-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մարկոս Պիզելին հայկական ֆուտբոլի ամենակոլորիտային կերպարներից մեկն է: Կա՞ մեկը, ով դեռ հիշում է, որ նա բրազիլացի է: Մարկոսն իր ելույթներով ապացուցել է, որ Հայաստանի հավաքականի ամենանվիրված ֆուտբոլիստներից մեկն է և, անկախ մարզավիճակից, անում է առավելագույնը թիմին օգուտ տալու համար:
Ինչպես նրան հաճախ անվանում են՝ ամենահայ բրազիլացին Հայաստանում է հայտնվել 2006թ.-ին՝ Արկադի Անդրեասյանի ջանքերով տեղափոխվելով «Արարատ», հետագայում խաղացել է «Փյունիկում»: Նա ՀՀ քաղաքացի է դարձել 2008թ.-ին: Պիզելիի կարիերան շատ խայտաբղետ է:
Նա խաղացել է Ֆրանսիայում («Արարատ Փարիզ»), Ուկրաինայում («Մետալուրգ Դոնեցկ»), Ռուսաստանում («Կուբան», «Կրասնոդար»), Ղազախստանում («Ակտոբե»), Սաուդյան Արաբիայում («Ալ Ռաեդ»), ԱՄԷ-ում («Ալ Ֆուջայրահ») և Հունաստանում («Քսանտի»): Այժմ էլ պաշտպանում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբի» մարզական պատիվը:
Մարկոսի դեպքում հետաքրքիրն այն է, որ նա երբեք հասարակ գոլեր չի խփում, դրանց մեջ միշտ կարելի է հանճարեղություն գտնել: Նա մրցակցի դարպասը գրավում է թե՛ հեռու տարածություններից հարվածներով, թե՛ տուգանայիններից, նաև անկյունայիններից (ինչպես պարզվեց վերջերս): Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 9 գոլի հեղինակ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարկոսի՝ իր հարցազրույցներում հնչեցրած ամենաուշագրավ և հետաքրքիր մտքերը: Օգտագործվել են հատվածներ «Կուբանի» պաշտոնական կայքին, Sportbox.ru-ին, Prosport-ին, ռուսական «Матч ТВ»-ին, հայկական «Ֆուտբոլ Պլյուսին» տված հարցազրույցներից, լրագրողների հետ հանդիպումներից:
«Ես 99%-ով հայ եմ, 1%-ով՝ բրազիլացի»:
«Հայաստանն է արել այնպես, որ այսօր ինձնից հարցազրույց եք վերցնում»:
«Հայրս իտալական արմատներ ունի: Իտալիայում ազգականներս շատ ծեր մարդիկ են, և ես ոչ մի կապ չունեմ նրանց հետ: Նախահայրերս Իտալիայից են»:
«Հայրս է ինձ տարել ֆուտբոլի: Նա դարպասապահ է եղել ու շատ բան է սովորեցրել ինձ»:
«Խաղալով Բրազիլիայի 3-րդ դիվիզիոնի համեստ «Սան Կառլոս» թիմում՝ նույնիսկ չէի կարող երազել, որ մի օր կգնամ Եվրոպա և կխաղամ միջազգային մակարդակում: Ֆանտաստիկա է»:
«Երբ Բրազիլիայից եկա Հայաստան, ուզում էի անմիջապես հեռանալ: Սարսափելի էր հայտնվել ցուրտ և անսովոր մթնոլորտում: Թարգմանիչ չունեի, ոչ ոք ինձ չէր հասկանում»:
«Հետագայում արդեն Ռուսաստանում հասկացա, թե ինչ է իսկական ցուրտը»:
«Հայաստանը խիստ տարբերվում է Բրազիլիայից: Բրազիլիայում ապրելը շատ վտանգավոր է»:
«Բրազիլացիները կարողանում են հաճույք ստանալ կյանքից, երջանիկ լինել և դեպրեսիայով չտառապել: Նրանք ապրում են տվյալ օրով, եթե նույնիսկ աշխատանք չունեն: Հայաստանում մարդիկ վախով են սպասում հաջորդ օրվան, նրանք սովոր են անհանգստանալ աշխատանքի և գումարի հարցում»:
«Համաձայնեցի խաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ լավ հասկանում էի՝ Բրազիլիայի ընտրանու կազմում հայտնվելը շատ բարդ կլինի»:
«Չեք պատկերացնում՝ ինչ հույզեր ունեցա, երբ ֆեդերացիայի նախագահն ինձ առաջարկեց խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Երբ հիշում եմ այդ պահը, մարմնովս սարսուռ է անցնում»:
«Երբ մեկնում ես հավաքական, նախապատրաստվում խաղերին, հագնում մարզաշապիկը, լսում օրհներգը, հասկանում ես, որ քեզ հետ և շրջապատում բացառիկ մի բան է կատարվում, որն անհնար է զգալ ակումբում»:
«Երբ խաղում էի Երևանի «Արարատում», ոչ միայն ես, այլևս մյուս բրազիլացիները խիստ դժգոհ էին: Աշխատավարձը հաճախ ուշացնում էին, մարզումային պայմաններն ու ապրելակերպն այն չէին»:
«Սովա՞ծ էինք մտել խաղադաշտ «Արարատ» – «Փյունիկ» «ոսկե» խաղին. այո, մեզ՝ բրազիլացի ֆուտբոլիստներիս աշխատավարձ վաղուց չէին տվել, և մենք փող չունեինք նույնիսկ սննդի համար»:
«Իմ գլխավոր սկզբունքը երբեք չհանձնվելն է»:
«Առանց խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք կատարելու անհնար է դրական արդյունքի հասնել»:
«Սիրածս էակի ձեռքն այսպես եմ խնդրել՝ խաղում էի Հայաստանում, իսկ Նատալիան Բրազիլիայից պետք է ժամաներ Երևան: Համոթ ինձ՝ ես օդանավայական մեկնեցի առանց ծաղիկների: Դրանք տանն էի թողել: Երբ եկանք տուն, ես նվիրեցի այդ ծաղիկները, պատմեցի, թե ինչ եմ զգում և խնդրեցի նրան դառնալ իմ կինը: Նա համաձայնեց»:
«Կարող ես օրը 10 անգամ մարզվել, բայց եթե չես մասնակցում խաղերին, դա արդեն նշանակություն չունի»:
«Դեռևս «Փյունիկում» հասկանում էի, թե ինչքան տաղանդավոր են Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը»:
«Մխիթարյանը «Փյունիկում» լավ էր հանդես գալիս, բայց չէի պատկերացնում, որ մի օր կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում»: Մյուսների համեմատ՝ նա այնքան էլ չէր առանձնանում»:
«Հենրիխն իր կյանքը նվիրում է միայն ֆուտբոլին: Նա միշտ հետևում է իր կենսակերպին, սննդին, շուտ է պառկում քնելու, չի խմում, չի անում ոչինչ, ինչը կարող է վնասել իրեն: Ոչ բոլորը կարող են Մխիթարյանի պես կարգապահ լինել և ուժեղ բնավորություն ունենալ»:
«Բրազիլիայում արագ են ֆուտբոլիստ դառնում: Երիտասարդ խաղացողին բավական է մի քանի կարևոր խաղում իրեն լավ դրսևորել, և նրա վրա անմիջապես ուշադրություն կդարձնեն»:
«Միշտ դուր է եկել Զինեդին Զիդանի խաղը: Անհնար է առանց հիացմունքի դիտել նրա գործողությունները դաշտում: Իմ ամպլուայի խաղացողներից հավասարը չունի Չավի Էրնանդես–Անդրես Ինյեստա զույգը»:
«Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է կոչվելու լավագույնն աշխարհում»:
«Ռուսական ակումբներում ֆիզիկական պատրաստվածությունը երբեմն ամենաառաջին տեղում է»:
«Երբ վերադառնում եմ Բրազիլիա, դա ինձ համար իսկական տոն է: Ինձ համար դրանից ավելի լավ հանգիստ չի կարող լինել»:
«Մենք՝ բրազիլացիներս, ասում ենք, որ մրցակիցները մեզ խփում ենք այնքան գոլ, որքան կարողանում են, իսկ մենք՝ որքան ցանկանում ենք»:
«Բրազիլացի բոլոր ֆուտբոլիստներն էլ այսպես, թե այնպես առնչություն ունենում են հանցավոր աշխարհի հետ: Իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր բախտ չեն ունենում ստորագրելու լավ պայմանագրեր, իրենք էլ են դառնում հանցագործներ»:
«Եվրոպական ֆուտբոլի ոգին վաղուց արդեն հատուկ է նաև բրազիլացի ֆուտբոլիստներին և մարզիչներին, ովքեր շատ բան են սովորում Հին աշխարհամասում աշխատող իրենց գործընկերներից»:
««Կրասնոդար» տեղափոխվելուց հետո Յուրա Մովսիսյանը, կարելի է ասել, ինձ համար բարեխոսել էր՝ զանգահարելով իր նախկին թիմի ղեկավարներին և խնդրելով, որ ազատված 10 համարը հենց ինձ հատկացնեն»:
«Լատինաամերիկացի ֆուտբոլիստների տեխնիկան բնության շնորհ է, իսկ Եվրոպայում դրան ավելանում են նաև արագությունն ու տոկունությունը»:
«Չի կարելի ապրել միայն երազանքներով»:
«Հայաստանի հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում և վայելում եմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը»:
«Ֆուտբոլում, ինչպես և այլ ոլորտներում, մասամբ որոշիչ նշանակություն ունի շանսը: Եթե քեզ շանս է ընձեռվում, երբեք չի կարելի այն ձեռքից բաց թողնել»:
««Անժին» ժամանակին լուրջ առաջարկություն էր արել Հենրիխ Մխիթարյանին, բայց նրա հրաժարվել էր: Նա ինձ գրել էր. «Հարցը փողը չէ: Ես երազում եմ խաղալ Եվրոպայում, թոփ-ակումբում»»:
«Ծնողներս այցելել էին Երևան և ներկա էին Հայաստանի հավաքականի խաղին: Նրանց Երևանը շատ դուր եկավ: Սա նրանց առաջին, բայց ոչ վերջին այցելությունն էր»:
«Հայաստանում անցկացրած կյանքս ծիածանի գույներով եմ հիշում»:
«Երբ նոր լեզու ես սովորում, հաճախ չես իմանում, թե ինչ ես ասում: Հավաքականում տղաները երբեմն կատակում էին, համոզում, որ մարզչին այս կամ այն բառն ասեմ: Ես էլ ասում էի: Բոլորը ծիծաղում էին, այդ թվում նաև ես»:
«Հայաստանի և հայերի շնորհիվ է, որ խաղացի Ռուսաստանի առաջնությունում, միջազգային մակարդակում, իմ մասին սկսեցին խոսել…: Նրանք միշտ սատարել են ինձ և իրենց սիրով օգնել հասնելու նոր բարձունքների»:
«Երբեք չեմ մոռանում իմ առաջին հայրենիքը: Բրազիլիայում են ապրում իմ ծնողները, ընկերները, և հարմար առիթի դեպքում անպայման հանդիպում եմ նրանց հետ»:
«Ես Հայաստանի հավաքականում իմ ամեն խաղով փորձում եմ շնորհակալություն հայտնել այս երկրին իմ նկատմամբ վերաբերմունքի համար»:
«Եթե հայտնվեի Աստծո առջև, կասեի. «Տեր Աստված, նայիր աշխարհին, այնտեղ շատ անարդարություններ են տեղի ունենում, շատ մարդիկ ուտելու ոչինչ չունեն, մինչդեռ մյուսները չգիտեն ուրիշ ինչ ցանկանան: Խնդրում եմ՝ այնպես արա, որ անարդարություններ քիչ լինեն»»:
Արման Աբելյան
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո