fbpx

Լրացուցիչ

Ռոբերտ Արզումանյանը՝ առողջական վիճակի, կարիերայի վերսկսման և Հայաստանի հավաքականի մասին

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է: Նա 20 տարեկանում է նշել նորամուտն ազգային թիմի կազմում՝ մասնակցելով 2005թ. Քուվեյթի հավաքականի հետ կայացած ընկերական հանդիպմանը: Փորձառու ֆուտբոլիստը 74 անգամ է կրել հավաքականի մարզաշապիկը և դարձել 5 գոլի հեղինակ:

Վերջին ժամանակներս Արզումանյանից գրեթե տեղեկություններ չունեինք: Նրան ամբողջ կարիերայի ընթացքում անհանգստացրել են վնասվածքները, ինչի պատճառով այդպես էլ լիարժեք չի բացահայտել իր պոտենցիալը: Սակայն Ռոբերտի ֆենոմենն այն է, որ նա միշտ 100%-ով է նվիրվել Հայաստանի հավաքականին՝ հաճախ խաղալով նույնիսկ թեթևակի վնասվածքներով:

«Փյունիկի», դանիական «Ռանդերսի», լեհական «Յագելոնիայի», ռուսական «ԲՄԱ-Էներգիայի» և «Ամկարի», ղազախական «Շախտյոր Կարագանդայի» ու «Ակտոբեի» նախկին ֆուտբոլիստը հարցազրույց է տվել VivaroNews.am-ին.

-Արդեն տարուց ավել է՝ մոտս վերականգնողական գործընթաց է: Ծնկի 2 վիրահատություն եմ տարել, վերջինն՝ այս տարվա մարտի 28-ին ԱՄՆ-ում: Բուժման կուրսի համար նախատեսված է 6 ամիս: Արդեն մոտենում է ավարտը, բայց, անկեղծ ասած, դեռ ցավեր զգում եմ: Դեռ հստակ չեմ կարող ասել, թե կկարողանամ շարունակել խաղալ, թե ոչ:

Այս պահին ազատ գործակալ եք: Կա՞ն ակումբներ, որոնց հետ կա նախնական պայմանավորվածություն՝ վնասվածքից ապաքինվելուց հետո միանալու համար:

-Այս պահին ոչ մի ակումբի հետ չունեմ նախնական համաձայնություն: Այս պահին դա ճիշտ չեմ գտնում, քանի որ դեռ, կարելի է ասել, վնասվածք ունեմ: Երբ ես հասկանամ, որ լիարժեք ապաքինվել եմ և ինձ լավ եմ զգում, արդեն կլինեն նորություններ:

Իսկ հնարավո՞ր է, որ վերադարձից հետո որոշեք հանդես գալ հայկական ակումբներից մեկում:

-Չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է: Այդ ուղղությամբ չեմ մտածել:

Իսկ Ձեր նախկին ակումբների հետ կապ պահո՞ւմ եք: Նրանք հետաքրքրվո՞ւմ են, թե ինչպես է ընթանում ապաքինումը:

-Այո, կապ կա: Իհարկե, ամենօրյա կապ չէ, բայց ժամանակ առ ժամանակ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ղեկավարության հետ շփումներ լինում են:

Գտնվելով ԱՄՆ-ում՝ հետևո՞ւմ էիք Հայաստանի առաջնության ընթացքին և, առհասարակ, թե ինչ է կատարվում հայկական ակումբային ֆուտբոլում: Եթե այո, ապա առաջընթա՞ց եք նկատում, թե՞ հետընթաց:

-Տեղյակ եմ կարդալով և որոշ դրվագներ դիտելով: Վերջին տարիներին միակ խաղը, որ ներկա եմ գտնվել, եղել է առաջնության վերջին տուրի՝ «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը: Այդ մեկ խաղից դժվար է եզրակացություն անել: Եղանակն էր շոգ, իսկ խաղի որակը բարձր չէր:

Եթե համեմատեմ ներկայիս առաջնությունն իմ մասնակցած վերջին առաջնության հետ, որը կայացել է 2007թ.-ին, միանշանակ մակարդակն ընկել է: 6 թիմով մրցաշարն անցկացնելն արդեն անհետաքրքիր է և դժվար է որակյալ առաջնություն ունենալ: Մակարդակն այդպես չի բարձրանա, քանի որ նույն թիմերն անընդհատ խաղում են միմյանց դեմ:

Ըստ Ձեզ՝ ո՞րն է ակումբային ֆուտբոլի գլխավոր խնդիրը՝ թիմերի քանա՞կը, ֆինանսնե՞րը, թե՞ առաջնայինը բարձրակարգ մարզիչների սակավությունն է: 

-Առաջնայինը թիմերի քանակն ու ֆինանսներն են, քանակն էլ գալիս է ֆինանսների առկայությունից: Եթե ևս մի քանի նվիրյալներ հայտնվեն, ովքեր ներդրումներ կանեն ֆուտբոլում, ապա թիմերը կավելանան, թեև ֆուտբոլն այստեղ այդքան էլ եկամտաբեր չէ:

Մենք Բարձրագույն խմբում ունենք 6 թիմ, որոնցից 4-ը Երևանից են: Ունենք մարզեր, որտեղից կարող են լինել թիմեր: Եթե մարզային թիմերն ավելանան, ապա պայքարն ավելի հետաքրքիր կլինի: Մի մարզը երբ գնա մյուս մարզին հյուր, երկրպագուներն արդեն ավելի շատ կլինեն և իրենց ներկայությամբ կստիպեն, որ խաղի որակը բարձր լինի: Երբ տրիբունաները դատարկ են լինում, խաղի որակն էլ ցածր է լինում:

Ներդրումներ պետք են, որպեսզի որակյալ լեգեոներներ խաղան Հայաստանում: Հիմա առաջնությունում շատ են երիտասարդ հայ ֆուտբոլիստները, և նրանք այդ լեգեոներների կողքին շատ ավելի արագ կաճեն: Իսկ այժմ մեր առաջնությունը նման է, օրինակ, Ռուսաստանի կամ այլ երկրների ակումբների 2-րդ թիմերի մրցաշարի: Իսկ այդպես նրանք, իրար կողքի խաղալով, ինչ-որ մակարդակից ավել չեն կարող աճել: Կողքին պետք են փորձառուներ, որպեսզի նրանցից սովորեն:

Անդրադառնանք ազգային հավաքականին: Ընտրանին Արթուր Պետրոսյանի օրոք 4 խաղ է անցկացրել և 3 հաղթանակ տոնել, բայց զիջել Չեռնոգորիայի ընտրանուն: Ըստ Ձեզ՝ նա այն մարզի՞չն է, ով լիովին համապատասխանում է մեր հավաքականին:

-Զգացվեց, որ Արթուր Պետրոսյանը փոփոխություն մտցրեց: Ճիշտ է, այս ընթացքում չենք հաղթել ինչ-որ մեծ թիմի, բայց այդ 3 հաղթանակներն էլ շատ բան են ասում: Այս պահին այդպիսի ցանկացած 3 միավոր շատ կարևոր է հավաքականի համար: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Բայց եթե ուզում ենք, որ ֆուտբոլն իրոք առաջ գնա, պետք է լավ առաջնություն ունենանք:

Հավաքականի պաշտպանության կենտրոնում անընդհատ տարբեր զույգեր են փորձարկվում: Խաղում են Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Գաել Անդոնյանը և Հրայր Մկոյանը: Ո՞րն է իդեալական զույգն ըստ Ձեզ:

-Դժվար է ասել, բայց նրանցից Հարոյանը շատ կայուն է խաղում: Կարծում եմ՝ նախորդ տարի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա շատ լավ խաղաց պաշտպանությունում, նաև կարևոր գոլ խփեց Չեռնոգորիային: Չեմ կարող ասել՝ ով կամ ովքեր կարող են լինել նրա կողքին, միգուցե խաղան 2 կամ 3 կենտրոնական պաշտպանով: Ով լավ մարզավիճակում լինի, թող նա էլ խաղա: Բայց երևի… (երկար մտածելուց հետո-խմբ.) լավ, չեմ ասի, դժվար է նշելը:

Շատերի կարծիքով՝ մեր հավաքականի հաջողության հիմնական գրավականը մի քանի տարի առաջ այն էր, որ ընտրանու կազմում կային գրեթե հավասարազոր 5-6 ֆուտբոլիստներ, իսկ այսօր՝ միայն մեկ խաղացող է իր ուսերին տանում ընտրանին: Համակարծի՞ք եք:

-Դա էլ պատճառներից մեկն է: Բայց մյուս պատճառների մասին չեմ ցանկանա խոսել:

Այդուհանդերձ, մոտավոր ժամկետ կարո՞ղ եք նշել, թե երբ կկարողանաք վերսկսել մարզումները:

-Չեմ կարող հստակ ասել: Երևի 1-2 ամսվա ընթացքում պարզ կլինի: Այդ ժամանակ ես էլ հստակ կիմանամ, թե ինչ վիճակում եմ և ինչ մակարդակով կկարողանամ խաղալ: Եթե բուժումից հետո տեսնեմ, որ չեմ կարողանում խաղալ այն մակարդակով, որ ցանկանում եմ, գուցե ավարտեմ ելույթներս: Ամեն ինչ կերևա մոտ ապագայում:

Ի՞նչ կփոխանցեք Ռոբերտ Արզումանյանին կարոտած ֆուտբոլասերներին:

-Իրոք, տարիների ընթացքում ջերմություն զգացել եմ երկրպագուների կողմից: Ամեն ինչ արել եմ, որ լավ խաղամ, երկրպագուներն էլ ուրախանան, որովհետև նրանք արժանի են դրան: Երբ մենք մեկնում ենք արտերկիր և խաղերից առաջ մարզադաշտում տեսնում հայերի, դա, իրոք, շատ ոգևորիչ է: Դա պատճառներից մեկն էր, որ մենք արտագնա խաղերն ավելի լավ էինք անցկացնում: Որ երկիր էլ գնացել ենք, զգացել ենք, որ մեր երկրպագուները մեր կողքին են:

Արման Աբելյան


Հայտնի է, թե երբ վաճառքի կհանվեն Հայաստան – Լիխտեյնշտեյն խաղի տոմսերը

Նախկին ֆուտբոլիստներն ու մարզիչն ընդդեմ «Բանանցի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արցախ» – «Բանանց» խաղին ընդառաջ

Փնտրվում են գոլահարներ մեր ակումբների և հավաքականի համար

Գևորգ Ղազարյանը լայնածավալ հարցազրույց է տվել ՀՖՖ-ին (տեսանյութ)

Գաել Անդոնյան. «Չեմ ուզում մնալ «Օլիմպիկում»

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Բարձրագույն խմբում (լուսանկար)

Մարկոս Պիզելիից տուժածը. Մանրամասներ «Փյունիկի» առաջիկա մրցակից «Տոբոլից»

Դավիթ Մանոյանը կարիերան կշարունակի Լեհաստանում

Ռոբերտ Արզումանյան. «Ես հավաքական կվերադառնամ միայն այն դեպքում, եթե ներողություն խնդրեն սուտ ու կեղծ հայտարարությունների համար» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյանը կարող է Ղազախստան վերադառնալ

Բարսեղյանը հավաքականի առաջին ֆուտբոլիստը չէ, ով եվրոգավաթում խաղացել է հայկական ակումբի դեմ

Ռոբերտ Արզումանյանի կանխատեսումը Ուրուգվայ – Ֆրանսիա խաղի վերաբերյալ (տեսանյութ)

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Մինչ տարված ենք Մունդիալով, Մարկոս Պիզելին փայլում է Ղազախստանում. դուբլ (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Կլոդ Մակելելեի գլխավորությամբ

Գևորգ Ղազարյանը չի շարունակելու ելույթները «Մարիտիմուի» կազմում