2020 թվականի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

2020 թվականի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Նույնիսկ կորոնավիրուսը, մարդկային կորուստները, արհավիրքներն ու այլ խոչընդոտներն անզոր էին ֆուտբոլի դեմ. ֆուտբոլը որոշակի դադարից հետո վերադարձավ, հիմնականում ավարտին հասցվեցին եվրոպական թոփ առաջնություններն ու եվրագավաթային մրցաշարերը: Ֆուտբոլային աստղերը կարողացան ցույց տալ իրենց լավագույն որակները, խփել նորանոր ռեկորդներ ու հասնել անհատական/թիմային նվաճումների:

VNews-ը ներկայացնում է իր վարկածով 2020 թվականի խորհրդանշական հավաքականը՝ թիմում ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, որոնք, գուցե, անցկացրին իրենց կարիերայի լավագույն տարին. տարվա թիմում այս անգամ չկան Ռոնալդուն ու Մեսին. «այլմոլորակայինների» համար ավարտվող տարին լավագույնը չէր, մենք էլ որոշեցինք այս տարի «հանգիստ տալ» նրանց խորհրդանշական հավաքականներից:

Մանուել Նոյեր

Այն եզակի անուններից մեկը, որն ընտրելու շուրջ խմբագրությունում որևէ տարակարծություն չի եղել՝ Մանուել Նոյերինն է: Բոլորս միաձայն ընդունում ենք, որ 2020 թվականի լավագույն դարպասապահը մեծ տարբերությամբ հենց գերմանացին է: «Բավարիայի» հետ իր առաջին տրեբլը նվաճելուց (2013 թ.) և Գերմանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոն դառնալուց (2014 թ.) հետո այսպիսի հզոր Նոյեր մենք չէինք տեսել: «Բավարիայի» հետ կրկին տրեբլ, Գերմանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, և կրկին այն նույն ազդեցությունը թիմի հաջողություններում, ինչպես նախկինում. ասում են՝ լավ դարպասապահը թիմի կեսն է: Այս դեպքում կարող ենք ասել, որ Նոյերը «Բավարիայի» 60 տոկոսն է. առանց նրա ֆանտաստիկ սեյվերի, ճիշտ դիրք ընդունելու և ճիշտ ժամանակին պաշտպաններին օգնելու՝ մյունխենցիների համար դժվար էր լինելու այսքան մեծ հաջողություններ գրանցել:

Մարկինյոս

«Մարկինյոսը «Ոսկե գնդակի» է արժանի. զարմանում եմ՝ ինչպե՞ս նա չի հայտնվել The Best-ի խորհրդանշական հավաքականում», – վերջերս ասել էր ՊՍԺ-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: «Ոսկե գնդակի» մասով գերմանացին չափազանցրել է, բայց այ տարվա թիմում մենք Տուխելի «խնդրանքը», ի տարբերություն ՖԻՖԱ-ի, կատարել ենք: Իսկապես որ, Մարկինյոսն անցկացրեց իր կարիերայի լավագույն տարին՝ վերջապես ձեռք բերելով իրենից ակնկալվող խաղային հասունությունը և կայունությունը, որն այդքան անհրաժեշտ է կենտրոնական պաշտպանին: Բացի դա, Մարկինյոսը բավական շատ է տեղաշարժվում խաղադաշտում՝ օգնելով հենակետայիններին, ցուցաբերում է առաջատարի հատկանիշներ՝ հատկապես Տիագո Սիլվայի հեռանալուց հետո, իսկ Չեմպիոնների լիգայի վճռորոշ՝ կիսաեզրափակիչ փուլում կարողացավ նաև կարևոր գոլ խփել ու իր ակումբին օգնել պատմության մեջ առաջին անգամ հասնել ՉԼ եզրափակիչ:

Սերխիո Ռամոս

Սերխիո Ռամոսը նույնպես վերածնվեց այս տարի: «Ռեալի»՝ Իսպանիայի չեմպիոնության հարցում ամենամեծ ներդրումներից մեկն ունեցավ թիմի ավագը: 35-ամյա պաշտպանն անհավանական վստահ խաղ ցուցադրեց պաշտպանությունում՝ պահպանելով հիասքանչ ֆիզիկական մարզավիճակ. ծերուկը կարողանում էր արագությամբ հասնել իրենից մի քանի տարով ավելի երիտասարդ հարձակվողներին: Ռամոսը նաև իր բարձրության վրա էր որպես ավագ՝ կարևոր պահերին իր հետևից առաջ տանելով թիմին. առանց նրա «Ռեալը» այլ տեսք ունի:

Դավիդ Ալաբա

Դավիդ Ալաբան ոչ թե վերածնվեց, այլ վերարտադրվեց՝ ներկայանալով նորովի՝ նոր դիրքում՝ պաշտպանության կենտրոնում: Ալֆոնսո Դևիսի հայտնվելուց հետո շատերը շտապեցին Ալաբային ուղարկել թոշակի, սակայն ավստրիացին գերազանց խաղով կարողացավ հաստատվել մեկնարկային կազմում, այս անգամ՝ կենտրոնում: Ալաբան մեկ տարվա ընթացքում դարձավ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը. նա հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, ու նրան գնելու համար գրանդ ակումբներն արդեն հերթագրվել են:

Ջոշուա Կիմիխ

«Բավարիայի» մեկ այլ ֆուտբոլիստ, որ շատ մեծ տպավորություն է թողնում ու հիացնում բոլորին՝ Ջոշուա Կիմիխն է: Այս ֆուտբոլիստը վերջին տարիներին անդադար աճ է գրանցում, տարեցտարի ավելի բազմակողմանի դառնում, իսկ 2020-ին նա դարձավ շատ կայացած ֆուտբոլիստ: Չնայած երիտասարդ տարիքին (25 տարեկան) նա արդեն մեծ փորձ ունի, կարողանում է մեծ հաջողությամբ խաղալ դաշտի կենտրոնում՝ հենակետայինի գոտում, հարձակվելիս նա շատ է օգնում ճիշտ փոխանցումներով ու ասիստներով, երբեմն վերադառնում է «ակունքներին»՝ խաղալով պաշտպանության աջ եզրում: Կիմիխը պատվով է կրում «նոր Ֆիլիպ Լամի» կարգավիճակը. առանց նրա այս «Բավարիան» հնարավոր չէ պատկերացնել:

Կևին դե Բրույնե

Կևին դե Բրույնեն 2020-ին ամենամեծ թռիչքը կատարեց ֆուտբոլային առումով՝ բարձրանալով նոր խաղամակարդակի վրա: Այս տարի վնասվածքները համեմատաբար քիչ խանգարեցին բելգիացուն, ու նա կարողացավ իր ողջ ներուժը ցույց տալ՝ դառնալով Պեպ Գվարդիոլայի թիմի ուղեղը: Կարելի է ասել՝ «Սիթիի» ամբողջ տեղաշարժն ու գնդակի վերահսկումը դե Բրույնեի ձեռքում է. տոտալ կիսապաշտպանի իսկական օրինակ, որը կարողացավ կրկնել Տիերի Անրիի՝ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում 20 գոլային փոխանցում կատարելու ռեկորդը:

Բրունու Ֆերնանդեշ

Բրունու Ֆերնանդեշին, ավելի ճիշտ՝ նրա տրանսֆերը կարելի է համարել այս տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձություններից մեկը: Նրա տրանսֆերից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» համար նոր փուլ սկսեց. նա փոխեց թիմի խաղն ու նոր երանգներ հաղորդեց նրան: Պորտուգալացին «Յունայթեդին» օգնեց փոխել մրցաշրջանի ճակատագիրը՝ մտնելով լավագույն քառյակ, դարձավ թիմի ընդգծված առաջատարն ու օգնեց նաև մյուս խաղընկերներին ավելի լավ հանդես գալ: «Մանչեսթեր Յունայթեդը» Բրունուից առաջ ու հետո տարբեր թիմեր են:

Սերժ Գնաբրի

Գնաբրին այս տարվա ամենաանսպասելի հայտնություններից մեկը դարձավ: Ոչ ոք չէր սպասում, որ 25-ամյա ֆուտբոլիստը ոչ միայն կհաստատվի Ֆլիկի թիմի հիմնական կազմում, այլ նաև կդառնա հիմնական հարվածային ուժերից մեկը: Գնաբրին իր փայլուն տվյալներով (բարձր արագություն, փայլուն հարվածներ աջ ու ձախ ոտքով) շատ օգնեց «Բավարիային» հատկապես Չեմպիոնների լիգայում. գերազանց խաղ «Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» դեմ (2 գոլ, 1 գոլային փոխանցում), ևս մեկ գոլ «Բարսելոնային» ու «Լիոնի» դեմ դուբլ կիսաեզրափակիչում: Գնաբրին շարունակեց իր արդյունավետ ելույթները նաև 2020/21 մրցաշրջանում՝ դառնալով աշխարհի լավագույն եզրային հարձակվողներից մեկը:

Տոմաս Մյուլեր

Մյուլերը, ինչպես Նոյերը, վերածննունդի տարի ունեցավ: 2019-ին՝ Կովաչի օրոք, գերմանացին իրեն սպառված էր զգում, երբեմն խաղում էր ոչ իր համար նախընտրելի դիրքում, դադարեց հրավիրվել հավաքական. նա նույնիսկ լրջորեն դիտարկում էր «Բավարիայից» հեռանալու տարբերակը: Բայց եկավ Ֆլիկն ու Մյուլերի խաղն աստիճանաբար փոխվեց. նա դարձավ լավագույն ժամանակների ֆուտբոլիստը, որի պակասն այդքան զգում էր «Բավարիան»: Խաղալով Լևանդովսկու թիկունքում, երբեմն՝ եզրերում, նա կարողացավ առավելագույն օգուտ տալ թիմին՝ խփելով գոլեր, օգտագործելով իր խաղային ինտելեկտն ու կատարել ասիստներ, շատ ասիստներ. նա Բունդեսլիգայում գոլային փոխանցումների նոր ռեկորդ սահմանեց՝ մեկ մրցաշրջանում կատարելով 20 ասիստ:

Էրլինգ Հալանդ

Չենք հեռանում Բունդեսլիգայից, բայց տեղափոխվում ենք Դորտմունդ: Էրլինգ Հալանդի՝ «Բորուսիա» տեղափոխությունը նույնպես տարվա իրադարձություններից էր: Առաջարկներ ունենալով մի շարք գրանդ ակումբներից, Հալանդը կայացրեց ճիշտ որոշում ու տեղափոխվեց ակումբ, որտեղ կկարողանար հրթիռային արագությամբ շարունակել իր զարգացումը. Դորտմունդում Հալանդը շարունակեց իր «կենդանական» արդյունավետությունը. արդեն նորամուտի խաղում նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ 2020-ին նա 32 խաղում խփել է 33 գոլ: Դեկտեմբերին Հալանդը նվաճեց Golden Boy մրցանակը՝ դառնալով տարվա լավագույն Մ21 խաղացողը: Հալանդն այս պահին ոչ միայն ապագայի թոփ հարձակվողներից է, այլ նաև՝ ներկա լավագույն մարդասպաններից մեկն աշխարհում:

Ռոբերտ Լևանդովսկի

Եվ վերջապես հասանք տարվա ֆուտբոլիստին՝ The Best-ին: Լևանդովսկին երազանքների տարի անցկացրեց՝ արդյունավետությունը հասցնելով իր գագաթնակետին: Լեհ գոլահարին այդպես էլ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել. նա հաղթեց բոլոր մրցաշարերում, ու դարձավ բոլոր մրցաշարերի լավագույն ռմբարկուն՝ առանձին-առանձին: Լևանդովսկու խաղն այս տարի մեկնաբանելու կարիք անգամ չկա, մնում է միայն ափսոսալ, որ նա չստացավ նաև «Ոսկե գնդակը»՝ France Football-ի վիճահարույց որոշման պատճառով:

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տասնամյակի լավագույն դարպասապահները՝ ըստ IFFHS-ի

Ազարը ճանաչվել է Բելգիայի պատմության գլխավոր կուռք

Անգլիական գրանդը հրաժարվեց Ալաբայի տրանսֆերից

Ռայոլան Հալանդի համար նոր ակումբ է ընտրել

Լևանդովսկի. «Կլոպը «Բորուսիայում» ինձ համար «վատ» ուսուցիչ էր»

Ռոնալդուն՝ 21-րդ դարում ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու․ Մեսին շատ մոտ է

IFFHS․ Մեսին մեծ առավելությամբ տասամյակի լավագույն փլեյմեյքերն է 

Առանց Մեսիի և Ռոնալդուի․ Շվայնշտայգերը կազմել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը

Մխիթարյանն ու ևս 3 աստղեր․ Թոփ-5 լիգաներում 4 ֆուտբոլիստներ են կատարել 8 և ավելի գոլային փոխանցում

Հեռահար հարվածներով ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստները․ վերջին 7 տարվա ցուցանիշներ (նկար)

Լևանդովսկին կրկնեց Գերդ Մյուլերի ռեկորդը

Մանուել Նոյերը՝ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ

Բելգիայի հավաքականի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

3 սուպերաստղ. ՊՍԺ-ն մտադիր է պայթեցնել ամառային տրանսֆերային պատուհանը

Զիդանը խոսել է Ռամոսի պայմանագրի շուրջ առաջացած իրավիճակի մասին

«Ես ամեն ինչով նրան եմ պարտական». Ջովանի Ռեյնայի կյանքի հուզիչ պատմությունը