Այս իրադարձությանը «Գանձասար-Կապանի» երկրպագուները ստիպված էին որոշ ժամանակ սպասել: «Բանանցի» և «Ալաշկերտի» հետ կայացած նախորդ երկու հանդիպումներում գանձասարցիներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:
Եվ ահա «Արարատի» հետ 26-րդ տուրի խաղում կապանցիները լիովին հագեցրին գոլային իրենց ծարավը՝ 6 անգամ խոցելով մրցակցի դարպասը: Հանդիպման հերոսը դարձած Գեղամ Հարությունյանի խփած առաջին գոլը դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում «Գանձասար–Կապանի» հոբելյանական՝ 400-րդ գնդակը: Այդ հոբելյանը նշելու համար գանձասարցիներից 347 խաղ պահանջվեց:
ՀՀ առաջնություններում առաջին գոլը կապանցիները խփել են բարձրագույն խմբում անցկացրած իրենց երկրորդ խաղում՝ 2006թ. ապրիլի 23-ին «Ուլիսի» հետ Կապանում կայացած մրցավեճում: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել Արթուր Քոչարյանը՝ հանդիպման 11-րդ րոպեին գրավելով Մանվել Աֆրիկյանի պաշտպանած դարպասը:
VivaroNews.am-ը ներկայացնում է «Գանձասար–Կապանի» հոբելյանական գոլերի ցանկը:
Գոլ | Գոլի հեղինակը | Ամսաթիվ | Մրցակիցը |
100-րդ | Գագա Թբիլաշվիլի | 04.11.2008 | «Փյունիկ»՝ 3-0 |
200-րդ | Արթուր Ավագյան | 23.06.2012 | «Միկա»՝ 2-3 |
300-րդ | Նարեկ Բեգլարյան | 16.05.2015 | «Շիրակ»՝ 3-3 |
400-րդ | Գեղամ Հարությունյան | 01.05.2018 | «Արարատ»՝ 6-1 |
Հետաքրքիր է, որ «Գանձասար-Կապանի» հոբելյանական գոլերից երկուսը խփվել են թիմի ներկայիս դարպասապահների դարպասը, որոնք այն ժամանակ հանդես էին գալիս այլ ակումբներում: Այսպես, 100-րդ գոլը խփվել է Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, ով 2008թ. «Փյունիկի» դարպասապահն էր: Իսկ 200-րդ գոլը խփվել է Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը, ով 2012թ. հանդես էր գալիս «Միկայում»:
Խփված 405 գոլերում իրենց ավանդն են ունեցել «Գանձասար-Կապանի» 78 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակից թիմերի 8 խաղացողներ, որոնք մեկական անգամ գրավել են սեփական դարպասը: Հետաքրքիր է, որ ինքնագոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստների թվում է նաև «Գանձասար-Կապանի» ներկայիս ավագ Արա Խաչատրյանը, ով 2007թ. «Բանանցում» հանդես գալիս գանձասարցիների հետ խաղում գրավել էր սեփական դարպասը:
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո