-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լրացավ հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երևանի «Արարատի» փառահեղ հաղթանակի 45-ամյակը: 1973թ. հայկական ֆուտբոլի տարեգրությունում մի նոր վառ ու անկրկնելի էջ գրվեց: «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց՝ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնի ոսկե մեդալներն ու բյուրեղապակյա գավաթը:
Ուղիղ 45 տարի առաջ այս օրն «Արարատը» «Զենիթի» նկատմամբ տոնած հաղթանակով պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը՝ ավարտելով մրցաշրջան-73-ում գերազանց ելույթները:
VNews.am-ն էլ ավարտում է փառահեղ հաղթանակի 45-ամյակի կապակցությամբ մրցաշրջան-73-ում «Արարատի» ելույթների մասին պատմող հոդվածաշարի տպագրությունը, ինչն անկասկած հաճելի հուշեր արթնացրեց ֆուտբոլասերներից շատերի մոտ:
«Արարատ» – «Զենիթ»՝ 3-2 (1-0)
Երևան, 28 հոկտեմբերի, «Հրազդան» մարզադաշտ, 75 հազար հանդիսական:
Մրցավար՝ Գեորգի Բաքանիձե (Թբիլիսի):
«Արարատ» – Ալյոշա Աբրահամյան – 5, Սանասար Գևորգյան – 5 (Սերգեյ Բոնդարենկո, 70 – 5), Արմեն Սարգսյան – 5, Ալեքսանդր Կովալենկո – 5, Նորայր Մեսրոպյան – 5, Արկադի Անդրեասյան – 5, Նազար Պետրոսյան – 5 (Սուրեն Մարտիրոսյան, 80 – 5), Լևոն Իշտոյան – 5, Էդուարդ Մարգարով – 5, Հովհաննես Զանազանյան – 5, Նիկոլայ Ղազարյան – 5:
«Զենիթ» – Վլադիմիր Պրոնին – 4, Ալեքսանդր Դերյոմով – 4, Միխայիլ Լոխով – 4, Վլադիմիր Գոլուբև – 4, Յուրի Զագումեննիխ – 4, Պավել Սադիրին – 4, Ալեքսեյ Ստրեպետով – 4, Վիկտոր Տրեմբաչ – 4, Ալեքսանդր Նիկոլաև – 4, Անատոլի Զինչենկո – 4, Վլադիմիր Ժիգունով – 4:
Գոլերը՝ Զանազանյան 27՛, Մարգարով 47՛, 59՛, Նիկոլաև 48,՛ Զինչենկո 52՛:
Հոկտեմբերի 28-ին «Արարատն» առաջնության ավարտական խաղն էր անցկացնելու «Հրազդանում»՝ հյուրընկալելով «Զենիթին»: Այդ օրը տեղի էին ունենալու առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, իսկ մրցաշարը եզրագիծը հատելու էր միայն նոյեմբերի 2-ին: Իսկ ահա «Արարատն» ու ԲԿՄԱ-ն առաջինն էին հատելու վերջնագիծը:
4 օր առաջ Մոսկվայում ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակով «Արարատը» գործնականում լուծել էր չեմպիոնի տիտղոսի նվաճման հարցը՝ 3 միավորով գերազանցելով Կիևի «Դինամոյին»: Այնպես որ «Զենիթի» հետ խաղում արարատցիները պետք է պաշտոնապես գրանցեին իրենց չեմպիոնությունը:
Իհարկե, տեսականորեն Կիևի «Դինամոն» դեռ պահպանում էր չեմպիոն դառնալու հնարավորությունը: Դրա համար անհրաժեշտ էր, որ դինամոյականներն Ալմա Աթայում և Տաշքենդում հաղթեին մրցակիցներին, իսկ «Արարատն» էլ իր հերթին պարտվեր «Զենիթին»:
Հայ ֆուտբոլասերների համար դեպքերի նման ընթացքը ֆանտաստիկայի ժանրից էր: Ուստի նրանք ոսկե մեդալների նվաճման առիթով նորընծա չեմպիոններին ողջունելու և շնորհավորելու ակնկալիքով էին տեղ զբաղեցրել լեփ-լեցուն տրիբունաներում: Ֆուտբոլասերները մարզադաշտ էին եկել մասնակիցը դառնալու համաժողովրդական մեծ տոնախմբության, ականատես լինելու ֆուտբոլային ներկայացման:
Մինչև խաղը սկսվելը տրիբունաներում արդեն ուրախ և տոնական տրամադրություն էր տիրում, երաժշտություն էր թևածում: Մարզադաշտ էին եկել պարային մի քանի համույթներ: Այնպես որ բոլորը պատրաստվում էին նշելու մեծ հաղթանակը:
Ստացվեց այնպես, որ «Արարատը» հանդիպումը սկսեց արդեն նորընծա չեմպիոնի կարգավիճակով: Մինչև «Զենիթի» հետ խաղը սկսվելը հայտնի դարձավ, որ Կիևի «Դինամոն» Ալմա Աթայում 11մ հարվածներով պարտվել է «Կայրաթին», որին մարզում էր «Արարատի» նախկին մարզիչ Արտյոմ Ֆալյանը: Տեղեկանալով այդ մասին, Նիկիտա Սիմոնյանը խնդրել էր արարատցիներից գաղտնի պահել կիևցիների պարտության լուրը և միայն խաղավերջում այդ մասին հայտնել մարզադաշտի ռադիոհանգույցով:
Սակայն ուրախալի այդ լուրը դժվար էր գաղտնի պահել: Ֆուտբոլասերներից շատերը մարզադաշտ էին եկել ռադիոընդունիչներով և «Մայակ» ռադիոալիքով ունկնդրել էին «Կայրաթ»-«Դինամո» Կիև հանդիպման 2-րդ խաղակեսի ռադիոռեպորտաժը: Այնպես որ, դինամոյականների պարտության լուրն արագորեն տարածվեց տրիբունաներում ու հասանելի դարձավ նաև արարատցիներին՝ ցնծության ալիք առաջացնելով ֆուտբոլասերների մոտ:
Չնայած այդ ամենին, «Հրազդանում» հնչած վերջին ակորդը մեծ բավականություն պատճառեց ֆուտբոլասերներին: Երկու թիմերն էլ մարտականորեն էին տրամադրված: Նիկիտա Սիմոնյանը կրկին խաղադաշտ էր դուրս բերել 3 հարձակվողի, որոնց ակտիվորեն աջակցում էին կիսապաշտպանները:
Խաղասկիզբն անցավ փոխնիփոխ գրոհներով: Հյուրերը գրոհները հիմնականում կազմակերպում էին ձախ թևով, որտեղ հաճախակի հայտնվում էին Ժիգունովը կամ Նիկոլաևը: Սակայն առաջին վտանգավոր պահը ստեղծվեց հակադիր թևից: Հսկողությունից դուրս մնացած Ստրեպետովը մեն-մենակ հայտնվեց Աբրահամյանի դիմաց, սակայն շեղ հարվածեց:
Երկու րոպե անց հանդիպումը գերազանց անցկացրած Անդրեասյանը դարպասապահի դեմ դուրս բերեց Ղազարյանին, սակայն վերջինիս հարվածը մի փոքր բարձր ստացվեց:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո