fbpx
Բաժիններ

Հայաստանի Սուպերգավաթ, «Ալաշկերտ» – «Շիրակ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 20-րդ խաղարկություն

«ԱԼԱՇԿԵՐՏ»  – «ՇԻՐԱԿ»

0 խաղ, +0=0-0, 0-0

24 սեպտեմբերի,  ժ.19:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

Հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հոբելյանական՝ 20-րդ խաղարկությունում Հայաստանի գործող չեմպիոն և սուպերգավաթակիր «Ալաշկերտը» պատվավոր մրցանակը կվիճարկի գործող գավաթակիր «Շիրակի» հետ: Մրցակիցները միմյանց հետ առաջին անգամ են հանդիպելու Սուպերգավաթի խաղում:

Նախորդ մրցաշրջանում Սուպերգավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին  փորձը հաջողությամբ պսակվեց: Բավական լարված ու դրամատիկ պայքարում ալաշկերտցիներին հաջողվեց հետխաղյա 11մ հարվածներով հաղթել (3-2) երկրի գավաթակիր «Բանանցին»:

Խաղի հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Առաջին խաղակեսի ավարտին «Բանանցի» բրազիլացի հարձակվող Լաերսիոն 11մ հարվածով բացել էր հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Արթուր Եդիգարյանը վերականգնել էր հավասարակշռությունը:

Հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ իրեն հիանալի էր դրսևորել «Ալաշկերտի» դարպասապահ Գևորգ Կասպարովը, ով հետ էր մղել Լայոնել Ադամսի, Նաիրի Մինասյանի և Լաերսիոյի հարվածները՝ ապահովելով թիմի հաղթանակը: Ի դեպ, այդ օրը Կասպարովը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 400-րդ խաղն էր անցկացնում:

Հայաստանի առաջին սուպերգավաթակիր Գյումրիի «Շիրակը» պատվավոր մրցանակի քառակի դափնեկիր է: Սուպերգավաթի անդրանիկ խաղարկությունում` 1996թ. հունիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում «Շիրակը» մրցեց «Փյունիկի» հետ: Այն ժամանակ էլ առաջնությունն անցկացվում էր աշուն-գարուն մրցակարգով, որի ավարտից հետո էլ կայացավ պատվավոր մրցանակի առաջին խաղարկությունը:

Քանի որ «Փյունիկը» բացի չեմպիոնությունից, նաև նվաճել էր ՀՀ գավաթը, ուստի գործող մրցակարգի համաձայն նրա մրցակիցը 2-րդ մրցանակակիր «Շիրակն» էր (2004թ.-ից նման դեպքերում Սուպերգավաթը վիճարկելու պատվին է արժանանում գավաթի եզրափակչի մասնակիցը):

23-րդ րոպեին հաշիվը բացեց փյունիկցի Հայկ Մարգարյանը, սակայն 12 րոպե անց Սամվել Նիկոլյանը վերականգնեց հավասարակշռությունը: 2-րդ խաղակեսում շիրակցիներ Կոլյա Եփրանոսյանն ու Հարություն Վարդանյանը ևս 2 անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը: Խաղավերջում «Փյունիկը» կարող էր կրճատել հաշիվը, սակայն Վարդան Մինասյանը չիրացրեց 11մ հարվածը: Հաղթելով 3-1 հաշվով, «Շիրակը» դարձավ Հայաստանի առաջին սուպերգավաթակիրը:

Շիրակցիները 6-րդ անգամ են վիճարկելու Հայաստանի Սուպերգավաթը: Հետաքրքիր է, որ առաջին անգամ է «Շիրակը» Սուպերգավաթը վիճարկելու ՀՀ գավաթակրի կարգավիճակով: Երկու անգամ գյումրեցիները Սուպերգավաթի խաղին ներկայացել են որպես գործող չեմպիոններ և հասել են հաջողության (1999թ., «Ցեմենտ»՝ 2-1, 2013թ., «Փյունիկ»՝ 2-0):

3 անգամ էլ «Շիրակը» Սուպերգավաթը վիճարկել է որպես առաջնության արծաթե մրցանակակիր՝ երկու անգամ նվաճելով մրցանակը (1996թ., «Փյունիկ»՝ 3-1, 2003թ., «Փյունիկ»՝ 2-1): Առայժմ միայն մեկ անգամ են շիրակցիները պարտվել Սուպերգավաթի համար վճռորոշ մրցավեճում՝ 1998թ. հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական ժամանակում՝ 1-1) զիջելով երկրի չեմպիոն ու գավաթակիր «Ցեմենտին»:

Վերջին տարիներին Սուպերգավաթը վիճարկող թիմերը որպես կանոն երկրորդ կազմով են ներկայանում վճռորոշ հանդիպմանը: Տեսնենք, թե այս անգամ ինչպիսի որոշում կկայացնեն թիմերի մարզիչները: Սեպտեմբերի խաղացանկը շատ հագեցած է, թիմերին հարկ է լինում երեք օրը մեկ խաղադաշտ դուրս գալ: Այդ պատճառով էլ գավաթային հանդիպումներում թե «Ալաշկերտում», թե հատկապես «Շիրակում» կազմի զգալի փոփոխություններ էին կատարվել:

Թեև «Ալաշկերտն» ընդամենը 2-րդ անգամ է վիճարկելու Սուպերգավաթը, սակայն  ալաշկերտցիները գյումրեցիների ներկա կազմի ֆուտբոլիստների համեմատ նման հանդիպումների ավելի մեծ փորձ ունեն:

15 ալաշկերտցիներ տարբեր թիմերի կազմերում ժամանակին դարձել են սուպերգավաթակիրներ: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից Սուպերգավաթի մրցաշարերում ամենատիտղոսակիրն ու ամենափորձառուն վնասվածքից ապաքինված Արտակ Եդիգարյանն է, ով պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալ:

Մասնակցելով Սուպերգավաթի 5 հանդիպման, Արտակը թիմակիցների հետ 4 անգամ պատվո շրջան է կատարել մրցանակով: Իր առաջին երեք տիտղոսները Եդիգարյանը նվաճել է «Փյունիկում» հանդես գալիս (2008, 2010-2011թթ.), իսկ առայժմ վերջինն՝ անցյալ տարի «Ալաշկերտում»: Սուպերգավաթի մրցախաղում միակ անհաջողությանն Արտակը «Փյունիկի» իր խաղընկերների հետ մատնվել է 2009թ., որում փյունիկցիները 1-2 հաշվով պարտվել էին «Արարատին»:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ խաղում «Արարատին» հաղթանակ էր պարգևել ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող Արտակ Գրիգորյանի դուբլը: Վերջինս այդ տարի առաջին անգամ դարձավ սուպերգավաթակիր՝ հաջողությունը կրկնելով 2016թ. «Ալաշկերտում»:

Կրկնակի սուպերգավաթակիրներ են նաև Արթուր Եդիգարյանը (2007թ.՝ «Փյունիկում», 2016թ.՝ «Ալաշկերտում»), Վահագն Մինասյանը (2010թ.՝ «Փյունիկում», 2016թ.՝ «Ալաշկերտում»), Անդրանիկ Ոսկանյանը (2012թ. «Միկայում», 2016թ.՝ «Ալաշկերտում») և Գագիկ Դաղբաշյանը (2014թ.՝ «Բանանցում», 2016թ.՝ «Ալաշկերտում»):

Մեկական անգամ Սուպերգավաթի նվաճման բերկրանքը վայելել են Խորեն Վերանյանը (2004թ.՝ «Փյունիկում»), Միհրան Մանասյանը (2008թ.՝ «Փյունիկում»), Կարեն Մուրադյանը (2013թ.՝ «Շիրակում»), Նաիրի Մինասյանը (2014թ.՝ «Բանանցում»), Միքայել Խաշմանյանը (2015թ.՝ «Փյունիկում»), Արսեն Բեգլարյանը (2016թ.՝ «Ալաշկերտում»), Արտակ Դաշյանը (2016թ.՝ «Ալաշկերտում»), Արարատ Առաքելյանը (2016թ.՝ «Ալաշկերտում») և Բենիկ Հովհաննիսյանը (2016թ.՝ «Ալաշկերտում»):

«Շիրակի» ներկայիս ֆուտբոլիստներից միայն 6-ն են սուպերգավաթակիր դարձել: Ընդ որում նրանցից միայն 3-ը՝ Արտյոմ Միքայելյանը, Աղվան Դավոյանն ու Արամ Մուրադյանն են մրցանակը նվաճել հարազատ թիմի կազմում: Դա 2013թ. «Փյունիկի» հետ կայացած խաղում էր, որում շիրակցիները հաղթեցին 2-0 հաշվով: Այդ խաղին մասնակցել էր միայն Միքայելյանը, իսկ Դավոյանն ու Մուրադյանն այդպես էլ մնացել էին պահեստայինների նստարանին (մրցակարգի համաձայն սուպերգավաթակրի տիտղոսին արժանանում են հաղթող թիմի կազմում խաղին հայտավորված 18 ֆուտբոլիստները):

Ի դեպ, Մուրադյանն այս անգամ էլ չի մասնակցի Սուպերգավաթի մրցախաղին, քանի որ «Ալաշկերտի» հետ առաջնության 6-րդ տուրի խաղում հեռացվել էր խաղադաշտից: Ինչ խոսք, դա լուրջ կորուստ է առանց այն էլ պահեստայինների կարճ նստարան ունեցող «Շիրակի» համար:

«Շիրակի» ներկայիս ֆուտբոլիստներից ամենատիտղոսակիրը Գագիկ Պողոսյանն է, ով վնասվածքի պատճառով դեռ չի նշել նորամուտը գյումրեցիների կազմում: «Փյունիկում» մասնակցելով Սուպերգավաթի 5 խաղի, Պողոսյանը դարձել է եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015թթ.):

«Փյունիկում» Սուպերգավաթը նվաճելու բերկրանքը մեկական անգամ վայելել են Վարդան Բակալյանն (2011թ.) ու Անատոլի Այվազովը (2015թ.), ընդ որում վերջինս չի մասնակցել հանդիպմանը:

Հետաքրքիր է, որ Վարդան Բակալյանն ու Գագիկ Պողոսյանը 2013թ. մասնակցել են «Շիրակի» հետ կայացած Սուպերգավաթի խաղին: Այդ հանդիպման մասնակիցների թվում են եղել նաև ներկայումս «Ալաշկերտում» հանդես եկող նախկին շիրակցի Կարեն Մուրադյանն ու նախկին փյունիկցի Աշոտ Սարդարյանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ալաշկերտն» ու «Շիրակը» 3-րդ անգամ են մրցավեճի բռնվելու: Գյումրիում կայացած առաջնության մեկնարկային խաղում «Շիրակը» 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տոնել, իսկ 6-րդ տուրի երևանյան հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Ուրոշ Նենադովիչի խփած միակ գոլը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական. «Փյունիկը» նոր դարպասապահ ունի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատը» երկու ընկերական խաղ կանցկացնի Սոչիում

Պաշտոնական․ Թեյմուրազ Տոբոևը հեռացել է «Արարատից»

Պաշտոնական. Եվգենի Օսիպովը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Պաշտոնական. Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Ալեքսանդր Գալիմովը հեռացել է «Փյունիկից»

Պաշտոնական. Ռոման Բերեզովսկին գլխավորեց «Փյունիկը»

Սիրելի Ձմեռ Պապ… Ինչ սպասել հայկական ֆուտբոլից 2020 թվականին

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին

Պաշտոնական․ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Արարատը»

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում