fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը»՝ միանձնյա առաջատար

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VivaroNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ սկսում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Հաղթանակ Ռոստովում 10 տարի անց

ԲՄԱ Դոնի Ռոստով – «Արարատ»՝  0-2 (0-1)

Դոնի Ռոստով, 24 հունիսի, ԲՄԱ մարզադաշտ, 16 հազար հանդիսական:

Մրցավար՝ Վլադիմիր Ռուդնև (Մոսկվա):

ԲՄԱ – Ալեքսանդր Բոյչենկո – 2, Եվգենի Ալեքսանդրով – 3, Մալխազ Շերգելաշվիլի – 2, Անատոլի Մոգիլնի – 3, Յուրի Չուրկին – 4, Վիկտոր Բոնդարենկո – 4, Գենադի Անտոնով – 2, Ալեքսեյ Եսկով – 3, Ալեքսանդր Պլեշակով – 3 (Նիկոլայ Իվանով, 74 – ա/գ), Վիկտոր Չուրկին – 3, Վիտալի Ցիբին – 2:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Սերգեյ Պողոսյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5, Լևոն Իշտոյան – 5, Էդուարդ Մարգարով – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 3 (Նազար Պետրոսյան, 63 – ա/գ):

Գոլերը՝ Իշտոյան 2՛,  Զանազանյան 60՛:

Զգուշացվեց Ղազարյանը:

Թբիլիսիում հետխաղյա 11մ հարվածաշարում առաջին անգամ պարտություն կրելուց հետո «Արարատն» առաջնության 13-րդ տուրում հյուրընկալվեց Դոնի Ռոստովի ԲՄԱ-ին, որը 12 խաղում վաստակած 6 միավորով ընթանում էր մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ տեղում:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Առաջին պարտությունը 11մ հարվածաշարում

Հարկ է նշել, որ նախորդ 7 մրցաշրջաններում արարատցիներին ոչ մի կերպ չէր հաջողվել Ռոստովում հաղթանակ տոնել՝  կրելով 4 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը Ռոստովում «Արարատը» տոնել էր իր անվանափոխության տարում՝ 1963թ. Սարգիս Հովիվյանի խփած միակ գոլի շնորհիվ: Եվ ահա 10 տարի անց «Արարատը» հյուրընկալվելիս անչափ կարևոր հաղթանակ տոնեց ԲՄԱ-ի նկատմամբ, որի շնորհիվ մրցաշրջան-73-ում առաջին անգամ ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Բանակային ֆուտբոլիստներն իրենց ողջ ուժերը ներդրեցին հաջողության հասնելու և մրցաշարային վիճակը մի փոքր բարելավելու համար, սակայն արարատցիները խաղային բոլոր առումներով գերազանցեցին մրցակցին:

«Արարատի» ավագ մարզիչ Նիկիտա Սիմոնյանն իր սաներին ցուցում էր տվել հիմնականում գրոհները զարգացնել եզրերով: Եվ արարատցիների եզրային առաջին իսկ գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ:

Հանդիպման 2-րդ րոպեին Գևորգյանը գնդակն արագորեն խաղարկելով Պողոսյանի հետ, աջ եզրով առաջ սլացավ ու փոխանցում կատարեց տուգանային հրապարակ: Բոյչենկոն չկարողացավ որսալ գնդակը և վրա հասած Իշտոյանը, ով խաղից-խաղ աստիճանաբար լավ մարզավիճակ էր ձեռք բերում, բացեց հաշիվը:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը

Հաջողությունից ոգևորված, արարատցիները շարունակում էին գրոհներ ձեռնարկել եզրերով, որտեղ իր ակտիվ խաղով և անզուգական խաբքերով հատկապես աչքի էր ընկնում Իշտոյանը: Սակայն մինչև առաջին խաղակեսի ավարտը հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել չհաջողվեց: Դաշտի տերերն էլ փորձում էին վերականգնել հավասարակշռությունը, բայց «Արարատի» պաշտպաններն ու դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը հիանալի համագործակցությամբ ի չիք էին դարձնում մրցակցի բոլոր սպառնալիքները:

Հովհաննես Զանազանյանը՝ «100 լավագույն ռմբարկուների» ցանկում

Ընդմիջումից հետո «Արարատը» լիովին տիրեց նախաձեռնությանը և իր կամքն էր թելադրում մրցակցին: Հատկապես ակտիվ էին գործում կիսապաշտպանները: Բոնդարենկոն ամբողջովին մեկուսացրել էր ԲՄԱ-ի ավագ Եսկովին, իսկ Պողոսյանն ու Զանազանյանը մշտապես գնդակներ էին մատակարարում առջևի գծի խաղացողներին:

Շուտով արարատցիներին հաջողվեց առավելությունը վերածել գոլի: 60-րդ րոպեին դաշտի կենտրոնական հատվածից Մարգարովն ու Ղազարյանը մեկ հպումով փոխանցումներով հասան մրցակցի տուգանային հրապարակ: Մարգարովի հարվածից հետո գնդակը դիպչելով մրցակցի պաշտպանին, հետ մղվեց, իսկ Զանազանյանը մոտ 17 մետրից իրեն հատուկ շեշտակի հարվածով խոցեց Բոյչենկոյի պաշտպանած դարպասը:

Այդ գոլը հիշարժան էր «Արարատի» ավագի համար: Զանազանյանը 47-րդ գոլը խփեց և ընդգրկվեց ԽՍՀՄ առաջնությունների «100 լավագույն ռմբարկուների» ցանկում: Նա դարձավ «Արարատի»  3-րդ ներկայացուցիչը ռմբարկուների պատվավոր ընտանիքում:

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Առաջին հաղթանակը Բաքվում

Մինչ այդ Էդուարդ Մարգարովը 108 գնդակով եզրափակում էր լավագույն տասնյակը, իսկ Նիկոլայ Ղազարյանը 48 գոլով 95-րդ հորիզոնականում էր: Վերջինս «100 լավագույն ռմբարկուների» ցանկում ընդգրկվել էր առաջնության 9-րդ տուրում, մայիսի 27-ին Ալմա Աթայում «Կայրաթի» հետ մրցավեճում ձևակերպած դուբլի շնորհիվ:

Հաղթանակի շնորհիվ «Արարատը» 16 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հետաքրքիր զուգադիպությամբ մինչ այդ «Արարատի» հետ առաջատարների խմբում գտնվող 3 թիմերն էլ 13-րդ տուրում անհաջողության մատնվեցին և արարատցիները 2 միավորով առաջ անցան նրանցից:

Երկրի չեմպիոն «Զարյան» սեփական հարկի տակ 11մ հարվածներով զիջեց «Զենիթին», ԲԿՄԱ-ն ու «Շախտյորն» էլ պարտվեցին համապատասխանաբար Մոսկվայի և Թբիլիսիի դինամոյականներին: Արդյունքում 5 թիմեր 14-ական միավորով «Արարատին» հետապնդողների թվում էին: Այնպես որ մրցակցությունը գնալով ավելի սուր ու անզիջում բնույթ էր ընդունում:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

Արմեն Սարգսյանը իրականացրել է փոքրիկ Մանվելի երազանքն (լուսանկարներ, տեսանյութ)

Մխիթարյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և մարզաշապիկ նվիրել (լուսանկար)

Փաշիկ Ալավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց