fbpx

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Շախտյորին» չհաջողվեց վրեժխնդիր լինել

Այս տարի լրանում է հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:

VNews.am-ը փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ շարունակում է մրցաշրջան-73-ում «Արարատի»  ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր կարթնացնի ֆուտբոլասերներից շատերի մոտ:

Գավաթն ուղևորվեց Ուկրաինա, բայց որպես արարատցիների շահած մրցանակ

«Շախտյոր» Դոնեցկ – «Արարատ»՝ 0-0, 3-4՝ 11մ

Դոնեցկ, 14 հոկտեմբերի, «Շախտյոր» մարզադաշտ, 45 հազար հանդիսական:

Մրցավար՝ Վալենտին Լիպատով (Մոսկվա):

«Շախտյոր» – Յուրի Դեգտյարյով – 5, Վալերի Յարեմչենկո – 5, Վիկտոր Զվյագինցև – 5, Վլադիմիր Բելոուսով – 5, Վալերի Գորբունով – 3, Յուրի Վանկևիչ – 3, Ալեքսանդր Վասին – 4, Անատոլի Կոնկով – 5, Վիտալի Ստարուխին – 4, Յուրի Դուդինսկի – 4, Վլադիմիր Սաֆոնով – 4:

«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 5, Արմեն Սարգսյան – 5, Արկադի Հարությունյան – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Սուրեն Մարտիրոսյան – 5, Արկադի Անդրեասյան – 5, Սերգեյ Բոնդարենկո – 5, Լևոն Իշտոյան – 5, Սերգեյ Պողոսյան- 5, Նիկոլայ Ղազարյան – 5 (Էդուարդ Մարգարով, 72 – 5):

11մ հարվածներն իրացրին Կոնկովը, Իշտոյանը, Ստարուխինը, Անդրեասյանը, Պողոսյանը, Վասինը, Մարգարովը:

11մ հարվածները չիրացրին Զվյագինցևը (Աբրահամյանը հետ մղեց գնդակը), Յարեմչենկոն, Սարգսյանը:

ԽՍՀՄ գավաթը նվաճելուց ընդամենը 4 օր հետո արարատցիներին ևս մեկ դժվարին ու պատասխանատու քննություն էր սպասվում Դոնեցկում, որտեղ առաջնության 27-րդ տուրում «Արարատը» պետք է մրցեր «Շախտյորի» հետ:

Ուկրաինական թիմերի պես ուժային ֆուտբոլի կողմնակից «Շախտյորի» ֆուտբոլիստները խաղին նախապատրաստվելու համար մեկ շաբաթ ժամանակ էին ունեցել, մինչդեռ արարատցիները եզրափակչում հոգնատանջ 120 րոպեանոց մրցավեճից հետո ընդամենը 3 օր ունեին ուժերը վերականգնելու համար:

Դրությունը բարդանում էր նաև նրանով, որ «Արարատը» ԽՍՀՄ առաջնություններում շատ անհաջող էր հանդես եկել Դոնեցկում՝ պարտվելով անցկացրած նախորդ բոլոր 9 հանդիպումներում էլ: Ընդ որում արարատցիներին չէր հաջողվել գեթ մեկ գոլ խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 15 գնդակ:

«Արարատը» գավաթը նվաճելուց հետո Երևան չվերադարձավ, այլ Մոսկվայից միանգամից ուղևորվեց Դոնեցկ՝ իր հետ տանելով պատվավոր մրցանակը: Այնպես որ, մինչև Երևանում հանգրվանելը, բյուրեղապակյա գավաթն, այնուամենայնիվ, ուղևորվեց Ուկրաինա, բայց որպես արարատցիների շահած մրցանակ:

«Արարատի» ղեկավարությունը հաշվի առնելով խաղի կարևորությունն ու ֆուտբոլիստների բարձր տրամադրությունը, արդեն հաջորդ օրը Դոնեցկի հյուրանոցում անցկացրած թիմի ընդհանուր ժողովում կոչ արեց նրանց միառժամանակ մոռանալ գավաթի եզրափակչում տոնած հաղթանակի մասին, հետաձգել գավաթի նվաճման տոնախմբությունն ու ողջ ուշադրությունը կենտրոնացնել առաջիկա խաղի վրա, որի արդյունքը կարող էր վճռորոշ լինել ոսկե մեդալների համար Կիևի «Դինամոյի» հետ մղվող պայքարում:

Բոլորի համար էլ պարզ էր, որ իր հեղինակությամբ Կիևի «Դինամոյից» հետո Ուկրաինայում երկրորդը համարվող «Շախտյորը» ձգտելու է ռևանշի հասնել ոչ միայն առաջին շրջանում 0-3 հաշվով կրած պարտության, այլև գավաթի եզրափակչում «Դինամոյի» անհաջողության դիմաց: Կարելի է ասել, որ ուկրաինացի ֆուտբոլասերները սգի մեջ էին և միայն «Շախտյորի» հաղթանակը որոշ չափով կսփոփեր նրանց վիշտը: Դա էր պատճառը, որ Դոնեցկի մարզադաշտը խաղի օրը լեփ-լեցուն էր հանդիսականներով:

«Արարատը» Դոնեցկում վերջապես առաջին միավորը վաստակեց

Գավաթի եզրափակչի համեմատ «Արարատի» մեկնարկային կազմը որոշակի փոփոխության էր ենթարկվել: Տարբեր պատճառներով բացակայում էին Կովալենկոն, Զանազանյանն ու Մարգարովը, ով երկրորդ խաղակեսին փոխարինման մտավ: Փոխարենը հենց խաղասկզբից խաղադաշտ էին դուրս եկել Ղազարյանն ու Պողոսյանը, որոնք եզրափակիչ խաղում փոխարինման մտնելով, բեկում էին մտցրել մրցակցությունում:

«Արարատի» մարզիչներն առաջին հերթին մտահոգվել էին թիկունքն ամրապնդելու մասին՝ մեկնարկային կազմում ընդգրկելով 5-րդ պաշտպանին՝ Սուրեն Մարտիրոսյանին: Խնդիր էր դրվել սառեցնել մրցակցի գրոհների թափը, գցել խաղի տեմպը և փորձել հակագրոհների միջոցով հասնել ցանկալի արդյունքի:

Արարատցիներն ինքնակամ զիջել էին դաշտի կենտրոնը և ամուր պատնեշ էին ստեղծել սեփական կիսադաշտում, որը հաղթահարելը «Շախտյորի» ֆուտբոլիստների համար այնքան էլ դյուրին գործ չէր: Հանքագործները գրոհները հիմնականում կազմակերպում էին աջ թևով, որտեղ ակտիվ էր Դուդինսկին: Հենց նրա շնորհիվ էլ վտանգավոր երկու պահ ստեղծվեց «Արարատի» դարպասին: Մի դեպքում Դուդինսկին նպաստավոր դիրքից վրիպեց, մյուս դրվագում նրա փոխանցումից հետո Ստարուխինը չկարողացավ գլխի հարվածով գրավել դարպասը:

Արարատցիները թեև ընդամենը հինգ անգամ սպառնացին մրցակցի դարպասին, սակայն բոլոր հարվածներն էլ վտանգավոր էին: Դրանցից երեքի հեղինակն Անդրեասյանն էր, որի հարվածները մեծ դժվարությամբ հետ մղեց Դեգտյարյովը:

Եվ այսպես, երկու թիմերի ջանքերն էլ ապարդյուն անցան: Կրկին հարկ եղավ դիմելու 11մ հարվածաշարի օգնությանը: Երկրորդ շրջանում դա «Արարատի» արդեն 4-րդ ոչ-ոքին էր: Նախորդ երեք դեպքերում արարատցիները պարտվել էին 11մ հարվածաշարում:

Հերթական մեկ միավորի կորուստը կարող էր ճակատագրական լինել «Արարատի» համար: Բարեբախտաբար, այս անգամ արարատցիներն ավելի դիպուկ գտնվեցին՝ իրացնելով 5 հարվածներից 4-ը: Իրեն գերազանց դրսևորեց նաև Աբրահամյանը՝ հետ մղելով Զվյագինցևի հարվածը: Հենց դա էլ կանխորոշեց 11մ հարվածաշարի ելքը:

Ֆուտբոլային վիճակագիր Կոնստանտին Եսենինի հաշվարկներով ԽՍՀՄ գավաթը նվաճած թիմերը որպես կանոն հաջորդ խաղում հաջողության չէին հասնում՝ լավագույն դեպքում հանդիպումն ավարտելով ոչ-ոքի: Այնպես որ, «Արարատն» էլ չխախտեց ավանդույթը: Վաստակած մեկ միավորն արարատցիների համար շատ կարևոր էր ոչ միայն մրցաշարային աղյուսակում առաջատարի դիրքը պահպանելու, այլև հոգեբանական առումով: Չէ՞ որ «Արարատը» գավաթը նվաճած և «Շախտյորի» նկատմամբ 11մ հարվածաշարում տոնած հաղթանակով էր վերադառնալու Երևան, որտեղ ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում արարատցիներին:

Կիևի «Դինամոն» կրկին միավորներով հավասարվեց «Արարատին»: «Դնեպրից» «Դինամո» շտապ կարգով տեղափոխված Վալերի Լոբանովսկու գլխավորությամբ դինամոյականները սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեցին «Զենիթին»: Այնպես որ, ոսկե մեդալների համար պայքարը նոր ուժով էր բորբոքվելու:

Երևանը դիմավորում է իր հերոսներին

«Արարատը» Երևան վերադարձավ հոկտեմբերի 15-ին: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց և առաջինը սանդուղքին ոտք դրեց թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը՝ գավաթը ձեռքին, «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված բազմությունը կարծես մեկ մարդու պես հրահանգով սկսեց բացականչել «Ա-րա-րատ», «Արարատ» հուպ տուր:

Հետաքրքիր է, որ Զանազանյանը հրավիրվել էր ԽՍՀՄ հավաքական՝ մասնակցելու երկու օր անց Լայպցիգում ԳԴՀ-ի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը և Մոսկվայում պետք է մասնակցեր ուսումնամարզական հավաքին: Սակայն «Արարատի» ավագը չէր կարող բաց թողնել թիմի դիմավորման հանդիսավոր արարողությունը և տոնական այդ պահին իր խաղընկերների հետ չգտնվել, ինչպես նա վարվել էր գավաթի եզրափակչում՝ չնայած վնասվածքին:

Պարզվում է, որ Նիկիտա Սիմոնյանը հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Գորյանսկուն խնդրել էր թույլ տալ Զանազանյանին «Արարատի» հետ վերադառնալ Երևան, մասնակցել թիմի մեծարման արարողություններին: Մի քանի ժամ անց Զանազանյանն ուղևորվեց Մոսկվա:

Իսկ մինչ այդ արարատցիներին իրենց ուսերի վրա տարան ֆուտբոլասերները: Օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին մոտակա տների բնակիչները սեղաններ էին բացել: Մարդիկ մոտենում և շնորհավորում էին արարատցիներին գավաթի նվաճման առթիվ: Մեկ օր անց «Արարատի» ֆուտբոլիստները հյուրընկալվեցին Գիտությունների ակադեմիայում, որտեղ նրանց շնորհավորեց ու հետագա հաջողություններ մաղթեց Վիկտոր Համբարձումյանը: Դրանք իրոք հուզիչ հանդիպումներ էին:

Սակայն տոնախմբությունը կարճ տևեց, քանի որ անհրաժեշտ էր նախապատրաստվել հոկտեմբերի 20-ին «Հրազդանում» Մինսկի «Դինամոյի» հետ կայանալիք հանդիպմանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արթուր Վանեցյանը պարգևատրել է Սերգեյ Բոնդարենկոյին

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի ու լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց նաև չեմպիոնական բարձունքը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին վճռորոշ քայլը դեպի չեմպիոնական բարձունքը

Գերդրամատիկ հանդիպում «Հոֆենհայմի» և «Լիոնի» միջև, «Ման․ Սիթին» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Կամային հաղթանակ, որն ավելի իրական դարձրեց չեմպիոնության նվաճումը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Արարատը» նվաճեց բյուրեղապակյա գավաթը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Վերջին փորձամրցումը գավաթի եզրափակչից առաջ

«Ման․ Սիթիին» հաղթած «Լիոնը» հիմա էլ հրաշք գործեց՝ փրկելով «Շախտյորի» հետ խաղը (տեսանյութ)

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Չենպիոնական մրցավազքը շարունակվեց

Չեմպիոնների լիգա․ Հայտնի են խաղային օրվա առաջին երկու հանդիպումների մեկնարկային կազմերը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ գրոհային ոճով

Վիլիանն ասել է, թե ինչու է «Շախտյորում» երկարեցրել մազերը

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. Հաղթանակ չեմպիոնի հարկի տակ

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը և գոլային փոխանցումը «Արսենալի» ապագա մրցակցի դեմ խաղերում (տեսանյութ)

«Արարատ-73». Փառքի երկու գագաթին. «Կայրաթն» «Արարատին» կրկին առաջատար դարձրեց