Կապանցիների փառահեղ նվաճումը, որը կերտվեց ընդամենը 25 ֆուտբոլիստով. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

Կապանցիների փառահեղ նվաճումը, որը կերտվեց ընդամենը 25 ֆուտբոլիստով. «Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակելով ՀՀ 25-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը, անդրադառնում է երկրի փոխչեմպիոնին:

1. 25-րդ առաջնությունը 11-րդն էր բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանի» համար, որն իր պատմության մեջ հասավ ամենամեծ նվաճմանը՝ դառնալով Հայաստանի փոխչեմպիոն: Չորսամյա ընդմիջումից հետո կապանցիները կրկին դարձան մրցանակակիրներ՝ 4-րդ անգամ արժանանալով ՀՀ առաջնության պարգևներին: Հիշեցնենք, որ նախկինում (2008, 2011, 2012/13թթ.) գանձասարցիները դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

30 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» վաստակեց 57 միավոր (+17=6-7, 38:24), ինչը հնարավոր միավորների 63,3 տոկոսն է: Դա թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Նախկինում գանձասարցիներին հաջողվել էր առավելագույնը վաստակել հնարավոր միավորների 55,9 տոկոսը (2008թ.՝ 28 խաղում 47 միավոր):

«Շիրակի»  հետ «Գանձասար-Կապանը»  դարձավ առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմը՝ 30 խաղում բաց թողնելով 24 գնդակ (միջինը՝ 0,8 գոլ մեկ խաղում): Թիմի պատմության մեջ դա երկրորդ արդյունքն է: Լավագույն ցուցանիշը գանձասարցիներն ունեցել են 2011թ. առաջնությունում՝ 28 խաղում բաց թողնելով ընդամենը 18 գնդակ (միջինը՝ 0,64 գոլ մեկ խաղում):

Արդյունավետությամբ կապանցիները զիջեցին միայն չեմպիոնին՝ 30 խաղում խփելով 38 գնդակ (միջինը՝ 1,26 գոլ մեկ խաղում): Թիմի պատմության մեջ այդ արդյունքը զիջում է միայն 2008թ. առաջնությունում գրանցված ցուցանիշին՝ 1,39 (39 գոլ 28 խաղում):

«Գանձասար-Կապանն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 52,9 տոկոսը (+8=3-6, 19:14): Գարնանային հատվածում թիմն անհամեմատ ավելի հաջող  խաղաց՝  13 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 76,9 տոկոսը (+9=3-1, 19:10), որի շնորհիվ էլ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

2. «Գանձասար-Կապանն» ավելի հաջող ելույթներ ունեցավ սեփական հարկի տակ՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 31 միավոր (+10=1-4, 21:11), ինչը հնարավոր միավորների 68,8 տոկոսն է: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակիցների շրջանում, որը 5 միավորով գերազանցում է 2-րդ արդյունքը գրանցած «Ալաշկերտին»: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Շիրակին» (0:1) և «Ալաշկերտին»  (0:2, 1:2, 0:1):

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 57,7 տոկոսը (+7=5-3, 17:13): Մրցակցի հարկի տակ «Գանձասար-Կապանին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի»  (2:0, 1:0, 2:1), «Ալաշկերտի»  (4:0, 2:1), «Շիրակի» (2:1) և «Փյունիկի»  (2:1) նկատմամբ:

3. «Գանձասար-Կապանն» առավել հաջող խաղաց 5-րդ շրջանում՝ 5 հանդիպումներում վաստակելով 13 միավոր (+4=1-0, 9:5): Իսկ ահա գանձասարցիների մեկնարկն առաջնությունում շատ անհաջող էր: Առաջին շրջանում գանձասարցիների օգտին ընդամենը 4 միավոր գրանցվեց (+1=1-3, 3:8):

Հաջորդ 5 հանդիպումներում կապանցիները վերելքով հանդես եկան՝ վաստակելով 9 միավոր (+3=0-2, 7:3): 3-րդ շրջանում գանձասարցիները զարգացրին հաջողությունը՝ վաստակելով 11 միավոր (+3=2-0, 7:1): Առաջնության 4-րդ շրջանը «Գանձասար-Կապանը» սկսեց սեփական հարկի տակ 1:2 հաշվով «Ալաշկերտից» կրած պարտությամբ, իսկ ահա հաջորդ 4 խաղերում հաղթեց՝ վաստակելով 12 միավոր խփած և բաց թողած գնդակների ընդհանուր 7:3 հարաբերությամբ:

Առաջնության վերջնագիծն այնքան էլ հաջող չստացվեց կապանցիների համար, որոնք ընդամենը 8 միավոր վաստակեցին (+2=2-1, 5:4):

4. Առաջնության 17-23-րդ տուրերում «Գանձասար-Կապանը» 7 անընդմեջ հաղթանակ տոնեց՝ գերազանցելով 2008թ. գրանցած իր լավագույն արդյունքը (6 անընդմեջ հաղթանակ): Դա նաև ռեկորդային ցուցանիշ էր առաջնության մասնակիցների մեջ:

17-25-րդ տուրերում գանձասարցիները 9 խաղ անպարտելի էին (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի):  Այդ շարքն ընդհատեց «Ալաշկերտը»՝  26-րդ տուրում կապանցիներին պարտության մատնելով 1:0 հաշվով: Հետաքրքիր է, որ մինչ այդ էլ վերջին պարտությունը «Գանձասար-Կապանը»  կրել էր գործող չեմպիոնից 16-րդ տուրում՝ 1:2:

Գանձասարցիները խոշոր հաշվով 2 հաղթանակ տոնեցին՝ 4 –ական անպատասխան գնդակ խփելով «Բանանցի» և «Ալաշկերտի»  դարպասները: 2 անգամ էլ «Գանձասար-Կապանը»  պարտվեց խոշոր հաշվով («Փյունիկ»՝  0:3, «Բանանց»՝ 1:4):

30 հանդիպումներից 9-ում գանձասարցիներին չհաջողվեց  գոլ խփել, 14 խաղում էլ կապանցիների դարպասն անառիկ մնաց:

5. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Գանձասար-Կապանը» խաղաց «Արարատի» հետ՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ: Ընդ որում առաջին 4 հանդիպումներում արարատցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել գանձասարցիների դարպասի բանալին:

Կապանցիների համար ամենաանհարմար մրցակիցն «Ալաշկերտն» էր, որի հետ կայացած 6 հանդիպումներում վաստակեցին ընդամենը 7 միավոր (+2=1-3, 7:6): Առաջնության մյուս մրցանակակիր «Շիրակի»  հետ մրցավեճում գանձասարցիները վաստակեցին 10 միավոր (+3=1-2, 6:5):

6. «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 8 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 4 հարվածներից 2-ը դիպուկ է իրացրել է Արա Խաչատրյանը՝ խոցելով արարատցի Արամ Հայրապետյանի և փյունիկցի Վալերի Ոսկոնյանի պաշտպանած դարպասները:

Իսկ ահա «Բանանցի» հետ առաջնության նախավերջին խաղում Գեղամ Հարությունյանը 11մ երկու հարվածներից դիպուկ է իրացրել միայն մեկը, մյուսը հետ է մղվել դարպասի հորիզոնական ձողից:

Գանձասարցիների մրցակիցներից  մեկական անգամ 11մ հարվածով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը գրավել են փյունիկցի Ալիկ Առաքելյանը, «Բանանցի» բրազիլացի լեգեոնական Լաերսիոն, ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը և շիրակցի Ռումյան Հովսեփյանը:

7. 3-րդ մրցաշրջանն անընդմեջ Գեղամ Հարությունյանը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ 29 հանդիպումներում խփելով 12 գնդակ, ինչը նրա համար արդյունավետության անձնական ռեկորդ է: Գոլերից 4-ը Հարությունյանը խփել է փոխարինման մտնելուց հետո: Ընդ որում «Ալաշկերտի» հետ խաղում խաղադաշտ մտնելով, նա դարձել է դուբլի հեղինակ:

Հարկ է նշել, որ նախորդ երկու մրցաշրջաններում Գեղամն ամենաարդյունավետ ֆուտբոլիստի տիտղոսը կիսել էր թիմակիցների՝ Վասիլ Պալագնյուկի (2014/15թթ.` 6-ական գոլ) և Նարեկ Բեգլարյանի ու Ացամազ Բուրաևի (2015/16թթ.` 5-ական) հետ:

Գեղամ Հարությունյանի արդյունքը 3-րդն է թիմի պատմության մեջ: Մեկ մրցաշրջանում գանձասարցիների կազմում ավելի շատ գոլեր են խփել միայն Արթուր Քոչարյանը` 15 (2006թ.) և Արսեն Ավետիսյանը` 14 (2009թ.):

ՀՀ առաջնություններում կապանցիների կազմում խփած 23 գնդակով Գեղամ Հարությունյանը թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում եզրափակում է լավագույն եռյակը: Առջևում Արթուր Քոչարյանը (34 գոլ) և Արսեն Ավետիսյանն են (26):

8. «Գանձասար-Կապանի» ավագ Արա Խաչատրյանն անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին «Ալաշկերտի» հետ Երևանում կայացած մրցավեճում կապանցի ֆուտբոլիստներից առաջինը թիմի կազմում հատեց 200 խաղի սահմանագիծը: Նա ընդգրկվեց ՀՀ առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»՝ դառնալով «Գանձասար Կապանի» առաջին ներկայացուցիչը:

ՀՀ առաջնություններում «Գանձասար Կապանի» կազմում անցկացրած խաղերի քանակով իր ռեկորդային ցուցանիշն Արա Խաչատրյանը հասցրեց 219-ի: Նա թիմի ֆուտբոլիստներից միակն էր, ով մասնակցեց առաջնության բոլոր 30 հանդիպումներին: Ընդ որում միայն «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում է Արա Խաչատրյանը փոխարինվել:

Արա Խաչատրյանը, ով դեկտեմբերի 23-ին կնշի իր ծննդյան 33-ամյակը, 25-րդ առաջնությունում գանձասարցիների կազմում հանդես եկած  ամենատարեց ֆուտբոլիստն էր:

Ամենափորձառուն առաջնության աշնանային հատվածից հետո ֆուտբոլային կարիերան ավարտած և թիմի մարզչական շտաբում ընդգրկված 31-ամյա Արմեն Պետրոսյանն էր, ով ՀՀ առաջնություններում 289 խաղ է անցկացրել, որից 85-ը՝ կապանցիների մարզաշապիկով:

9. Թիմի դարպասի պաշտպանության ողջ ծանրությունն իր ուսերին տարավ Գրիգոր Մելիքսեթյանը, ով առանց փոխարինման անցկացրած 29 հանդիպումներում 24 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 0,82 գոլ): Նա բարելավեց գանձասարցիների կազմում անխոցելիության իր ցուցանիշը, որը գրանցվել էր 2015/16թթ. առաջնությունում՝ 0,90 (10:11): Թիմում լավագույն արդյունքը ցույց է տվել վրացի դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլին, ով 2011թ. առաջնությունում միջինը մեկ խաղում 0,57 գոլ է բաց թողել (16 գոլ՝ 28 խաղում):

29 հանդիպումներից 13-ում 30-ամյա Մելիքսեթյանը դարպասը պահեց անառիկ՝ ցույց տալով 2-րդ արդյունքը շիրակցի Անատոլի Այվազովից  հետո (14 խաղ անառիկ): Առաջնության հանդիպումներում Մելիքսեթյանը 375 րոպե անընդմեջ գոլ բաց չի թողել: Նա գերազանցեց «Գանձասար Կապանում» նախորդ մրցաշրջանում ցույց տված իր լավագույն արդյունքը (359 րոպե):

«Շիրակի»  հետ առաջնության ավարտական խաղում գանձասարցիների կազմում նորամուտը նշեց 20-ամյա մակեդոնացի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը: Նա բարձրագույն խմբում «Գանձասար Կապանի»  դարպասը պաշտպանած 14-րդ դարպասապահն է:

10. «Գանձասար Կապանն» առաջնության մասնակիցների մեջ ամենակայուն կազմն ուներ: Աշոտ Բարսեղյանը 30 հանդիպումներում խաղադաշտ դուրս բերեց ընդամենը 25 ֆուտբոլիստի, որոնցից Ֆիլիպ Իլիկն ու Գեղամ Սիմոնյանը միայն ավարտական տուրում են նորամուտը նշել թիմում: Բացի նրանցից, ևս 10 ֆուտբոլիստներ՝ Աշոտ Կարապետյանը, Արտակ Ալեքսանյանը, Կլաուդիր Մարինին, Վասպուրակ Մինասյանը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Վարդան Բակալյանը, Արթուր Յուսպաշյանը, Ռաֆայել Ղազարյանը, Սարգիս Շահինյանը և Արթուր Ադամյանն ավարտված առաջնությունում առաջին անգամ կրեցին «Գանձասար Կապանի» մարզաշապիկը:

Թիմի խփած 38 գոլերի հեղինակներ դարձան 9 գանձասարցիներ և ալաշկերտցի Արտակ Գրիգորյանը՝ գրավելով սեփական դարպասը: Իրենց հերթին Գրիգոր Մելիքսեթյանը,  Արա Խաչատրյանն ու Վբեյմար Անգուլոն  «Ալաշկերտի» հետ հանդիպումներում մեկական անգամ դարձել են ինքնագոլի հեղինակներ:

Կլաուդիր Մարինին, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Լուբամբո Մուսոնդան և Վարդան Բակալյանը բացեցին գոլերի հաշիվը գանձասարցիների կազմում:

Առաջնության հանդիպումներում կապանցիները 60 անգամ զգուշացվել են, 4  անգամ էլ արժանացել են կարմիր քարտի: Թիմում ամենաանկարգապահը փորձառու պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանն էր, ով 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, 8 անգամ էլ դեղին քարտ է ստացել:

VivaroNews.am-ը ներկայացնում է 25-րդ առաջնությունում «Գանձասար Կապանում» հանդես եկած ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զգ. (Հեռ.)
1.Արա Խաչատրյան 30 2 3
2.Գրիգոր Մելիքսեթյան 29 24 1
3.Գեղամ Հարությունյան 29 12 4
4.Լուբամբո Մուսոնդա 29 5 3
5.Դամիր Մեմովիչ 29 1 5
6.Վբեյմար Անգուլո 29 6
7.Կլաուդիր Մարինի 27 8 5
8.Գարսիա Պրայա Վալմերսոն 24 5 3
9.Ալեքսանդր Պետրոսյան 22 8 (2)
10.Վասպուրակ Մինասյան 21 3
11.Հայկ Իշխանյան 21 2 1
12.Աշոտ Կարապետյան 15 3 (1)
13.Գոգիտա Գոգատիշվիլի 14 1 1
14.Արթուր Յուսպաշյան 13 3
15.Արմեն Պետրոսյան 12 3
16.Համլետ Ասոյան 12 3 (1)
16.Վարդան Բակալյան 11 1
17.Ռաֆայել Ղազարյան 11
18.Սարգիս Շահինյան 11 1
19.Էդվարդ Կպոդո 10 2
20.Արտակ Ալեքսանյան 8 1
21.Գևորգ Օհանյան 7 1
23.Արթուր Ադամյան 3
24.Ֆիլիպ Իլիկ 1
25.Գեղամ Սիմոնյան 1

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Օգանայի գոլն օգնեց «Արարատ-Արմենիային» հաղթելու «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիա»- «Գանձասար-Կապան» (ուղիղ եթեր)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

Արմեն Ադամյան․ «Սա այն խաղը չէր, որին ընդունակ է թիմը» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան․ «Տա Աստված, հաջորդ մրցաշրջանում վերադառնանք առաջնության նախկին ձևաչափին» (տեսանյութ)

Գևորգ Օհանյանն ավարտել է մարզական կարիերան

«Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» գոլառատ ու դրամատիկ հանդիպումը․ VNews-ի ֆոտոշարքը

«Ալաշկերտը» կարևոր միավորներ կորցրեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)