fbpx

Միակ թիմը, որ «Շիրակից» շատ է նվաճել Սուպերգավաթը և Արտակ Եդիգարյանի նվաճումը. 10 փաստ՝ Սուպերգավաթային խաղից

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ Հայաստանի Սուպերգավաթի՝ «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպումից, որում գյումրեցիները հաղթանակ էին տոնել 2-0 հաշվով և նվաճել պատվավոր ավարը:

1. Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հոբելյանական՝ 20-րդ խաղարկության հաղթող դարձավ Գյումրիի «Շիրակը»՝ 5-րդ անգամ նվաճելով պատվավոր մրցանակը: Այդ ցուցանիշով գյումրեցիները զիջում են միայն «Փյունիկին», որը 9 անգամ է դարձել սուպերգավաթակիր: 2 անգամ հաջողության է հասել «Միկան», մեկական անգամ սուպերգավաթակրի կոչմանն են արժանացել «Ցեմենտը», «Արարատը», «Բանանցը» և «Ալաշկերտը»:

«Շիրակն» առաջին անգամ Սուպերգավաթի մրցավեճին ներկայացավ որպես Հայաստանի գավաթակիր ու հաղթեց չեմպիոնին: Երկու անգամ գյումրեցիները Սուպերգավաթի խաղին ներկայացել են որպես գործող չեմպիոններ և հասել են հաջողության (1999թ., «Ցեմենտ»՝ 2-1, 2013թ., «Փյունիկ»՝ 2-0): 2 անգամ էլ «Շիրակը» Սուպերգավաթը նվաճել է որպես առաջնության արծաթե մրցանակակիր (1996թ., «Փյունիկ»՝ 3-1, 2003թ., «Փյունիկ»՝ 2-1):

2. 13-րդ անգամ Սուպերգավաթը վիճարկեցին երկրի չեմպիոնն ու գավաթակիրը: 4-րդ անգամ հաջողությունն ուղեկցեց գավաթակրին: Նախկինում գավաթակիրներից 2 անգամ Սուպերգավաթը նվաճել է «Միկան» (2006, 2011թթ.), մեկ անգամ՝ «Արարատը» (2009թ.): 4 անգամ Սուպերգավաթը վիճարկել են երկրի չեմպիոն ու գավաթակիր «Փյունիկը» և գավաթի եզրափակչի մասնակիցը: Բոլոր դեպքերում էլ մրցանակը շահել է «Փյունիկը»:

3 անգամ մրցել են չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիր «Շիրակը»: Այդ մրցավեճում ավելի ուժեղ է գտնվել «Շիրակը»` 2 անգամ (1996, 2003թթ.) հաղթելով երկրի չեմպիոն «Փյունիկին»: Չեմպիոնին (1998թ., «Ցեմենտ») հաջողությունն ուղեկցել է մեկ անգամ, այն էլ միայն հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ:

3. «Ալաշկերտին» չհաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դառնալ սուպերգավաթակիր: Պատվավոր մրցանակի խաղարկություններում սա 3-րդ դեպքն է: Նախկինում սուպերգավաթակրի տիտղոսը հաջորդ մրցաշրջանում չեն կարողացել պահպանել նաև «Ցեմենտը» (1999թ.) և «Փյունիկը» (2003թ.): Սակայն փյունիկցիներին հետագայում 3 անգամ (2004-2005, 2007-2008, 2010-2011թթ.) հաջողվել է երկու տարի անընդմեջ նվաճել Սուպերգավաթը:

4. «Ալաշկերտն» ու «Շիրակն» առաջին անգամ միմյանց հետ վիճարկեցին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ դառնալով պատվավոր մրցանակի համար մրցավեճի բռնված 8-րդ զույգը: Առավել հաճախ` 5-ական անգամ մրցանակը միմյանց հետ վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» և «Փյունիկն» ու «Միկան»: 3 անգամ «Փյունիկի» մրցակիցը եղել է «Շիրակը», 2 անգամ՝ «Արարատը»: «Շիրակն» ու «Ցեմենտը» մրցավեճի են բռնվել 2 անգամ, մեկական անգամ էլ Սուպերգավաթը վիճարկել են «Միկան» և «Ուլիսը», «Ալաշկերտն» ու «Բանանցը»:

5. «Շիրակը» 6-րդ անգամ մասնակցեց Սուպերգավաթի մրցախաղին: Պատվավոր մրցանակը վիճարկած 8 թիմերից առավել հաճախ` 15 անգամ Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցել է «Փյունիկը»: «Միկան» և «Բանանցը» 6-ական անգամ են մրցավեճի բռնվել Սուպերգավաթի համար, 2-ական անգամ մրցանակը վիճարկել են «Ցեմենտը», «Արարատն» ու «Ալաշկերտը», մեկ անգամ`«Ուլիսը»:

Սուպերգավաթը վիճարկած 8 թիմերից միայն «Ուլիսին» ոչ միայն չի հաջողվել նվաճել մրցանակը, այլև գոլ խփել: 2012թ. ուլիսցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-5 հաշվով պարտվել են «Միկային» (հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասներն անառիկ էին մնացել):

6. Սուպերգավաթի մրցախաղերում «Շիրակը» 2-րդ անգամ հաղթեց 2-0 հաշվով: Առաջին անգամ գյումրեցիները նման հաշվով 2013թ. պարտության էին մատնել «Փյունիկին»: Սուպերգավաթի 20 խաղարկություններում 4-րդ անգամ գրանցվեց 2-0 հաշիվ: Առավել հաճախ՝ 5 անգամ պատվավոր մրցանակի համար վճռորոշ հանդիպումներն ավարտվել են 2-1 հաշվով: Իսկ ընդհանուր առմամբ Սուպերգավաթի մրցախաղերում գրանցվել է խաղի հաշվի 8 տարբերակ: Ամենագոլառատ խաղը 2006թ. կայացած «Փյունիկ»-«Միկա» հանդիպումն է, որում խփվել է 5 գնդակ (2-3):

7. Մուսա Փոլ Բակայոկոն և Մարտուն Մխիթարյանը բացեցին գոլերի հաշիվը Սուպերգավաթի մրցաշարում: Մխիթարյանի համար այդ գոլն ընդհանրապես առաջինն էր «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում: Իսկ Բակայոկոն մինչ այդ հասցրել էր գոլերի հաշիվը բացել առաջնության և գավաթի հանդիպումներում:

Սուպերգավաթի հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցվել է 48 գոլ (միջինը մեկ խաղում` 2,4 գոլ), որից 5-ը խփվել է լրացուցիչ ժամանակում: Ընդ որում 2007թ. կայացած «Փյունիկ»-«Միկա» խաղում գրանցված 3 գոլերն էլ խփվել են լրացուցիչ ժամանակում:

Ընդհանուր առմամբ գոլերի հեղինակներ են դարձել 44 ֆուտբոլիստներ, որոնցից շիրակցի Հակոբ Արտոյանը 1999թ. «Ցեմենտի» հետ խաղում գրավել է սեփական դարպասը:

Սուպերգավաթի մրցաշարերի անդրանիկ գոլի հեղինակը նախկին փյունիկցի Հայկ Մարգարյանն է, ով 1996թ. հունիսի 9-ին 23-րդ րոպեին գրավել է «Շիրակի» դարպասը: Իսկ լավագույն ռմբարկուն «Միկայի» նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանն է, ով 3 գոլ է խփել: Առաջին գնդակը նա խփել է 1997թ. «Փյունիկի» կազմում` «Արարատի» դարպասը, իսկ մյուս երկու գնդակներն իր օգտին է գրանցել 2006թ. «Միկայի» կազմում` գրավելով «Փյունիկի» դարպասը: Շահգելդյանից բացի, միայն Արտակ Գրիգորյանին է հաջողվել Սուպերգավաթի մեկ խաղում 2 գոլի հեղինակ դառնալ: Նա աչքի է ընկել 2009թ. «Արարատում»` խոցելով «Փյունիկի» դարպասը:

8. Ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը 6-րդ խաղն անցկացրեց Սուպերգավաթի մրցաշարում և այդ ցուցանիշով հավասարվեց ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանին: 5-ական անգամ Սուպերգավաթի մրցախաղին մասնակցել են Արթուր Մկրտչյանը, Աղվան Մկրտչյանը և Գագիկ Պողոսյանը, ընդ որում Աղվանը՝ 5 տարի անընդմեջ (2002-2006թթ.):

9. Անատոլի Այվազովը Սուպերգավաթի մրցաշարում նորամուտը նշեց դարպասն անառիկ պահելով: Այվազովը Սուպերգավաթի մրցաշարերում դարպասն անառիկ պահած 10-րդ դարպասապահն է: Առավել հաջող են հանդես եկել Գևորգ Կասպարովն ու Կարեն Իսրայելյանը, որոնց հաջողվել է 2-ական խաղում գոլ բաց չթողնել:

Անատոլի Այվազովը դարձավ կրկնակի սուպերգավաթակիր: Առաջին անգամ նա Սուպերգավաթի նվաճման բերկրանքը վայելել էր 2015թ. «Փյունիկում»՝ հայտավորված լինելով «Միկայի» հետ հանդիպմանը, որում փյունիկցիների դարպասը պաշտպանել էր Գոռ Մանուկյանը:

10. Սուպերգավաթի հանդիպման մասնակիցներից ամենատարեցն «Ալաշկերտի» ավագ Վահագն Մինասյանն էր՝ 32 տարեկան 152 օրական: Նա 3-րդ անգամ մասնակցեց Սուպերգավաթի մրցավեճին: Նախորդ երկու հանդիպումները (2010թ.՝ «Փյունիկում», 2016թ.՝ «Ալաշկերտում») Վահագն Մինասյանի համար հաղթական են եղել:

Սուպերգավաթի հանդիպման ամենաերիտասարդ մասնակիցը շիրակցի Ռուդիկ Մկրտչյանն էր, ով պատվավոր մրցանակի խաղարկություններում նորամուտը նշեց 18 տարեկան 333 օրականում:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Փյունիկը» և «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Փյունիկը» կբողոքարկի ՀՖՖ կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Փյունիկը» տուգանվել է, Անդրեյ Տալալաևը երկարաժամկետ որակազրկում ստացել

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

Թոփ-4․ Լավագույն ֆուտբոլիստները Հայաստանի առաջնության 19-րդ տուրում (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)