fbpx

Գերվստահ մեկնարկի վարպետ «Շիրակը» և Եդիգարյան եղբայրների նոր ցուցանիշները. 10 փաստ՝ 3-րդ տուրի հանդիպումներից

Ավարտվեց բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրը, որում «Շիրակը» շարունակեց հաղթարշավը, իսկ գանձասարցիները կրկին անհաջողության մատնվեցին: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի նվազագույն առավելությամբ, որոնք հաղթեցին մեկ խաղում, 2 հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 9 հանդիպումներից 4-ում հաղթել են դաշտի տերերը, 2-ում՝ հյուրերը, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

3-րդ տուրն առայժմ ամենասակավագոլն է. գրանցվեց ընդամենը 5 գոլ: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում խփվել էր 11 գոլ, իսկ հաջորդ տուրում ֆուտբոլիստներն աչքի էին ընկել 7 անգամ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,55 գոլ մեկ խաղում:

2. «Շիրակի» համար կարծես արդեն ավանդույթ է դառնում հաջող մեկնարկը: 3-րդ տարին անընդմեջ գյումրեցիները մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ են տոնում: 2015/16թթ. առաջնությունում շիրակցիները մեկնարկային երեք խաղերում էլ առավելության էին հասել «Գանձասար-Կապանի» (2-1), «Ուլիսի» (3-2) և «Միկայի» (2-0) նկատմամբ, իսկ անցյալ տարի մեկնարկում պարտության էին մատնել «Փյունիկին» (3-1), «Բանանցին» (1-0) և «Արարատին» (1-0):

«Շիրակն»  ընդհատեց գանձասարցիների հետ առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որոնցում կապանցիները 3  հաղթանակ էին տոնել, մեկն ավարտել էին ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակին» հաջողվել էր կապանցիներին հաղթել անցյալ տարվա հոկտեմբերի 22-ին Բրայան Դե լա Ֆուենտեի խփած միակ գոլի շնորհիվ:

3. Հայաստանի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց և շարունակում է առանց միավորի եզրափակել մրցաշարային աղյուսակը: Վերջին 8 մրցաշրջաններում սա կապանցիների ամենաանհաջող մեկնարկն է: Ավելի անհաջող գանձասարցիները մեկնարկել էին միայն 2009թ.՝ կրելով 5 անընդմեջ պարտություն:

Նախորդ առաջնության մեկնարկային 3 խաղերում «Գանձասար-Կապանը» 4 միավոր էր վաստակել: Առաջնությունը կապանցիները սկսել էին «Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ-ոքիով, ապա 2-0 հաշվով հաղթել էին «Արարատին», իսկ 3-րդ տուրում զիջել էին «Փյունիկին»՝ 0-3:

4. «Բանանցին» ընթացիկ առաջնությունում արդեն երկրորդ անգամ հաջողվեց խուսափել պարտությունից՝ խաղի ընթացքում մրցակցին զիջելով 0-2 հաշվով: Առաջին անգամ դա պատահել էր մեկնարկային տուրում, «Փյունիկի» հետ մրցավեճում:

«Բանանցին» վերջապես հաջողվեց ընդհատել «Ալաշկերտի» հետ առաջնության հանդիպումներում 7 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Վերջին անգամ «Ալաշկերտի»  հետ մրցավեճում «Բանանցին» հաջողվել էր միավորներ վաստակել անցյալ տարվա մարտի 12-ին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2-0 հաշվով:

5. Նախորդ մրցաշրջանի համեմատ «Փյունիկը» բավական հաջող է մեկնարկել՝ 3 խաղում վաստակելով 5 միավոր: Նախորդ առաջնությունը փյունիկցիները սկսել էին երկու անընդմեջ պարտությամբ («Շիրակ»՝ 1-3, «Ալաշկերտ»՝ 1-2) և միայն 3-րդ տուրում էին անդրանիկ հաղթանակը տոնել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասար-Կապանի» դարպասը:

6. «Արարատն» էլ անցած մրցաշրջանի համեմատ բավական հաջող է մեկնարկել՝ վաստակելով 4 միավոր: Մինչդեռ 2016/17թթ. առաջնության մեկնարկում արարատցիները 3 անընդմեջ պարտություն էին կրել «Բանանցի», «Գանձասար-Կապանի» և «Շիրակի» հետ մրցախաղերում՝ այդպես էլ չկարողանալով գտնել մրցակիցների դարպասի բանալին: Եվ միայն 4-րդ տուրում էր «Արարատն» առաջին միավորը վաստակել՝ «Փյունիկի» հետ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի:

7. Նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Արտակ Եդիգարյանը բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում: Նախորդ մրցաշրջանում նա առաջնությունում առաջին գնդակը խփել էր 2-րդ տուրում՝ գրավելով «Փյունիկի» դարպասը:

Արտակը բարձրագույն խմբում իր 28-րդ գոլը խփեց: «Ալաշկերտի» կազմում դա Եդիգարյանի 16-րդ գնդակն էր, որով նա հավասարվեց Հեբեր Արաուխոյին: Դա թիմի կազմում երկրորդ արդյունքն է Միհրան Մանասյանից հետո, ով 58 գնդակով գլխավորում է «Ալաշկերտի» ռմբարկուների ցանկը:

8. Ղուկաս Պողոսյանը բացեց գոլերի հաշիվը «Բանանցում», իսկ նրա թիմակից Մատվեյ Գույգանովն առաջին գոլը խփեց ՀՀ առաջնությունում:

Բարձրագույն խմբում գոլերի հաշիվը բացեց նաև «Շիրակի» լեգեոնական Ալեքսանդր Իլիչը: Նա ընդգրկվեց «Շիրակում» գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Իլիչը Գևորգ Կասպարովի դարպասը գրավեց 23 տարեկան 133 օրականում՝ տասնյակից դուրս թողնելով Լամին Լի Յորոյին, ով «Շիրակում» գոլերի հաշիվը բացել էր 23 տարեկան 140 օրականում:

9. 23-ամյա Ուրոշ Նենադովիչը գերազանցեց նախկին ալաշկերտցի Դարկո Վուչիչի տարիքային երկու ռեկորդները: «Բանանցի» հետ խաղում նա բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ խփելով այս տարվա ընթացքում իր 5-րդ գնդակը (գոլերից 4-ը նրա օգտին էր գրանցվել նախորդ առաջնության գարնանային հատվածում): Վուչիչը ժամանակին այդ տարիքում «Ալաշկերտում» 4 գոլ էր խփել:

«Բանանցի» հետ  հանդիպումը Նենադովիչի 14-րդ խաղն էր ՀՀ առաջնություններում: Նա մեկ խաղով գերազանցեց 23 տարեկանում Վուչիչի ցույց տված արդյունքը:

10. Արթուր Եդիգարյանը ՀՀ առաջնություններում 41-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ալաշկերտի» մարզաշապիկով և ընդգրկվեց թիմի կազմում բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների տասնյակում: Արթուրը ցանկից դուրս թողեց նախկին ալաշկերտցի Արամ Բարեղամյանին, ով թիմում մասնակցել էր առաջնության 40 խաղի: Անցկացրած խաղերի քանակով «Ալաշկերտի» ռեկորդակիրը Միհրան Մանասյանն է, ով թիմի մարզաշապիկով 101 անգամ է խաղադաշտ դուրս եկել:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արարատյան ու մարզային դերբիներ, «Փյունիկ» – «Ալաշկերտ» սուպերխաղ․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 29-րդ տուրին ընդառաջ

Հայկական 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Աբրահամ Խաշմանյան․ «Կիսաեզրափակիչում հայտնված թիմերից ում հետ էլ խաղայինք եզրափակիչում, շանսերը 50-50 էին լինելու» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ցավալի է, երբ 2 անգամ ոչ-ոքի ես խաղում և դուրս մնում պայքարից» (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ

Բանանց մարզադաշտի վերաբացումը կուղեկցվի համերգով և այլ անակնկալներով

Պաշտոնական. ՀՖՖ-ն պատժամիջոցներ կկիրառի «Բանանցի» նկատմամբ

Արթուր Պետրոսյան․ «Մեր ակումբի սեփականատերը գիտեր այս ամենի մասին, բայց ինձ ոչինչ չէր ասել»

«Բանանցը» տեխնիկական պարտություն կրեց, և «Լոռին» դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա». ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուրի լավագույն ֆուտբոլիստը և խորհրդանշական հավաքականը․ VNews-ն ամփոփում է ԲԽ-ի 28-րդ տուրը

Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա «Բանանց» մարզադաշտում

Չեմպիոնության խելահեղ մրցավազքի մասնակիցները պայքարելու են գավաթի եզրափակիչ դուրս գալու համար․ Պատասխան խաղերին ընդառաջ

«Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը և Հարությունյանի 3-րդ վրիպումը 11մ նշակետից

Դարպասապահ Նռանյանը և «Փյունիկի» ծանրագույն հաղթանակը․ VNews-ի ֆոտոշարքը «Գանձասար-Կապան» – «Փյունիկ» խաղից