«Նա սպանեց ամբողջ Հայաստանի ֆուտբոլային երազանքը». Յուրա Մովսիսյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը - VNews
Բաժիններ

«Նա սպանեց ամբողջ Հայաստանի ֆուտբոլային երազանքը». Յուրա Մովսիսյանի հնչեցրած ամենաուշագրավ մտքերը

Յուրա Մովսիսյանը հայազգի ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն է: Շատերն ունեն այն համոզմունքը, որ հենց նա է անկախ Հայաստանի ուժեղագույն հարձակվողը: 30-ամյա ֆուտբոլիստն այլևս չի հրավիրվում Հայաստանի հավաքական, թեև նրա ելույթների հետ կապված հիշողությունները դեռ թարմ են: Յուրան հավաքականի մարզաշապիկով մրցակիցների դարպասը խոցել է 9 անգամ (8-ը պաշտոնական, 1-ն՝ ընկերական խաղում):

Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան սկսել է ամերիկյան «Կանզաս Սիթիում», որտեղից 2007թ. տեղափոխվել է «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում 2009թ. դարձել է ՄԼՍ-ի հաղթող: Դրանից անմիջապես հետո սկսել է եվրոպական կարիերա՝ խաղալով դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում» և «Սպարտակում»:

Հարձակվողը 2016թ. հունվարին վերադարձել է «Ռեալ Սոլթ Լեյք», որտեղ այժմ ելույթ է ունենում: Վերադարձից հետո հասցրել է մրցակիցների դարպասը գրավել 16 անգամ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մովսիսյանի՝ իր հարցազրույցներում արտահայտած ամենաուշագրավ և հետաքրքիր մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Սպարտակի» պաշտոնական կայքին, ամերիկյան Sports Talking հեռուստահաղորդմանը, Panarmenian TV-ին, ռուսական Championat.com-ին, ProSport-ին, ИТАР-ТАСС-ին և Sport-Express-ին տված հարցազրուցներից, մամուլի ասուլիսներից:

 

«Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, բայց վստահ եմ, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայի հայրենիքը ձգում է, և նրանք ուզում են վերադառնալ այնտեղ»:

«Հայրս ֆուտբոլ խաղացել է սիրողական մակարդակով, բայց նա մինչև ուղնուծուծը ֆուտբոլային մարդ է և վաղ տարիքից այդ զբաղմունքը փոխանցել է ինձ»:

«Երբ փոքր էի, երկրպագում էի «Արսենալին» ու Մադրիդի «Ռեալին»»:

«Ունեի սիրելի 3 ֆուտբոլիստ. առաջինը՝ Պրեդրագ Միյատովիչ, երկրորդը՝ Տիերի Անրի, երրորդը՝ Ռոնալդո: Ի դեպ, հենց Անրիի պատվին էի «Սպարտակում» կրում 12 համարի մարզաշապիկը»:

«Աշխարհում ոչ մի թիմ, հատկապես պաշտպանություն, չի կարող սարսափելի լինել ինձ համար»:

«Հայրս ինձ միշտ ասում էր. «Դու էլ ես տղամարդ, դիմացինդ էլ, թե կարող ես, հաղթիր»»:

«Բասկետբոլում երկրպագում եմ «Լոս Անջելես Լեյքերսին»: Ես Կոբի Բրայանտի ֆանատն եմ: Իսկ հոկեյում ծեծկռտուքներն ինձ դուր են գալիս, բայց հենց խաղն իմը չէ»:

«Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի փոխարինողների կազմում կամ իր թիմի խաղը կդիտի, օրինակ, տրիբունայից: Ինձ համար դա անընդունելի է, ուզում եմ մշտապես լինել խաղի մեջ»:

«Աղջիկս հաստատ ֆուտբոլիստ չի դառնա: Ֆուտբոլն աղջկա համար չէ: Թող ինքն ուրիշ բանով զբաղվի»:

«Չեմ ցանկանում մականուն ունենալ: Ես ունեմ անուն և ազգանուն, այդ պատճառով նախընտրում եմ, որ ինձ անվանեն Յուրա Մովսիսյան»:

«Ես աջլիկ եմ, բայց բայց ավելի հաճախ գոլեր եմ խփում ձախ ոտքով»:

«Ամերիկայում ցանկացած մարզաձև ոչ թե հաղթանակներ ու միավորներ են, այլ շոու-բիզնես: ՄԼՍ-ը փորձում է աշխատել այդ ժանրի օրենքներով, ուստի աստղեր է հրավիրում, ամեն կերպ ձգտում է ուշադրություն գրավել լիգայի վրա»:

«Սիրածս ֆիլմերն են՝ «Կնքահայրը», «Սպիավոր դեմքը», «Մի անգամ Ամերիկայում»: Իսկ խորհրդային ֆիլմերից սիրում եմ «Միմինոն», «Ոսկե ցլիկը»: Դերասաններից կառանձնացնեմ Ալ Պաչինոյին. մեծագույն դերասան է»:

«Իմ ամենագլխավոր մրցակիցը ես ինքս եմ»:

«Ամենայն լրջությամբ եմ ասում՝ մարդ, որն ինձ վրա ավելի մեծ ճնշում գործադրի, քան ինքս ինձ վրա, գոյություն չունի ոչ մի թիմում, ոչ մի երկրում, ընդհանրապես ամբողջ աշխարհում»:

«Մենք՝ հայերս, սիրում ենք մեր պատմությունը և արմատները, մեզ համար շատ կարևոր են մեր ընտանիքները և ընկերությունը: Հենց դա է մեզ միավորում»:

«Ես բեյսբոլ չեմ դիտում, քանի որ նյարդերս չի հերիքում 4-5 ժամ հետևել մարզական մրցություններին»:

«Երկա՞ր կմնամ «Կրասնոդարում». Ձեր տված հարցին կարող է պատասխանել միայն Նոստրադամուսը»:

«Ես սիրում եմ մեքենան արագ վարել, ուստի Մոսկվայում խցանումների հետ կապված խնդիր չեմ ունեցել: Մեկ կամ 1,5 ժամից ավելի երբեք խցանման մեջ չեմ մնացել»:

(Երբ նոր էր տեղափոխվել «Սպարտակ») «Մոսկվայում շատ են մեքենաները: Կրասնոդարում այդպես չէր: Կյանքն ավելի հանգիստ էր: Այստեղ մետրո դեռ չեմ իջել. վախենում եմ՝ անմիջապես կկորչեմ (ծիծաղում է)»:

««Սպարտակը» Ռուսաստանի ուժեղագույն թիմն է»:

««Սպարտակից» հեռանալիս այդ ակումբին ասել եմ, որ չեմ ուզում տեղափոխվել եվրոպական մեկ այլ ակումբ, քանի որ ցանկանում էի վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք»»:

«Գործակալիս շատ եմ չարչարել «ՌՍԼ» վերադառնալիս: Նրան ասացի, որ ես և ընտանիքս ԱՄՆ վերադառնալու կարիք ունենք: Ասացի՝ եթե մենք չգնանք, նա խնդիր կունենա ոչ թե ինձ, այլ կնոջս հետ (ծիծաղում է)»:

«ՄԼՍ-ը մոտակա 15 տարում կդառնա այնպիսի լիգա, որտեղ բոլորը կուզենան խաղալ»:

«Դևիդ Բեքհեմի հետ անձամբ ծանոթ եմ, խաղացել եմ նրա դեմ: Նա հիանալի տղա է: Շփման մեջ շատ բարեկիրթ է և հաճելի: Դևիդին անձամբ չճանաչելով՝ անհնար է պատկերացնել, որ նա այդպիսինն է»:

«Երբ ավելի երիտասարդ էի, արդեն իսկ բավականին ինքնավստահ էի, բայց հիմա ավելի վստահ եմ ուժերիս՝ հաշվի առնելով իմ փորձառությունը»:

«Ապագայում խաղալ «Շիրակո՞ւմ». ցանկությունս շատ մեծ է Հայաստանում խաղալու, բայց ապագայում չգիտեմ՝ ինչ կլինի»:

«Իմ հայերենը Գյումրիի հայերենն է»:

«Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի ոգին է: Նա անկրկնելի է»:

«Հենրիխ Մխիթարյանն ինձ պատմում էր, որ «Բորուսիան» իրեն շատ է դուր գալիս: Յուրգեն Կլոպն ամեն րոպե կարող է իրեն SMS գրել: Իր ֆուտբոլիստներին անեկդոտներ է պատմում, ակտիվացնում»:

«Սոցիալական ցանցերն ինձ չեն գրավում»:

«Յուրաքանչյուր գործում եթե անընդհատ աշխատես, կհասնես նպատակիդ: Ճիշտ է, բախտի գործոնն էլ կա, բայց ասում են՝ մարդն ինքն է կերտում իր ճակատագիրը»:

«Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ ազնվությունը, ինչպես նաև՝ վախի բացակայությունը: Նպատակասլաց իրագործել այն, ինչ իրականում ուզում ես, այլ ոչ թե այն, ինչ պարտադրում են»:

«Ինչու եմ միշտ ժպտո՞ւմ. երբ դու երջանիկ չես, մարդիկ չեն ցանկանում քո կողքին լինել: Երբ մարզվում ենք, բոլորս ժպտում ենք, ծիծաղում, քանի որ շատ ենք սիրում մեր գործը: Մենք զբաղվում ենք աշխարհի ամենալավ մարզաձևով»:

«Կար ժամանակ, երբ սպասում էի հրավերի ԱՄՆ-ի հավաքականից: Բայց երբ ընտրություն կատարելու հարկ եղավ, ինձ համար որոշում կայացնելը դժվար չէր: Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր էր խաղալ իմ երկրի համար»:

«Ճիշտ է, մտավախություններ եղել են: Չէ՞ որ ԱՄՆ-ի հավաքականի հետ երաշխավորված է խաղալ աշխարհի առաջնություններում, իսկ Հայաստանի հավաքականի հետ՝ շանսերը քիչ են: Բայց ես երջանիկ եմ, որ ընտրել եմ Հայաստանը»:

«Վերևում Աստված կա (ասվել է Բուլղարիային Երևանում հաղթելուց հետո: Բուլղարացիները Սոֆիայում սադրանքներ էին ցուցաբերել մեր հավաքականի հետ խաղում)»:

«Վարդան Մինասյանը մեզ օգնեց հասկանալու, որ այս թիմը կարող է հաղթել ցանկացած հավաքականի»:

«Ազգային հավաքականը քո հպարտությունն է, և այնտեղ խաղալն ամենալավ բանն է, որ կարող է լինել յուրաքանչյուր ֆուտբոլիստի կյանքում»:

«Շատ ցավալի է, որ չհայտնվեցինք «Եվրո-2012»-ում: Եթե նայեք մեր ընտրական խմբին, Հայաստանի հավաքականից ուժեղ թիմ չեք գտնի»:

«Գոլ խփելն իմ ամենասիրելի գործն է»:

«Իռլանդիայի հավաքականի հետ վերջին խաղի մրցավարը պարզապես սպանեց ամբողջ Հայաստանի երազանքը»:

«Հայաստանը պատերազմող երկիր է, և սահմանին գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում: Դա շատ ցավալի է, բայց եթե ես ֆուտբոլով կարող եմ ազգին փոքր-ինչ ուրախացնել, ապա աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»:

«Նվիրական երազանքս Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնություն դուրս գալն է: Պետք  է այնպես անենք, որ մեր երկիրը ճանաչելի լինի ողջ աշխարհում»:

«Հայաստանի հավաքականում մենք խաղադաշտ ենք դուրս գալիս ոչ թե փողի, այլ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»:

«Մարդիկ գիտեն՝ ես անկեղծ եմ, ես երբեք խաղեր չեմ տալիս որևէ տեղ հասնելու համար, ես երկու երես չունեմ, գուցե հենց դա է խնդիրը: Ես շիտակ մարդ եմ: Եթե դա է խնդիրը, ուրեմն ամեն ինչ այսպես էլ մնալու է, որովհետև ես երբեք չեմ փոխվի»:

«Ես միշտ կերկրպագեմ իմ ազգային հավաքականին, իմ երկրին»:

Արման Աբելյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթական խաղին, «Միլանը» փրկվեց, «Ատալանտան» ջախջախեց մրցակցին (տեսանյութ)

Ով կլիներ Խաբիբը, եթե լիներ ֆուտբոլիստ, ով է նրա ամենասիրելի խաղացողը

Արտետան՝ «Բարսելոնայի» ղեկն ստանձնելու վերաբերյալ խոսակցությունների մասին

Նավաս. «Ռեալում», կարծես, ինձ մինչև վերջ չէին հավատում»

Ինչ վիճակագրություն ունի Մխիթարյանը «Ֆիորենտինայի» դեմ խաղերում

«Մանչեսթեր Սիթին» մոտ է պատմական ռեկորդի

«Բաքվում կարծում էին հայ եմ և խնդրում էին հանել խաչս». Միտրեսկի

«Ռոմայի» հայտացուցակը «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման համար

Ըստ Զիդանի հաշվարկների՝ Ազարը պետք է խաղար «Ատլետիկոյի» դեմ․ իրականությունն այլ է

Չորս պատճառ, թե ինչու են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փոխել իրենց թիմերը

Մխիթարյանը նոր դիրքում է փորձարկվելու. նա արդեն փայլել է այդ դերում

«Cherchez la femme». ինչպես են կանայք ազդել ֆուտբոլի պատմության կարևորագույն տրանսֆերների վրա

Վինիսիուսը հասել է լուրջ նվաճման. նա զիջեց միայն երկու լեգենդի

Զիդան. «Բոլոր թիմերը միավորներ կորցնում են»

«Ռեալը» խուսափեց պարտությունից տնային խաղում (տեսանյութ)

Sky. ՊՍԺ-ն Ալաբային երաշխավորել է մեկնարկային կազմում տեղը, «Ռեալը»՝ ոչ