fbpx
Բաժիններ

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

«Ակումբային մարզիչն ամենօրյա մարզումների շնորհիվ ավելի հաճախ է շփվում ֆուտբոլիստների հետ։ Ինչքան շատ ես հաղորդակցվում, նրանք ավելի լավ են հասկանում քո մարզչական փիլիսոփայությունը»,- վերջերս ասել էր Արմեն Գյուլբուդաղյանցը։

Հավաքականի գլխավոր մարզիչ լինելը նույնպես ամենօրյա աշխատանք է։ Դու մարզչական շտաբիդ հետ միասին պետք է մանրակրկտորեն ուսումնասիրես մրցակիցներին (ավելի շատ ժամանակ ունես, քան ակումբային մարզիչները), մեծ ուշադրությամբ հետևես թեկնածուներին, որպեսզի ընտրանու կազմում հայտնվեն ամենաարժանիները։ Բայց եթե ակումբն այսօր պարտվելու դեպքում կարող է 3 օր անց հաղթել ու բացասական արդյունքը համարյա հեռացնել քննարկումների կիզակետից, ապա հավաքականի ամեն խաղ խոշորացույցի տակ է առնվում։

Ընտրանու գլխավոր մարզիչ լինելը մի ահռելի խնդիր է պարունակում․ դու հնարավորություն չունես ամենօրյա շփումներ ունենալ ֆուտբոլիստի հետ, համենայն դեպս, երես առ երես տարբերակով։ Ավելի կոնկրետ ասած՝ ժամանակ չունես կատարելագործելու նրա որակները։ Ընդհանուր առմամբ, նրանց ֆիզիկական պատրաստականությունն էլ չես հասցնի բարելավել։ Մնում է 3 բան՝ հրավիրել լավագույններին, պատրաստել թիմին հոգեբանորեն ու տակտիկապես։

Սա մարզիչների մի խմբի համար միգուցե ամենահարմար աշխատելաոճն է, բայց Արմեն Գյուլբուդաղյանցի դեպքը մի փոքր այլ է։ Աշխարհում ընդհանրապես, իսկ Հայաստանում՝ մասնավորապես, մարդիկ չափից շատ բեռ են դնում մարզիչների ուսերին։ Նրանցից, իհարկե, շատ-շատ բան է կախված, սակայն հաղթողն ու պարտվողը, առաջին հերթին, ֆուտբոլիստներն են։ Մարզչական նույնիսկ ամենահանճարեղ մտահղացումները չեն իրականանա, եթե ֆուտբոլիստը խաղադաշտում ունակ չէ դրանք կյանքի կոչել։

Գյուլբուդաղյանցի որակները՝ որպես մարզիչ-մանկավարժի, ֆուտբոլին մոտ կանգնած որևէ անձնավորություն չի կարող կասկածի տակ դնել։ Նա իր մարզչական կարիերայում ընդամենը մեկ անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ էլ իր թիմին դուրս բերել գավաթի եզրափակիչ, սակայն այլ հատկանիշներով է աչքի ընկել։

Թե՛ «Փյունիկում», թե՛ հատկապես «Իմպուլսում» ֆուտբոլիստներն անհատապես մեծ աճ են գրանցել՝ մարզվելով Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ։ Թե ինչպես է դասավորվել նրանց կարիերան արդեն հետգյուլբուդաղյանցական փուլում, այլ հարց է, սակայն փաստ է, որ նրանցից շատերը հասունացել են խաղալու արտերկրի թիմերում, նաև ազգային հավաքականում։

Արմեն Գյուլբուդաղյանց. «Եթե դու քեզ չխնայես խաղադաշտում, ժողովուրդը քեզ կների, իսկ եթե ոչ՝ չի ների»

Պեպ Գվարդիոլան օրերս հետաքրքիր միտք է արտահայտել, որը թույլ է տալիս կապել նաև Գյուլբուդաղյանցի հետ․ «Եթե ցանկանում ես իմանալ մարզչի մասին իրականությունը, ապա հարցրո՛ւ նրա մասին իր հետ աշխատած ֆուտբոլիստներից»։ Գյուլբուդաղյանցը հայ բացառիկ մասնագետներից է, որի գլխավորած թիմերում նույնիսկ պահեստային խաղացողները երբեք կասկածի տակ չեն դրել այս մարզչի որոշումների իրավացիությունը։ Նա 100%-ով նվիրված է ֆուտբոլին և նույնն էլ պահանջում է խաղացողներից։

Բոլորն են ընդունել, որ ոչ միայն ֆուտբոլի, այլև կյանքի լուրջ դասեր են քաղել Գյուլբուդաղյանցի հետ աշխատանքի շնորհիվ։ Նրանք մասնավոր զրույցներում նաև նշում են այս մասնագետի ամենակարևոր կողմերից մեկը, որը հետևյալն է՝ նա ամեն ինչ ասում է ֆուտբոլիստի երեսին։ Եթե հարկ կա ավելի լավ աշխատելու այս կամ այն գործոնում, ապա նա դա կասի խաղացողին, այլ ոչ թե հետագայում բողոքի տեսքով կներկայացնի ակումբի նախագահին, իսկ այդպիսի նախադեպեր եղել են ու կան Հայաստանում։

Իսկ հիմա Գյուլբուդաղյանցը, աշխատելով հավաքականում, համարյա զրկված է իր առավելություններն օգտագործելուց։ Այո՛, այս մարզիչը նաև տակտիկական չափազանց շատ գիտելիքներ ունի, ի զորու է հիանալի պատրաստել թիմը, և չեմ բացառում, որ ԵՎՐՈ2020-ում հավաքականը կարող է որոշակի հաջողություն գրանցել։ Այդուհանդերձ, այսպես ձևակերպենք՝ Գյուլբուդաղյանցն այլ կարգավիճակում կրկնակի անգամ առավել օգուտ կտա հայկական ֆուտբոլին, քան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Արմեն Գյուլբուդաղյանց. «Մարզչին հարգում են արդյունքի համար, բայց սիրում՝ ոճի համար»

Մենք այս պահի դրությամբ արժանի երիտասարդ սերունդ էլ չունենք, որ նա սերնդափոխությամբ զբաղվի։ 2-3 ֆուտբոլիստներով մեծ փոփոխություններ չեն լինի։ Այս մասնագետի համար հարմարավետ չեն լինի նաև Մ17, Մ19 կամ երիտասարդական հավաքականները մարզելը, քանի որ այստեղ էլ հնարավոր չէ ֆուտբոլիստների հետ աշխատել այնպես, ինչպես նա սիրում և կարողանում է՝ ամենօրյա ռեժիմով։

Գյուլբուդաղյանցին ամենաշատը «կսազի» հայկական մի թիմ մարզելը, որը կունենա ակումբային հեռանկարային նպատակներ։ Այս մասնագետին պետք է վստահվի երիտասարդ թիմ՝ նաև հայ փորձառու ու լեգեոներ մի քանի խաղացողներով, և ամենակարևորը՝ տրվի ժամանակ։ Գյուլբուդաղյանցն այդ պարագայում կանի այն, ինչ արել է իր նախկին թիմերում, այսինքն՝ ֆուտբոլիստների խաղային մշտական առաջընթաց, և ակումբ, որի գերնպատակը չի լինի 1-2 տարում չեմպիոն դառնալը։

Այդ ակումբը կարող է լինել «Փյունիկը» կամ «Բանանցը», որոնք ունեն մարզադպրոցներ։ Ահռելի թերություններ կան հատկապես 15-18 տարեկան հասակի խաղացողների հետ աշխատանքներում։ Եթե Գյուլբուդաղյանցի առջև գլխավոր թիմում հապճեպ արդյունքներ գրանցելու խնդիր չդրվի և նրան թույլ տան ստեղծելու ակումբային համակարգ, ամուր կապ տարիքային բոլոր թիմերի միջև, ապա այդ ակումբը մի քանի տարվա ընթացքում կարող է ծաղկել։ Այդպիսով, ակումբում ղեկավարի համարյա ամեն ինչ, ինչպես Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդում» էր։

Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Սիմեոնեի, Դել Բոսկեի և Հիերոյի հետ (լուսանկար)

Չմոռանանք, որ այս մասնագետը նաև «Փյունիկի» մարզական տնօրենն է։ Արթուր Սողոմոնյանը, ականջալուր լինելով Հենրիխ Մխիթարյանի խորհրդին, հենց Գյուլբուդաղյանցին էր նշանակել գլխավոր մարզիչ, երբ նոր էր ձեռք բերել ակումբը։ Այդուհանդերձ, նա ընդամենը մեկ տարի գլխավորեց թիմը։ Սողոմոնյանը, ինչքան էլ ասի, որ առաջնայինը հայ ֆուտբոլիստների զարգացումն է, հանապազօրյա արդյունքները նույնպես կարևոր են, ուստի այստեղ է Անդրեյ Տալալաևը։ Հիմա Գյուլբուդաղյանցը համակարգում է ակումբի աշխատանքը, բայց ֆուտբոլիստներ անձամբ աճեցնելու հնարավորություն չունի։

Արմեն Գյուլբուդաղյանցը, կարծում եմ, ինքը շատ լավ գիտի այս ամենի մասին, հստակ պատկերացնում է, թե որտեղ կարող է ստանալ առավելագույն արդյունք: Գուցե և նա հրաժարվեր ազգային հավաքականը գլխավորելու առաջարկից, եթե գոնե մոտ ապագայում ակնկալեր նման առաջարկ հայկական ակումբներից, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարով: Սեփական ֆուտբոլիստներին աճեցնելու ու հենց նրանց միջոցով ուժեղ ակումբ կառուցելու ծրագրերի մասին հայտարարում են շատ ակումբներ, բայց դեռ ոչ մեկը չի կատարում ռեալ գործնական քայլեր, այլապես Գյուլբուդաղյանցը միանգամից հայտնվելու էր նրանց մտքում:

Մենք միշտ բողոքում ենք, որ չունենք բավարար քանակությամբ բարձրակարգ մարզիչներ։ Հետևաբար, եղածներից էլ պետք է քաղենք առավելագույնը։ Այլապես, հիմա կա տպավորություն, որ մենք սխալ ենք օգտագործում Գյուլբուդաղյանց-մարզչի որակների բացառիկությունը։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Անդրե Չալըշըր. «Հույս ունեմ, որ նորից հնարավորություն կստանամ կրել ազգային հավաքականի մարզաշապիկը»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու դեմ խաղի համար

Գաել Անդոնյան․ «Եթե հավաքականի մարզչից զանգ ստացած լինեի, կպատասխանեի»

«Նորվիչի» հարձակվողի «հրեշավոր» վիճակագրությունը

Հաստատվել է Իտալիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակ. Հայաստանը նահանջել է

Մխիթարյան․ «Մի՞թե ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից առաջ այսպիսի լավ հանդիպումներ չէինք ունեցել»

Կարապետյանը՝ Մակգրեգորի հետ նմանության, Հայաստանի հավաքական հրավերի և այլ հետաքրքիր թեմաների մասին

Կարապետյան. «Անցած տարի ես հայտնվել էի Մխիթարյանի իրավիճակում, Ադրբեջանից սպառնալիքներ էի ստանում»

Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Մխիթարյանը Հայաստան է հրավիրել բոլորին՝ տեսնելու համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին

Սարգիս Ադամյանը որոշել է՝ որ համարի մարզաշապիկով է հանդես գալու

Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հանդես կգա Կիպրոսում

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին