19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը - VNews
Բաժիններ

19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

«Ասում են չէ՞ «կարևորը մասնակցությունն է», դա իմ մասին չէ»

65սա4դսա - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը իր սպորտային պատմությունը սկսել է կերտել 8 տարի առաջ։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ նա 2021-ին ձեռք է բերելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Մարզիչները Կարապետյանի գլխավոր առավելությունը համարում են նպատակասլացությունը, իսկ նրա մարզմանը հետևելիս նկատեցինք Կարապետյանի վստահությունը ու սառնասրտությունը:

VNews.am-ի հետ զրույցում 27-ամյա հրաձիգը պատմեց, թե ինչպես հաջողվեց օլիմպիական ուղեգիր ձեռք բերել, ինչպես պատահաբար գտավ այն, ինչում տաղանդավոր է, ինչ նպատակներ դրեց իր առջև ու բռնեց բարձունքի ուղին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ուղեգիր նվաճելու առիթով: Կպատմե՞ք՝ ինչպես ստացվեց ապահովել մասնակցությունը Օլիմպիական խաղերին:

Իրականում, իրավիճակը խառն էր, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում պետք է երկու ուղեգիր խաղարկվեր, վերջին վայրկյանին տեղեկացանք, որ մեկ ուղեգիր է խաղարկվում: Մեր հաշվարկներով՝ ես չունեի ուղեգիր ու ադրբեջանցի մարզիկը, այսինքն՝ եթե ես նրան հաղթեի, ուղեգիրն իմն էր: Ես առաջ եմ անցնում նրանից եզրափակիչում, բայց պարզվում է, որ գերմանացին նույնպես ուղեգիր չուներ, նա էլ ինձ է հաղթում ու ձեռք բերում ուղեգիրը: Բայց դրանից հետո ինձ ասում են, որ վարկանիշային աղյուսակում հավաքած միավորներով, կարող եմ մասնակցել Օլիմպիական խաղերին:

Կայի՞ն այլ մրցակիցներ, որոնցից զգուշանում էիք:

Իմ տակտիկան մի փոքր տարբեր է: Մեր սպորտաձևը շատ է տարբերվում: Մենք մեր դեմ ենք մրցում: Մրցավարական կողմնակալության զոհ չես դառնա: Ամեն ինչ կախված է քեզանից: Ես տեսել էի, որ եզրափակիչում եմ ու նույնիսկ չէի նայել՝ ովքեր են մրցակիցներս:

elmira karapetyan 2 960x609 - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Հավատո՞ւմ էիք, որ կստացվի մասնակցել Օլիմպիական խաղերին:

Համենայն դեպս, ամեն ինչ արել էի դրա համար: Կարևորն այն է, որ անես առավելագույնը, այն ինչ պահանջվում է քեզանից, իսկ հետո կստացվի, այնպես ինչպես կստացվի: Ես ամեն ինչ արել էի, որ ստացվեր: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ամուսնուս՝ Քրիստոֆել Մարգարյանին, նա ինձ շատ է աջակցում:

Ի՞նչ եք արել, կմանրամասնե՞ք:

Մի քանի տեղ աշխատում էի, բոլոր տեղերից դուրս եմ եկել, առավոտից երեկո մարզվում էի, աշխատում էի հոգեբանների հետ, աուտոգեն մարզումներ էի անցկացնում, պարապմունքները ինտեսիվ էին դարձել ու ինձ ամբողջովին նվիրել էի հրաձգությանը:

Նշեցիք հոգեբանությունը, ես գիտեմ, որ դուք ուսումնասիրել եք սպորտային հոգեբանություն, ու փաստորեն այս ընթացքում նաև աշխատել եք հոգեբանի հետ: Դա ի՞նչ է տալիս Ձեզ:

Դու ունենում ես մտքեր, որոնք խառնված են, բայց, երբ գնում ես հոգեբանի մոտ, նա ճիշտ հարցեր է տալիս ու այդպես կարողանում ես ամեն ինչ դասավորել գլխումդ: Մտքերս դասավորվեցին:

Ինչ վերաբերում է ինձ, սկզբում ավարտել եմ Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կառավարում բաժինը, դրանից հետո սկսել էի սպորտով զբաղվել ու այդ ոլորտը հետաքրքրել էր, իսկ հրաձգությունը տարբերվում է մյուս սպորտաձևերից, քանի որ ֆիզիկական սպորտ չէ. դու կարող ես թույլ լինել, բայց հաջողություններ ունենալ: Այստեղ շատ ավելի կարևոր է ուղեղի աշխատանքը ու հոգեբանությունը, այդպես որոշեցի ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, մեկ տարի սովորեցի: Շատ հետաքրքիր էր, շատ-շատ:

Ո՞րն է ամենահետաքրքիր բացահայտումը:

Ամենահետաքրքիրն այն է, որ այնտեղ դասախոսները իմ խառնվածքը տարբեր կերպ էին նկարագում: Թեստերը շատ հետաքրքիր էին: Դրան գումարած շատ բան կարող ես սովորել, որոնք հետագայում պետք կգա: Կարծում եմ, որ բոլոր սպորտաձևերում էլ կա սպորտային հոգեբանի կարիք: Այնտեղ իմացա՝ ինչ է աուտոգեն մարզումը, դա ինքս սկսեցի խորությամբ ուսումնասիրել:

Եվ ինչ պարզեցիք, ի՞նչ է աուտոգեն մարզումը:

Պարկում ես, բոլոր մկաններդ թուլացնում ու սկսում ես մտքում մարզվել:

elmira karapetyan 1 960x611 - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Ինչպե՞ս եք սկսել հաճախել հրաձգության:

Ժողում էի սովորում, շատ էի ուզում լողի գնալ: Հայրս մի օր զանգեց, ասաց, որ մի այդպիսի տեղ կա, հրաձգության ես հաճախում, միաժամանակ լողի էլ են տանում: Ես ուզում էի լողով զբաղվել, ոչ թե հրաձգությամբ: 19 տարեկանից նոր սկսել եմ զբաղվել հրաձգությամբ, այդպիսի դեպք չկա ընդհնարապես: Դրանից հետո լողը հանեցին, բայց ես մնացի (ծիծաղում է-խմբ):

Շատ հետաքրքիր է: Ինչո՞վ գրավեց հրաձգությունը, ինչո՞ւ շարունակեցիք:

Փոքր ժամանակվանից կրակել սիրում էի, բայց ատրճանակից չէի կրակել, հրացանից էի կրակել: Սկզբում, երբ գնացի, նայեցի հրացանի տեսքին, քաշին, հարցրին՝ «ի՞նչ ես ուզում կրակել», ասացի՝ ատրճանակ: Բայց մինչև այդ չէի կրակել, չգիտեի՝ ինչ տեսք ունի ատրճանակը: Գրավեց այն, որ ինձ չէին ուզում ընդունել տարիքիս պատճառով, ասում էին՝ «արդեն ուշ է», բայց շատ շնորհակալություն Նորայր Առաքելյանին՝ իմ առաջին մարզիչին, ինձ հավատալու համար: Ես խնդրեցի 2 ամիս ժամանակ ու ասացի, որ 2 ամսում կհասնեմ ձեր պահանջած արդյունքին՝ իմ տարիքայինների ցուցանիշներին: Այդպես ամեն օր գալիս էի պարապմունքի:

Ստացվում է, որ արդեն 8 տարի է, ինչ զբաղվում եք հրաձգությամբ: Ե՞րբ գրանցեցիք առաջին հաջողությունները:

Ճիշտն ասած՝ ինձ մոտ տարօրինակ է ստացվել։ 6 ամիս հետո լրացրել եմ Հայաստանի սպորտի վարպետի նորման ու մինչև ինձ աղջիկների շրջանում ատրճանակում չկար սպորտի վարպետ: Դրանից հետո ամեն տարի Հայաստանի առաջնություններին ես եմ հաղթել:

188685333 2760564510870008 8720942701763895480 n - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Ի՞նչով է դա պայմավորված Ձեր կարծիքով: Տաղանդ ունե՞ք, թե՞ աշխատասեր եք:

Տաղանդ ունեմ, նպատակասլաց եմ, դրան գումարվում է նաև աշխատասիրությունը: Ես համարում եմ, որ ամեն մարդ ինչ-որ բանում տաղանդավոր է, ես ուղղակի գտել եմ, այն ինչում տաղանդավոր եմ:

Ո՞րն է ամենատպավորիչ հաղթանակը մինչև այժմ:

Ամենատպավորիչը Եգիպտոսի մեդալն էր, քանի որ դա իմ առաջին մեդալն էր միջազգային մրցաշարերից: Դրանից հետո Ուկրաինայում միջազգային սպորտի վարպետի նորման լրացրի, դա էլ այդպես հիշվեց:

Ես գիտեմ, որ եղել են մրցումներ, որտեղ դուք Ձեր զենքով չեք մասնակցել:

Քուվեյթի ու Եգիպտոսի մրցումներին իմ զենքով չեմ մասնակցել, քանի որ Հայաստանի օրենքները համապատասխան չեն, ու ավիաընկերությունը առանձին 700 եվրո ավելացրեց զենք տեղափոխելու համար: Այս ատրճանակները ամբողջ աշխարհում զենք չեն համարվում: Այդպես բոլորը հիացած էին, որ կարողացա զենքը փոխել հարմարվել ու մեդալ նվաճել:

Վերադառնալով Օլիմպիական խաղերին. Հայաստանում առկա պայմանները բավարա՞ր են Օլիմպիական խաղերին, ինչպես հարկն է, նախապատրաստվելու համար:

Մենք այն օրը այդ հարցն էինք քննարկում: Եվրոպական երկրներից գրեթե բոլոր մարզիկները 6 վարժության մեջ կարողանում են մասնակցել, քանի որ կրակում են 10մ, մարտական 25մ: Հայաստանում այդ փամփուշտների ներկրումը արգելված է, այստեղ էլ շատ թանկ է, ու մենք չենք կարողանում 25մ-ով պարապել: Օտարեկրացի մարզիկները ունեին 6 շանս մեդալ նվաճելու, ուղեգիր վերցնելու, իսկ ես՝ մեկը: 25մ համար չունենք լավ զենք ու փամփուշտ: Մի խոսքով, թանկ սպորտաձև է:

elmira karapetyan 4 960x628 - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Կմտաբերեք՝ ե՞րբ եք առաջին անգամ դիտել Օլիմպիական խաղերը ու ո՞ր սպորտաձևն է եղել:

Երևի թե՝ ոչ: Բայց հիշում եմ, որ 5 տարի առաջ աշխատում էի մի ընկերությունում, այդ ժամանակ արդեն զբաղվում էի հրաձգությամբ ու շատ էի նեղվել, քանի որ մեզ տվել էին Օլիմպիական օղակներով շապիկներ, ես հագել էի այն, բայց Ռիոյում չէի: Ինքս ինձ ասում էի, որ մյուս անգամ ես պետք է լինեմ Օլիմպիական խաղերում: Մինչև հրաձգությամբ զբաղվելը մարզասեր չեմ եղել: Միայն ֆուտբոլ էի դիտում, քանի որ պապիկս ֆուտբոլիստ է եղել:

Հայաստանում շատ մարզիկներ ոչ հենակետային սպորտաձևերից Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո շատ հաճախ իրենց առաքելությունը համարում են ավարտված ու թողնում են սպորտը որոշ ժամանակ անց: Դուք ի՞նչ եք մտածում:

Ես երբեք ոչ մի մրցմանը չեմ մասնակցում զուտ մասնակցության համար: Ասում են չէ՞ «կարևորը մասնակցությունն է», դա իմ մասին չէ: Եթե մարզիկը գնում է Օլիմպիական խաղերին ու չի գնում մեդալի հետևից, ինչո՞ւ է ընդհանրապես գնում:

Ձեր անձնական մարզիչը մեզ հետ զրույցում ասաց, որ Օլիմպիական խաղերին ավելի բարձր արդյունք էր Ձեզանից ակնկալում: Տոկիոյում սպասե՞նք Ձեր ցուցանիշների բարելավում:

Պլանավորել չեմ սիրում, չեմ կարող ասել՝ ինչ կլինի վաղը: Կգա այդ օրը՝ կիմանանք: Երբեք չես իմանա՝ այդ օրը ինչպես կզարթնես, շատ բան կախված է քո տրամադրությունից:

elmira karapetyan 7 960x578 - 19 տարեկանում սկսեց սպորտով զբաղվել, հիմա մասնակցելու է Օլիմպիական խաղերին. Էլմիրայի պատմությունը

Հիմա ի՞նչ ռեժիմով եք մարզվում:

Առավոտյան փորձում եմ շուտ արթանանալ, զարթնելու հետ խնդիր ունեմ (ժպտում է-խմբ), այդպես ավելի կմոտենամ Տոկիոյի ժամին, դրանից հետո 2 պարապմունք եմ ունենում, աշխատում եմ առողջ սնվել, համ էլ երեկոյան գնալ կինո, ցրվել:

Ի՞նչ ժանրի ֆիլմեր եք սիրում դիտել:

Ես ընդհանրապես սիրում են գնալ բոլոր նոր դուրս եկած ֆիլմերը դիտել: Տարբեր ֆիլմեր եմ նայում: Կան ֆիլմեր, որոնց գիրքն եմ պարզապես շատ սիրում: Լինում է նաև հակառակը: Ե՛վ կարդալ եմ սիրում, և՛ ֆիլմեր դիտել:

Ճապոնիայում հաճախակի չեն նման մասշատբի մրցումներ անցկացվում: Ի՞նչ գիտեք այդ երկրի ու մայրաքաղաք Տոկիոյի մասին, ոգևորվա՞ծ եք:

Ես ճանապարհորդել շատ եմ սիրում: Տոկիոյում երբեք չեմ եղել, ևս մեկ կետ է ավելանում իմ ցանկում: Ճապոնիան բոլորին հայտնի է տեխնոլոգիական ահռելի առաջընթացով, ինչը շատ հետաքրքիր է: Ոլորտներ ու ուղղություններ կան, որտեղ մարդու գործոնը հանում են: Հետաքրքիր է տեսնել՝ այդ պրոցեսը ինչպես է ընթանում: Շատ ոգևորված եմ:

Կա՞ն այնպիսի մարզիկներ, որոնց ցանկանում եք հանդիպել Օլիմպիական խաղերին:

Ո՛չ: Ամեն մարդ իր ճանապարհն  ունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին