fbpx
Բաժիններ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. 19 տարի անց «Արարատը» կրկին գավաթի եզրափակչում է

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի»  փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Մարգարովի գոլը կրկին հաղթանակ պարգևեց «Արարատին»

«Արարատ»«Դնեպր» Դնեպրոպետրովսկ՝  1-0 (1-0)

15 օգոստոսի, Երևան, «Հրազդան» մարզադաշտ, 57 հազար հանդիսական:

Մրցավար՝  Ալեքսանդր Տաբակով (Մոսկվա):

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Արմեն Սարգսյան (Սերգեյ Բոնդարենկո, 84), Արկադի Հարությունյան, Սուրեն Մարտիրոսյան, Արկադի Անդրեասյան, Սամվել Պետրոսյան, Լևոն Իշտոյան (Նազար Պետրոսյան, 60), Էդուարդ Մարգարով, Հովհաննես Զանազանյան, Նիկոլայ Ղազարյան:

«Դնեպր» – Սերգեյ Սոբեցկի, Վլադիմիր Սերգեև, Պյոտր Նայդա, Նիկոլայ Բոգդանով, Սերգեյ Սկլյար, Անատոլի Գրինկո (Յուրի Սոլովյով, 78), Վիկտոր Մասլով, Ստանիսլավ Եվսեենկո, Անատոլի Պիլիպչուկ, Վիկտոր Ռոմանյուկ, Ալեքսեյ Խրիստյան:

Գոլը՝ Մարգարով  40՛:

Զգուշացվեց Խրիստյանը:

Թեև առաջնության վերջին 3 հանդիպումներում արարատցիներն իրենց հաշվին միավորներ չգրանցեցին, սակայն շարունակեցին հաջող մրցելույթները ԽՍՀՄ գավաթի մրցաշարում:

Օգոստոսի 15-ին «Արարատը» Երևանում գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալեց «Դնեպրին»:  Երկու շաբաթ առաջ Դնեպրոպետրովսկում կայացած կիսաեզրափակչի առաջին խաղում «Արարատը» Մարգարովի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր և եզրափակչի ուղեգրի համար լուրջ հայտ էր ներկայացրել:

Հաշվի առնելով առաջին խաղի արդյունքը, ինչպես նաև այն, որ 5 օր անց արարատցիներին Կիևում սպասում էր մրցաշրջանի թերևս ամենավճռորոշ հանդիպումը տեղի դինամոյականների հետ, դաշտի տերերը հանգիստ տեմպով սկսեցին հանդիպումը՝ ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնելով պաշտպանությանը:

Եթե տակտիկական նման խաղաոճը հասկանալի էր ու ձեռնտու էր արարատցիներին, ապա «Դնեպրի»  ընդգծված պաշտպանողական տակտիկայի ընտրությունն անսպասելի էր: Զգացվում էր, որ հյուրերը փորձում էին հստակորեն կատարել իրենց մարզչի՝ Վալերի Լոբանովսկու ցուցումները:

Առաջին վտանգավոր պահը հյուրերի դարպասին ստեղծվեց 29-րդ րոպեին, երբ Զանազանյանը «պատ» խաղարկելով Անդրեասյանի հետ, մոտ 15 մետրից հուժկու հարված կատարեց, սակայն գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից:

Այդ խաղում «Արարատի» պաշտպանները հաճախակի էին միանում թիմի գրոհներին: Հատկապես վտանգավոր էին ձախ թևով Մարտիրոսյանի սուր ճեղքումները: Ղազարյանն իրեն հսկող պաշտպանին հնարամտորեն տեղափոխում էր կենտրոն և ազատված գոտում անմիջապես հայտնվում էր Մարտիրոսյանը: Հենց ձախ եզրով կազմակերպված գրոհն էլ ի վերջո հաջողություն բերեց «Արարատին»:

40-րդ րոպեին ձախ թևից Ղազարյանից փոխանցում ստանալով, Մարգարովն ընթացքից, սուր անկյան տակ խոցեց Սոբեցկու պաշտպանած դարպասը: Ինչպես Դնեպրոպետրովսկում, Երևանում էլ Մարգարովի խփած գոլը միակն էր: Այն գավաթի ընթացիկ խաղարկությունում «Արարատի» կենտրոնական հարձակվողի խփած արդեն 5-րդ գնդակն էր:

Թեև հետագայում երկու թիմերն էլ վտանգավոր մի քանի պահեր ստեղծեցին, սակայն հաշիվը մնաց անփոփոխ: Արարատցիները խելացիորեն կառուցելով խաղը, խնայելով ուժերն առաջիկա հանդիպումների համար, «Դնեպրի» հետ մրցավեճը հաղթական ավարտի հասցրին:

Եզրափակչում «Արարատի» մրցակիցը Կիևի «Դինամոն» է

Եվ այսպես, հայկական ֆուտբոլի դրոշակակիրը 19 տարի անց կրկին իրավունք ստացավ վիճարկելու բյուրեղապակյա գավաթը: Եզրափակչում «Արարատի» մրցակիցը հայտնի դարձավ միայն սեպտեմբերի 12-ին Մոսկվայում տեղի և Կիևի դինամոյականների միջև կայացած գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո, որում, ինչպես օգոստոսի 16-ին տեղի ունեցած մրցակիցների առաջին խաղում, կրկին գրանցվել էր միևնույն 1-1 հաշիվը: Հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով Մոսկվայի իր ակումբակիցներին, Կիևի «Դինամոն» 19 տարի անց գավաթի եզրափակչում կրկին մրցելու էր «Արարատի» հետ, որը 1954թ. հանդես էր գալիս «Սպարտակ» անվանմամբ:

Խաղից հետո թիմերի մարզիչները հետևյալ կարծիքն էին արտահայտել:

Նիկիտա Սիմոնյան. «Ֆուտբոլիստներին, առաջին հերթին պաշտպաններին, հանձնարարվել էր խաղալ խիստ ուշադիր, հետևել միմյանց փոխապահովմանը: Տղաները հաջողությամբ լուծեցին այդ խնդիրը, կատարեցին գավաթային խաղերի առաջին պայմանը՝ դարպասը պահեցին անառիկ: Համերաշխ ու մտածված էին գործում նաև մյուս գծերի խաղացողները:

Եզրափակիչ մտնելու փաստը մեկնաբանության կարիք չունի: Բայց մրցումները դեռևս շարունակվում են, առջևում վճռորոշ հանդիպումն է, որն անշուշտ անցնելու է լարված պայքարում: Եզրափակիչ դուրս եկած թիմը նահանջելու իրավունք չունի: Կձգտենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները»:

Վալերի Լոբանովսկի. «Այն հանգամանքը, որ մենք գործ էինք ունենալու առաջնության առաջատարի, մարտունակ կոլեկտիվ ներկայացնող մի թիմի հետ, մեզ լուրջ պայքարի էր տրամադրել: Ճիշտն ասած, «Արարատից» ավելին էի սպասում, քանի որ առաջին խաղում գեղեցիկ ոճով հաղթել էր մեզ: Խաղը հարուստ էր գոլային պահերով:

Ինչ վերաբերում է մեր տղաներին, ապա գոհ եմ նրանց խաղից: Նրանք իրենց ուժերի ներածի չափով աշխատեցին վերադարձնել կորցրածը, խաղը տանել ագրեսիվ հունով և մի քանի սպառնալից պահեր ստեղծեցին «Արարատի» դարպասին, որոնք սակայն ցանկալի արդյունք չունեցան: Այսօր միմյանց արժանի մրցակիցների հետաքրքիր ու բովանդակալից պայքարի ականատես դարձանք»:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը

Աբրահամ Խաշմանյանի յուրօրինակ հեթ-տրիկը հայկական ֆուտբոլում

Աշոտ Աղաբաբյանը վարվել էր Չելոյանցի պես․ Ի՞նչ էր պատահել 2000 թվականին Ճաղարյանի մրցավարության հետևանքով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց

Նախագահի ցավակցական խոսքը Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

Հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահը. Ալյոշա Աբրահամյան

Ալյոշա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը՝ օգոստոսի 28-ին