Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը, որն ամենաբարձր աշխատավարձերն է շնորհում իր խաղացողներին, հայտնվել է ֆինանսական բարդ իրավիճակում։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, արդյո՞ք Մեսիի աստղաբաշխական աշխատավարձն է ֆինանսական բարդությունների պատճառը, ո՞վ է լուծելու փողային ազատ անկման հարցը և արդյո՞ք հնարավոր է, որ կապտանռնագույնները սնանկանան։ Այս հարցերի պատասխանները ուսումնասիրել ու փորձել է գտնել Vnews.am-ը։
Շաբաթներ առաջ կատալոնական ակումբը հրապարակեց իր ֆինանսական տարեկան հաշվետվությունը: Պարզվում է, որ այս պահի դրությամբ «Բարսան» գրեթե 1.2 միլիարդ եվրոյի պարտք ունի: Դրանից 730 միլիոնը ակումբը պետք է մարի կարճ ժամկետում․ սրանից 265 միլիոնը վարկային պարտավորություն է, 164 միլիոնը չվճարված աշխատավարձեր ակումբի աշխատակիցներին և 298 միլիոնը՝ այլ ծախսեր: Եվս 488 միլիոնի պարտք մնացել է նախորդ մրցաշրջանից: Սրան գումարվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառած վնասը, որից տուժել են նաև մնացած բոլոր ակումբները:
Հաշվի առնելով ֆինանսական, նաև մարզական մի շարք խնդիրներ՝ փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկին։
«Բարսելոնան» սնանկացած չէ: Չնայած ֆինանսական խնդրին «Բարսան» ունի բազմաթիվ հովանավորչական պայմանագրեր, որոնք ապահով են դարձնում ակումբի ապագան: Ակումբն ունի այնքան անշարժ գույք, որ վաճառելու դեպքում (վատագույն սցենար) իր գոյությունը հաստատ կարող է փրկել։ «Բարսային» են պատկանում «Կամպ Նոու» մարզադաշտը, ինչպես նաև մարզադաշտի հարևանությամբ գտնվող տարածքը և մարզաբազան. այս կառույցները շատ թանկարժեք են:
Բացի այդ, թիմում կան ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը բավական բարձր է ու հարկ եղած դեպքում նրանց վաճառքից կարող են լուրջ ֆինանսական հոսքեր ստանալ։ Գրիզման, Կոուտինյո, դե Յոնգ, Դեմբելե: Միայն այս 4 ֆուտբոլիստի վաճառքի միջոցով «Բարսելոնան» կմարի իր կարճաժամկետ պարտքի մեծ մասը:
Բարսելոնայի նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 7-ին։ Ակումբի նոր նախագահն իր պարտավորությունները ստանձնելու պահից, թերևս, պետք է զբաղվի ֆինանսական հարցերը կարգավորելով:
Առաջին քայլը, որ կարելի է կանխատեսել, բանակցությունների մեկնարկն է այն ակումբների/կազմակերպությունների հետ, որոնց պարտք է «Բարսելոնան», որի ընթացքում գլխավոր նպատակը պետք է լինի հետաձգել պարտքերը մարելու ժամկետները։ Չի բացառվում նաև, որ «Բարսան» փորձի նոր վարկեր ստանալ՝ խնդիրը արագ հաղթահարելու համար:
Մեր ընտրանին
«Բարսելոնան» քիչ տեղ ունի մանևրելու համար: Նախագահի թեկնածուներից գրեթե բոլորը՝ մարզական գծով պատասխանատուները և տեխնիկական անձնակազմը, հստակ հայտարարում են, որ ակումբը կարող է գնել այն ֆուտբոլիստներին, որոնց պայմանագրերն ավարտվում են այս տարի ու կարող են թիմին միանալ անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով:
Նման իրավիճակում են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեորջինիո Վեյնալդումը և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը. այս 3 ֆուտբոլիստներն էլ Կումանի ցանկում են:
Կապտանռնագույնները ստիպված են հրաժարվել մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից: Ակումբն ունի եկամուտների կարիք, և ֆուտբոլիստները, որոնք անփոխարինելի, անձեռնմխելի չեն ու շուկայում ունեն պահանջարկ՝ պետք է հեռանան: Բացի այդ, կատալոնական ակումբը չի կարող պայմանագիր կնքել նոր ֆուտբոլիստների հետ, եթե հրաժեշտ չտան իրենց որոշ խաղացողներին: «Բարսելոնան» կարիք ունի «թեթևացնել» աշխատավարձերի ֆոնդը. դեռ նախորդ մրցաշրջանից ակումբը մի քանի անգամ կարողացավ պայմանավորվել ֆուտբոլիստների հետ՝ աշխատավարձերի նվազեցման հարցով: Նույնիսկ Մեսին հայտարարեց, որ ինքն ու խաղընկերները համաձայնել են աշխատավարձի 70 տոկոս նվազեցման գնալ, որպեսզի ակումբը կարողանա վճարել մյուս աշխատակիցների աշխատավարձերի 100 տոկոսը: Իսկ այս տարվա հունվարին կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն, առհասարակ, աշխատավարձ չեն ստացել:
Ի դեպ, «Բարսելոնան» աշխարհում ամենաշատ աշխատավարձեր վճարող թիմն է (575.8 մլն եվրո մեկ մրցաշրջանում), աշխատավարձերը կազմում են եկամուտների 69%-ը: Ու որպեսզի ակումբը խնդիրներ չունենա ֆուտբոլիստների հետ, ստիպված է հրաժեշտ տալ մի քանիսին:
Շաբաթներ առաջ կատալոնական մամուլում հայտնվեց տեղեկություն Մեսիի ու «Բարսելոնայի» միջև կնքված պայմանագրի մասին, ըստ որի՝ արգենտինացին 4 տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ եվրո աշխատավարձ կստանա: 30-էջանոց պայմանագրի համաձայն՝ «Բարսելոնան» Լիոնել Մեսիին մեկ տարվա համար պետք է վճարի 138 մլն եվրո՝ ներառյալ հավելավճարները։ Ընդ որում՝ կա «հավատարմության պարգևավճարի» կետ, որի համաձայն՝ Մեսին հավատարմության համար պետք է պարգևատրվի 77 929 955 եվրոյով: Ընդհանուր առմամբ, ստացվում է 555 237 619 եվրո.
այս թվերը ցույց են տալիս, որ 2017 թվականին կնքված պայմանագիրն ամենաշահավետն է սպորտի պատմության մեջ:
Մեսին, «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր (այն ավարտվում է 2021-ին) կնքելու դեպքում, աշխատավարձի զգալի նվազեցման դժվար համաձայնի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կա նվազագույնը 2 ակումբ՝ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին», որոնք պատրաստ են բավարարել Մեսիի ցանկացած ֆինանսական պահանջ:
Շատերը կհարցնենեն՝ պե՞տք է նման ֆինանսական մեծ բեռ, այն էլ այսպիսի խորը ճգնաժամին: Այս հարցին անդրադարձել է Diagonal Inversiones կազմակերպությունը և մի քանի ֆինանսիստ, որոնք հաշվարկել են արգենտինացու շնորհիվ ակումբի ստացած եկամուտը:
2017 թվականին «բլաուգրանայի» հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո Մեսիի շնորհիվ ակումբը 619.265 մլն եվրո գումար է վաստակել (չհաշված ընթացիկ մրցաշրջանը): Նշված ժամանակահատվածում 33-ամյա ֆուտբոլիստը կատալոնացիներից 383.655 մլն եվրո է ստացել: Այսպիսով, ընթացիկ պայմանագրի ժամանակահատվածում Մեսին «Բարսելոնային» 235.61 մլն եվրոյի օգուտ է բերել: Հետազոտության հիման վրա պարզվել է, որ Մեսին է «Բարսայի» եկամուտի 30 տոկոսի աղբյուրը:
«Լեոն ակումբի բիզնես կենտրոնն է: Եթե Մեսին ձեր թիմում է, հովանավորչական պայմանագրերի գները տարբերվում են մյուս ակումբներից: Ակումբի վաճառած 10 մարզաշապիկներից 8-ը Մեսիի անունով է: Դրան գումարեք եկամուտներ, որոնք հնարավոր չէ հաշվարկել՝ տոմսերի ու VIP-սրահների վաճառք, ինչպես նաև այլ գումարներ»,- ասել է Diagonal Inversiones-ի գործադիր տնօրեն Մարկ Սիրիան:
«Բարսելոնայի» նախագահի պայքարում գլխավոր ֆավորիտ Ժոան Լապորտան էլ իր հարցազրույցներում շեշտում է, որ Մեսին անհամեմատ ավելի շատ եկամուտ է բերում ակումբին, քան ստանում է, և որ ինքն ամեն ինչ անելու է՝ Լեոյին ակումբում պահելու համար:
Ժամանակակից ֆուտբոլում միանգամայն նորմալ է, որ ակումբները տրանսֆերների համար գումարը վճարեն մաս-մաս՝ հստակ ժամկետներով ու մի քանի տարիների ընթացքում: Սակայն օրինաչափ չէ <<Բարսելոնայի» դեպքը․ այն պարտք է այնպիսի ակումբների, որոնցից գնված ֆուտբոլիստն արդենիսկ հեռացել է «Բարսայից»:
«Բարսելոնայի» նախկին նախագահը՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, և նրա վարած քաղաքականությունը մեծապես նպաստել են այս իրավիճակի ստեղծմանը: Բարտոմեուն հաճախակի «այսօրվա գործը վաղվան է թողել» ու հետաձգել ակումբի բոլոր վճարումները, ինչի պատճառով պարտքերը կուտակվել են, ու այժմ բոլոր ծախսերը պետք է հոգա նոր նախագահը:
Կորոնավիրուսը պարզապես խորացրեց ճգնաժամը, բայց չարաբաստիկ համավարակը «Բարսայի» այս տխուր իրականության գլխավոր պատճառը չէ:
«Բարսելոնան» նոր մարզադաշտի կարիք ունի, որն ավելի շատ եկամուտներ կբերի, քան՝ ներկա մարզադաշտը: Նոր «Կամպ Նոուն» հիմնովին նորոգման կարիք ունի, բայց ոչ ոք չգիտի, թե երբ դա տեղի կունենա: Ակումբը դեռ պետք է հաղթահարի դժվարին այս իրավիճակը, իսկ հետո փորձի ֆինանսավորել մարզադաշտի վերակառուցման նախագիծը: Սակայն մարզադաշտի կառուցման նախադրյալներ դեռ չկան։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո