fbpx

Ինչպես է Իսպանիայի հավաքականում աշխատել Հայաստանի ընտրանուն միացած Խավիեր Մինյանոն

Ֆիզպատրաստության գծով իսպանացի հանրահայտ մասնագետ Խավիեր Մինյանոյի՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը համալրելը նախ զարմանք, ապա մեծ ոգևորություն է առաջացրել մեր ֆուտբոլային շրջանակում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մինյանոյի՝ Futbolendesarrollo-ին դեռ 2012 թվականին տված հարցազրույցը, որը բավականին հետաքրքրական է։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն այդ տարի հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։

-Վիսենտե դել Բոսկեն խմբային աշխատանքի չեմպիոն է, և առաջարկները համաձայնեցվում են։ Մենք իրար հետ աշխատում ենք արդեն 20 տարի, և պարզ է, թե ինչ ենք փնտրում։ Այլ նպատակների հետ մեկտեղ, հարկավոր է բազմազանություն գտնել մարզումների ժամանակ։ Մենք կարող էինք անել նույնը, ինչ աշխարհի առաջնության ժամանակ, բայց միշտ փնտրում ենք նոր ինչ-որ բան։

Աշխատանքի գլխավոր փիլիսոփայությունը յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական պահանջներին և մոտակա խաղի բնութագրին հարմարվելն է։ Վիսենտե դել Բոսկեն միշտ կրկնում է, որ մարզչական շտաբի առաջին գործառույթը հետևյալն է՝ շատ լավ ճանաչել քո ֆուտբոլիստներին, քանի որ խաղացողների այս խումբն այլ է, քան 2 տարի առաջ՝ աշխարհի չեմպիոն դառնալու ժամանակ։ Ֆուտբոլիստների «կորիզը» մնացել է, սակայն անցել է 2 տարի․․․ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ յուրահատուկ մոտեցում է պահանջում։

Ինչպե՞ս եք աշխատում ֆուտբոլիստների հետ, որ նրանք պատրաստ լինեն կատարելու իրենց առջև դրված պահանջները։

-Նախ լինում է հարմարվելու շրջան, ապա աշխատանքն ավելացնում ենք փոքր չափաբաժիններով։ Մենք չենք փոխում տրամաբանությունը, որ թելադրում է ակումբային մրցաշրջանի ավարտը, որպեսզի ֆուտբոլիստները շարունակեն աշխատել իրենց նորմալ ռեժիմով։ Աշխատանքն, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ամրապնդելու մեր դավանած խաղի գաղափարը։

Ճշմարտությունն այն է, որ խաղացողների՝ հավաքականին մեծ մրցաշարի համար միանալուց առաջ ունեցած 4-օրյա հանգիստը հերիք չէ, և հասկանում ենք, որ կարիք չկա արմատապես փոխելու մարզման գործընթացը, այլ պետք է շարունակել ակումբների գաղափարները։ Բայց դու չես կարող ապահովել անհրաժեշտ ինտենսիվություն, որ եղել է ակումբում՝ ազգային առաջնության վերջին ամսում։ Դրա համար էլ սահմանում ենք ուժի, արագության, դիմադրողականության անհատական թեստեր, բայց դրանք պետք է սերտ առնչվեն խաղի հետ, գնդակի հետ։

«Արքայական ֆիզպատրաստություն». Ի՞նչ կարող է տալ Խավիեր Մինյանոն մեր հավաքականին

Տարբերվու՞ւմ են այն ֆուտբոլիստները, ովքեր հավաքականին միանում են անգլիական ակումբներից։

-Դա չի կարելի ընդհանրացնել։ Իսպանական ակումբներում էլ տարբեր են մարզումային ոճերը․ որոշներն աշխատանքը կենտրոնացնում են մարզասրահում, որոշները կարծում են՝ այդպես հետաքրքիր չէ։ Այնուամենայնիվ, կան որոշակի տարբերություններ, կրկին կախված նրանից, թե որ ակումբների մասին է խոսքը։

Խոսվում է անգլիական ոճի մասին։ Բայց «Մանչեսթեր Սիթին» ավելի եվրոպական մոտեցումներով է աշխատում, քան «Լիվերպուլը»։ Ըստ Մատայի և Տորեսի պատմածների՝ իրենց մարզումներն այնտեղ նման են նրան, ինչ անում էին Մադրիդում։

Աշխատանքի գործընթացում գնդակն անբաժանելի մասնիկ է․․․

-97%-ը կատարվում է գնդակով։ Ես պնդում եմ, որ ամենօրյա աշխատանքը նպատակ ունի կատարելագործելու մեր խաղաոճը։

Շա՞տ է անհատական աշխատանքը։

-Անհատական ռեժիմն ազդեցություն է թողնում աշխատանքի վրա։ Այսինքն, այն, ինչ ֆուտբոլիստներն իրենց հետ բերում են ակումբներից։ Մենք նրանց թույլ ենք տալիս այստեղ էլ հետևել իրենց մոտեցումներին։ Մենք ինֆորմացիա ունենք խաղացողների մասին ակումբային մարզիչներից ու բժիշկներից։ Չենք ցանկանում ջնջել աշխատանքի գաղափարը։ Եթե Չավին անհատական ծրագիր ունի, որպեսզի ավելի լավ հետևի իր մարմնին, ապա դա, իհարկե, պահպանվում է նաև այստեղ։

Ըստ Ձեզ՝ անմարդկայի՞ն է այն օրացույցը, որով ֆուտբոլիստները հանդես են գալիս իրենց ակումբներում։

-Այո՛, անմարդկային է։ Երբ ես մեծ ակումբում էի աշխատում («Ռեալ Մադրիդ»՝ խմբ․) և ավարտում էի մրցաշրջանը, մտածում էի․ «Նրանք հիմա էլ պետք է միանան իրենց հավաքականների՞ն»։ Դու պարզապես ուժասպառ ես ֆիզիկապես և հոգեբանորեն։ Հիմա, երբ այդ գործընթացին այլ կողմից եմ նայում, նկատում եմ, որ տղաները հարմարվում են։ Նրանք պայքարում են առաջնությունում, Չեմպիոնների լիգայում և գավաթի խաղարկությունում ու հաջորդ օրը միանում մեզ։ Դա շարունակում է զարմացնել ինձ։

Բողոքողները․ Հայկական ակումբների «գլխացավը» և մարզիչ, ով գիտի «դեղատոմսը»

Ինչպե՞ս փոխվեց այն մոտեցումը, որ բարձրակարգ ֆուտբոլ կարող են խաղալ նաև ցածրահասակները։ 

-Թվում էր՝ միտումը տանում էր նրան, որ պահանջված էին ատլետիկ տվյալներ ունեցող, ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստները, բայց մեր հավաքականն ապացուցել է՝ 1,70 սմ հասակ ունեցող խաղացողը կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով։ Ես ծանոթ եմ իտալական, արգենտինական փիլիսոփայությանը․․․ Շատ աշխատանք մարզասրահում, դիմադրողականություն․․․ Այո՛, դրանց շնորհիվ տաղանդը զարգանում է, բայց միայն այդքանով չի կարելի սահմանափակվել։

«Կարմիր Ֆուրիան» հեղափոխությո՞ւն կատարեց։

-Այո՛, ֆուտբոլի համար դա հեղափոխական էր։ Մենք Արիգո Սակիի «Միլանը» չենք կամ թիմում չունենք Մարադոնա։ Սա փայլուն կոլեկտիվ է, որը լավ ֆուտբոլ է ցուցադրում, պատշաճ վարք է դրսևորում խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։ Մեր ընդգծված խաղաոճը փոքր հեղափոխություն է կատարել ֆուտբոլում։

Նրանք, ովքեր քիչ խաղաժամանակ են ստացել մրցաշրջանի ընթացքում, մասնավորապես Պեդրոն և Տորեսը, իսկապես ավելի թարմ տե՞սք ունեն։

-Եթե ընդհանուր նայենք, ապա թարմ վիճակում են ներկայացել։ Բայց խնդիրը հոգեբանական է։ Քիչ խաղալը բերում է վստահության պակասի, չունես այն մրցակցային ոգին, որ քեզ փոխանցում են պաշտոնական հանդիպումները։ Այն ֆուտբոլիստը, որը քիչ է խաղացել, կունենա ֆիզիկական ավելի քիչ խնդիրներ, բայց մրցաշարերի մասնակցելը քեզ խաղային տոնուսի բարձր մակարդակ է տալիս։

Նրանց լավ մարզավիճակի հասցնելը մարտահրավե՞ր է դառնում Ձեզ համար։

-Ոչ միայն ինձ, այլև ամբողջ թիմի համար։ Վիսենտե դել Բոսկեի մարզումները չեն առանձնացնում տակտիկան, ֆիզիկական և հոգեբանական աշխատանքը, քանի որ ժամանակ չկա։ Դրա համար էլ առաջին բանը, որ մարզիչը հորդորում է մեզ, դա ֆուտբոլիստին մոտենալն է և տեղեկատվություն ստանալը, ինչը թույլ կտա մեզ հարմարավետ զգալ։

Պատմություն կերտելուց 2 ամիս անց. Ի՞նչ է կատարվում «Փյունիկի» հետ

Միստերը շատ է խոսում հատկապես հոգեբանական աշխատանքի մասին․․․

-Վիսենտեն չի դավաճանում իր մոտեցումներին։ Թվում է՝ մենք աշխատում ենք, բայց ամեն ինչ նրանից է գալիս։ Փորձառու ֆուտբոլիստն անմիջապես հասկանում է դա։ Նոր խաղացողը միգուցե մտածի՝ մարզիչը չի գործում, բայց փորձառուն միանգամից ընկալում է։ Վիսենտեն ջերմ է, մոտ իր ֆուտբոլիստներին և անչափ հարգալից նրանց նկատմամբ։

Ասում են՝ մեծ մրցաշարերը հաղթում են անկողնում, կախված նրանից, թե ինչպես են հանգստանում։ Ի՞նչ չափի կարևորություն է ունենում ֆիզիկական պատրաստականությունը Եվրոպայի առաջնության ժամանակ։

-Շատ բան գալիս է ակումբների աշխատանքից, քանի որ ֆուտբոլիստները մրցաշրջանի վերջին 1 ամսում շատ խաղեր են անցկացնում և փորձում վերականգնվել։ Նախկինում վերականգնվելու համար ավելի շատ ժամանակ կար։ Խաղացողները հիմա հանդիպումների միջև 2 օր են հանգստանում։ Դա մի երևույթ է, որի հետ պետք է համակերպվենք։

Կարո՞ղ եք մանրամասնել բարդության աստիճանը։

-Ինտենսիվությունն այնքան մեծ է, որ առաջանում է հուզական մեծ վերահսկողություն։ Վիսենտեի գլխավոր հատկանիշն այն է, որ նա կարողանում է ֆուտբոլիստներին փոխանցել զգացմունքային հանգստություն։ Մենք ունենում ենք հաջողություններ, և գլխավոր արժանիքը պատկանում է Վիսենտեին ու ֆուտբոլիստներին։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռամոսն ինստագրամում 1 գործողությամբ «փակել է» Լովրենի բերանը (սքրինշոթ)

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Լիխտենշետյնի ընտրանու դեմ խաղում

Լիխտենշտեյնի հետ հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական կլինի

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղի համար

Իսպանիան 2 անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է Ջիբրալթարի դեմ հաղթանակը (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան․ «Չեմ կարող բառերով նկարագրել հոգեվիճակս գոլիցս հետո»

Մխիթարյանը՝ Կամո Հովհաննիսյանին․ «Կամո՛, վարչապետ» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Լիխտենշտեյնի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

«Կուլիսների հետևում»․ Հայաստանի ազգային հավաքականի մեկ օրը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Շվեյցարիա

Ցուցանիշ, որով Հայաստանի և Իսպանիայի հավաքականները Ազգերի լիգայում գերազանցում են բոլորին

Լուիս Էնրիկեն Իսպանիայի պատմության 4-րդ վատագույն արդյունքն ունի. Բայց վստահելու տեղ դեռ կա

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականը ևս մեկ շարժառիթ ունի այսօր հաղթանակի հասնելու համար

Ազգերի լիգա․ Խորվաթիան ֆանտաստիկ խաղում հաղթանակ պոկեց Իսպանիայից, այլ արդյունքներ (տեսանյութ)