fbpx

«Փյունիկը» գլխավորած 2-րդ արտասահմանցին, ով միաժամանակ չի մարզի Հայաստանի հավաքականը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» ղեկը ստանձնել է ռուսաստանցի Անդրեյ Տալալաևը, ով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Արմեն Գյուլբուդաղյանցին:

Հիշեցնենք, որ հենց Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ էին փյունիկցիները 2017թ. ամռանը մասնակցել Եվրոպա լիգայի մրցաշարին, ինչպես նաև անցկացրել էին 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրի «Բանանցի» հետ հանդիպումը, որում գրանցվել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2:

Կարճ ժամանակահատված իր տեղը զիջելով ռուսաստանցի Ալեքսեյ Երյոմենկոյին՝ Արմեն Գյուլբուդաղյանցն առաջնության 12-րդ տուրից կրկին ստանձնել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա օրոք անցկացրած 19 հանդիպումներում թիմը վաստակեց 26 միավոր (+7=5-7, 28-26), ինչը հնարավոր միավորների 45,6 տոկոսն է:

Արմեն Գյուլբուդաղյանցն առաջին անգամ «Փյունիկը» գլխավորել է 2007թ. մայիսի սկզբին՝ առաջնության 3-րդ տուրից հետո փոխարինելով Սամվել Պետրոսյանին, ով թիմին նախորդ մրցաշրջանում չեմպիոնի կոչմանն էր արժանացրել: Գյուլբուդաղյանցն էլ կրկնեց թիմի չեմպիոնական հաջողությունը, նաև նրա օրոք «Փյունիկը» հերթական անգամ դարձավ սուպերգավաթակիր: Հաջորդ առաջնության 11-րդ տուրից հետո Գյուլբուդաղյանցն իր տեղը զիջեց Վարդան Մինասյանին:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկի» օտարերկրացի 5-րդ մարզիչն է: Հետաքրքիր է, որ, բացի Ալեքսեյ Երյոմենկոյից, թիմի օտարերկրացի նախկին 3 մարզիչներն էլ միաժամանակ նաև գլխավորել են Հայաստանի ազգային հավաքականը:

Առաջինն արգենտինացի Օսկար Լոպեսն էր, որի օրոք «Փյունիկը» 2002թ. յուրօրինակ հեթ-տրիքի հեղինակ դարձավ՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Նրա գլխավորությամբ «Փյունիկն» առաջնությունում վաստակեց հնարավոր միավորների 88,8 տոկոսը, որը լավագույն արդյունքն է թիմը մարզած մարզիչների մեջ:

Հաջորդ մրցաշրջանում Օսկար Լոպեսից «Փյունիկի» ղեկը ստանձնած ռումինացի Միխայ Ստոյկիցան թիմին չեմպիոնական հերթական բարձունքին հասցրեց: Նա թիմից հեռացավ հաջորդ առաջնության 8-րդ տուրից հետո՝ հունիսի կեսին, մինչ այդ հասցնելով «Փյունիկի» հետ նվաճել ՀՀ գավաթն ու Սուպերգավաթը: Ստոյկիցան «Փյունիկի» միակ մարզիչն է, որի օրոք անցկացրած առաջնության 36 հանդիպումներում թիմն այդպես էլ պարտություն չկրեց:

2005թ. առաջնության 6-րդ տուրից հետո «Փյունիկը» գլխավորած հոլանդացի Հենկ Վիսմանի օրոք էլ փյունիկցիները հերթական չեմպիոնությունը գրանցեցին:

1992թ., երբ կազմավորվեց «Փյունիկը», որն այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը, թիմի գլխավոր մարզիչը հայկական ֆուտբոլի վառ անհատականություններից մեկն էր` Խորեն Հովհաննիսյանը, ով միաժամանակ իր սաների հետ խաղադաշտ էր դուրս գալիս ու հաջողությամբ եզրափակում էր խաղընկերների կազմակերպած գրոհները:

Ազգային անդրանիկ առաջնությունում 37-ամյա Հովհաննիսյանը 17 գոլի հեղինակ դարձավ: Նրա գլխավորությամբ ՀՄԸՄ-ը նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, հասավ ՀՀ գավաթի եզրափակիչ, որտեղ 0-2 հաշվով զիջեց «Բանանցին»:

1993թ. ամռանը Հովհաննիսյանը մեկնեց Լիբանան` ստանձնելով Բեյրութի ՀՄԸՄ-ի խաղացող-մարզչի պաշտոնը: Նրա փոխարեն Երևանի ՀՄԸՄ-ում գլխավոր մարզչի պարտականությունները կատարեց Հովհաննիսյանի օգնականը` Գևորգ Պապյանը: Հաջորդ մրցաշրջանում թիմի ղեկը վստահվեց Լևոն Յաբլուկյանին:

1995թ. ամռանը վերադառնալով Հայաստան՝ Խորեն Հովհաննիսյանը կրկին ստանձնեց իր հարազատ թիմի ղեկը, որը վերանվանվել էր «Փյունիկ»: Նրա օրոք փյունիկցիները 2 անգամ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, դարձան հանրապետության գավաթակիր ու սուպերգավաթակիր: Հովհաննիսյանը «Փյունիկը» գլխավորեց մինչև 1998թ. առաջնության ավարտը, որից հետո թիմը լուծարվեց:

Իսկ առավել երկար «Փյունիկը» գլխավորել է Վարդան Մինասյանը, ով մարզիչներից առավել հաջող գործունեություն է ծավալել հարազատ ակումբում: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 4-ական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսները, 2 անգամ դարձել է ՀՀ գավաթակիր:

Վարդան Մինասյանն առաջին անգամ «Փյունիկի» ղեկը ստանձնել էր 2004թ. առաջնության 8-րդ տուրից հետո, երբ Միխայ Ստոյկիցան հեռացել էր թիմից: Մինչ այդ նա ռումինացի մարզչի օգնականն էր: Մինասյանի նորամուտը շատ տպավորիչ ստացվեց: Նրա գլխավորությամբ փյունիկցիները 16 անընդմեջ հաղթանակ տոնեցին: Մարզչական կարիերայում այդ տարի Մինասյանը չեմպիոնական առաջին բարձունքը նվաճեց: Մինչև հաջորդ մրցաշրջանի 6-րդ տուրից հետո «Փյունիկի» ղեկը հոլանդացի Հենկ Վիսմանին հանձնելը, Վարդան Մինասյանն իր սաների հետ նվաճեց նաև Սուպերգավաթը:

VNews.am-ը ներկայացնում է «Փյունիկը» գլխավորած մարզիչների ցուցանիշները:

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ % Թվական
1.Վարդան Մինասյան 133 90 26 17 295-104 296 74,1 2004-2005, 2008-2011, 2012
2.Խորեն Հովհաննիսյան 128 86 16 26 336-158 274 71,3 1992-1993, 1995/96-1998
3.Սարգիս Հովսեփյան 68 34 16 18 115-66 118 57,8 2013/14-2015/16
4.Արմեն Գյուլբուդաղյանց 55 27 11 17 88-53 92 55,7 2007-2008, 2017/18
5.Լևոն Յաբլուկյան 39 29 5 5 150-34 92 78,6 1994-1995, 2001
6.Միխայ Ստոյկիցա 36 28 8 0 106-20 92 85,1 2003-2004
7.Սամվել Պետրոսյան 31 26 4 1 94-24 82 88,1 2006-2007
8.Արտակ Օսեյան 30 12 9 9 35-27 45 50 2016/17
9.Սուրեն Չախալյան 28 12 4 12 45-37 40 47,16 2012/13, 2017/18
10.Ռաֆայել Նազարյան 22 9 7 6 35-22 34 51,5 2012/13-2013/14
11.Օսկար Լոպես 21 18 2 1 82-14 56 88,8 2002
12.Սամվել Դարբինյան 20 15 2 3 68-23 47 78,3 2001
13.Հենկ Վիսման 20 11 6 3 36-13 39 65 2005
14.Գևորգ Պապյան 19 14 3 2 57-15 45 78,9 1993
15.Ալեքսեյ Երյոմենկո 9 1 3 5 6-15 6 22,2 2017/18
16.Վարազդատ Ավետիսյան 2 0 0 2 1-4 0 0 2013/14

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 12-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Փյունիկը» հումորով է պատասխանել ՀՖՖ հայտարարությանը

«Արարատի» հակառեկորդը և Խաշմանյանի «չսիրելի» մրցակիցը, Նենադովիչն էլ հավասարվեց Հեբերին

Վարդան Մինասյանի և Անդրեյ Տալալաևի մեկնաբանություններն «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» խաղից հետո (տեսանյութ)

«Փյունիկը» չի կարողանում հաղթանակ տոնել առաջնության 3-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Պավել Մանուկյան․ «Ուզում եմ տեսնել Գևորգ Ղազարյանին և ճակատը համբուրել» (տեսանյութ)

Վարդան Մինասյանը նշել է՝ ինչն է ազդել Հայաստանի հավաքականից հեռանալու որոշման վրա

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Սա աբսուրդ է»․ Ռաֆայել Նազարյանը՝ նախկին «Միկա» ստադիոնի խոտածածկի վիճակի մասին (տեսանյութ)

Ռոման Բերեզովսկի. «Առաջին րոպեներից ցլին կոտոշներից չբռնեցինք»

«Արցախ» – «Լոռի»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Մխիթարյանը, Մբապեն և Մեսին՝ Եվրոպայի հարձակողական ոճի լավագույն ֆուտբոլիստների թվում

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

Ատելությունից սեր՝ մեկ քայլ, բայց սա միայն ֆուտբոլիստների հաղթանակը չէր