Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել - VNews
Բաժիններ

Խելահեղ մարզավիճակում գտնվող Մարկոս Պիզելին նոր նվաճման է հասել

Մինչ ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղերն են, Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հրաշքներ է գործում Ղազախստանի ընթացող առաջնությունում՝ աչքի ընկնելով աննախադեպ բարձր արդյունավետությամբ:

Հուլիսի 1-ին կայացած առաջնության 16-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորի» հետ խաղում էլ Մարկոսն իրեն գերազանց դրսևորեց՝ դառնալով մրցակցի դարպասը խփած իր թիմի 2 գեղեցիկ գոլերի հեղինակը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում՝ հունիսի 23-ին «Տոբոլի» հետ խաղում Մարկոսը դարձել էր հեթ-տրիքի հեղինակ:

Ի դեպ, «Տոբոլի» հետ հանդիպումը պաշտոնական մրցումներում Մարկոսի հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Դրանցից 128-ը բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է ՀՀ առաջնություններում «Արարատի» և «Փյունիկի» կազմում, 13-ը՝ ՀՀ գավաթի, մեկը՝ Հայաստանի Սուպերգավաթի, 8-ը՝ հայկական ակումբների կազմում եվրոգավաթների մրցաշարերում, 62-ը՝ ՀՀ ազգային հավաքականում, 161-ը՝ արտերկրի առաջնություններում, 20-ը՝ այդ երկրների գավաթի մրցաշարերում, 7 անգամ էլ «Ակտոբեի» կազմում մասնակցել է եվրոգավաթների հանդիպումներին:

Այսպիսով, «Ակտոբեում» անցկացրած 12 հանդիպումներում խփած 11 գնդակով Մարկոսը ներկայումս գլխավորում է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Նա 3 գնդակով գերազանցում է իրեն հետապնդող Պատրիկ Տվումասին («Աստանա») և Հաբիբ Էսեոլային («Ակժայիկ»):

Նշենք նաև, որ առաջնության վերջին 5 հանդիպումներում Մարկոսը խաղադաշտից առանց գոլի չի հեռացել՝ իր օգտին գրանցելով 9 գնդակ: Հարկ է նշել, որ Մարկոս Պիզելիի ներկայիս արդյունքը լավագույնն է արտերկրում հանդես գալիս: Մինչև ընթացիկ մրցաշրջանը նա առավել արդյունավետ էր գործել 2014թ. «Ակտոբեի» կազմում՝ առաջնության 28 հանդիպումներում դառնալով 8 գոլի հեղինակ:

Իսկ ահա Մարկոսի արդյունավետության բացարձակ ռեկորդը գրանցվել է 2007թ. «Արարատում» խաղալիս, երբ առաջնության 26 հանդիպումներում 22 գոլ էր խփել ու ճանաչվել էր մրցաշարի լավագույն ռմբարկու:

Ի դեպ, նշենք, որ ընդամենը 5 լրիվ մրցաշրջան անցկացնելով Հայաստանում` Մարկոսն «Արարատի» և «Փյունիկի» կազմերում ՀՀ առաջնություններում 75 գոլ է խփել՝ ցույց տալով լավագույն արդյունքն այլազգի ֆուտբոլիստների շրջանում:

Կարագանդայի «Շախտյորի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ` Մարկոս Պիզելին պաշտոնական մրցումներում խփած իր գոլերի քանակը հասցրեց 146-ի և ընդգրկվեց անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների լավագույն տասնյակում:

Ինչպես արդեն վերը նշեցինք, գոլերից 75-ը Մարկոսը խփել է «Արարատում» և «Փյունիկում» ՀՀ առաջնություններում: Բացի այդ, բրազիլացի ֆուտբոլիստը 8 անգամ աչքի է ընկել Հայաստանի գավաթի հանդիպումներում, մեկ գնդակ է խփել Հայաստանի Սուպերգավաթի մրցաշարում, 2 անգամ էլ «Արարատում» գոլի հեղինակ է դարձել եվրոգավաթի հանդիպումներում: Ազգային հավաքականում Մարկոսի հաշվին 9 գոլ է գրանցված:

Արտերկրի 6 ակումբներում անցկացրած պաշտոնական մրցումներում Մարկոսի հաշվին առայժմ 51 գոլ է գրանցված: Դրանցից 44-ը նա խփել է այդ երկրների առաջնություններում, 7-ը՝ գավաթի մրցախաղերում:

Եվս 3 գոլ խփելու դեպքում Մարկոսը հայկական ֆուտբոլի ռմբարկուների ցանկում կշրջանցի Տիգրան Եսայանին ու Արման Քարամյանին և կհանգրվանի 8-րդ հորիզոնականում: Իսկ հետագայում կարող է փորձել շրջանցելու նաև 160 գոլի հեղինակ դարձած Արամ Ոսկանյանին:

Առայժմ Հայաստանի անկախության շրջանի հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է, ով պաշտոնական մրցումներում իր բոլոր 236 գոլերը խփել է հայկական ակումբներում և ՀՀ ազգային հավաքականում: Նրա ցուցանիշը գերազանցելու միակ թեկնածուն ներկայումս Հենրիխ Մխիթարյանն է:

Ճիշտ է, դրա համար Հենրիխից մեծ ջանքեր կպահանջվեն, քանի որ անհրաժեշտ է ևս 49 գոլ խփել: Իսկ դա այնքան էլ հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով Հենրիխի տարիքն ու տարեցտարի նվազող արդյունավետությունը:

Դրա վառ ապացույցը նախորդ մրցաշրջանն էր, որի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» կազմում անցկացրած պաշտոնական 39 հանդիպումներում Մխիթարյանն ընդամենը 5 անգամ գրավեց մրցակիցների դարպասները: Ազգային հավաքականի կազմում անցկացրած 10 հանդիպումներում էլ մեր ընտրանու ավագը 3 գոլ խփեց:

Իսկ ահա ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ցուցանիշը նոր մրցաշրջանում Հենրիխը պետք է որ գերազանցի և ռմբարկուների ցանկում հանգրվանի 2-րդ հորիզոնականում: Դրա համար նրան անհրաժեշտ է ընդամենը 4 գոլ խփել:

VNews.am-ը ներկայացնում է հայկական ֆուտբոլի լավագույն ռմբարկուների ցանկը, որոնք պաշտոնական մրցումներում 100 և ավելի գոլ են խփել: Հաշվի են առնված ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի մրցաշարերում (Գ), Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումներում (Ս), հայկական ակումբներում եվրոգավաթների մրցաշարերում (Ե), ՀՀ ազգային (ԱՀ) և երիտասարդական (ԵՀ) հավաքականներում, «Համագործակցության գավաթի» խաղարկություններում (ԱՊՀ) և արտերկրի բարձրագույն խմբի թիմերում (ԱԵ) պաշտոնական մրցումներում խփած գոլերը:

Ֆուտբոլիստներ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Արսեն Ավետիսյան 197 28 4 2 5 236
2.Արթուր Պետրոսյան 125 15 1 11 2 37 191
3.Հենրիխ Մխիթարյան 30 6 25 9 118 188
4.Արթուր Քոչարյան 140 23 4 19 186
5.Արա Հակոբյան 131 13 7 6 2 21 180
6.Վարդան Ղազարյան 20 2 155 177
7.Արամ Ոսկանյան 89 17 1 2 1 50 160
8.Արման Քարամյան 100 18 3 5 1 21 148
9.Տիգրան Եսայան 125 14 4 1 3 147
10.Մարկոս Պիզելի 75 8 1 2 9 51 146
11.Արամ Հակոբյան 110 26 4 2 2 2 146
12.Արմեն Շահգելդյան 105 19 3 3 6 10 146
13.Գեղամ Հովհաննիսյան 111 32 1 1 145
14.Վահե Յաղմուրյան 104 18 6 128
15.Յուրա Մովսիսյան 9 109 118
16.Սամվել Նիկոլյան 86 24 1 1 112
17.Վարազդատ Ավետիսյան 83 19 1 1 2 106
18.Մհեր Ավանեսյան 89 10 1 1 4 105
19.Արտյոմ Ադամյան 85 15 1 1 102
20.Շիրակ Սառիկյան 96 3 1 1 101

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, բայց «Ռոման» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Ա սերիայում (տեսանյութ)

Մխիթարյանը հրաշալի գոլ խփեց «Նապոլիի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Ֆոնսեկա․ «Միկին հզոր տարբերակ է հարձակման գծում խնդիրները լուծելու համար»

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ հանդիպման համար

Մարսիալի հրաշալի գոլը «Բորնմութի» դեմ խաղում (տեսանյութ)

Մագուայրն ապշած է․ «Բորնմութի» ֆուտբոլիստի հրաշալի անցումն ու գոլը (տեսանյութ)

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

«Արսենալի» կարևոր քայլը հետագա հաջողությունների համար․ Մարտինելին երկարաձգեց պայմանագիրը

Պահանջներ, որոնց կատարման դեպքում Օբամեյանգը կմնա «Արսենալում»

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները «Ուդինեզեի» դեմ խաղում