«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»
22 խաղ, +12=4-6, 37-27
7 մարտի, ժ.16:00, Երևան, «Ալաշկերտ» մարզադաշտ
1-ին շրջան. 12.08.2017 «Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-0 (1-0)
Միհրան Մանասյան 36՛, 63՛, Արթուր Եդիգարյան 75՛
2-րդ շրջան. 27.09.2017 «Արարատ» – «Ալաշկերտ»՝ 1-3 (1-0)
Ալեքսանդր Պետրոսյան 18՛ – Արտակ Եդիգարյան 75՛, 11մ, Ուրոշ Նենադովիչ 78՛, 90՛
3-րդ շրջան. 03.11.2017 «Ալաշկերտ» – «Արարատ»՝ 2-0 (1-0)
Միհրան Մանասյան 45՛, 70՛
4-րդ շրջան. 04.03.2018 «Արարատ» – «Ալաշկերտ»՝ 2-3 (0-2)
Օրբելի Համբարձումյան 51՛, Անդրանիկ Քոչարյան 74՛ – Արտյոմ Սիմոնյան 12՛, 11մ, Սաննի Օմորեգիե 37՛, 48՛
Երկրի չեմպիոնի համար ներկայումս դժվարին ժամանակներ են: «Ալաշկերտին» ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղն ու չեմպիոնին վայել ելույթներ ունենալ: Թիմը հայտնվել է ճգնաժամի մեջ, ինչի մասին են վկայում գրանցված արդյունքները:
Վերջին 7 հանդիպումներում ալաշկերտցիները 5 պարտություն են կրել՝ վաստակելով ընդամենը 4 միավոր: Ընդ որում գարնանային հատվածի վերջին 3 խաղերում ալաշկերտցիները խաղադաշտը թողել են պարտված, ինչը չեմպիոնի կարգավիճակով անցկացրած հանդիպումներում «Ալաշկերտի» պատմության մեջ առաջին անգամ պատահեց:
Խնդիրներ են ծագել ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջևի գծում: Վերջին 7 հանդիպումներում «Ալաշկերտը» սեփական դարպասը 11 գոլ է ընդունել, իսկ մրցակիցների դարպասը խոցել է ընդամենը 6 անգամ: Ընդ որում առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Արտակ Եդիգարյանը գարնանն առայժմ գոլ չի խփել, իսկ Միհրան Մանասյանն աչքի է ընկել ընդամենը մեկ անգամ:
Նշենք նաև, որ «Գանձասար-Կապանի» և «Շիրակի» հետ անցկացրած 4 հանդիպումներում ալաշկերտցիներին այդպես էլ չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին:
Այս ամենի արդյունքում ընթացիկ առաջնության առաջատարը, ով 8-րդ տուրից անփոփոխ 1-ին հորիզոնականում էր, նահանջեց 3-րդ տեղ: Ճիշտ է, ալաշկերտցիները հավասար միավորներ ունեն իրենց շրջանցած շիրակցիների և գանձասարցիների հետ:
Չեմպիոնական մրցավազքում պայքարի լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Վաղուց Հայաստանի առաջնությունում նման իրավիճակ չէր ստեղծվել: Այդ մրցավազքում «Ալաշկերտն» այլևս նահանջելու տեղ չունի, եթե իհարկե մտադիր է 3–րդ տարին անընդմեջ երկրում լավագույնը ճանաչվելու:
Առաջնության բացահայտ հետնապահը ևս գարնանն անհաջող է հանդես գալիս: Մեկնարկային տուրում «Գանձասար-Կապանին» հաղթելուց հետո արարատցիները հաջորդ 5 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակեցին՝ «Փյունիկի» հետ մրցավեճում փրկվելով պարտությունից: Վերջին 3 հանդիպումներում «Արարատը» խաղադաշտը պարտված է թողել՝ խփելով ընդամենը մեկ գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 7 գնդակ:
Ընթացիկ առաջնությունում «Արարատն» առայժմ շատ անհաջող է հանդես եկել «Ալաշկերտի» դեմ՝ պարտվելով բոլոր 4 հանդիպումներում էլ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 9 հանդիպումներն էլ ավարտվել են ալաշկերտցիների օգտին: Վերջին անգամ «Արարատը» չեմպիոնին հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ 2016թ. սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:
Ինչպես մրցակիցների 4-րդ շրջանի խաղում, այս անգամ էլ «Արարատին» չեն կարող օգնել «Ալաշկերտից» վարձավճարով թիմ տեղափոխված 3 լեգեոնականները՝ Անդրիա Դրագոևիչը, Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը:
Մրցակիցների մրցավեճում գերարդյունավետ է գործել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով արդեն 16 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Այդ գոլերից 4-ը նա խփել է ընթացիկ մրցաշրջանում՝ առաջին և երրորդ շրջանի հանդիպումներում դառնալով դուբլի հեղինակ:
Արարատցիներից ամենաարդյունավետը թիմի նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչն է, ում հաշվին 6 գոլ է գրանցված:
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո