակները: Մասնագետների մեծամասնությունն ամենակարևոր օղակը կիսապաշտպանությունն է համարում: Հայտնի խոսք կա. «Ցույց տուր կիսապաշտպանությունդ, ասեմ ինչպիսի թիմ ունես»: Եթե այդ պնդումները հիմք ընդունենք, ապա վերջին 10 տարում «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստը Լուկա Մոդրիչն է, որովհետև նա է թիմի միջին գծի առաջատարը: Խորվաթը կարողանում է ամեն ինչ: Նա ոչ միայն հիասքանչ փոխանցումների, դրիբլինգի, դաշտը տեսնելու ունակության, լարված իրավիճակում խաղն իր վրա վերցնելու պատրաստության և այլ արժանիքներով է հիացնում, այլ նաև անհավանական դիմացկուն է: Այս պահին Լուկան 35 տարեկան է, սակայն տպավորություն կա, թե ավելի շատ է վազում, քան 25 տարեկանները: Մոդրիչը կարողանում է հիանալի գործել 8 համարի դիրքում, բայց նաև փայլում է 10 համարի դիրքում, ինչը տեսանք Խորվաթիայի հավաքականում:

Luka Modric 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

3. Սերխիո Ռամոս՝ «Սևիլիայից». 27 մլն եվրո ( 2005 թ.)

Երբ «գալակտիկոսի» ժամանակներում Ֆլորենտինո Պերեսը համաձայնեց այն ժամանակների համար հսկայական՝ 27 մլն եվրո վճարել 19-ամյա անդալուզցի պաշտպանի համար, շատերը զարմացան: Արդյունքում, իսպանացին դարձավ «Ռեալի» ավագը, առաջատարը և փրկիչը: Պատմական գոլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, հետո մեկ այլ գոլ մյուս եզրափակիչում (երկու դեպքում էլ տուժեց «Ատլետիկոն») ու ևս 99 գնդակ:  Շատ մրցակիցներ նրան չեն սիրում կոպիտ խաղի, հրահրող պահվածքի և կամ այլ պատճառներով, սակայն «Ռեալի» երկրպագուների համար Սերխիո Ռամոս անունը սրբություն է դարձել: Իսպանացուն արդեն դիտարկում են որպես ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն պաշտպաններից մեկը և ոչ ոք չի զարմանում, որ նրա անունը նշվում է Ֆրանց Բեկենբաուերի կամ Պաուլո Մալդինիի կողքին: Այն պահից, երբ նա «Սևիլիայի» կազմում տուգանային հարվածով գրավեց «Ռեալի» դարպասը, մինչև 2021 թվականի ապրիլը նա այնպիսի փառահեղ ճանապարհ է կերտել իր համար, որ դժվար թե երբևե այն հնարավոր լինի կրկնել:

2. Կրիշտիանու Ռոնալդու՝ «Մանչեսթեր Յունայթեդից». 94 մլն եվրո ( 2009թ)

438 խաղ և 450 գոլ: Չկան բառեր, որոնք ավելի համոզիչ կլինեն, քան այս թվերը:

cristiano ronaldo 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

1. Զինեդին Զիդան` «Յուվենտուսից». 77,5 մլն եվրո (2001թ)

Ես բոլոր ժամակների լավագույն տրանսֆեր եմ համարում Յոհան Կրուիֆի տեղափոխությունը «Բարսելոնա», որովհետև «թռչող հոլանդացին» և Ռինուս Միխելսը կատալոնացիներին տվեցին այն ֆուտբոլային փիլիսոփայությունը, որով ակումբն առաջնորդվում է արդեն 40 տարի: Հետագայում Կրուիֆը փայլուն կատարեց նաև «Բարսելոնայի» մարզչի պարտականությունները, իսկ Ժոան Լապորտայի առաջին նախագահության օրոք՝ խորհրդականի անչափ կարևոր դերը: Այնպես որ յուրաքանչյուր տրանսֆեր, որը մոտ է Կրուիֆի գրանցած նվաճումներին, ինքնըստինքյան այդ ակումբի պատմության լավագույնը դառնալու մեծ հնարավորություն ունի:

21-րդ դարում Զիդանի տրանսֆերն ամենամոտերից է այդ բարձունքին: Երբ 2001 թվականին Ֆլորենտինո Պերեսը ռեկորդային գումար էր տալիս «Յուվենտուսին», ամբողջ աշխարհն ապշած էր, սակայն հետո իսպանացին խոստովանեց, որ պատրաստ էր շատ ավելին վճարել: Զիդանը որպես ֆուտբոլիստ համեմատաբար ուշ է աստղ դարձել: Նա միայն 24 տարեկանում է «Բորդոյից» տեղափոխվել« Յուվենտուս», 1998 թվականին նոր գերաստղ է դարձել, իսկ 29 տարեկանում տեղափոխվել «Ռեալ»: Բնական էր, որ նա «սերուցքայինների» կազմում երկար չի խաղա, սակայն առաջին իսկ տարում մադրիդցիներին Չեմպիոնների լիգայի հաղթող դարձրեց՝ խփելով մրցաշարի պատմության ամենահայտնի գոլերից մեկը:

Արդեն 2010 թվականից «Զիզուն» սկսեց տարբեր պաշտոններ զբաղեցնել «Ռեալում»: Մի՞թե դա հնարավոր կլիներ, եթե նա նախկինում չխաղար «Մադրիդում»: Տեսականորեն՝ այո, բայց մենք դա երբեք չենք իմանա: Փաստն այն է, որ ակումբի ու ֆրանսիացու կապը սկսվեց տրանսֆերից հետո:  2013-ից «Զիզուն» դարձավ Կառլո Անչելոտիի օգնականը: Հենց առաջին մրցաշրջանից Չեմպիոններրի լիգայում հաղթանակները սկսեցին «հետապնդել» Զիդանին: Ֆրանսիացին 2016-ի հունվարին նշանակվեց գլխավոր մարզիչ և ձախողված թվացող մրցաշրջանում թիմին դարձրեց Չեմպիոնների լիգայի հաղթող: Հաջորդ մրցաշրջանում կրկնեց իր նվաճումը: Անցավ ևս մեկ տարի՝ նորից չեմպիոնություն: Այս տարի կիսաեզրափակիչում են և տեղին է ասել. «Քանի «Ռեալը» (Զիդանը) դուրս չի մնացել Չեմպիոնների լիգայից, ուրեմն նա է միակ ֆավորիտը»:

Ամենայն հավանականությամբ, Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվելու է Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն ֆուտբոլիստ: Երբ նման քվեարկություն լինի, նրա հետ իրապես մրցակցելու է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն, 21-րդ դարի լավագույն տրանսֆերի համար Ռոնալդուին հարկավոր կլիներ մեկ բան: Դառնալ մարզիչ և գոնե կրկնել Զիդանի նվաճումների կեսը: Քանի դեռ դա չկա… Զիզուն անգերազանցելի է:

zidane 960x540 - Երբ առաջինը Ռոնալդուն չէ. 21-րդ դարում «Ռեալի» լավագույն 10 տրանսֆերները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս