Տաղանդաշատ 2019/20. Բացահայտումների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

Տաղանդաշատ 2019/20. Բացահայտումների խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

2019/20 մրցաշրջանն առանձնահատուկ ու անմոռանալի էր ամեն ինչով՝ թե՛ լավ, թե՛ վատ առումով: Բայց այսօր չենք խոսի կորոնավիրուսի, մրցաշարերի փոխված ձևաչափերի, առանց հանդիսատես ֆուտբոլի և նմանատիպ թեմաների մասին: Այսօր կանդրադառնանք ավարտվող մրցաշրջանի՝ իր հետևից թողած «գանձերի» մասին:

2019/20 մրցաշրջանը լի էր նոր տաղանդավոր ֆուտբոլիստներով ու բացահայտումներով: Ներկայացնում ենք այն ֆուտբոլիստներին, որոնց ձեզանից շատ-շատերը մեկ տարի առաջ չէին ճանաչում, բայց նրանք հասցրին հիացնել ձեզ այնպես, կարծես՝ արդեն մի քանի տարի է գիտեք այդ ֆուտբոլիստներին: Նրանք այնքան շատ էին, որ կարողացել ենք խորհրդանշական հավաքական ստանալ՝ հավաքելով լավագույններին իրենց դիրքերում: Գնացի՜նք:

Դին Հենդերսոն – 23 տարեկան

Անգլիական ֆուտբոլի գլխավոր բացահայտումներից էր «Շեֆիլդի» դարպասապահ Դին Հենդերսոնը: 23-ամյա Հենդերսոնն ունի թոփ դարպասապահի համար բոլոր անհրաժեշտ որակները՝ գերազանց ռեակցիա, հրաշալի խաղ ոտքով, անհավանական թռիչքներ, ու որ ամենակարևորն է՝ ինքնավստահություն:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Հենդերսոնի փայլուն խաղի շնորհիվ էր նաև, որ համեստ «Շեֆիլդը» երկար ժամանակ մրցաշարային աղյուսակի եվրագավաթային գոտում էր: Հենդերսոնը բաց է թողել 39 գոլ, ինչը լավ ցուցանիշ է, իսկ 13 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը:

  • Հավանական գնորդ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»
  • Տրանսֆերային արժեք՝ 20 միլիոն եվրո

Դայո Ուպամեկանո – 21 տարեկան

Դայո Ուպամեկանոյի անունը վերջին շրջանում գուցե այնքան եք լսել, որ չեք էլ հավատում, որ նա, մեծ հաշվով, «հայտնվել» է հենց այս մրցաշրջանում: «Լայպցիգի» պաշտպանը Բունդեսլիգայի ամենավառ ներկայացուցիչներից էր: Լինելով 21 տարեկան՝ Ուպամեկանոն չափազանց վստահելի պաշտպան է, և բացի դա՝ ունի նաև հրաշալ տվյալներ՝ արագություն, ֆիզիկական պատրաստվածություն, լավ փոխանցումներ: Ուպամեկանոն այժմ կարող է հրավիրվել ոչ թե Ֆրանսիայի Մ21, այլ հենց ազգային հավաքական, ու չնայած, որ վերջին օրերին է երկարաձգել պայմանագիրը «Լայպցիգի» հետ, նա արդեն պատրաստ է խաղալ եվրոպական ուժեղագույն գրանդներում:

  • Հավանական գնորդներ՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Արսենալ»
  • Տրանսֆերային արժեքը՝ 45 միլիոն եվրո

Ֆիկայո Տոմորի – 22 տարեկան

Ֆիկայո Տոմորին Լեմպարդի «baby Չելսիի» երիտասարդ բացահայտումներից մեկն էր: Այս մրցաշրջանում Տոմորին չհասցրեց դառնալ հիմնական պաշտպան, քանի որ Լեմպարդը փորձառու ֆուտբոլիստներին ավելի շատ շանսեր տվեց, բայց Տոմորին հասցրեց բավական խաղաժամանակ ստանալ՝ լավ տպավորություն թողնելու համար: Նրա հիմնական ուժեղ կողմերն են ճիշտ դիրքավորվելն ու այն չկորցնելը, հաջող խաղը 2-րդ հարկում, ինչպես նաև՝ գնդակի հետ վարվելու կարողությունը. Տոմորին կարողանում է հարկ եղած դեպքում նույնիսկ անցումներ անել:

Եթե հաշվի առնենք, թե ինչպես է Լեմպարդն աշխատում երիտասարդների հետ ու մշակում նրանց, ապա Տոմորիի համար, գուցե, կարիերան շարունակելու լավագույն տարբերակը «Չելսիում» մնալն է. Լեմպարդը կարող է նրանից հզոր կենտրոնական պաշտպան ստանալ ու հրաշալի կադր տրամադրել նաև Անգլիայի հավաքականին:

  • Տրանսֆերային արժեքը՝ 16 միլիոն եվրո

Ալֆոնսո Դևիս – 19 տարեկան

Մեկ այլ ֆանտաստիկ ֆուտբոլիստ, որին մենք ճանաչեցինք ընթացիկ մրցաշրջանում: «Բավարիան» միլիոններ էր ծախսում պաշտպանների տրանսֆերների վրա՝ չիմանալով, որ լավագույն պաշտպաններից մեկն արդեն իր ձեռքում է: Ալֆոնսո Դևիսը մրցաշրջանի ընթացքում դարձավ մյունխենցիների հիմնական ձախ պաշտպանը՝ Դավիդ Ալաբային ուղարկելով կենտրոն:

Ոչ ոք չէր կարող սպասել, որ Կանադան այսպիսի ֆուտբոլիստ կարող է տալ՝ 19-ամյա իսկական հրթիռ, որ սլանում է ձախ եզրի ողջ երկայնքով. Դևիսն իր անհավանական արագության շնորհիվ մեծ ուժ է հաղորդում «Բավարիայի» եզրային գրոհներին, ու երբ թվում է՝ նա բաց է թողել դիրքը պաշտպանությունում, իր մոտոցիկլով գալիս, հասնում ու խլում է գնդակը մրցակցից: Մոտ մեկ տարի առաջ նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 10-15 միլիոն եվրո, իսկ հիմա՝ 60, թեպետ «Բավարիան» նրան 90 միլիոնով էլ չի վաճառի:

Սերժինյո Դեստ – 19 տարեկան

«Այաքսի» հերթական համեղ պատառը գրանդ ակումբների համար. Մատեյս դե Լիխտից, Ֆրենկի դե Յոնգից ու Հակիմ Զիեշից հետո գալիս է նոր տաղանդը՝ Սերժինյո Դեստը: 19 տարեկանում Դեստը ցուցադրում է հրաշալի ֆուտբոլ, ընդ որում՝ չունենալով առանձնապես մեծ արագություն: Դեստի գլխավոր որակներն են ճիշտ պաշտպանվելը, գնդակը խլելն ու տեխնիկապես զարգացած լինելը. Դեստը կարողանում է անցնել իր մրցակիցներին ու անել դա գեղեցիկ:

Իր կայուն խաղի շնորհիվ Դեստը գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը: Աջ պաշտպանի դիրքն ամենախնդրահարույցներից է այսօր. գրեթե բոլոր գրանդները խնդիրներ են ունենում այդ դիրքում, և Դեստը կարող է լրացնել այդ բացը:

  • Տրանսֆերային արժեք՝ 18 միլիոն եվրո
  • Հավանական գնորդ՝ «Բարսելոնա»

Էդուարդո Կամավինգա – 17 տարեկան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աչքը նորից շրջել է Ֆրանսիայի առաջնությունում ու ֆիքսել մեկ տաղանդի. «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային: Նայելով Կամավինգայի խաղին՝ կտեսնեք, որ Զիդանի աչքը կրկին չի վրիպել հերթական տաղանդից: Կամավինգան մրջյունի նման աշխատում է խաղադաշտում ու հանգիստ չի տալիս մրցակիցներին կենտրոնում: Ֆրանսիացին ամեն ինչ ունի՝ դառնալու առաջիկա 10 տարիների լավագույն հենակետայինն աշխարհում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 38 միլիոն եվրո, սակայն «Ռենն» արդեն հայտնել է, որ 80 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց Կամավինգան չի վաճառվելու:

Սանդրո Տոնալի – 20 տարեկան

Իտալական ֆուտբոլը նույնպես ունի իր ապագա մեծ աստղին: Ա սերիայի 2019/20 խաղարկությունում հայտնվեց «նոր Պիռլոն», այո՜, այն Պիռլոն, որին այդքան կարոտել էր իտալացի երկրպագուն: «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին թե՛ իր արտաքին տեսքով, թե՛ խաղով իսկապես շատ է հիշեցնում Պիռլոյին. 20-ամյա ֆուտբոլիստը ցուցադրում է անհավանական հասուն խաղ, ունի այն էլեգանտ ու ճշգրիտ փոխանցումները, որն ուներ Պիռլոն, ունի նաև փայլուն հարված ու դե իհարկե, տուգանայիններն իրացնելու լավ կարողություն:

Իտալական գրանդները, բնականաբար, արդեն թակել են «Բրեշիայի» դուռը, բայց եվրոպական մյուս երկրներն էլ անտարբեր չեն անցել նրա կողքով. միայն ժամանակի հարց է, թե երբ Տոնալին կխաղա գրանդ ակումբում, ու բնականաբար՝ ոչ թե տրանսֆերային արժեքի դիմաց, այլ՝ «Բրեշիայի» պահանջած գումարի, որ 2-3 անգամ կգերազանցի այդ արժեքը:

  • Տրանսֆերային արժեք՝ 31 միլիոն եվրո
  • Հավանական գնորդներ՝ «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա»

Ֆեդերիկո Վալվերդե – 22 տարեկան

Բոլորովին այլ ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ավելի քիչ չցնցեց բոլորին այս մրցաշրջանում իր ցուցադրած խաղով: 22-ամյա ուրուգվայցին ընդամենը պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակով սկսեց մրցաշրջանը, բայց խաղից խաղ ստացած հնարավորությունները գերազանց օգտագործեց ու աստիճանաբար դարձավ չեմպիոնական «Ռեալի» առանցքային խաղացողներից մեկը. Վալվերդեն անդադար շարժման ու պայքարի մեջ է խաղադաշտի տարբեր հատվածներում, շատ արագ է գնդակով ու առանց գնդակի, ունի լավ հարվածներ ու փոխանցումներ. էլ ի՞նչ է պետք ժամանակակից կիսապաշտպանին:

Վալվերդեն իր խաղով նույնիսկ ստիպեց «Ռեալի» ղեկավարներին մոռանալ Պոլ Պոգբայի մասին: Այսքան կտրուկ աճ Ֆեդեից ոչ ոք չէր սպասում:

  • Տրանսֆերային արժեքը՝ 54 միլիոն եվրո

Մեյսոն Գրինվուդ – 18 տարեկան

Հասանք հարձակման գծին: Այստեղ տարբերակները շատ են, բայց լավագույններից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդն է: Պրեմիեր լիգայի գլխավոր սենսացիաներից մեկի փոխարեն խոսում են նրա ցուցադրած թվերը. Գրինվուդը բոլոր մրցաշարերում միասին այս մրցաշրջանում խփել է 19 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում. համաձայնեք, որ 18-ամյա ֆուտբոլիստի համար փայլուն ցուցանիշ է:

Գրինվուդը նույնպես այնպիսի տվյալներ ունի, որոնց վրա լավ աշխատելու դեպքում կարող է դառնալ լավագույնն իր դիրքում առաջիկա տարիներին. բարձր արագություն, թնդանոթային և արդյունավետ հարվածներ. եթե նույնիսկ «Յունայթեդը» չկարողանա գնել Սանչոյին, ապա կարող է հանգիստ լինել, քանի որ գուցե «նոր Սանչո» ունի «Օլդ Թրաֆորդում»:

  • Տրանսֆերային արժեքը՝ 45 միլիոն եվրո

Անսու Ֆատի – 17 տարեկան 

Մրցաշրջանի առաջին իսկ ամսից Իսպանիայում թնդում է մեկ անուն՝ Անսու Ֆատի: 2019-ին, երբ Ֆատին դեռ 16 տարեկան էր, նորամուտը նշեց «Բարսելոնայում», բայց դա հերթական նորամուտներից չէր. Ֆատին տպավորեց երկրպագուներին իր առաջին իսկ խաղից: Համարձակ, ճիշտ որոշումներ կայացնող, կտրուկ ու արդյունավետ այս ֆուտբոլիստը հրավիրվեց նաև Իսպանիայի երիտասարդական հավաքական, իսկ այն, որ «Բարսելոնան»՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկն իր հույսը երբեմն դնում էր 16-17-ամյա այս ֆուտբոլիստի վրա՝ առավել քան խոսուն փաստ է:

Ֆատիի տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո է՝ ըստ Transfermarkt-ի, սակայն դա ծիծաղելի թիվ է այն գումարի դիմաց, որ «Բարսելոնան» կպահանջի Ֆատիի համար. իսպանական մամուլը խոսում է հարյուրավոր միլիոնների մասին: Կատալոնիայում գիտեն, որ Ֆատին «Լա Մասիայի» տված լավագույն կադրն է վերջին մի քանի տարիներին:

Էրլինգ Հալանդ – 20 տարեկան

Ո՞վ գիտեր Էրլինգ Հալանդի մասին ուղիղ մեկ տարի առաջ. գրեթե ոչ ոք: Ո՞վ գիտի Հալանդի մասին հիմա. գրեթե բոլորը: Հալանդի մուտքը ֆուտբոլ ստացվեց անսպասելի, արագ ու շռնդալից: Այն ժամանակ դեռ 19-ամյա նորվեգացին Չեմպիոնների լիգայում նորամուտը նշեց հեթ-տրիկով, շարունակեց գոլեր խփել. շատերն ասում էին, որ նա խաղում է ընդամենը Ավստրիայի առաջնությունում, շատերն էլ ասում էին, որ նրա գոլերը պատահական են կամ «հեշտ գոլեր են»: Բայց Հալանդն արդեն հունվարին տեղափոխվեց «Բորուսիա», ինչպես 12 տարեկան վիրտուոզ երեխաներն են սովորում, օրինակ, 10-րդ դասարանում: Գրանդ ակումբում խաղալով Հալանդի կյանքում ոչինչ չփոխվեց. Դորտմունդում նա նույնպես նորամուտը նշեց հեթ-տրիկով, իսկ հետո կրկին դուբլներ, գոլեր… նորվեգացին ապացուցեց, որ առաջիկա տարիների գլխավոր գոլահարներից է լինելու և որ ոչինչ պատահական չէ:

Արդեն ակնհայտ է, որ Հալանդի համար «Բորուսիան» «միջանցիկ» ակումբ է, որ Դորտմունդում Հալանդը պարզապես պատրաստվում է թռիչքին՝ դեպի ավելի հզոր ակումբ, սակայն «Բորուսիան» լավագույն ակումբն է՝ թռիչքից առաջ բավարար փորձ ձեռք բերելու համար:

  • Հավանական գնորդներ՝ «Ռեալ», «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս»
  • Տրանսֆերային արժեքը՝ 72 միլիոն եվրո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» առաջին գոլը Լա լիգայի 2020-21 մրցաշրջանում խփեց Ֆեդե Վալվերդեն (տեսանյութ)

«Ռեալը» ծրագրում է 3 թոփ տրանսֆեր իրականացնել 2021-ին

Մբապեն փորձել է համոզել Ֆրանսիայի հավաքականի 2 ֆուտբոլիստի տեղափոխվել ՊՍԺ

Պաշտոնական․ Սանդրո Տոնալին վարձավճարով տեղափոխվեց «Միլան»

Հալանդի հրաշալի գոլը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Տոնալին վարձավճարով կխաղա իտալական ակումբում

2 աստղի կորոնավիրուսի թեստը դրական է. Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

«Ո՛չ, շնորհակալություն». Բարտոմեուն տարօրինակ պատճառով հրաժարվել է գնել Դևիսին

Դևիս. «Ցանկանում էի Մեսիի հետ փոխանակվել մարզաշապիկներով, բայց նա մի փոքր տխուր էր»

«Աչքերս ուրախությամբ է լցվում՝ քո խաղը դիտելիս». Մարսելոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստին

«Նա կվնասազերծի Մեսիին». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը

Էրլինգ Հալանդ. «Երբեք նման տաղանդավոր 15 տարեկան ֆուտբոլիստ չեմ տեսել»

«Էլի «Յուվեն», փայլուն «Լացիոն», գոլահար Բերգամոն ու մեռած ՍՊԱԼ-ը». Ամփոփում ենք Ա սերիայի 19/20 մրցաշրջանը

Ալֆոնսո Դևիս և Ջորջին. Ամենաիդեալական զույգը ֆուտբոլում (տեսանյութ)

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին