fbpx

Գավաթի խաղարկություն, «Բանանց» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«ԲԱՆԱՆՑ» – «ԱՐԱՐԱՏ»

24 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Բանանց-4» մարզադաշտ, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

9 խաղ«Բանանցը» հաղթել է 5 անգամ, «Արարատը»՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-9

Ստուգարք՝ դժվարին քննությունից առաջ

«Բանանցը» 22-րդ անգամ է մեկնարկում Հայաստանի գավաթի խաղարկություններում: 7 անգամ հանդես գալով գավաթի եզրափակչում, «Բանանցը» 3 անգամ պատվո շրջան է կատարել մարզադաշտում: Ընդ որում «Բանանցը» Հայաստանի առաջին գավաթակիրն է:

Իսկ վերջին հաջողությանը թիմը հասել է գավաթի 2015/16թթ. խաղարկությունում՝ իսպանացի Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով առավելության հասնելով «Միկայի» նկատմամբ:

Պատվավոր մրցանակի վերջին 5 խաղարկություններում «Բանանցին» մշտապես հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ «Բանանցը» հիանալի է հանդես գալիս առաջնությունում՝ 10 խաղում վաստակած 20 միավորով եզրափակելով լավագույն եռյակը:

Ի տարբերություն «Արարատի», գավաթի առաջիկա հանդիպմանը նախապատրաստվելու համար «Բանանցն» ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ առաջնության 12-րդ տուրում ազատ էր: Իսկ գավաթի մրցավեճից 4 օր անց «Բանանցն» առաջնության 13-րդ տուրում Վանաձորում սկզբունքային հանդիպում է անցկացնելու առաջատար «Լոռիի» հետ: Այնպես որ «Արարատի» հետ գավաթային հանդիպումն Իլշատ Ֆայզուլինի սաների համար կարելի է դիտարկել որպես ստուգարք դժվարին քննությունից առաջ:

Ընթացիկ մրցաշրջանում «Բանանցն» ու «Արարատը» 2-րդ անգամ են հանդիպելու: Առաջնության խաղում «Բանանցը» հյուրընկալվելիս հաղթել է 4-2 հաշվով:

«Արարատը» վերջապես հաղթահարեց առաջին փուլի արգելքը

«Արարատը» գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսեց 1/8 եզրափակչից՝ հաջորդ փուլի ուղեգիրը վիճարկելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Լոկոմոտիվի» հետ մրցավեճում: Առաջին խաղում հյուրընկալվելիս «Արարատն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ չկարողացավ հաղթել մրցակցին՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով (1-1):

Ընդ որում արարատցիներն այդ խաղում հայտնվել էին հետապնդողի դերում, երբ Դմիտրի Մալյական գնդակն ուղարկել էր սեփական դարպասը: Ի դեպ, հենց նա էլ «Արարատին» փրկել էր պարտությունից՝ հստակ իրացնելով 11մ հարվածը:

Պատասխան խաղում, որում Աբրահամ Խաշմանյանը նշեց իր վերադարձը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, «Արարատը» 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Արդեն առաջին խաղակեսում Ռուսլան Ավագյանի, Գարեգին Կիրակոսյանի և Զավեն Բադոյանի խփած գոլերի շնորհիվ «Արարատը» վճռեց դիմակայության ելքը:

Այդ հաղթանակը ինչ-որ չափով կարելի է պատմական համարել «Արարատի» համար, քանի որ գավաթի նախորդ 9 խաղարկություններում արարատցիներին ոչ մի անգամ չէր հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

«Արարատը» գավաթի մրցաշարերի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է, որը 5 անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: Սակայն այդ հաջողությունները վաղուց են գրանցվել: Վերջին անգամ «Արարատը» գավաթակիր է դարձել 2008թ. Վարուժան Սուքիասյանի օրոք:

Հետաքրքիր 5 փաստ՝ խաղին ընդառաջ

  • Գավաթի մրցաշարում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1992թ. ապրիլի 15-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած 1/8 եզրափակչի խաղում: Նորաստեղծ «Բանանցը» Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իսկական անակնկալ մատուցեց՝ 2-0 հաշվով պարտության մատնելով փորձառու արարատցիներին: «Բանանցին» հաղթանակ պարգևեց «Գանձասար-Կապանի» ներկայիս գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի դուբլը: Այդ խաղի մասնակիցներից «Բանանցի» կիսապաշտպան Արա Նիգոյանը և արարատցի Տիգրան Գսպեյանը ներկայումս ընդգրկված են «Արարատի» մարզչական շտաբում:
  • Գավաթի խաղարկություններում «Բանանցի» և «Արարատի» ճանապարհները 7-րդ անգամ են հատվում: Մրցակիցների գավաթային դիմակայությունում 4 անգամ հաջողությունն ուղեկցել է «Բանանցին», 2 անգամ առավելության են հասել արարատցիները:

  • «Արարատն» ու «Բանանցը» պատվավոր մրցանակի համար 2 անգամ հանդիպել են եզրափակչում: 2007թ. մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած վճռորոշ խաղում «Բանանցը» չեխ Յան Պոշտուլկայի գլխավորությամբ լրացուցիչ ժամանակում հաղթել է 3-1 հաշվով: Խաղի հիմնական ժամանակում արարատցի Մարկոս Պիզելիի խփած գոլին «Բանանցը» պատասխանել էր Սեմյոն Մուրադյանի գոլով: Լրացուցիչ ժամանակում «Բանանցին» հաղթանակ էին պարգևել Արամ Բարեղամյանի և Սեմյոն Մուրադյանի խփած գնդակները:
  • Մեկ տարի անց նույն օրն Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակչում Վարուժան Սուքիասյանն իր սաների հետ ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ, որին մարզում էր բուլղարացի Նեդելչո Մատուշևը: Կրկին խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1: Հաշիվը բացեց բուլղարացի Մարկո Գանչևը, 2-րդ խաղակեսում արարատցի Վահագն Մինասյանը վերականգնեց հավասարակշռությունը: «Արարատին» հաղթանակ պարգևեց լրացուցիչ ժամանակում Մարկոս Պիզելիի խփած գոլը:
  • Մրցակիցների գավաթային վերջին դիմակայությունը կայացել է 2016/17թթ. խաղարկությունում: «Բանանցը» հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ (2-1, 0-1):

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Բանանց»՝ Աշոտ Բարսեղյան, Սեմյոն Մուրադյան՝ 2-ական գոլ:

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան, Մարկոս Պիզելի՝ 2-ական գոլ:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնի արարատցի Ռաֆայել Սաֆարյանը:

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցն» ու «Արցախը» պարտություններ են կրել ընկերական խաղերում

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

Աբրահամ Խաշմանյան. «Մեր ֆուտբոլի վրա տասնյակ տարիներ փորձարկումներ են արել»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

«Բանանցը» պարտվել է Վրաստանի Բարձրագույն խմբի թիմին (տեսանյութ)

«Բանանցն» ու «Շիրակն» Անթալիայում մրցել են Դանիայի 1-ին դիվիզիոնի թիմերի հետ

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

Պաշտոնական. Կալուգինը տեղափոխվել է «Արարատ»

Թոփ-10. Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

«Բանանցը» պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» նախկին պաշտպանի հետ

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանցի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար

Աբրահամ Խաշմանյան․ «Ունենք ևս 4-5 որակյալ ֆուտբոլիստների կարիք» (տեսանյութ)

«Բանանցը» և «Արցախն» արդյունավետ ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումը (տեսանյութ)

«Արարատը» Սոչիում ոչ-ոքի է խաղացել «Սոչիի» հետ

Հայաստանից Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխված լեգեոներ Սիբոն վարձավճարով կխաղա Ալբանիայում