fbpx

Արմեն Գյուլբուդաղյանց․ «Ֆեդերացիան բանակցություններ է վարում Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ» (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է լրագրողների հետ։

«Եթե պետք է փորձարկեինք Հենրի Ավագյանին, ապա Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղից հետո այլևս չէինք կարող դա անել։ Երիտասարդներին փորձարկելն ինքնանպատակ չէ։ Նրանք պետք է արժանացած լինեն դրան։ Եթե վերցնենք հենց Հենրիին, երիտասարդական հավաքականի վերջին 3 հանդիպումներին նա հանդես է եկել շատ բարձր մակարդակով։

Լիովին համաձայն եմ, որ Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղում Ալիկ Առաքելյանին ավելի շուտ պետք է դուրս բերեի խաղադաշտ։ Դա իմ սխալներից մեկն էր։ Պարզապես պահերը շատ էին, սպասում էինք, որ տղաները շուտով գոլ են խփելու։

Հաշվի առնելով, որ Արթուր Քարտաշյանի առաջին խաղն էր հավաքականում, գոլ խփեց, կասեմ՝ լավ հանդիպում անցկացրեց։ Բայց նա 2 սխալ թույլ տվեց, ինչն անփորձության, լարվածության պատճառով էր։ Վստահ եմ, որ Արթուրը կհասունանա, դա նրա մոտ մի քիչ պակասում է, և արժանի կլինի հավաքականին։

Նախատեսել էինք, որ Պետրոս Ավետիսյանը Ջիբրալթարի ընտրանու հետ արտագնա խաղում պիտի հիմնական կազմում լիներ, քանի որ Մարկոսն արդեն վնասվածք էր ստացել։ Սակայն, չգիտես ինչու, Պետրոսն էլ հաճախակի է վնասվածքներ ստանում։

Ֆուտբոլում նշանակություն ունի արդյունքը։ Թե ինչով ձևով ես խաղացել, ինչ տակտիկայով, դա երկրորդական է։ Կարող էինք ավելի լավ արդյունք գրանցել, եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեին։ Ավելի լավ կխաղայինք, եթե լինեին Մարկոսը, Արաս Օզբիլիսը, Էդգար Բաբայանը, Հայկ Իշխանյանը։ Մրցակցությունն ավելի մեծ կլիներ։

Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման ընդմիջմանը չգիտեինք Մակեդոնիայի ընտրանու՝ զուգահեռաբար ընթացող խաղի արդյունքի մասին։ Ես միայն մեր մրցավեճի ավարտից հետո եմ իմացել։

Մենք D դիվիզիոնում էինք և այնտեղ պատահական չէինք, իջել էինք այդ մակարդակին։ Իսկ ենթախմբում մենք և Մակեդոնիան ֆավորիտ էինք։ Պետք է ընկալենք՝ մեր ֆուտբոլը որտեղ է, և ինչի կարող ենք հավակնել։  Զարգացման ծրագիր պետք է գրվի, լավ ֆուտբոլիստներ պատրաստենք։ Պատկերացրեք՝ ինչքան ուժեղ կլինի մեր հավաքականը, եթե 2-ական Մխիթարյան, Մովսիսյան և Ղազարյան ունենանք։

Ֆեդերացիան բանակցություններ է վարում Դիեգո Ռոսի Մարաշլյանի հետ (ուրուգվայահայ ֆուտբոլիստ, խաղում է ամերիկյան «Լոս Անջելեսում»՝ խմբ․)։ Տա Աստված, Յուրա Մովսիսյանը Եվրոպայում թիմ գտնի և գա այստեղ։ Նրա համար դժվար է լինում խաղալ այստեղ ԱՄՆ-ից ժամանելուց հետո։ Դրան գումարած՝ պետք է համախմբենք մեր երիտասարդներին՝ Պետրոս Ավետիսյանին, Էրիկ Վարդանյանին, Ալիկ Առաքելյանին, որպեսզի ավելի մարտունակ հավաքական ունենանք։

Լիխտեշնտեյնի հետ ոչ-ոքիի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Ջիբրալթարի դեմ տնային հանդիպմանը 35 հարված էինք կատարել դարպասին, շատ հնարավորություններ ունեինք, բայց լինում են այդպիսի խաղեր։ Պատասխան խաղում ցույց տվեցինք, որ այդ արդյունքը պատահականություն էր։ Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Լրագրողներից մեկը ճիշտ էր՝ ասելով, որ այդ ժամանակ «աչքի պոչով» մտածում էինք Մակեդոնիայի հավաքականի հետ սպասվող հանդիպման մասին։

Ալեքսանդր Կարապետյանը մարզումների ժամանակ, ինչպես խաղերին, շատ ագրեսիվ էր, անընդհատ միտված դարպասին։ Շատ լավ տպավորություն թողեց։ Եթե այսպես շարունակեց, այսպես խաղաց նաև իր ակումբում, անպայման կրկին կհրավիրվի հավաքական։

Դեկտեմբերի 2-ին կլինի վիճակահանությունը, ըստ դրա՝ կորոշենք, թե ինչ ենք անելու։ Կարող է՝ ընկնենք 5-հոգանոց կամ 6-հոգանոց խումբ։ Եթե 5-հոգանոց խմբում լինենք, մարտին կկարողանանք 2 ստուգողական խաղ անցկացնել, իսկ եթե՝ ոչ, ապա այլևս ժամանակ չի լինում ընկերական հանդիպման համար։

Բարձրացել է Բարձրագույն խմբի առաջնության մակարդակը, բայց սա մեզ չի գոհացնում։ Երեկ 2 հանդիպում դիտեցինք, 2-ում էլ քիչ էին հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում էին իրենց թիմերում։ Սա բողոք չէ ակումբներին։ Որպես հավաքականի մարզիչ՝ կուզենայի, որ տեղացի խաղացողներն ավելի շատ խաղաժամանակ ստանային։ Սակայն, դա չպետք է լինի արհեստականորեն, այլ նրանք պետք է պատրաստ լինեն հանդես գալ։

Մ19 հավաքականի պարտությունները, իրոք, ցավալի էին, բայց մենք խաղում էինք գրանդ երկրների թիմերի դեմ։ Սա արդարացում չէ։ Այդուհանդերձ, այնտեղ էլ 2-3 ֆուտբոլիստներ կան, որ ճիշտ մոտեցման դեպքում կարող են համալրել երիտասարդական հավաքականը։

Ինչ վերաբերում է մեզ միացած իսպանացի մասնագետին, ապա հայկական ֆուտբոլը կարիք ունի նման անձանց հետ շփվելու, որպեսզի հաղթողի իրենց հոգեբանությունը բերեն մեզ մոտ։ Լսում եմ կարծիքներ, թե 3 օրում ի՞նչ կարող է տալ մեզ, բայց աշխարհում բոլոր թիմերն ունեն ֆիզպատրաստականության մարզիչներ։ Նա ոչ միայն ֆիզիկապես է պատրաստում ֆուտբոլիստներին, այլև գլխավոր մարզչի առաջին օգնականն է, նաև հոգեբան է։ Նա զրուցում է ֆուտբոլիստների հետ, կարողանում է տրամադրել։ Բարձրակարգ մարզիչ է։ Նրա օգուտը հայկական ֆուտբոլին դեռ կերևա։

Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում աշխարհի լավագույն մարզական տնօրեններից մեկի հետ, նա պատասխանատու է ֆուտբոլի մակարդակը բարձրացնելու համար։ Բացի Վարդան Մինասյանից, որը մեծ ծրագրեր ուներ, մենք քիչ մարզական տնօրեններ ենք ունեցել։

Տակտիկական դասավորությունները կարևոր են, բայց գլխավորը չեն ֆուտբոլում։ Օրինակ՝ Գվարդիոլան ասում է՝ ես պլան Բ չունեմ, իմ պլան Ա-ն պետք է այնքան կատարելագործեմ, որ ինձ չկարողանան հաղթել։

Ունենք խոստումնալից երիտասարդներ, սակայն միայն լավ որակները քիչ են։ Առաջնային է, թե տվյալ խաղացողն ինչ մոտեցում է ցույց տալիս ֆուտբոլին, ինչ ցանկություն ունի խաղալու ազգային հավաքականում։ Նա իր անձնական կյանքը պիտի մի կողմ թողնի և նվիրվի այս ամենին։

Ինչ վերաբերում է լեգեոներների լիմիտի հետ կապված խոսակցություններին, ապա եթե լեգեոներների թիվը թիմում հասցվի 3-ի, դա օգուտ չի տալու մեզ։ Օրինակ՝ «Լոռի» ակումբը։ Եթե, օրինակ, Պետրոս Ավետիսյանը խաղում է «Լոռիի» դեմ, նա ուժեղանում է, քանի որ բարձրակարգ մրցակիցների է հանդիպում։ Բայց «Լոռին» չունի դպրոց, որ բերի հայ ֆուտբոլիստների։ «Փյունիկը», «Բանանցը» և «Արարատ-Արմենիան» ունեն իրենց պատանի ֆուտբոլիստներին, լավագույններին պահում են, մի քիչ թույլերին տալիս են մյուսներին։

Մեզ ոչ թե թիմեր, այլ ակումբներ են պետք, որոնք ենթակառուցվածքներ, ակադեմիաներ կունենան։ Այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիմիտի մասին։ Բայց ինչ-որ բան պետք է անել, այսպես էլ չի կարող շարունակվել։

Հիմա ունենք Մխիթարյան, որն Անգլիայում է խաղում, Ղազարյան, որը Պորտուգալիայում է, սակայն վերջին տարիներին կարծես հետևից չեն գալիս նրանց պես խաղացողներ։ Կպնդեմ, որ հիմա էլ ունենք տաղանդավոր երիտասարդներ՝ Քարտաշյան, Առաքելյան, Վահան Բիչախչյան, Հովհաննես Հարությունյան։ Եթե մենք լրիվ պայմանները ստեղծենք, մենք՝ մարզիչներս էլ համապատասխանենք միջազգային չափանիշներին, նրանց աճն ավելի մեծ կլինի»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Խորեն Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի և Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

Էդգար Բաբայան․ «Հավաքականը լավ շանսեր կունենա, եթե խաղա, ինչպես Մակեդոնիայի հետ երևանյան հանդիպմանը»

Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է Հայաստանի ընտրանու մրցակիցների մասին

«Անհավանականության տեսություն՝ Հայաստանի հավաքականի համար». Ի՞նչ սպասել ԵՎՐՈ-2020-ի մեր մրցակիցներից

Հայաստանի հավաքականի խաղացանկը ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի համար

«Իտալիան ֆավորիտ է, մյուսները՝ հավասարազոր». Արմեն Գյուլբուդաղյանցը՝ վիճակահանության մասին

«Մխիթարյանից բացի Հայաստանի հավաքականում չկան շատ բարձրակարգ ֆուտբոլիստեր». հունական կայքի անդրադարձը Հայաստանի հավաքականին

Ռոբերտո Մանչինին խոսել է Եվրո-2020-ի վիճակահանության մասին. Հայաստանի և Իտալիայի հավաքականները նույն խմբում են

Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ դասակարգման նոր աղյուսակում

Ուղիղ եթեր. Արմեն Գյուլբուդաղյանցը ամփոփում է Ազգերի լիգայի խմբային փուլը

Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտի» հաղթանակի և Հայաստանի հավաքականի վերջին ելույթների մասին (տեսանյութ)

Մխիթարյանը՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

Սփյուռքի հավաքական․ Ի՞նչ անել, երբ ակումբներն ունակ չեն օգնելու ընտրանուն

Մարկոս Պիզելիի գոլը հավակնում է լավագույնը դառնալ Ազգերի լիգայում (ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ)

Ազգերի լիգայի խմբային փուլը՝ թվերով. Ով է լավագույն ռմբարկուն, որ թիմն է ամենաշատ գոլերը խփել և այլ տվյալներ

«Ա՜խ, երանի, թե լիներ մի հնար…». Հայաստանի ընտրանու ամենացանկալի մրցակիցները Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում