fbpx

2018-ին մնացած խաղերից ամենակենտրոնականը․ Ամենահետաքրքիրը՝ «Լոռի» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

«ԼՈՌԻ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

28 նոյեմբերիժ.14:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 18րդ տուր

1 խաղ, որում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-2 

1-ին շրջան. 22.09.2018 «Ալաշկերտ» 2-1 «Լոռի»
Գոլերը՝ 0-1՝ Սանդի Ինուսա Ումարու 23՛, 1-1՝ Ջեֆերսոն Ռեիս 65՛, 2-1՝ Ջեֆերսոն Ռեիս 69՛:

«Լոռիում» խաղային անկումը շարունակվում է

Տուրի կենտրոնական հանդիպումը և ընդհանրապես առաջնության սկզբունքային մրցախաղերից մեկը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Ալաշկերտը» մեկն է այն երկու թիմերից, որին «Լոռին» ընթացիկ առաջնությունում դեռ չի հաղթել: Տպավորիչ ելույթներով աչքի ընկած Բարձրագույն խմբի հանդուգն նորեկը վերջին շրջանում խաղային անկման մեջ է գտնվում:

Արդեն 4 խաղ է, ինչ «Լոռին» չի վայելել հաղթանակի բերկրանքը: Այդ հանդիպումներում վանաձորցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել: Միավորների այդ ահռելի կորստի հետևանքով «Լոռին» հայտնվել է 4-րդ հորիզոնականում և արդեն 8 միավորով է զիջում առաջատար «Ալաշկերտին»:

Առաջնության ամենաարդյունավետ թիմն արդեն 2-րդ անընդմեջ խաղում չի կարողանում գրավել մրցակիցների դարպասը: Փոխարենը «Լոռին» արդեն 19 գնդակ է բաց թողել սեփական դարպասը, ինչը 3-րդ վատագույն արդյունքն է առաջնությունում: Ընդ որում այդ գոլերից 10-ը թիմը բաց է թողել վերջին 5 հանդիպումներում:

Վերջին շրջանում թիմի գործողություններում չի զգացվում նախկին թեթևությունը: «Լոռիի» հաղթաթուղթը տեխնիկական պատրաստությամբ ու արագաշարժությամբ աչքի ընկնող լեգեոնականներն են, որոնք վերջին հանդիպումներում չեն կարողանում ցուցադրել իրենց խաղային որակները:

Եթե «Լոռին» այս խաղում էլ անհաջողության մատնվի, ապա չեմպիոնական մրցավազքում լուրջ խնդիրների առջև կհայտնվի: Այդ առումով «Լոռին» այլևս նահանջելու տեղ չունի:

Արամ Ոսկանյանի օրոք «Ալաշկերտի» առաջընթացն ակնհայտ է

Վերջին 3 տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոն «Ալաշկերտն» արդեն ապահովել է առաջնության աշնանային հատվածի հաղթողի կոչումը: Սակայն ալաշկերտցիները ձեռք բերածով չեն բավարարվելու և ձգտելու են մնացած երկու հանդիպումներում հաջող ելույթների շնորհիվ էլ ավելի մեծացնելու միավորների տարբերությունը հետապնդող թիմերից:

Նախորդ տուրում «Ալաշկերտը», հավատարիմ մնալով արդեն ձևավորված ավանդույթին, նվազագույն հաշվով հերթական հաղթանակը տոնեց: Չեմպիոնության համար մղվող պայքարում իր հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ տարած հաղթանակն անչափ կարևոր էր «Ալաշկերտի» համար, որը չօգտագործեց գոլային մի քանի հիանալի հնարավորություններ, այլապես կարող էր խոշոր հաշվով հաղթել:

Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտն»  իրոք կերպարանափոխվել և չեմպիոնին արժանի խաղ է ցուցադրում: Նա թիմի ղեկը ստանձնել էր առաջնության 9-րդ տուրում: Այդ պահին «Ալաշկերտը» 13 միավորով ընթանում էր 4-րդ հորիզոնականում՝ 3 միավորով հետ մնալով առաջատար «Լոռիից», որին ի դեպ նախորդ տուրում Սերգեյ Էրզրումյանի գլխավորությամբ հաղթել էր:

Եվ ահա Արամ Ոսկանյանի օրոք անցկացրած 7 հանդիպումներում տոնելով 6 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, «Ալաշկերտը» 32 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին», որն այս տուրում ազատ է: Այնպես որ «Լոռիին» հաղթելու դեպքում «Ալաշկերտը» կարող է էլ ավելի ամրապնդել առաջատարի իր անսասան դիրքը:

Առաջիկա խաղում հաջող հանդես գալու լավ շարժառիթ ունի նաև «Ալաշկերտի» դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, ով արդեն 6 խաղ՝ 563 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Սերբ դարպասապահը նախորդ խաղում ընդգրկվեց «500-ի ակումբում»: Նա գերազանցեց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի՝ ընթացիկ առաջնությունում գրանցած ռեկորդային ցուցանիշը, ում հաջողվել էր 533 րոպե շարունակ դարպասն անառիկ պահել: Չանչարևիչի արդյունքը լավագույնն է նաև «Ալաշկերտի» դարպասը պաշտպանած դարպասապահների մեջ: Սերբ դարպասապահը գերազանցեց Արսեն Բեգլարյանի ռեկորդային ցուցանիշը (536 րոպե), որը նա սահմանել էր 2016/17թթ. առաջնությունում:

Եթե Չանչարևիչին հաջողվի աշնանային հատվածի ավարտական երկու խաղերում էլ դարպասն անառիկ պահել, ապա իր ցուցանիշը կհասցնի 743 րոպեի և ընդհուպ կմոտենա Ռայմոնդ Զադուրյանի բացարձակ ռեկորդին (755 րոպե): Այդ դեպքում արդեն գարնանը սերբ դարպասապահը կարող է հայկական ֆուտբոլում ինքնատիպ ռեկորդի հեղինակ դառնալ:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Ալաշկերտ»՝ Ջեֆերսոն Ռեիս՝ 2 գոլ

«Ալաշկերտից» վերջին՝ 5-րդ խաղն էլ բաց կթողնի որակազրկված Ջեֆերսոն Ռեիսը, որի դուբլի շնորհիվ էր «Ալաշկերտը» հաղթել «Լոռիին»: Փոխարենը որակազրկումից հետո կրկին իր խաղընկերներին կարող է օգնել Տարոն Ոսկանյանը: «Լոռիի» կազմում այս հանդիպումն էլ բաց կթողնի 2 խաղով որակազրկված Ուդոհ Եթոպ Դեյվիդը:

Հավանական մեկնարկային կազմեր՝

«Լոռի»․ Ալեքսանդր Կոնով – Դեու Դոսա Օլատունջի, Աննան Մենսահ, Մուրադ Ասատրյան, Նանա Կվամե Անտվի – Ուգոչուկվու Իվու, Իբրահիմ Ֆուսեինի – Սանդի Ինուսա Ումարու, Իսահ Ալիյու, Վիգեն Ավետիսյան – Ֆրանսիս Նվանկվո։

«Ալաշկերտ»․ Օգնեն Չանչարևիչ – Գագիկ Դաղբաշյան, Հրայր Մկոյան, Դանիել Ստոյկովիչ, Մլադեն Զելկովիչ – Արտակ Գրիգորյան, Դանիլո Սեկուլիչ, Արտակ Դաշյան – Արտակ Եդիգարյան, Գուստավո Մարմենտինի – Ուրոշ Նենադովիչ։

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Բանանցը» 2-րդն է թե՛ աղյուսակում, թե՛ արդյունավետությամբ, թե՛ տնային խաղերի ցուցանիշով

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Լոռիի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հրաժարական տվեց

Խաշմանյանի «Ալաշկերտի» և Ոսկանյանի «Ալաշկերտի» ցուցանիշները կրկնվել են

Ալեքսանդր Կոնովը նոր պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ

Հերոս, որը վերածվեց Persona non grata-ի․ 5 «համեմունք», որ ավելի ախորժելի դարձրեցին Բարձրագույն խումբը

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերի հրաշալի գոլը Խորվաթիայի փոխչեմպիոնի կազմում (տեսանյութ)

Որ թիմն է «ռեկորդակիր» Հայաստանում դեղին և կարմիր քարտերի ընդհանուր քանակով

«Ալաշկերտից» հեռացել է ևս 2 ֆուտբոլիստ

Կլիներ ցնցող թիմ․ Բարձրագույն խմբի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը

«Բանանցը» դուրս եկավ «կոմայից», «Ալաշկերտն» էլ «երկնքից ցած իջավ»

Պաշտոնական. Արտյոմ Սիմոնյանը՝ «Արարատի» ֆուտբոլիստ

Ինչպես «Արարատն» ավելի քան 2 տարի անց կրկին հաղթեց «Ալաշկերտին»․ VNews.am-ի ֆոտոշարքը

Օրբելի Համբարձումյան․ «Ֆիզիկապես ավելացրել ենք և կարողանում ենք ճնշել մրցակիցներին» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան․ «Այս հաղթանակով ևս մեկ քայլ արեցինք դեպի այնտեղ, որտեղ պետք է լինենք» (տեսանյութ)

Արամ Ոսկանյան․ «Մենք չէինք թերագնահատել «Արարատին» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել