Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողանալու Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Այդ մասին Sport24.ru-ի հետ զրույցում ասել է հայ ֆուտբոլիստի հայրը՝ Նորայր Զախարյանը:
Այսօր՝ մայիսի 26-ին 18 տարեկան դարձած ֆուտբոլիստն անգինայով էր վարակվել և Ռուսաստանի հավաքականի հետ չէր մեկնել Ավստրիայում ընթացող հավաքին:
«Արսենը հիմա իրեն լավ է զգում: Մեկ շաբաթում նա լիարժեք առողջացած կլինի: Բոլորս աջակցել ենք նրան ու կողքին եղել, ամեն ինչ լավ է:
Արսենը պատրաստվում էր առաջին անգամ հայտնվել հավաքականում, բայց հիվանդության պատճառով չկարողացավ: Բնականաբար, նա շատ է տխրել: Բայց վախենալու ոչինչ չկա, կարևորը առողջությունն է: Հիմա նա Մոսկվայում է, բայց շուտով կգա տուն՝ Սամարա»,- ասել է Զախարյան-ավագը: