18-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց առաջնության 2-րդ շրջանը: Առաջնության աշնանային հատվածի հաղթող «Ալաշկերտն» ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը, իսկ «Արարատ-Արմենիան» ու «Շիրակն» ընդհուպ մոտեցան առաջատար քառյակին:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի: Դաշտի տերերից միակ միավորը վաստակեց «Լոռին»: Առաջնությունում անցկացված 72 հանդիպումներում դաշտի տերերը 27 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 26 անգամ, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Ինչպես նախորդ տուրում, այս անգամ էլ խփվեց 8 գոլ: Առաջնության մեկնարկից անցկացված 72 հանդիպումներում 157 գոլ է խփվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,18 գոլ մեկ խաղում:
2․ «Ալաշկերտը» շարունակեց իր անպարտելի խաղերի շարքը՝ այն հասցնելով 9-ի: Դրանցից 8-ը գրանցվել է Արամ Ոսկանյանի օրոք, որում չեմպիոնը 6 հաղթանակ է տոնել, 2-ն ավարտել է ոչ-ոքի:
3․ «Բանանցը» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Արդեն 438 րոպե «Բանանցի» ֆուտբոլիստներին չի հաջողվում գոլ խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 9 գնդակ: Իլշատ Ֆայզուլինի սաները խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեցին: Առաջինը գրանցվել էր «Գանձասար-Կապանի» հետ մրցախաղում: Վերջինս 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ այդ հանդիպումներում խփելով 7 անպատասխան գնդակ: Մինչդեռ մինչ այդ անցկացրած 13 հանդիպումներում գանձասարցիներն ընդամենը 9 անգամ էին գրավել մրցակիցների դարպասը:
4․ «Ալաշկերտի» կազմում «Արարատի» դարպասը 17 անգամ գրաված Միհրան Մանասյանը «Գանձասար-Կապանում» էլ շարունակում է մնալ արարատցիների ահ ու սարսափը: Կապանցիների կազմում «Արարատի» դեմ անցկացրած երկրորդ խաղում էլ Մանասյանը գոլի հեղինակ դարձավ: «Արարատի» դարպասը Մանասյանը մեկ անգամ էլ խոցել էր դեռևս 2009թ. «Փյունիկում» հանդես գալիս: Այդ գոլը Բարձրագույն խմբում Մանասյանի առաջին գնդակն էր:
Այսպիսով, Մանասյանը 3 թիմի կազմում խաղալիս ՀՀ առաջնություններում ընդհանուր առմամբ 20 անգամ գրավել է «Արարատի» դարպասը: Նա կրկնեց ՀՀ առաջնություններում Նշան Էրզրումյանին պատկանող արդյունավետության ռեկորդը: Վերջինս «Կիլիկիայում» և «Արարատում» խաղալիս 20 անգամ գրավել էր «Շիրակի» դարպասը՝ յուրաքանչյուր թիմում աչքի ընկնելով 10-ական անգամ: Իսկ միևնույն թիմի կազմում մեկ թիմին խփած գոլերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը նախկին շիրակցի Անդրանիկ Բարիկյանն է, ով 19 անգամ խոցել է «Արարատի» դարպասը:
Մանասյանն ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը խփեց ու գլխավորեց «Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուների ցանկը: 29-ամյա Մանասյանի այդ արդյունքը կապանցիների համար արդյունավետության տարիքային նոր ռեկորդ է: Մինչ այդ 29 տարեկանում գանձասարցիներից առավել արդյունավետ էին գործել Էդգար Սաֆարյանը (2007թ.) և Սամվել Մելքոնյանը (2013թ.)՝ խփելով 4-ական գնդակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո