«Փյունիկի» պատմության մեջ 2-րդ անգամ գրանցված ցուցանիշը և «Ալաշկերտի» ռեկորդակիր ֆուտբոլիստը. Առաջնության 7-րդ տուրը՝ 10 փաստով - VNews
Բաժիններ

«Փյունիկի» պատմության մեջ 2-րդ անգամ գրանցված ցուցանիշը և «Ալաշկերտի» ռեկորդակիր ֆուտբոլիստը. Առաջնության 7-րդ տուրը՝ 10 փաստով

Ավարտվեց բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրը, որում «Շիրակը»  կրկին անհաջողության մատնվեց, իսկ «Ալաշկերտն» ու «Բանանցը», շարունակելով հաղթարշավն, ընդհուպ մոտեցան առաջատարին: Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին երկու խաղում, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում կայացած 21 հանդիպումներից 9-ում հաղթել են դաշտի տերերը, 7-ում՝ հյուրերը, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

7-րդ տուրում կրկնվեց ընթացիկ առաջնության արդյունավետության ռեկորդը՝ խփվեց 11 գոլ: Նման բարձր արդյունավետություն գրանցվել էր առաջնության մեկնարկային և 4-րդ տուրերում: Առաջնությունում կայացած 21 հանդիպումներում 58 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,76 գոլ մեկ խաղում:

2. «Շիրակը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չկարողանալով գտնել մրցակցի դարպասի բանալին: Գյումրեցիներն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեցին՝ առաջին անգամ մեկ խաղում 3 գնդակ բաց թողնելով: «Բանանցի» հետ առաջնության վերջին 6 հանդիպումներում «Շիրակն» առաջին պարտությունը կրեց: Նախորդ 5 խաղերում գյումրեցիները հաղթել էին:

3. «Բանանցը» 3-րդ անընդմեջ խաղում հաղթանակած հեռացավ խաղադաշտից՝ ռևանշի հասնելով 2-րդ տուրում «Շիրակից» կրած պարտության դիմաց, որն ընթացիկ առաջնությունում միակն է: Այնպես որ «Բանանցն» արդեն 5 խաղ անպարտելի է:

Ընթացիկ առաջնությունում «Բանանցին» առաջին անգամ հաջողվեց երկու խաղակեսերում էլ գոլ խփել և հաշվի մեջ առջևում լինել:

«Բանանցը» խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: ՀՀ առաջնություններում «Բանանցի» ֆուտբոլիստները 12-րդ անգամ «Շիրակին» հաղթեցին խոշոր հաշվով, մինչդեռ գյումրեցիներին դա ընդամենը 2 անգամ է հաջողվել: 5-րդ անգամ «Բանանցը» «Շիրակին» հաղթեց 3-0 հաշվով: Մրցակիցների մրցավեճում ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2006թ. ապրիլի 22-ին Երևանում կայացած խաղում, որում «Բանանցը»  6 անպատասխան գնդակ է խփել շիրակցիների դարպասը:

4. «Փյունիկն» ու «Արարատը» 4-րդ անընդմեջ պարտությունները կրեցին: Եթե արարատցիների հանդիպումներում նման բան բազմիցս է տեղի ունեցել, ապա փյունիկցիների ելույթներում երկրորդ անգամ է դա պատահում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 1998թ. առաջնության 10-13-րդ տուրերում («Դվին»՝ 1-3, «Երևան»՝ 0-1, «Շիրակ»՝ 1-6, «Էրեբունի-ՀՄՄ»՝ 1-2):

Այդ տարի «Փյունիկի» պատմության մեջ հակառեկորդ գրանցվեց: Թիմը 16-23-րդ տուրերում 8 անընդմեջ պարտություն կրեց: Առաջնությունում անցկացրած 26 հանդիպումներից 17-ում փյունիկցիները պարտվեցին: Պատճառն այն էր, որ դեռևս առաջին շրջանում թիմից հեռացել էին մի խումբ առաջատար ֆուտբոլիստներ, որոնց փոխարինել էին տակավին պատանի խաղացողներ, որոնց թվում էին նաև Քարամյան եղբայրները, որոնք մինչ այդ բարձրագույն խմբում նորամուտը նշել էին «Արաբկիրում»: Ի դեպ, առաջնության ավարտից հետո «Փյունիկը» լուծարվեց:

5. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ հաղթեց «Արարատին»: Դա ՀՀ առաջնություններում «Արարատի» նկատմամբ ալաշկերտցիների տոնած 7-րդ անընդմեջ հաղթանակն է: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 3-1:

«Ալաշկերտը» 7 տուրից հետո 2 միավորով գերազանցում է նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի չեմպիոնական գրաֆիկը՝ իր հաշվին գրանցելով 14 միավոր: Մեկնարկային 7 խաղերում վաստակած միավորների քանակով (17) «Ալաշկերտի» համար լավագույնը 2015/16թթ. առաջնությունն էր:

6. Արտակ Եդիգարյանն ընթացիկ առաջնությունում 11մ 2-րդ հարվածն անվրեպ իրացրեց: Առաջինը նա իրացրել էր 5-րդ տուրում «Գանձասար-Կապանի» հետ խաղում՝ խոցելով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասն ու թիմին փրկելով պարտությունից:

Արտակը 6 գնդակով շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում Եդիգարյանն ընդամենը մեկ գոլ էր խփել, իսկ լավագույն ռմբարկուների ցանկը 3-ական գնդակով գլխավորում էին  շիրակցի Վիուլեն Այվազյանը և փյունիկցի Ալիկ Առաքելյանը:

Եդիգարյանի ներկայիս արդյունքը ռեկորդային է «Ալաշկերտի» պատմության մեջ: Մինչ այդ բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում առավել արդյունավետ էին գործել Միհրան Մանասյանն ու Հեբեր Արաուխոն, որոնք 2015/16թթ. մրցաշրջանում 5-ական գոլի հեղինակ էին դարձել:

2017թ. կայացած ՀՀ առաջնության հանդիպումներում Արտակ Եդիգարյանի հաշվին ընդհանուր առմամբ  14 գոլ է գրանցված (8-ը՝ նախորդ առաջնության գարնանային հատվածում), ինչը լավագույն արդյունքն է:

7. «Գանձասար Կապանի» ավագ Արա Խաչատրյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Այդ խաղերից 225-ում նա կրել է գանձասարցիների մարզաշապիկը՝ հանդիսանալով թիմի ռեկորդակիրը: Այդ ցուցանիշով Խաչատրյանը հավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում» ընթանում է 13-րդ տեղում:

Արարատ Առաքելյանից հետո Արա Խաչատրյանն ընթացիկ առաջնությունում նման հոբելյան նշած երկրորդ ֆուտբոլիստն է: Մինչ օրս ՀՀ առաջնություններում 250 խաղի սահմանագիծը հաջողվել է հատել ընդամենը 40 ֆուտբոլիստի:

Արա Խաչատրյանն ընդգրկվեց «ԳանձասարԿապանում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Փյունիկի» հետ խաղի օրը նա 32 տարեկան 274 օրական էր: Խաչատրյանը տասնյակից դուրս թողեց Բենիամին Մանուչարյանին, ով գանձասարցիների կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել էր 32 տարեկան 263 օրականում:

8. Գանձասարցի Վասպուրակ Մինասյանը, փյունիկցի Էրիկ Վարդանյանը, «Բանանցի» լեգեոնականներ Ալեքսանդր Ջոկովիչն ու Կուասի Սիբոն բացեցին գոլերի հաշիվը բարձրագույն խմբում: Եթե Մինասյանից դրա համար 104 խաղ պահանջվեց, ապա Սիբոն իր առաջին գոլը խփեց թիմի կազմում նորամուտի խաղում:

Սիբոն ընդգրկվեց «Բանանցի» կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Նա Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասը գրավեց 19 տարեկան 95 օրականում: Այդ ցուցանիշով Սիբոն տասնյակում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Տասնյակը գլխավորում է Տիմոֆեյ Լիստոպադը, ով 2006թ. «Բանանցում» գոլերի հաշիվը բացել էր 17 տարեկան 221 օրականում:

9. Ալաշկերտցի Գագիկ Դաղբաշյանը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Դրանցից 192-ը նա անցկացրել է ՀՀ առաջնություններում, 27-ը՝ գավաթի, 2-ը՝ Սուպերգավաթի, 12-ը՝ եվրոգավաթների խաղարկություններում, 5 անգամ հանդես է եկել ՀՀ ազգային, 9 անգամ՝ երիտասարդական հավաքականներում, 3 անգամ էլ մասնակցել է «Համագործակցության գավաթի» հանդիպումներին:

10. Դարկո Տոֆիլոսկին «Ալաշկերտի» կազմում նորամուտը նշեց նաև բարձրագույն խմբում: Մինչ այդ մակեդոնացի դարպասապահը չեմպիոնի դարպասն առաջին անգամ պաշտպանել էր «Արցախի» հետ կայացած գավաթի խաղում: 31-ամյա Տոֆիլոսկին բարձրագույն խմբում «Ալաշկերտի» դարպասը պաշտպանած 7-րդ դարպասապահն է: Նրանցից ավելի տարեց տարիքում (35 տարեկանում) «Ալաշկերտում» նորամուտը նշել է Գևորգ Կասպարովը, ով դարպասապահներից բոլորից շատ է պաշտպանել չեմպիոնի դարպասը՝ մասնակցելով առաջնության 36 հանդիպման:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)