fbpx

Սփյուռքի հավաքական․ Ի՞նչ անել, երբ ակումբներն ունակ չեն օգնելու ընտրանուն

Վերջին օրերին բոլորը կրկին վերցրել էին թրերը և քննադատության տակ առել Հայաստանի ազգային հավաքականին։ Դա տարօրինակ է, քանի որ բացահայտումներ տեղի չեն ունեցել։ Պետք էր լավ գիտակցել այս ընտրանու պոտենցիալը և չակնկալել, որ 1 ամսում հեղաշրջում է կատարվելու։ Մենք հարձակողական հիանալի ներուժ ունենք (12 գոլ՝ վերջին 3 խաղում), սակայն պաշտպանությունում իսկական աղետ է։

Մինչդեռ ավելի մտահոգիչ ու խորքային խնդիր կա։ Մեր Մ19 տարեկանների հավաքականը 3 խաղ է անցկացրել այստեղ կայացած ընկերական մրցաշարում ու կրել նույնքան պարտություն՝ մրցակիցներից ընդհանուր բաց թողնելով 16 գնդակ։ Մենք դեռ չենք հասկանում, որ ամեն ինչ այստեղից է սկսվում․ եթե այս հավաքականը հիմա ձախողվում է, մի քանի տարի անց հրաշք չի լինելու և նրանք չեն փայլելու ազգայինում։

Հիմա անդրադառնանք ազգայինին և անցում կատարենք հիմքին։

Ի՞նչ է, վախենո՞ւմ ենք գնդակից

Եթե ուշադրություն դարձնենք, ապա մեր հավաքականն իր գոլերը հիմնականում բաց է թողնում անհատական ինչ-որ սարսափելի սխալի պատճառով։ Մենք չունենք հուսալի պաշտպան։ Հիմա երևի թե կարելի է առանձնացնել միայն շատ լավ մարզավիճակ հավաքած Գագիկ Դաղբաշյանին։ Նույն Վարազդատ Հարոյանը բազմիցս է սխալներ թույլ տվել, ընդհուպ մինչև կարմիր քարտեր ստացել և թիմին դրել ծանր կացության մեջ։

Հրաշալի է, որ օրհներգը սկսել ենք այդպես եռանդով երգել։ Իսկ հնարավոր կլինի՞ նման եռանդով մաքրել փոխանցումների խոտանը։ Ամեն անգամ, երբ պաշտպանությունից գրոհ ենք սկսում, ակամայից վախ է հայտնվում, որ շուտով կորցնելու ենք գնդակը։ Թե՛ պաշտպանները, թե՛ կիսապաշտպանները փոխանցումների ահավոր մեծ խոտան ունեն։ Սիրտներս տեղն է ընկնում, երբ գնդակը հասնում է Մխիթարյանին։

«Լավ խաղ, վատ արդյունք, բարոյական հաղթանակ». Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականը Լիխտենշտեյնի հետ խաղում

Արմեն Գյուլբուդաղյանցը վերջին խաղերում հնարավորություն է տվել այն սակավաթիվ երիտասարդներից մի քանիսին, որոնք պատրաստ են պայքարելու ազգայինում տեղի համար՝ Հենրի Ավագյան, Արթուր Քարտաշյան, Ալիկ Առաքելյան։ Կան ևս մի քանիսը, որոնք շուտով գուցե նման շանս ստանան, սակայն, հավատացե՛ք, կտրուկ սերնդափոխություն պարզապես հնարավոր չէ։ Առիթից օգտվելով առողջություն ենք մաղթում Վահան Բիչախչյանին և վստահ ենք, որ նա կհաղթահարի վնասվածքի հետ կապված բոլոր դժվարությունները։

Քիչ կադրեր ունենալու պարագայում սկսում ենք մտածել հետևյալ թեմայով։

Սևեռվել սփյուռքի վրա

Ընտրում ենք հեշտ ճանապարհը։ Սա համարյա այն է, ինչ անում են հայկական ակումբները՝ հրավիրել «պատրաստի» լեգեոներների և հարց լուծել որոշակի ժամանակահատվածի համար։ Մտահոգիչ է, բայց վերջին տարիներին մեր հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ են դառնում միայն սփյուռքից ժամանածները, տեղացիների «ձայնը դուրս չի գալիս»։ Մարկոս Պիզելիին էլ գումարենք այդ ոչ տեղացիների խմբին։

Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիս, Ալեքսանդր Կարապետյան, Սարգիս Ադամյան․․․ Նրանք եկել են ու հիմա շատ կարևոր են մեր հավաքականի համար։ Բայց եթե չպետք է աշխատենք տեղացի ֆուտբոլիստներին զարգացնելու ուղղությամբ, ապա եկեք ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք սփյուռքի վրա, անունն էլ դնենք Սփյուռքի հավաքական։ Չէ՞ որ ժամանակ ու միգուցե ցանկություն չունենք օգնելու մեր երիտասարդներին։

Եկանք ամենակարևոր խնդրին

Մեր Մ19 տարեկան ֆուտբոլիստները խաղում էին Պորտուգալիայի, Հոլանդիայի և Գերմանիայի հասակակիցների դեմ։ Ուսումնասիրելով նրանց կազմը՝ կարելի էր զարմանք ապրել, որ այդ խաղացողները նման տարիքում արդեն հանդես են գալիս իրենց երկրների առաջին դիվիզիոններում, նույնիսկ կային հիմնական կազմի ֆուտբոլիստներ։ Այնտեղ չեն վախենում վստահել երիտասարդին, բայց դա հերիք չէ, նաև աշխատել նրա սխալների վրա ու օգնել առաջադիմել։ Այդ թիմերը նույնպես մրցաշարային խնդիրներ են լուծում, սակայն միաժամանակ կադրեր «արտադրում»․ հոլանդական համարյա ցանկացած ակումբ դրա վառ վկայությունն է։

«Կուլիսների հետևում»․ Հայաստանի ազգային հավաքականի մեկ օրը (տեսանյութ)

Հետո հայացք էինք գցում մեր ֆուտբոլիստներին․ նրանք, ովքեր Բարձրագույն խմբում հայտավորվում են, լավագույն դեպքում դիտարկվում են որպես հանդիպման վերջին 5-10 րոպեին փոխարինման մտնողներ, իսկ մյուսները ելույթ են ունենում շատ ցածր տեմպ ու որակ ունեցող Առաջին խմբի առաջնությունում, հավաքականի անդամներից որոշները նույնիսկ այնտեղ են պահեստային։

Ակումբներն իրականում պարտավոր չեն մտածել հավաքականների մասին

Դա փաստ է։ Ակումբներ, որոնք «բարեգործական» նպատակներով ֆինանսավորում են սեփականատերերը, և որոնք րոպեական արդյունքների համար են։ Դա նույնիսկ «Բանանցին» է վերաբերում։ Ակումբներն ասում են՝ մեր պատանիները փայլում են 13, 14, 15 տարեկանների մրցաշարերում։ Այո՛, հավատում ենք, որ այդպես է։ Իսկ հետո՞։ Չէ՞ որ ֆուտբոլիստի կայացման գլխավոր հատվածը հետո է սկսվում, երբ նա մեր իրականությունում պարզապես անպետք է դառնում։

Ակումբների ղեկավարներին արդյունք է պետք, ավելի կոնկրետ՝ եվրագավաթների ուղեգիր։ Իսկ եթե քո ակումբի ծրագիրը կազմված է ընդամենը 1 տարվա համար, ապա դու զարգացման ոչ մի հեռանկար չունես։ Հիմա միայն «Փյունիկն» է, որ կարծես ցանկանում է այլ ճանապարհով գնալ։ Իսկ մյուսների մոտ չկա զարգացման քաղաքականություն, չեն էլ լսել այդպիսի բառակապակցությունների մասին։

Ակումբները պետք է գիտակցեն, որ, պատրաստելով լավ ֆուտբոլիստի, առաջինն իրենք են շահում։ Նախ, դրա համար գումարներ չեն ծախսում, իսկ տվյալ խաղացողին կարող են հետագայում տեղական չափանիշներով լավ արժեքով զիջել արտերկրի ակումբի։ Դրանից ինքնաբերաբար կշահեն հավաքականները, որի մարզիչներն էլ ընտրության հնարավորություն կունենան։

Երիտասարդ ֆուտբոլիստի աշխատասիրությունից և ֆուտբոլին նվիրումից մեծ բան է կախված, սակայն շատ քիչ կարող է պատահել, որ 18-19 տարեկան խաղացողը մրցակցությունում հաղթի 25-26 տարեկան լեգեոներին։ Եվ քանի որ մարզչից արդյունք են պահանջում, նա առանձնապես չի մտածում երիտասարդների որակների վրա աշխատելու մասին, այլ իր մոտ է կանչում լեգեոներին։

Ֆուտբոլիստներ, որոնք փակում են երիտասարդների ճանապարհը

Բոլորը բողոքում են միայն լեգեոներներից, սակայն այստեղ այլ հարց էլ կա։ Ի դեպ, ուժեղ լեգեոներների առկայությունը մեզ շատ է պետք, և հիմարություն կլինի կարծելը, թե առանց նրանց հնարավոր է զարգացնել ֆուտբոլը։ Միայն թե՝ չափ ու սահմանը չէր խանգարի։

Իսկ նկատե՞լ եք, որ կա հայ 25-30 տարեկան ֆուտբոլիստների մի խումբ, որը համարյա ամեն տարի թիմ է փոխում։ Նրանք առաջադիմելու հեռանկար չունեն, չեն կարողանում տեղափոխվել արտասահման, հետևաբար լճանում են Հայաստանում և ակամայից փակում երիտասարդների ճանապարհը։ Խնդիրն այն է, որ նման խաղացողների քանակը մեծ է, և դա էլ լուրջ խնդիր է։

Մովսիսյանը նոր ռեկորդ սահմանեց, Մխիթարյանը հոբելյան նշեց

Ո՞վ է, բացի Մխիթարյանից, գնացել ու ամրապնդվել արտերկրում, միշտ ձգտել ավելիին։ Ովքեր էլ գնացել են, մնացել են առավելագույնն ընդամենը 1-2 տարի, մի քիչ գումար հետ գցել և վերադարձել։ Ի՞նչ առաջադիմելու կամ կարիերայի մասին է խոսքը։ Մեր ֆուտբոլիստները միշտ քչով են բավարարվում, հերիք է աշխատած մի քանի հազար դոլարը, և արդեն պետք է վերադառնալ Հայաստան։

Դասականն ասում էր․ «Մեր երիտասարդները պետք է լինեն նպատակասլաց, պետք է այնքան սիրեն ֆուտբոլն ու նվիրվեն, ինչքան Մխիթարյանը»։ Եվ դա ճշմարտություն է։ Եթե մեր հավաքականից հանենք Հենրիխին, որը վերջին հանդիպումներում կտրուկ բարելավել է իր խաղը, և էլի մի քանիսին, ապա այնտեղ ծայրահեղ միջակություն կտիրի։ Այդ ժամանակ կհասկանանք, որ մենք երևի այդքան էլ չենք գերազանցում գաճաճներին։

Հ․ Գ․ Եթե ցանկանում ենք բացահայտել խնդիրները, պետք է նայենք խորք՝ ակումբներին և տարբեր տարիքային հավաքականներին։ Սփյուռքից ֆուտբոլիստներ եղել են, դեռ կլինեն ու պետք է լինեն, սակայն մեզ և ֆեդերացիայի համար (ակումբներն իրենց հոգսերով են տապակված) գլխավոր խնդիրն այստեղից նոր կադրեր բացահայտելն է։ Դա դժվար ճանապարհ է, բայց անդունդից հետ կանգնելու այլ արահետ չկա։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Հայաստանի հավաքականի խաղացանկը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի համար

«Իտալիան ֆավորիտ է, մյուսները՝ հավասարազոր». Արմեն Գյուլբուդաղյանցը՝ վիճակահանության մասին

«Մխիթարյանից բացի Հայաստանի հավաքականում չկան շատ բարձրակարգ ֆուտբոլիստեր». հունական կայքի անդրադարձը Հայաստանի հավաքականին

Ռոբերտո Մանչինին խոսել է Եվրո-2020-ի վիճակահանության մասին. Հայաստանի և Իտալիայի հավաքականները նույն խմբում են

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ դասակարգման նոր աղյուսակում

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ֆեդերացիան բանակցություններ է վարում Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ» (տեսանյութ)

Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտի» հաղթանակի և Հայաստանի հավաքականի վերջին ելույթների մասին (տեսանյութ)

Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

Մարկոս Պիզելիի գոլը հավակնում է լավագույնը դառնալ Ազգերի լիգայում (ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ)

Ազգերի լիգայի խմբային փուլը՝ թվերով. Ով է լավագույն ռմբարկուն, որ թիմն է ամենաշատ գոլերը խփել և այլ տվյալներ

«Ա՜խ, երանի, թե լիներ մի հնար…». Հայաստանի ընտրանու ամենացանկալի մրցակիցները Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում

Հայտնի են Եվրո 2020-ի վիճակահանության զամբյուղները

Մովսիսյանը նոր ռեկորդ սահմանեց, Մխիթարյանը հոբելյան նշեց

Մտավ հավաքականի պատմության մեջ․ Ալեքսանդր Կարապետյանի գոլը կհիշվի նաև այս առիթով