Logo
/ ՍՊՈՐՏ
Հեղինակ

Իշխան Մելքոնյան

00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ

Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

1626362950 929022 1626362998 noticia normal - Մբապեի ապագան կախված է 1 որոշումից. «Ռեալը» վստահ է՝ ՊՍԺ-ն կհանձնվի

Օրեր առաջ հրապարակվեց Կիլիան Մբապեի հայտարարությունը. «ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգան հաղթելն իմ մեծագույն նվաճումն է»: Այս խոսքերից հետո շատերը կարծեցին՝ ֆրանսիացու դիրքորոշումը փոխվել է և որ նա նվազագույնը մինչև հաջորդ մրցաշրջան կմնա Փարիզում: Ինչպես հետո պարզվեց, սակայն, այս խոսքերը վերցված էր դեռ մայիսից, իսկ հայտարարությունը՝ կոնտեքստից դուրս էր: Կիլիանը, ծիծաղելով, այդպես պատասխանել էր խաղընկերոջը՝ խոսելով Ֆրանսիայի հավաքականի հետ կրկին աշխարհի չեմպիոն դառնալու և ՊՍԺ-ի հետ ՉԼ-ն նվաճելու մասին: Ըստ Marca պարբերականի, Մբապեն պարզապես ասել է այն, ինչ նույնիսկ ստիպված է եղել ասել տվյալ իրավիճակում:

Նույն պարբերականը, որն ամեն ինչ գիտի «Ռեալի» մասին, հաղորդում է, որ Մբապեն ամենևին չի փոխել իր դիրքորոշումը. նա գնում է իր ճանապարհով՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով: «Արքայական ակումբում» հանգիստ են և համբերատար, քանի որ ֆուտբոլիստի հետ մշտական (ուղիղ) կապի մեջ են, պարբերական շփումներ կան նաև նրա շրջապատի և գործակալի հետ: «Ռեալի» ղեկավարները տեղյակ են, որ տրանսֆերի միակ խոչընդոտը ՊՍԺ-ն է, և հիմնվում են ամենակարևորի՝ ֆուտբոլիստի՝ Մադրիդում խաղալու մեծ ցանկության վրա:

Մեր ընտրանին

Մբապեն արդեն հայտնել է Պոչետինոյին իր որոշման մասին

«Ռեալը» որդեգրել է տրանսֆերին զգուշորեն մոտենալու և հանկարծ ինչ-որ բան, մասնավորապես՝ ՊՍԺ-ի հետ հարաբերությունները չփչացնելու քաղաքականություն: Ֆլորենտինո Պերեսը և իր սթաֆը վերջին երկու տարիներին, առհասարակ, ոչ մի կոնկրետ քայլ չի ձեռնարկել և կապի մեջ չի եղել փարիզյան ակումբի ղեկավարների հետ, ու միայն այս տարվա հունիսին է փորձել հասկանալ փարիզյան գործընկերների տրամադրվածությունը: ՊՍԺ-ն կտրականապես հրաժարվել է նույնիսկ բանակցությունների սեղանին նստել կամ զրուցել այդ թեմայով:

Առաջին քայլը կատարելու գործն ընկավ Մբապեի ուսերին, քանի որ գնդակը նրա դաշտում է. 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ին, ֆուտբոլիստն արդեն 5-6 անգամ հրաժարվել է ակումբի առաջարկած, ամեն անգամ ֆինանսապես ավելի շահավետ պայմանագրերը ստորագրելուց: Մբապեն չի հավատում ՊՍԺ-ի մարզական նախագծին և կարծում է, որ արդեն լիովին պատրաստ է խաղալ իր երազանքների ակումբում՝ «Ռեալում»: Իր որոշման մասին խաղացողը հայտնել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, հայտնել է ԵՎՐՈ 2020-ի ավարտից հետո, իսկ արդեն արձակուրդից վերադառնալիս ու մարզումներին միանալիս հայտնել է անձամբ գլխավոր մարզչին՝ Մաուրիսիո Պոչետինոյին: Արգենտինացի մասնագետը լսել, հասկացել և ընդունել է ֆուտբոլիստի որոշումը:

Mbappe at PSG 'for many years to come', says Pochettino

Մբապեն չի պատրաստվում անախորժություններ ստեղծել ՊՍԺ-ի համար

Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու և ամեն գնով «Ռեալ» տեղափոխվելու որոշում արդեն կայացրել է, բայց նա մինչև վերջ հարգելու է փարիզյան ակումբի հետ ունեցած պայմանագիրը: Ինչպես «Ռեալը», այնպես էլ ֆուտբոլիստը ցանկանում է, որ տրանսֆերը կայանա այս ամռանը, բայց ոչ մի դեպքում չի սրի իրավիճակը՝ ո՛չ անձնական շփումներում, ո՛չ էլ հրապարակայնորեն: Մբապեն չի պատրաստվում չներկայանալ մարզումներին կամ ինչ-որ բան ստիպել ակումբին: Նա պատրաստ է մնալ, խաղալ իր ուժերի առավելագույն չափով ՊՍԺ-ում մինչև իր պայմանագրի վերջին օրը, բայց դրա ավարտից անմիջապես հետո նա հեռանալու է: Ֆուտբոլիստը չի ուզում դուռը շրխկացնել իր հետևից, իսկ երկրպագուները միշտ ջերմությամբ հիշեն/խոսեն նրա մասին:

Ժամանակն աշխատում է «Ռեալի» օգտին

Մինչ «Ռեալը» համբերատար սպասում է Մբապեի քայլերին ու ոչ մի տեսանելի գործողություն չի անում, երկրպագուներն անցնող ժամանակի հետ նյարդայնանում են: Բայց այդ անցնող ժամանակը, օրերն ու ժամերն աշխատում են միայն «Արքայական ակումբի» օգտին: Ֆլորենտինո Պերեսը լավ գիտի, որ չնայած՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին շարունակ վստահեցնում է ֆուտբոլիստին պահելու և նույնիսկ նոր պայմանագրի մասին, փարիզցիների հնարավորությունները Մբապեին մնալ համոզելու հարցում չափազանց փոքր են, որքան էլ մեծ գումարներ առաջարկեն նրան: ՊՍԺ-ի այդ ճնշումների իրավիճակում, ըստ իսպանական մամուլի, «Ռեալի» հակազդող գործողությունը մեկն է՝ Պերեսը Մբապեին խոստացել է դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (մեծ տարբերությամբ), իսկ եթե Մբապեն հաջորդ տարի տեղափոխվի «Ռեալ»՝ ազատ գործակալի կարգավիճակով, ապա նա կունենա տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ: Այդպես «Ռեալը» ՊՍԺ-ին ոչ մի լումա չի վճարի, փոխարենը Մբապեին ոսկու մեջ «կթաղի»:

Florentino Pérez: Real Madrid president: 'We are creating a European Super League to save soccer, the situation is dire' | USA | EL PAÍS in English

Ընդամենը 4 ամիս՝ բանակցելու և պայմանագիր կնքելու համար

«Ռեալում», այնուամենայնիվ, մեծ հույսեր են պահպանում, որ ՊՍԺ-ն ի վերջո կհանձնվի այս ամռանն ու որքան էլ հարուստ բյուջե ունենա, իրեն չի կարող թույլ տալ այդ մեծ ճոխությունը՝ կորցնել աշխարհի ամենացանկալի ֆուտբոլիստին և նրա դիմաց չստանալ ոչ մի կոպեկ: Հուլիսի 31-ից հետո սկսում է ՊՍԺ-ի հետհաշվարկը. այդ պահից ակումբը կունենա ուղիղ մեկ ամիս՝ որոշելու, թե արդյոք ցանկանում է ստանալ 150 մլն եվրո, թե ոչ: Ի դեպ, գուցե ՊՍԺ-ն այնքան էլ չունի այդ 150 մլն-ի կարիքը, սակայն ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները պահպանելու համար ստիպված է մոտավորապես այդքան գումարի դիմաց ֆուտբոլիստներ վաճառել:

1 ամիս անց՝ սեպտեմբերի 1-ից սկսած գործարքն արդեն չի կարող կայանալ, կփակվի տրանսֆերային պատուհանը, և կմնա ընդամենը 4 ամիս, երբ «Ռեալն» ու Մբապեն օրինական ճանապարհով կարող են բանակցություններ սկսել և պայմանագիր կնքել: Նույն «օպերացիան» «Ռեալն» արեց Դավիդ Ալաբայի դեպքում այս տարի: Ֆրանսիական մամուլը ևս ընդգծում է, որ ՊՍԺ-ին չի հաջողվելու առաջիկա 4 ամիսներին անել այն, ինչ չկարողացան անել նախորդ 3 տարիներին՝ անդադար փորձելով երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:

«Ռեալը» 200 մլն է պատրաստում

Որքան էլ ՊՍԺ-ից հայտարարեն, որ իրենք գումարի կարիք չունեն, որ իրենք ֆուտբոլիստներին չեն վաճառում, եթե չեն ցանկանում, ամեն ինչ այդքան էլ միանշանակ ու պարզ չէ: «Ռեալի» միակ նպատակն այս տրանսֆերային շուկայում միայն ու միայն Կիլիան Մբապեն է, որի տրանսֆերի համար նրանք պատրաստ են ծախսել իրենց ամբողջ բյուջեն: Ֆրանսիացու պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի, բայց «Ռեալը», այն էլ պանդեմիայի պայմաններում, պատրաստ է մոտ 200 մլն վճարել: «Արքայական ակումբը» 50 մլն եվրոյով վաճառեց «Վարանին», վերջին 3 տրանսֆերային շուկայի ընթացքում ոչ մի գնում չի կատարել, ու դեռ պատրաստվում է վաճառել Յովիչին ու Սեբալյոսին: Ամբողջ գումարը կուտակվում է հանուն մեկ նպատակի, որի անունն է Կիլիան Մբապե:

Ակումբը նաև աշխատավարձերի ֆոնդում տեղ է ազատում Մբապեի համար

«Ռեալը» ոչ միայն չի կատարում այլ տրանսֆերներ, այլ նաև ազատվում է մի շարք ֆուտբոլիստներից՝ այդպիսով կրճատելով աշխատավարձերի ֆոնդը: Գլխավոր «թեթևացումը» Սերխիո Ռամոսի հետ նոր պայմանագիր չստորագրելն էր, որը տեղափոխվեց ՊՍԺ: Վարանի աշխատավարձը նույնպես ցածր չէր: Միայն այս երկու ֆուտբոլիստների հեռանալով՝ «Ռեալն» ամեն տարի կխնայի 20 մլն եվրո: Այս աշխատավարձը նույնպես Պերեսը պատրաստում է Մբապեի համար, որը, եթե այս ամռանը տեղափոխվի Մադրիդ, կստանա տարեկան 25 մլն եվրո, իսկ հաջորդ ամռանը «Ռեալ» տեղափոխվելու դեպքում՝ 40 մլն:

Benzema is clear: Mbappe coming to Real Madrid would be ideal | Marca

Այսպիսին է Մբապեի տրանսֆերային իրավիճակը: Կարճ ասած՝ Կիլիանի որոշումը հստակ է՝ նա չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և պատրաստ է ևս մեկ տարի մնալ: Վճռորոշ ամիսն օգոստոսն է լինելու, երբ պարզ կդառնա՝ ՊՍԺ-ն կհրաժարվի 150-200 մլն-ից, թե մինչև հաջորդ տարի Մբապեն կմնա Փարիզում ու անվճար կտեղափոխվի «Ռեալ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս