Թուրքիայի Կոնյա քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրը հաղթական էր Հայաստանի հավաքականի համար: Մեր շախմատիստները 3-1 հաշվով պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին:
Մեր հավաքականի հաղթանակն ապահովեցին Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Ուեսլի Վանգին և Ակշիտա Գորտին: Շանթ Սարգսյանը հաշտություն կնքեց Դավիդ Բրոդսկու հետ, իսկ Արմեն Բարսեղյանը միավորը բաժանեց Հանս Նիեմանի հետ պարտիայում:
Հայաստանի հավաքականի կազմում առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Մամիկոնը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հավաքականի առաջատար Շանթ Սարգսյանը մեր թիմի անդամներից միակն է, ով առայժմ անպարտելի է: Նա 8 հանդիպումներում 5 միավոր է պարգևել իր թիմին:
8-րդ տուրից հետո Հայաստանի ընտրանին 10 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականում: 14 միավորով առաջատարն Ուզբեկստանի հավաքականն է, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց իր հետ աղյուսակը գլխավորած Իրանի ընտրանուն: Վերջինս Հնդկաստանի հավաքականի հետ վաստակել է 12 միավոր: Իսկ 13 միավորով առաջատարին հետապնդում է Չինաստանի ընտրանին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո