fbpx

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում լեգեոներների թվի սահմանափակում մտցնել-չմտցնելու թեման շարունակում է քննարկման առարկա մնալ։

VNews.am-ին օրերս տված հարցազրույցներում այս թեմային անդրադարձել էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք կողմ էին արտահայտվել սահմանափակում մտցնելու գաղափարին։

Արծարծվող հարցի մասին մեր կայքին տված հարցազրույցում ավելի հանգամանորեն է խոսել հայկական ֆուտբոլի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ «Ալաշկերտի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Մանուչարյանը։

Ըստ Ձեզ՝ պե՞տք է լինի լեգեոներների լիմիտ, թե՞ ոչ։

-Կողմ եմ, որ լինի, որպեսզի մենք հնարավորություն տանք մեր հայ ֆուտբոլիստներին աճելու, զարգացնելու իրենց որակները։ Իհարկե, լեգեոներներ պետք են, որպեսզի նրանցից էլ սովորելու բան ունենանք, սակայն եթե այդ լեգեոները ոչ մի բանով ուժեղ չէ հայ ֆուտբոլիստից, ապա ո՞րն է նրան հրավիրելու և այդքան գումար ծախսելու իմաստը։ Ամեն ինչ փողի մեջ չէ, պետք է ճիշտ աշխատել, զարգացնել պատանի խաղացողներին, հարկավոր է մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին։

Այսպես մեր ֆուտբոլը հաստատ չի կարող առաջ գնալ, եթե մեկ ակումբում 10-ից ավել լեգեոներներ կան։ Դու մարզվում ես, ջանք չես խնայում, քեզ ամեն ինչից կտրում ես, բայց հասկանում ես, որ ինչքան էլ քրտինք թափես, չես խաղալու, չեն վստահելու քեզ, դրա համար էլ հայ շատ ֆուտբոլիստներ հոգեբանորեն պարզապես կոտրվում են։ Մենք պետք է բոլորս միասին լուծենք այս խնդիրը։

Օրինակ՝ «Լոռիում» և «Արարատ-Արմենիայում» այսօր համարյա չկան հայ ֆուտբոլիստներ․ մենք այսպե՞ս ենք ուզում, որ հայկական ֆուտբոլն առաջ գնա։ Ինձ թվում է՝ ղեկավարները մտածում են իրենց գրպանի, ոչ թե հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին։ Պետք է սրանից սկսել, չթողնել, որ, իրենց շահերից ելնելով, վնաս հասցնեն մեր ֆուտբոլին։ Իհարկե, ես հասկանում եմ, որ անձը գումար է ներդնում, բիզնես է անում, բայց նա մտածում է միայն գումար աշխատելու, ոչ թե հայկական ֆուտբոլը զարգացնելու մասին։ Իսկ եթե լինի լիմիտ, ապա թե՛ ակումբների ղեկավարները, թե՛ ֆեդերացիան քայլ առաջ կանեն հանուն մեր ֆուտբոլի։

Նաև պետք է մարզիչներին աշխատելու ժամանակ տալ, ոչ թե նրանց փոխել ամեն 3 ամիսը մեկ։ Օրինակս կապված է «Արցախ» ակումբի հետ։ Ես միշտ ասել եմ, որ Ռաֆայել Նազարյանն այսօրվա դրությամբ Հայաստանի ամենաուժեղ մասնագետներից մեկն է։ Նա, ձեռքի տակ չունենալով ֆինանսներ, հայ ֆուտբոլիստներով համարյա առանց լեգեոներների այնպիսի թիմ պատրաստեց, որ, իրոք, հաճելի էր հետևել նրանց ցուցադրած խելացի ու կոմբինացիոն ֆուտբոլին։

Նա ստիպեց հայ ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին՝ հնարավորություն տալով նրանց զարգանալ, բայց չունենալով ֆինանսապես կայուն միջոցներ։ Վստահ եմ՝ եթե նա շարունակեր մարզել թիմը, մեծ հաջողությունների կհասներ, բայց, ինչպես միշտ, այդպիսի մարզիչներին չեն թողնում մինչև վերջ աշխատել։

Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանից (Quiz)

Մենք պիտի մեր երկրում մեզ գնահատված զգանք։ Ոչ մի լեգեոներ մեր չափ չի ուզի, որ հայկական ֆուտբոլը զարգանա։ Պետք է ֆուտբոլիստներին ուրիշ ձև մոտիվացնել՝ քիչ աշխատավարձով, բայց բարձր պարգևավճարով, որպեսզի նրանք շատ ավելի մեծ շարժառիթով և ցանկությամբ խաղան։ Պետք է ելք գտնել՝ ինչպես զարգացնել պատանեկան ֆուտբոլը։

Իհարկե, Գևորգ Ղազարյանը բարձրաձայնեց այս հարցի մասին, բայց մենք բոլորս իրար հետ պիտի լուծենք խնդիրը։ Նա շատ լավ ու հարմար պահի անդրադարձավ հայկական ֆուտբոլին, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ առաջխաղացում չի կարող լինել, եթե այսպես շարունակվի։

Պետք է յուրաքանչյուրս մեր «ես»-ը մի կողմ թողնենք և մտածենք հայկական ֆուտբոլի զարգացման մասին։ Ինչպես առաջ էր, հիմա նույնպես ավելի շատ տեղ են տալիս արտասահմանցի ֆուտբոլիստներին, քան մեր հայ տղաներին։ Ինձ թվում է, որ պետք է լավ մարզիչներ պատրաստել և թողնել, որ նրանք կատարելագործվեն ու հետագայում իրենց գիտելիքները փոխանցեն պատանի ֆուտբոլիստներին։ Անհնարին բան չկա, ուղղակի պետք է սկսել հիմա, ոչ թե վաղը․ այդպես մենք կարող ենք փրկել հայկական ֆուտբոլը, որն անդունդի եզրին է։

Էդգար Մանուչարյանը պատմում է իր պատմությունը, տիտղոսներով ոչ հարուստ, բայց շատ հետաքրքիր, անկեղծ, հուզիչ և ուսանելի (տեսանյութ)

Անհրաժեշտ է լիմիտ մտցնել։ Մեզ պետք է մեր երկրում ավելի շատ գնահատեն, քան լեգեոներներին։ Մեկ տարի արդյունք չի լինի, միգուցե՝ 2 տարի, բայց, հավատացե՛ք, լավ աշխատանքի դեպքում մենք մի քանի տարի անց շատ լավ ֆուտբոլիստներ կունենանք, որոնք կխաղան Եվրոպայում։ Ոչինչ միանգամից չի լինում։ Եթե ճիշտ աշխատանք կատարվի, ես վստահ եմ, որ հայկական ֆուտբոլը վառ ապագա կունենա։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ սահմանափակումը պիտի գործի մեկնարկային կազմի՞, թե՞ թիմի հայտացուցակի վրա։ Ի՞նչ ձևաչափ եք պատկերացնում։

-Կարծում եմ, որ մեկնարկային կազմում պետք է լինեն 3-4 լեգեոներներ, մյուսները՝ հայ ֆուտբոլիստներ։ Իսկ թիմի հայտացուցակում չպետք է լինեն 6-7-ից ավել լեգեոներներ։ Թող յուրաքանչյուր թիմում հայտավորվեն 6-ական լեգեոներներ։ Ինձ թվում է, որ դա բավական է։ Իսկ օտարերկրացիները պետք է լինեն այնպիսին, որ իրենց փորձով օգնեն հայ ֆուտբոլիստներին։ Լեգեոները պետք է շատ ավելի ուժեղ լինի տեղացի ֆուտբոլիստից, որպեսզի նրանից սովորելու բան ունենաս։ Դարպասապահները նույնպես պետք է լինեն տեղացիներ։

Իսկ չե՞ք կարծում, որ եթե հայկական պայմանական ակումբը թեկուզ 2 տարի չմասնակցի եվրագավաթներին, ապա պարզապես կարող է դադարեցնել իր գոյությունը։

-Օրինակ բերեմ Հոլանդիայից։ Բացի «Այաքսից», «ՊՍՎ Էյնդհովենից» և մի քանի ակումբներից, մյուսները չեն մասնակցում եվրագավաթներին։ Իսկ նրանք ինչպե՞ս են թիմ պահում։ Խաղում են տեղացի ֆուտբոլիստներով, պատրաստում նրանց լավագույնս և, աշխատելով պրոֆեսիոնալ ձևով, տրանսֆերները վաճառում մեծ ակումբներին։

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Դրա համար էլ ասում եմ, որ եթե տեղացի տղաներով հանդես գաս, նվազագույն ծախսեր կանես՝ շեշտը դնելով պատանի հայ ֆուտբոլիստներին աճեցնելու վրա։ «Այաքսը» միանգամից չի դարձել այնպիսի ակումբ, ինչպիսին հիմա է։ Նրանք էլ ֆինանսապես տուժել են սկզբնական ժամանակներում, բայց հետո դարձել են աշխարհին պատանի ֆուտբոլիստներ մատակարարող ակումբներից մեկը։

Դուք այդ տարիներին խաղում էիք Ռուսաստանում, երբ լիմիտի հետևանքով ռուս ֆուտբոլիստները սկսեցին վաստակել անտրամաբանական մեծ գումարներ, ինչը ոչ միայն խանգարեց նրանց աշխատել իրենց վրա ու աճել, այլ նաև նրանց համար գրեթե փակեց Եվրոպայի դռները, որովհետև տանն ավելի շատ փողեր էին ստանում․․․

-Ամեն ֆուտբոլիստ պիտի արժանի լինի մեծ գումարներ աշխատելու։ Գումարով չես կարող ֆուտբոլիստին լավը տալ, միայն կարող ես խեղաթյուրել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է ռուսական ֆուտբոլին, ասեմ, որ հենց Ձեր նշած պատճառով էլ այն եվրոպականի մակարդակին չի հասնի, որովհետև շատ ֆուտբոլիստներ անտրամաբանական գումարներ են ստանում։ Նույն ռուսական ուժեղ ակումբներն այսօր եվրոպական միջին մակարդակի թիմերի դեմ չեն կարողանում մրցակցել, քանի որ հենց սկզբից սխալ են աշխատել պատանի ֆուտբոլիստների հետ։

Ռուսաստանում դա պտուղներ չտվեց, որովհետև պետք է ամեն ինչ սկսել պատանեկան ֆուտբոլից, հիմք դնել, ճիշտ զարգացնել այն, որ հետո արդյունքը շոշափելի լինի։ Պետք է պատանի ֆուտբոլիստներին փոքր տարիքից սովորեցնել տակտիկա, հոգեբանություն, իսկ մեզ մոտ կամ Ռուսաստանում դա սկսում են անել 20 տարեկանից հետո։ Թեև ասեմ, որ այնտեղ լիմիտից հետո գոնե հավաքականին որակյալ ֆուտբոլիստներ տվեցին, իսկ եթե սահմանափակում չլիներ, նրանք հաստատ հնարավորություն չէին ունենա խաղալու իրենց թիմերում։

Թոփ 15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն այս պահին՝ ըստ Transfermarkt-ի

Ուստի մեզ անհրաժեշտ են լիմիտ և լավ պատրաստված մարզիչներ, որպեսզի մեր հայ ֆուտբոլիստները կատարելագործվեն, իրենց Հայաստանում զգան պետքական, ոչ թե օտար։ Ինչպես քո սեփական երեխային ես փոքրուց դաստիարակում, այնպես էլ պիտի ֆուտբոլիստին դաստիարակես, ոչ թե դառնա չափահաս, և նոր սկսես դաստիարակությունը։

Պատանի ֆուտբոլիստի համար ամենակարևորը հոգեբանությունը և ճիշտ մոտեցումն են։ Եթե ֆուտբոլիստն ունի նպատակ և ձգտում, իրեն ոչ մի բան չի կարող կանգնեցնել հասնելու իր երազանքին։

Ի՞նչ երաշխիքներ կան, որ այստեղ լեգեոներների լիմիտ լինելու դեպքում նույն սխալները չեն կրկնվի։

-Այս կյանքում ոչինչ երաշխավորված չէ, ամենակարևորը փորձելն է։ Եթե չփորձես, ոչ մի բան էլ չի ստացվի։ Ամեն մեկս պիտի ի սրտե ուզենք փոխել մեր ֆուտբոլը, ամեն մեկս ինչ-որ բանով օգուտ տանք և մեզ գնահատված զգանք, ոչ թե հիասթափված։ Մենք՝ հայերս, միշտ սիրել ենք ուրիշինը գնահատել, մերը՝ անտեսել․ այդպես չպետք է լինի։

Արման Աբելյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտն» Անթալիայում հաղթանակ է տոնել, «Լոռին»՝ ոչ-ոքի խաղացել

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» ևս մեկ ֆուտբոլիստ պայմանագիր է կնքել «Արարատի» հետ

Հենրի Ավագյանը՝ Շոտլանդիայի առաջնության թիմերի ուշադրության կենտրոնում

Խինես Մելենդեսի մամուլի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրն իր կիսապաշտպանի հետ

«Ալաշկերտը» հաղթանակ է տոնել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի թիմի նկատմամբ

Դիեգո Ռոսի Մարաշլյան․ «Իմ նպատակն Ուրուգվայի հավաքականում խաղալն է»

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել Մարկոս Պիզելիի թիմի հետ

«Հայաստան վերադառնալու ցանկություն չունեմ»․ Ո՞ւր է «անհետացել» Աղվան Պապիկյանը

«Ալաշկերտի» գոլերը Բեկաբադի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում (տեսանյութ)

«Ալաշկերտը» վստահ հաղթանակ է տոնել Ուզբեկստանի Բարձրագույն խմբի ակումբի նկատմամբ

Էդգար Մանուչարյան. «Չեմ կարծում, որ Խաշմանյանը անհանգստացած է հայկական ֆուտբոլի ապագայով»

«Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ»

Գևորգ Ղազարյանը բերում է իր, Մխիթարյանի և Եդիգարյանի օրինակը՝ հիմնավորելով լեգեոներների մասին դիրքորոշումը