«ԲԱՆԱՆՑ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»
16 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Բանանց-1» մարզադաշտ, 8-րդ տուր
24 խաղ, «Բանանցը» հաղթել է 6 անգամ, «Ալաշկերտը»՝ 10, գրանցվել է 8 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-41
Անհաջող մեկնարկից հետո, որում «Բանանցը» 3 խաղում ընդամենը մեկ միավոր էր վաստակել, երկրի փոխչեմպիոնը վերելքով հանդես եկավ՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ «Արարատի» (4-2), «Փյունիկի» (4-2) և «Գանձասար-Կապանի» (1-0) նկատմամբ:
Արամ Ոսկանյանից թիմի ղեկը ստանձնած Իլշատ Ֆայզուլինին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց կարգավորել «Բանանցի» խաղը ու շտկել մրցաշարային վիճակը: Ներկայումս «Բանանցը» 6 խաղից հետո վաստակած 10 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում՝ հավասար ցուցանիշներ ունենալով «Ալաշկերտի» հետ, որն այս պահի դրությամբ 5 հանդիպում է անցկացրել: Այնպես որ 8-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթանակի արժեքը շատ բարձր է:
«Բանանցը» կրկին վերագտել է իր խաղը, իսկ թիմի ավագ Վահագն Այվազյանն իրավամբ դարձել է կոլեկտիվի առաջատարներից մեկը՝ աչքի ընկնելով տուգանային հարվածների հիանալի կատարմամբ: Նա 3 գնդակով գլխավորում է թիմի լավագույն ռմբարկուների ցանկը:
«Բանանցի» ներկայիս արդյունքը լավագույնն է թիմի պատմության մեջ վերջին 8 առաջնություններում: Ավելի հաջող թիմն առաջնությունը սկսել էր 2010թ.՝ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկու գլխավորությամբ մեկնարկային 6 հանդիպումներում վաստակելով 11 միավոր:
«Ալաշկերտն» առայժմ փոփոխական հաջողությամբ է հանդես գալիս: Մեկնարկային երկու հանդիպումներում նվազագույն հաշվով հաղթելով «Արարատին» ու «Գանձասար-Կապանին», ալաշկերտցիները հաջորդ երկու խաղերում ընդամենը մեկ միավոր վաստակեցին:
Եվ ահա նախորդ տուրում չեմպիոնը վերջապես աչքի ընկավ իրեն բնորոշ խաղով ու արդյունավետությամբ՝ 6-0 հաշվով ջախջախելով Բարձրագույն խմբի նորեկ «Արցախին», որին նույնպիսի արդյունքով հաղթել էր նաև նախորդ տարի ՀՀ գավաթի մրցաշարում:
«Ալաշկերտը» Բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Դրանում իր մեծ ներդրումն ունեցավ վերջին երկու առաջնությունների լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանը, ով վերջապես բացեց գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշարում՝ դառնալով առաջնությունում գրանցված առաջին հեթ-տրիքի հեղինակը:
2 թիմի դեպքում էլ գլխավոր ուժը կիսապաշտպանությունն է։ Պատահական չէ, որ թե՛ «Բանանցը», թե՛ «Ալաշկերտը» դավանում են 4-2-3-1 մարտավարությունը, իսկ «կրակակետերն» արագաշարժ եզրերն են։ Կիսապաշտպաններին, բնականաբար, օգնության են հասնում նաև եզրային պաշտպանները։ Մրցակցության տեսանկյունից նախանձելի իրավիճակ է «Ալաշկերտում», որտեղ մարզչական շտաբը ցանկության դեպքում ամեն խաղում կարող է ռոտացիայի դիմել ու նոր ֆուտբոլիստների վստահել։
Մրցակից թիմերում ամենավտանգավորն այս պահին ձախ եզրն է։ «Ալաշկերտում» լավ մարզավիճակում է Ղուկաս Պողոսյանը, իսկ խորքից անընդհատ աջակցում է Գագիկ Դաղբաշյանը։ «Բանանցում» էլ իրեն վերջին շրջանում հիանալի է դրսևորում Իգոր Ստանոևիչը, բայց գրոհներին ավելի շատ միանում է աջ եզրային Վահագն Այվազյանը։ Բացի այդ, Արթուր Եդիգարյան–Արտակ Գրիգորյան տանդեմը փորձելու է հենակետային գոտում իշխանություն հաստատել Հակոբ Հակոբյան–Սոլոմոն Իմե Ուդո զույգի նկատմամբ։
«Բանանց»՝ Վահագն Այվազյան՝ 4 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան՝ 9-ական գոլ:
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո