-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Սուպերգավաթի մրցաշարում տոնած առաջին հաղթանակից 20 տարի անց կրկին իր սաների հետ նվաճեց պատվավոր մրցանակը՝ Ժոլտ Հոռնյակից և Վարդան Բիչախչյանից հետո դառնալով կրկնակի սուպերգավաթակիր թիմ պատրաստած 3-րդ մարզիչը:
Ճիշտ է, նա նախընտրել էր «Գանձասար-Կապանի» հետ հանդիպմանը հետևել տրիբունայից, իսկ տեխնիկական գոտուց ալաշկերտցիների գործողությունները ղեկավարում էր Կարեն Բարսեղյանը:
Սուպերգավաթի մրցաշարում առաջին հաջողությանը Վարուժան Սուքիասյանը հասել էր 1998թ.: Այդ տարի նրա գլխավորությամբ Արարատի «Ցեմենտը» տպավորիչ հեթ-տրիքի հեղինակ դարձավ՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:
Սուպերգավաթի մրցախաղում «Ցեմենտի» ֆուտբոլիստները հետխաղյա 11մ հարվածներով 4-3 հաշվով (հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1) հաղթել էին առաջնության 2-րդ մրցանակակիր «Շիրակին»:
Սուպերգավաթի մրցաշարերում առավել հաջողակ է գտնվել Վարդան Մինասյանը, ով իր սաների հետ 4 անգամ պատվո շրջան է կատարել: Ընդ որում Սուպերգավաթը նվաճելու նրա առաջին փորձը հաջողությամբ է պսակվել: 2004թ. մրցաշրջանի կեսից Միխայ Ստոյկիցայից ստանձնելով «Փյունիկի» ղեկը՝ Մինասյանն իր սաների հետ 2005թ. մայիսի 27-ին վայելեց Սուպերգավաթի նվաճման բերկրանքը: Հետագայում հաջողությունը կրկնվեց 2008, 2010-2011 թթ.:
Օտարերկրացի մարզիչներից լավագույն արդյունքի է հասել սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը, ով միակն է, որ 2 թիմի է սուպերգավաթակրի տիտղոսին արժանացրել: 2012թ. նրա գլխավորությամբ Սուպերգավաթը նվաճել է «Միկան», իսկ 2 տարի անց նման հաջողության է հասել «Բանանցը»:
VNews.am-ը ներկայացնում է Սուպերգավաթի մրցաշարերում մարզիչների գրանցած արդյունքները:
Մարզիչներ | ՍԳ | Ակումբներ |
1.Վարդան Մինասյան | 4 | «Փյունիկ»՝ 2005, 2008, 2010-2011 թթ. |
2.Անդրանիկ Ադամյան | 3 | «Շիրակ»՝ 1996, 1999, 2003թթ. |
3.Ժոլտ Հոռնյակ | 2 | «Միկա»՝ 2012թ., «Բանանց»՝ 2014թ. |
4.Վարդան Բիչախչյան | 2 | «Շիրակ»՝ 2013, 2017թթ. |
5.Վարուժան Սուքիասյան | 2 | «Ցեմենտ»՝ 1998թ., «Ալաշկերտ»՝ 2018թ. |
6.Խորեն Հովհաննիսյան | 1 | «Փյունիկ»՝ 1997թ. |
7.Օսկար Լոպես | 1 | «Փյունիկ»՝ 2002թ. |
8.Միխայ Ստոյկիցա | 1 | «Փյունիկ»՝ 2004թ. |
9.Արմեն Ադամյան | 1 | «Միկա»՝ 2006թ. |
10.Արմեն Գյուլբուդաղյանց | 1 | «Փյունիկ»՝ 2007թ. |
11.Արկադի Անդրեասյան | 1 | «Արարատ»՝ 2009թ. |
12.Սարգիս Հովսեփյան | 1 | «Փյունիկ»՝ 2015թ. |
13.Աբրահամ Խաշմանյան | 1 | «Ալաշկերտ»՝ 2016թ. |
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո