fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը»՝ առաջին շրջանի հաղթող

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

 «Չոր»  հաշվով  5-րդ անընդմեջ  հաղթանակն  անհարմար մրցակցի նկատմամբ

 «Արարատ»  – ԲԿՄԱ  Մոսկվա`  1-0 (0-0)

Երևան, 8 հուլիսի, «Հրազդան» մարզադաշտ, 66 հազար հանդիսական:

Մրցավար՝ Վլադիմիր Ֆարդման (Եյսկ):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Սերգեյ Պողոսյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5 (Արկադի Անդրեասյան, 46 – 5), Լևոն Իշտոյան – 5 (Նազար Պետրոսյան, 80 – 5), Էդուարդ Մարգարով – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:

ԲԿՄԱՎլադիմիր Աստապովսկի – 3, Վալենտին Ուտկին – 4,  Վլադիմիր Բաբենկո – 4, Յուրի Իստոմին – 4, Վլադիմիր Կապլիչնի – 4, Ֆարիդ Խիսամուտդինով – 3, Վլադիմիր Դորոֆեև – 3 (Վլադիմիր Պոլիկարպով, 72 – ա/գ), Վիլհելմ Տելինգեր – 3 (Բորիս Կոպեյկին, 55 – 3), Վլադիմիր Ֆեդոտով – 3, Սերգեյ Շլապակ – 4, Վլադիմիր Դուդարենկո – 3:

Գոլը՝ Մարգարով 51՛:

57-րդ րոպեին Անդրեասյանը  չիրացրեց 11մ հարվածը (բարձր):

Առաջնության առաջին շրջանի ավարտական տուրում «Արարատը»  սեփական հարկի տակ հյուրընկալեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որն ընթանում էր երկրորդ հորիզոնականում և ընդամենը 2 միավորով էր հետ մնում արարատցիներից:

Ուստի այդ խաղում հաղթանակի արժեքը շատ մեծ էր: Հաջողության դեպքում արարատցիները 4 միավորով առաջ կանցնեին բանակայիններից և կամրապնդեին առաջատարի իրենց դիրքը: Իսկ ահա պարտությունը զգալիորեն կշիկացներ մթնոլորտը մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում, թեև նույնիսկ այդ դեպքում «Արարատը» կդառնար առաջին շրջանի հաղթող:

Նշենք, որ մինչև 1970թ. ԲԿՄԱ-ն ԽՍՀՄ առաջնություններում «Արարատի» ամենաանհարմար մրցակիցն էր: Արարատցիներին ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել բանակայիններին: Եվ միայն թիմերի 19-րդ հանդիպման ժամանակ՝ 1970թ. մայիսի 20-ին Մոսկվայի «Դինամո» մարզադաշտում կայացած խաղում էր արարատցիներին հաջողվել առաջին հաղթանակը տոնել ՝ առավելության հասնելով 2-1 հաշվով:

Այդ հաղթանակը շրջադարձային եղավ: Հաջորդ երկու մրցաշրջաններում արդեն «Արարատն» էր դարձել ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցը՝  հաղթելով բոլոր 4 հանդիպումներում էլ ընդհանուր 5-0 հաշվով:

Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Բանակայինները կրկին զիջեցին նվազագույն հաշվով՝ չկարողանալով խոցել Ալյոշա Աբրահամյանի պաշտպանած դարպասը: Ի դեպ, վերջինս արդեն առաջնության 6-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Մինչ այդ վերջին գոլն Աբրահամյանը  բաց էր թողել մայիսի 27-ին Ալմա Աթայում «Կայրաթի»  հետ կայացած 9-րդ տուրի խաղում:

Անբարենպաստ եղանակի պատճառով ԲԿՄԱ-ն Երևան ժամանեց միայն խաղի օրն առավոտյան: Դժվար էր ասել՝ հոգնածությունն էր պատճառը, թե նման վճռորոշ խաղում ռիսկի չդիմելու ցանկությունն էր ստիպել հյուրերին առաջին իսկ րոպեներից դիմելու խոր պաշտպանության: Նրանք անհատական հսկողության տակ էին առել արարատցիներին: Նույնիսկ Ֆեդոտովն էր նահանջել սեփական կիսադաշտ և ավելի շատ օգնում էր հետին գծի խաղացողներին, քան հարձակվողներին:

Նման պայմաններում արարատցիների խաղն առաջին խաղակեսում չստացվեց: Նրանք չկարողացան կոմբինացիոն խաղ ցուցադրել, հաճախ էին տարվում անհատական խաղով, լավ չէին օգտագործում հարձակման եզրերը: Առաջին 45 րոպեներին թերևս հիշատակության էին արժանի Զանազանյանի հեռահար 4 հարվածները, որոնցից և ոչ մեկը նպատակին չհասավ:

Անդրեասյանը չմերժեց խաղընկերներին ու խաղադաշտ դուրս եկավ

Ընդմիջումից հետո Նիկիտա Սիմոնյանը Բոնդարենկոյի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Անդրեասյանին, ով հունիսի 13-ին, առաջնության 11-րդ տուրում «Շախտյորի» հետ կայացած խաղում ծանր վնասվածք ստանալուց հետո բավական ժամանակ չէր մարզվել: Ինչպես վերհիշում է Արկադի Անդրեասյանը, Սիմոնյանի այդ քայլն իր համար անսպասելի էր: Պարզվում է, որ ընդմիջմանը հանդերձարանում խաղընկերները խնդրել էին Անդրեասյանին խաղադաշտ դուրս գալ և օգնել թիմին: Բնականաբար, Անդրեասյանը չէր կարող մերժել խաղընկերներին:

Սակայն բավական ժամանակ չմարզվելն ու խաղային պրակտիկայի պակասը չար կատակ խաղացին Անդրեասյանի հետ: Այդ մասին մի փոքր հետո: Իսկ 2-րդ խաղակեսը սկսվեց բանակայինների գրոհներով և երկու անգամ Ֆեդոտովը վտանգավոր հարվածներ կատարեց «Արարատի» դարպասին:

Անդրեասյանի վերադարձը խաղադաշտ դրական ազդեցություն ունեցավ արարատցիների գործողություններում, որոնք շուտով բացեցին հաշիվը: Գրոհներից մեկի ժամանակ Խիսամուտդինովը սխալվեց՝ գնդակը փոխանցելով Պողոսյանին: Վերջինս այն անմիջապես հասցեագրեց Մարգարովին, որի հարվածն Աստապովսկին անզոր էր կասեցնել:

6 րոպե անց «Արարատը» հաշիվը կրկնապատկելու հիանալի առիթ ունեցավ: Իշտոյանն ու Ղազարյանը շրջանցեցին դարպասապահին, սակայն վերջին պահին պաշտպան Ուտկինն ակրոբատիկ ցատկով դարպասային գծի վրա որսաց գնդակը:

11մ հարվածի իրացումը վստահվեց Անդրեասյանին՝  հնարավորություն ընձեռելով նրան կրկնապատկելու հաշիվն ու հավասարվելու առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Միխայիլ Բուլգակովին: Սակայն թերմարզվածությունն իր դերը խաղաց: Անդրեասյանը, ով մինչ այդ անվրեպ էր իրացրել կատարած 5 հարվածներն էլ (2-ը՝ հետխաղյա հարվածաշարում), այս անգամ վրիպեց: Նրա հարվածը բարձր ստացվեց:

Լավ էր, որ այդ ցավալի վրիպումը չազդեց խաղի ելքի վրա: Բանակայինները կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Աբրահամյանը հաղթող դուրս եկավ Կոպեյկինի հետ մենամարտում: Իսկ խաղավերջում գոլ խփելու լավ հնարավորությունները չօգտագործեցին Զանազանյանն ու Անդրեասյանը:

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ «Արարատը» 20 միավորով դարձավ առաջնության առաջին շրջանի հաղթող: Արարատցիներն ամրապնդեցին առաջատարի իրենց դիրքը՝ 4 միավորով առաջ անցնելով Մոսկվայի «Դինամոյից», «Շախտյորից»  և ԲԿՄԱ-ից: Նշենք, որ «Արարատն» առաջին անգամ առաջատարի դերը ստանձնել էր 9-րդ տուրում և մինչև առաջին շրջանի ավարտը ոչ մեկին չէր զիջել 1-ին հորիզոնականը:

«Արարատն» առջևում է նաև «Մեծ ֆուտբոլի մրցանակների» համար պայքարում

Առաջին շրջանում «Արարատի» ցույց տված արդյունքները վկայում էին մրցակիցների նկատմամբ հայ ֆուտբոլիստների անվիճելի առավելության մասին: Արարատցիները տոնել էին բոլորից շատ հաղթանակ (9), խփել էին բոլորից շատ գոլ (26)՝ առջևից ընթանալով Գ. Ֆեդոտովի անվան մրցանակի համար պայքարում: «Արարատը»  լավագույն արդյունքն ուներ նաև «Խոշոր հաշվով հաղթանակի» (4), «Լավագույն տարբերության» (+ 16), «Ագրեսիվ հյուրի» (7 միավոր, «Շախտյորի» հետ միասին) մրցանակների համար մղվող պայքարում, իսկ Արկադի Անդրեասյանը միայն մեկ գնդակով էր զիջում առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող սպարտակցի Միխայիլ Բուլգակովին (8), ով գոլերից 6-ը խփել էր 11մ հարվածով:

«Արարատի» կազմում 5 գոլի հեղինակ էր դարձել Նիկոլայ Ղազարյանը, 4 անգամ մրցակիցների դարպասը խոցել էր Էդուարդ Մարգարովը, 3 անգամ՝ Հովհաննես Զանազանյանը, 2-ական անգամ աչքի էին ընկել Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանն ու Սերգեյ Պողոսյանը, մեկ գնդակ էլ խփել էր Նազար Պետրոսյանը:

«Ֆուտբոլ-Հոկեյ» շաբաթաթերթում ամփոփելով առաջին շրջանի արդյունքները, Վիկտոր Դուբինինն «Արարատի» մասին հետևյալն էր գրել. «Այսօր «Արարատն» արժանիորեն է գլխավորում մրցաշարային աղյուսակը: Երևանցիները պահպանել են իրենց ներուժը և ոսկե մեդալների համար պայքարում դիրքերն ամրապնդելու հիանալի հնարավորություն ունեն:

«Արարատը»  դեռևս 1971թ. էր վարպետ թիմի համբավ ձեռք բերել: Եվ թեև այդ տարի թիմը չեմպիոն չդարձավ, սակայն վառ հետք թողեց առաջնությունում: Վերջին երկու տարիներին  «Արարատը»  ոչ միայն պահպանեց, այլև կատարելագործեց իր խաղաոճը: Ինչպես ոչ մի թիմ, «Արարատը» գերազանց է խաղում եզրերով, որտեղ վարպետ կատարողներ ունի: Թիմն աչքի է ընկնում գրոհների արդյունավետությամբ: «Արարատն»  ուժեղ է նաև իր կազմի կայունությամբ, նաև ունի պահեստային խաղացողներ, որոնք խաղադաշտ դուրս գալիս կարող են բեկում մտցնել մրցակցությունում»:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալին» հաղթած ԲԿՄԱ-ն պարտվեց «Վիկտորիային», «Այաքսը» շրջանցեց «Բավարիային» (տեսանյութ)

Պաշտոնական. Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

ԲԿՄԱ-ի հայազգի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի Մ-19 մրցաշարում խաղացել է «Ռոմայի» դեմ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Ռեալը» հաղթեց տևական դադարից հետո, «Ռոման» չնկատեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր արդյունքները և գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

Մադրիդի «Ռեալի» «տխուր» երեկոն Մոսկվայում, «Ռոման» ջախջախեց «Վիկտորիային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում